ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Wednesday, June 12, 2013 22:33 - 4 քննարկում

Հարություն Առաքելյանի կողմից մերկացված գանձագող վարչապետը վերջապես ցույց տվեց իր օվշարային որջը և իր շալվարի կոճակ արքեպիսկոպոս Կոճոյանին…

Օֆշորային հարցականներ կամ արդարացման անբարոյականությունը

 

Օֆշորային հարցականներ կամ արդարացման անբարոյականությունը18:18 – 12.06.2013

Տիգրան Սարգսյանն, ի վերջո, անձամբ մենաբանեց Կիպրոսում իր անունով օֆշորային ընկերության առկայության և դրա միջոցով փողերի լվացման գործարքներ իրականացնելու վերաբերյալ` արդեն երեք շաբաթից ավելի շրջանառվող տեղեկատվությունը: «Օֆշորային գոտում իմ անունով ստեղծել են ձեռնարկություն` նպատակ ունենալով խլել Հայաստանում ինչ-որ մեկի բիզնեսը կամ կառուցել սխեմա, որով ինձ պետք է փոխհատուցեն: Ֆինանսական համակարգի հետ փոքր-ինչ առնչություն ունեցող մարդը կհավաստի, որ սա անհեթեթություն է: Նման անհեթեթություն իմ մտքով չէր կարող անցնել` այդպիսի սխեմա մշակել, ավելին` որեւէ մեկի համար դժվարություն չէ օֆշորային գոտում ստեղծել ձեռնարկություն, օրինակ, Նիկոլ Փաշինյանի անունով` չունենալով Նիկոլ Փաշինյանի թույլտվությունը»,- ասել է վարչապետը` Աժ-ում հնչեցված հարցին ի պատասխան:

 

Բայց այս մեկնաբանությունները շատ ավելի հարցադրումներ են առաջացնում, քան պատասխաններ տալիս: Նախ` ընկերությունը Կիպրոսում գրանցված է ոչ թե միայն Տիգրան Սարգսյանի, այլ միաժամանակ երեք անձանց անուններով, որոնք դրա բաժնետերերն են: Մյուս երկու անձինք` Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը և նրա սանիկը` գործարար Աշոտ Սուքիասյանը, սակայն, չգիտես` ինչու, այդ հարցով ո’չ դատախազությանը, ո’չ էլ ոստիկանությանը չեն դիմել: Հարց է առաջանում` ինչո՞ւ: Պարզ տրամաբանությունը հուշում է, որ եթե Տիգրան Սարգսյանն իսկապես տեղյակ չի եղել ընկերության բաժնետերերի ցուցակում իր անունն ընդգրկելուց, և դրա միջոցով ինչ-որ մեկը փորձել է վարկաբեկել նրան, ապա այդ ինչ-որ մեկը նույն տրամաբանությամբ պետք է կեղծեր նաև մյուս երկու բաժնետերերի տվյալները: Անգամ աբսուրդ է մտածելը, որ ինչ-որ մեկը վարչապետի տվյալներն առանց նրա թույլտվության ու մյուս բաժնետերերի իմացության է ներկայացրել ընկերությունը գրանցելիս: Իսկ այս դեպքում ստացվում է, որ Կճոյանը և Սուքիասյանը կա’մ իրենք են նման զեղծարարության հեղինակները, կա’մ առնվազն տեղյակ են, թե ով ու ինչպես է կեղծել Տիգրան Սարգսյանի փաստաթղթերը: Իսկ եթե այդպես է, ապա ինչո՞ւ առ այսօր այդ մարդիկ գոնե ոստիկանություն չեն կանչվել` թեկուզ բացատրություններ տալու համար: Նրանք պարզապես քաշվել են մի կողմ ու հանգիստ դիտում են, թե ինչպես է հանրությունը «բզկտում» մի մարդու, ով այդ ամենի հետ ոչ մի կապ, ըստ իրեն, չունի:

 

Երկրորդ` խոսքը տվյալ դեպքում չի վերաբերում ինչ-որ կրպակավաճառի, այլ մի մարդու, ով ընկերության գրանցման պահին եղել է ու կա մի ողջ հանրապետության վարչապետ: Եթե Տիգրան Սարգսյանը համարում է, որ, իր անունը բաժնետերերի ցուցակում ներառելով, փորձել են վարկաբեկել իրեն, ապա դա ինքնաբերաբար նշանակում է, որ նրա անձի հետ վարկաբեկվում է ամբողջ Հայաստանի Հանրապետությունը: Եթե այդպես է, ապա ինչո՞ւ այս հարցով համառորեն չի ուզում զբաղվել Ազգային անվտանգության ծառայությունը, հատկապես` որ խոսքը վերաբերում է միջազգային այնպիսի հանցագործության հետ այդ ընկերության առնչություններին, ինչպիսին փողերի լվացումն է: Ուրիշ ի՞նչ է անհրաժեշտ ԱԱԾ-ին, որպեսզի, ի վերջո, ընդունի, որ սա ոչ թե տեղական«ուչաստկովի», այլ իր մակարդակի գործ է: Եթե այս չքմեղությունը փարիսեցիություն ու հանցավոր անգործություն չէ, ապա էլ ի՞նչ է:

 

Երրորդ` եթե մի պահ հավատանք այն բանին, որ Կիպրոսի համապատասխան պետական մարմինները չեն ստուգել, թե ում անունով է գրանցվում ընկերությունը և չեն փորձել ճշտել` արդյո՞ք դա տեղի է ունենում ՀՀ վարչապետի իմացությամբ, ապա ՀՀ կառավարությունը բոլոր հնարավորություններն ուներ առնվազն հիմա, իրականության բացահայտումից հետո, բողոքի նոտա հղել կիպրական կողմին: Դատախազությունն ինքը պետք է գործը Հայաստանի ոստիկանությանը փոխանցելուց առաջ անհապաղ դիմեր Կիպրոսի դատախազությանը և փորձեր հասկանալ` ի՞նչ սխեմայով է իրականացվել ընկերության գրանցումը: Ավելին` հասարակության անվստահությունը փարատելու, վարչապետի բարի համբավը վերականգնելու հրամայականը պետք ստիպեր` դիմել ու Կիպրոսի կառավարությունից կամ ընկերությունների ռեգիստրից ստանալ պաշտոնական պարզաբանում այն մասին, թե կարո՞ղ է, արդյոք, որևէ մեկը չիմանալ` իր անունով ընկերություն է գրանցվո՞ւմ է, դրա միջոցով, իր անունն օգտագործելով, փողեր լվացվո՞ւմ են, թե՞ ոչ: Հակառակը ենթադրում է հավատալ մի պարագայի, թե Կիպրոսը ստեղծել է օֆշոր գրանցելու այնպիսի համակարգ, որ, օրինակ, Նիկոլ Փաշինյանը կամ աշխարհի ցանկացած քաղաքացի կարող է լրիվ անմեղ տեղը մի օր ձերբակալվել միայն այն պատճառով, որ ինչ-որ մեկի մտքով անցել է կեղծել իր փաստաթղթերը և իր անունով ընկերություն հիմնել Կիպրոսում ու հանգիստ փող«շինել»: Մինչդեռ կառավարությունը, դատախազությունը և ԱԱԾ-ն հանգիստ սպասողական դիրք են բռնել` լրիվ անհաղորդ հասարակական այն արձագանքին, որն առաջացրել է հրապարակված տեղեկատվությունը:

 

Ինչո՞ւ: Ի վերջո, հանրությունն ունի իրավունք իմանալու` իր երկրի վարչապետը` սահմանադրական երրորդ դեմքը, ներգրավվա՞ծ է քրեական հանցագործությունների մեջ, թե՞ ոչ: Չէ՞ որ դրա` օր առաջ հիմնավոր հերքումը բխում է ոչ միայն անձամբ Տիգրան Սարգսյանի, այլ նաեւ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու շահերից այն իմաստով, որ միայն այդպես է հնարավոր ազատվել, իբրև պետություն, միջազգայնորեն խայտառակվելուց:

 

Սակայն խնդիրը միայն սա չէ: Այն դեպքում, երբ վարչապետն ընդամենը «երդում-պատառի» մակարդակով է փորձում դուրս գալ այս սկանդալից, զուգահեռաբար նկատելի է դառնում խնդիրը կենցաղայնացնելու, առօրեականացնելու տեղեկատվական հստակ, ուղղորդված միտում: Իբր` արդյոք սա՞ է Հայաստանի այսօրվա ամենակարևոր խնդիրը, իբր` դա ի՞նչ է` երկրի ներսում տեղ գտնող ավելի սարսափազդու երևույթների հետ համեմատած, ինչո՞ւ ենք, իբր լուն ուղտ սարքում: Սրանից ավելի մեծ անբարոյականություն ու հակապետական կեցվածք տվյալ պարագայում հնարավոր չէ գտնել: Եթե ոմանց համար նորմալ ու նույնիսկ օրինաչափ է, երբ կարող են վարչապետին մեղադրել նման մասշտաբի ապօրինությունների մեջ` դրանք արդարացնելով ավելի` ինչ-որ արհեստածին իրողություններով, ապա նշանակում է գործ ունենք ոչ միայն ոչ ադեկվատ ու ձևախեղված պետական կառավարման, այլ նաև լրատվական համակարգի ու հանրային ընկալման հետ:

 

Գևորգ ԱՂԱԲԱԲՅԱՆ



4 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

slava@gmail.com
Jun 13, 2013 3:33