ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ ADMIN. Tuesday, June 11, 2013 8:01 - 2 քննարկում
Յուրիկ Վարդանյանը խայտառակեց…
Յուրիկ Վարդանյանը խայտառակեց կառավարությանը
2013-06-07 13:59:17
Երեկ կառավարության նիստում Յուրի Վարդանյանի առաջարկությամբ, վերջին պահին, որպես 44-րդ լրացուցիչ հարց օրակարգ մտցվեց ՀՀ Սպորտի եւ երիտասարդության հարցերով նախարարության աշխատակազմի ղեկավար Վահե Էլոյանին իր դիմումի համաձայն աշխատանքից ազատելու հարցը: Այդ մասին շատ կարճ ժամանակում պաշտոնական հաղորդագրությունը տարածվեց լրատվամիջոցներով:
Եվ այդ պահից էլ սկսվեց այս պատմությունը: Պատմություն, որտեղ Յուրի Վարդանյանի պատճառով ՀՀ կառավարությունը, բառիս բուն իմաստով, խայտառակ եղավ:
Թվում է, թե այստեղ որեւէ արտառոց հարց չկա, սակայն պարզվեց, որ Վահե Էլոյանը դիմում չի գրել: Իսկ նա պաշտպանված է Քաղծառայության մասին օրենքով, մասնավորապես 33 հոդվածով: Քաղծառայողին աշխատանքից կարող են ազատել սեփական դիմումի համաձայն, մահվան դեպքում, քաղաքացիությունը կորցնելու դեպքում կամ էլ, եթե արժանացել է երկու նկատողութան: Կա նաև մեկ կետ, որով այլ` քաղաքական կամ հայեցողական պաշտոնի գնալիս տրամաբանորեն կարող է ազատվել իր նախկինում զբաղեցրած պաշտոնից:
Վահե Էլոյանը ոչ դիմում է գրել, ոչ Հայաստանի քաղաքացիությունից հրաժարվել, եւ ոչ էլ նկատողության արժանացել, բարեբախտաբար չի էլ մահացել: Հասկանալով, որ թույլ է տրվել կոպտագույն խախտում եւ կառավարությունն էլ հայտնվել է, մեղմ ասած, անհարմար վիճակում, Սպորտի եւ երիտասարդության հարցերով նորաթուխ նախարար Յուրի Վարդանյանը փորձեց շտկել իրավիճակը, բայց ունքն ուղղելու փոխարեն աչքն էլ հանեց:
Այսպես, հունիսի 6-ի ուշ երեկոյից սկսած, շրջանառության մեջ դրվեց տեղեկություն, թե իբր Էլոյանը ոչ թե սեփական դիմումի համաձայն է ազատվել աշխատանքից, այլ նախարարությունում մեկ աշխատանքից տեղափոխվել է մեկ այլ աշխատանքի: Ավելին, նախարարությունից պնդում են, թե կառավարության նիստի ժամանակ էլ Յուրի Վարդանյաը խոսել է ոչ թե աշխատանքից հեռացնելու, այլ մի աշխատանքից մյուսին տեղափոխելու մասին: Իրականում կառավարության նիստերը ձայնագրվում են, եւ շատ հանգիստ կարելի է պարզել, թե ինչ հարց է քննարկվել, ինչ ձեւակերպմամբ եւ հիմնավորմամբ եւ ինչ որոշում է կայացրել կառավարությունը` վարչապետի գլխավորությամբ: Խնդրեմ` հանեք տեսագրությունն ու ձայնագրությունը:
Ի դեպ, կարճ ժամանակ անց Սպորտի նախարարության պաշտոնյան լրագրողներից մեկի հետ զրույցում հաստատել է, որ Էլոյանը ազատվել է իր դիմումի հաձայն: Եվ սրա ձայնագրությունը նույնպե կա:
Իսկ եթե մի պահ ընդունենք, որ Յուրի Վարդանյանի ուշ երեկոյան շրջանառության մեջ դրված վարկածը ճիշտ է, ապա սա եւս օրենքի կոպտագույն խախտում է, քանի որ Վ. Էլոյանը նոր աշխատանքի ընդունվելու դիմում նույնպես չի գրել: Հետևաբար, կառավարությունն առանց համապատասխան դիմումի առկայության իրավունք չունի նման հարց քննարկել:
Զավեշտ է, բայց փաստ, որ նախարարությունում չգիտեն անգամ, թե ինչ աշխատանքի է անցել էլոյանը:
Յուրի Վարդանյանը շատ կարճ ժամանակ է ինչ զբաղեցնում է նախարարի պաշտոնը, բայց այս կարճ ժամանակահատվածում հասցրեց հայտնվել հանրության ուշադրության կենտրոնում իր կայացրած որոշումների եւ արած քայլերի պատճառով:
Բայց այս դեպքը էապես տարբերվում է մյուսներից: Սա նախարարություն, կառավարություն, վարչապետ օղակի անտեղյակության, թափթվածության, կամայականության վառ դրսևորում է: Այս պահին խնդիրը հայտնվել է անօրինականությունների շրջապտույտում: Եթե լիներ անկախ դատարան, ապա նախարարից մինչև կառավարություն բոլորը պետք է պատասխանատվություն կրեին: Իսկ հիմա պետք է սպասել, թե ում է վարչապետը քավության նոխազ սարքելու:
Վահրամ Գեւորգյան
2 քննարկումներ
**/**/**/