ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Wednesday, June 5, 2013 1:34 - 4 քննարկում

Լիսկան որ խոսեց, Քոչարյանի, Սերժի և էլի մի քանիսի լեղին ջուր կկտրի: Այնպես որ Լիսկայից զգույշ, նա հաշվել է լեվի մոլիբդենի դոլարները ում գրպանն են հոսում…

Գորիսի մենավոր տխրությունն ու լուռ ողբը

Հեղինակ:   |   Բաժին: ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ  |  Չորեքշաբթի, Հունիս 5, 2013  |   10:42  |  

Մտովի մի քանի գերեզման եմ հիշում, որոնց տերերը կենդանության օրոք պատվիրել են Լիսկայի չլինելու դեպքում գալ ու աչքալուսանք տալ: Այդ անկենդան քարերի առաջ գորիսեցին պարտք ունի, որովհետեւ քանի՜- քանիսի՜ օջախն է մարվել նրա ձեռքով ու դեռ ինչքա՜ն փակ էջեր են բացվելու:

 

10 տարի է արդեն,  ինչ Գորիսից դուրս եմ եկել ու այնտեղ գնում եմ միայն որեւէ հարազատի մահվան դեպքում: Բոլորը գիտեն, որ անգամ մի գիշեր չեմ մնում, չեմ կարողանում տեսնել իմ հայրենի քաղաքի մենավոր տխրությունը, ժամը 6-7-ից հետո քաղաքը լռում է ու փողոցում ո՜չ մի կենդանի շունչ: Երբ հարազատներիս ասում եմ, որ այդ գերեզմանային լռությունը,  վախվորած դեմքերը սարսափեցնում են ինձ, զարմանում են, որովհետեւ իրենք  լինելով այդ վիճակում, չեն զգում: Միայն հոգոց են  հանում՝ բա մենք քա՜ր ենք: Այդ 10-12 տարվա մեջ ամեն ինչ անփոփոխ է մնացել՝ նույն քաղաքապետը, որին գորիսեցիները որպես քաղաքապետ չեն էլ պատկերացնում, պարզապես ֆիգուր է, մի տխու՜ր ֆիգուր քաղաքի գորշության մեջ: Դեմքին նայելուց անգամ լացդ գալիս է՝ կատարողի, ծառայողի պատրաստակամության դեղնավուն դաջվածքով: Վերջին այցելությանս ժամանակ քաղաքում խոսում էին, որ Լիսկան Գորիսում հայտնի պաշտոնյաներից մեկին մեծ շրջապատում շան պես հաչացրել է: Մարդուն, մտավորականին նսեմացնող, ստորացնող, փալաս դարձնելու ինչ ողորմելի հոգի պիտի ունենա մարդ, որ դիմի նման քայլի: Ստորացման այս ձեւը մահից սարսափելի է, ու ես հաճախ եմ երանի տվել այն մարդկանց, որոնց նա անմիջապես կրակել է, որոնք չեն անցել լիսկայական ստորացման  քավարանով: Գորիսում մի սարսափելի բնորոշում կա՝ այսինչը լիսկայական չի:

 

Դա մահվան հավասար բան է, դա նշանակում է, որ տվյալ մարդուն անգամ հարազատն է վախենում բարեւել, ու նա՝ ուզի-չուզի, պետք է լքի քաղաքը: Ու նման մարդիկ,  թողնելով իրենց տունուտեղը, տեղափոխվել են Երեւան, որովհետեւ անիմաստ են գտել մարզպետի հետ «քյալլա տալը»: Եթե դիմացինդ մտավոր նվազագույն ինտելեկտ կամ զգայական աշխարհ  ունենա, կարելի է մնալ ու պայքարել, բայց երբ դիմացինդ անհաղորդ քար է, որը միայն դիմացինին համոզելու մի ձեւ գիտե՝ նրան ոչնչացնելը, ի՞նչ անես: Առավել եւս, երբ նման մարդը՝ հանձինս իշխանությունների, պողպատե մեջք է ունեցել: Ու քանի՜ անգամ եմ զգացել այդ պողպատե մեջքի հարվածն ընդվզողի վրա, սեփական մաշկիս վրա: Ընդվզող, լծի դեմ պայքարող գորիսեցին, գերագույն իշխանությունից չստանալով պաշտպանություն, թողել է քաղաքը: Ինչքա՜ն պայծառ դեմքեր են լքել քաղաքը ու հիմա Գորիսն այն է, ինչ տեսնում եք: Խորհրդավոր լռության քաղաք, լուռ ողբի քաղաք, ուր անում են այն, ինչ ասում է Լիսկան ու եթե չեն անում, արժանանում են այն բոլորի բախտին, ում ճակատագրերը ներկայացվում է հանրության դատին: Երեկ, մտածելով, որ գորիսեցիները կատարվածից հետո արդեն կարող են ազատ արտահայտվել, մի քանիսի հետ փորձեցի զրուցել: Նույն վախն ու անվստահությունն էր. «Մի քիչ էլ սպասենք, տեսնենք՝ դրան ինչ են անում: Չենք հավատում, թե որեւէ լուրջ բան կանեն: Նման դեպքեր քի՞չ են եղել, պլստացնելու են ու էլի կապեն մեր ջանին: Հեռախոսները եւ սոցիալական ցանցերը հսկողության տակ են, վախենում ենք շատ բան ասել»:

 

Իսկ որ խորհրդավոր լռությամբ պարուրված Գորիս քաղաքն ասելիք ունի ու այն էլ շա՜տ, աներկբա է: Մի քանի տարի առաջ էր: Պաշտոնյաներից մեկին գցելուց ու տկլորացնելուց հետո հայտնվել էր Երեւանում: Չգիտեմ էլ, երբ էր, որ հանդիպեցի նրան: Անուն չեմ գրում, բայց ցանկացած գորիսեցի կիմանա՝ ում մասին է խոսքը: « Գցեց, գցե՜ց ինձ,- ծեծում էր գլուխը, տկլորացրեց, ստորացրեց, կոպեկանոց սարքեց, ես չեմ դիմանա, բոլորին խնդրել եմ, որ դա չլինելուց հետո գան ու այդ մասին իմ քարին պատմեն, ես նորից կծնվեմ»:  Կարճ ժամանակ հետո իմացա, որ այդ պաշտոնյան չի դիմացել, ինֆարկտից մահացել է: Հիմա մեկիկ- մեկիկ հիշում եմ քար դարձած գորիսեցիներին ու մտորում՝ կգա՞ նրանց աչքալուսանք անելու ժամանակը, թե դեռ նոր քարեր են ավելանալու: Ու կուզեի մի պարզ հարց տալ նախագահին՝ գոնե այս անգամ մեռածներին հնարավորություն կտա՞ս խաղաղ ննջելու, որ Գորիսն ազատ է: Հնարավորությու կտա՞ս, որ ապրողները զբաղվեն իրենց ստեղծագործ աշխատանքով: Իսկ եթե տաս այդ հնարավորությունը, չգիտեմ էլ, մեր  կյանքը կբավականացնի՞, որ 20 տարվա ընթացքում մեռածներին աչքալուսանք տանք՝ Գորիսն ազատ է:  Իսկ ես առաջինը կայցելեմ մի ազատամարտիկի շիրմի, որը հրամանատար էր ու պատերազմի հաղթանակից երկու օր հետո սպանվեց… Աչքդ լույս, ….  (անունը յուրաքանչյուր գորիսեցի գիտի), պատերազմը վերջացավ:

 

Հասմիկ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ



4 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Հայ
Jun 5, 2013 3:40