ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ ADMIN. Tuesday, May 21, 2013 3:27 - 1 քննարկում
«Կարկտային հեղափոխություն.-ը կսկսվի Արմավիրի՞ց…
«Սպայկային» փոխհատուցում կտան, Հայրիկյանին՝ 20 մլն, մեզ ոչի՞նչ
Հեղինակ: Հրապարակ | Բաժին: ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ | Երեքշաբթի, Մայիս 21, 2013 | 11:03 |
«Արտագաղթի ճամփեն եմ բռնել: Ես ինքս 4 հեկտար դառը քրտինքով հող եմ ձեռք բերել, ընտիր, ցուցադրական այգիներ ունեմ ամբողջ գյուղի մեջ, բայց էսօր ուզում եմ թողնեմ-էթամ ստեղից, էրեխեքիս հավաքեմ-էթամ: Էրեխեքս ափսոս են. ես ծառայել եմ էս երկրին, էրեխեքս չծառայեն»,- նեղսրտած ասում է Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղի բնակիչ Գառնիկ Մնացականյանը:
Երեկ կեսօրից Արմավիրի մարզի շուրջ 10 կարկտահարված գյուղերի բնակիչներ՝ «Պահանջում ենք փոխհատուցում» ցուցապաստառներով, Մեծամորի հատվածում փակել էին Երեւան-Արմավիր մայրուղին, պարզապես նստել էին ասֆալտի վրա՝ վստահեցնելով, որ ճանապարհը չեն բացի, մինչեւ նախագահը կամ վարչապետն անձամբ չգան իրենց հանդիպելու: Նախագահի փոխարեն Արմավիրի մարզպետը՝ Աշոտ Ղահրամանյանը եկավ, իսկ վարչապետի փոխարեն՝ փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը, բայց դա կարկուտից ամեն ինչ կորցրած, վարկերի տոկոսի տակ ճռռացող գյուղացիներին չէր բավարարում, նրանք սպասում էին նախագահին ճիշտ այնպես, ինչպես Բեքեթի հերոսները՝ Գոդոյին:
«Պահանջում ենք վնասների հատուցում գումարային տեսքով, վարկերի սառեցում: Ժողովուրդը հաց չունի, կոպեկ չունի, էսօր հացի խնդիր ա: «Սպայկային» փոխհատուցում կտան, որովհետեւ իրանցն ա, Հայրիկյանին 20 մլն կտան, բայց մեր ունեցածը, որ կարկուտը 100 տոկոսով ոչնչացրել ա, բանկերը վարկերի տոկոսներն են խեղդած ուզում, ոչինչ չեն տա: Իշխանություններն ու օլիգարխները թող իրենց մի օրվա պերերիվի փողը բերեն-տան ժողովրդին»,- ասում է Մրգաշատ գյուղի բնակիչ Թաթուլ Սողոմոնյանը: Իսկ շենավանցի Աշոտ Մեսրոպյանը բորբոքված նշում էր, որ 8 օր է անցել կարկուտից, կառավարությունն ի՞նչ է մտածում. «Մի հեկտար ցորեն ունեի, մի հեկտար էլ ծառապտուղ ա, լրիվ ավերվեց, գյուղնախարարն ասում ա՝ տար լոբի տնկի, ավելի սերմ ցանի: Վաղը կարող ա մտնեմ, մի խանութ ցխեմ, տանեմ էրեխուս պահեմ, ճար չունեմ: Էրեկ բանկից զանգել են՝ տոկոսն են ուզում, որտեղի՞ց տամ»: Արցախյան պատերազմի վետերան Լենդրուշ Մարգարյանի ծիրանի այգին, նրա հաշվարկներով, 170 տոննա ծիրան կտար, եթե չկարկտահարվեր. «5 միլիոնի արկղ եմ առել, 12 ֆուռի փող եմ տվել՝ կանխավճար, 4 հազար 500 դոլարով, որ ծիրանս Մոսկվա տանեն: Ընդհանուր 12-13 հեկտար ունեմ, երկու ախպեր ենք, լրիվ ոչնչացավ, 40 հազար դոլարի էլ վարկի տակ եմ»:
Մի բուռ ալյուր տվեք՝ ասում է նույն շենավանցին ու դառնանում՝ ուտելու բան չկա, ծախելու բան էլ չկա: Գյուղացիները բարձրաձայնում էին, որ իշխանությունն 90 տոկոս ձայն է տարել իրենց գյուղերից, բայց այսօրվա դրությամբ մոռացել է իրենց, որ բոլորը վարկի տակ են, որ չեն մեռել, բայց մեռածի հաշիվ են: Ու պահանջում էին կառավարության հրաժարականը, վիրավորական արտահայտություններ թույլ տալիս իշխանավորների ու օլիգարխների հասցեին, ծաղրում գյուղնախարարին, մինչեւ իսկ չէին խնայում կաթողիկոսին՝ ճիշտ այնպես, ինչպես վարվում է ամեն ինչ կորցրած ու հույսի նշույլ չնշմարող մարդը զայրույթի մեջ:
Ասֆալտին նստած՝ արեւի տակ ճրթճրթացող ժողովրդին, որ սարսափած նայում էր հեռու հորիզոնում հավաքվող կարկտաբեր ամպերին, մի քանի ժամ անց այցելեցին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանն ու Արմավիրի մարզպետը՝ մարզպետարանում կայացած խորհրդակցությունից հետո: Նրանք գյուղացիներին համոզում էին ցրվել՝ հավատացնելով, որ հինգշաբթի օրը կառավարությունը հերթական նիստի ժամանակ կպատասխանի իրենց: Իսկ թե կառավարությունն ինչ է որոշելու, սույն պաշտոնյաները չգիտեին, փոխվարչապետը հրաժարվեց պատասխանել հարցերին՝ ասելով, որ այդ պահին պատրաստ չէ: Գյուղացիները չէին հավատում ասված ոչ մի բառի՝ շեշտելով, որ դարձյալ խաբում են իրենց: Բայց, ի վերջո, տեղի տվեցին, ճանապարհը 4-5 ժամ փակ պահելուց հետո բացեցին: Մինչ այդ գյուղացիներին էին այցելել նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանը, ով հայտարարեց, որ մինչեւ վերջ մնալու է նրանց կողքին, ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Վերջինս նշեց, որ քիչ առաջ է ԱԺ-ում վարչապետին դիմել արմավիրցիների խնդրով, նա էլ պատասխանել է, որ փոխհատուցում չի լինելու, լինելու է օգնություն, այնպես որ, որեւէ լուրջ ակնկալիք թող գյուղացիները չունենան եւ շարունակեն իրենց պայքարը:
Երբ վերադառնում էինք Երեւան, ճանապարհին տեսանք դեպքի վայր սուրացող ոստիկանական մեքենաների շարասյունը՝ լուսային ազդանշաններ միացրած, ջրցան մեքենաներով, իսկ մյուս մեքենաների մեջ, ապակու հետեւից, պարզ երեւում էին վահաններ ու մահակներ: Հետեւեցինք շարասյանը: Եկան, գյուղացիների արդեն բացած ճանապարհի հատվածում պտտվեցին եւ ետ դարձան Երեւան: Արդեն սակավաթիվ գյուղացիներն այդ տեսարանը գրգիռով ընդունեցին: «Թագավոր ենք ընտրել, որ դժվար պահին մեր կողքին լինի, ոչ թե կալոննա ուղարկի, որ մեզ ջարդեն»,- վրդովված ասաց Գագիկ Աբրահամյանը:
Ֆելիքս ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
1 քննարկում
Գրիգոր