ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ ADMIN. Monday, May 13, 2013 15:54 - 2 քննարկում
Ազատամարտիկները ոտքի են կանգնել տռտիկ արած ընդիմության փոխարեն: Թալանամարտիկները դեմ են ազատամարտիկների շարժմանը:
Եթե պահանջս չբավարարեցին, գնալու եմ Արևմտյան Հայաստանն ազատագրելու և դառնալու եմ այնտեղի նախագահը
Gevorg Sakhatelyan
«Ես դժգոհ եմ այն կենսաթոշակից, որը ստանում եմ: Մեզ ասում են, թե գումար չկա: Ես գիտեմ, որ կա գումար, պարզապես ցանկություն, հայրենասիրություն է պետք, որ ազատամարտիկը լավ ապրի: Ես փորձեցի քանդել կարծրատիպը, թե ամոթ է խոսել խնդիրներից, թող չիմանան: Մենք հո գողություն չենք անում, որ իմանան կամ չիմանան: Պետությունը գումար է տալիս, իբրև շնորհակալություն մեր ծառայության համար, մենք էլ գտնում ենք, որ այդ նյութական շնորհակալությունը քիչ է, և պետք է ավելացնեն այդ գումարը, որպեսզի կարողանանք ապրել: Ի վերջո, այդ գումարը ապրելու համար չե՞ն տալիս, մենք էլ ասում ենք` չենք կարողանում դրանով ապրել: Ինչ է, ձայն չհանե՞նք: Այդ գումարի չափը սահմանել են 10 տարի առաջ, հիմա էն 100 դրամանոց ապրանքը դարձել է 1000 դրամ: Էսօր մեկը զանգել ասում է` Վոլոդյա ջան, Թալինի ջոկատի հրամանատարն եմ, բայց գումար չունեմ, որ գամ, միանամ ձեզ, ո՞նց կլինի: Կառավարությունը 10 մլն. դոլար ճանապարհաշինության մեջ լվաց, 20 միլիոն էլ չգիտեմ, որտեղ, թող չլվան, տան ազատամարտիկներին: Սա է մեր ուզածը»,- ասաց նա։
Դիտարկմանը` պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը երեկ «Արմենիա» հեռուստաընկերության եթերում հայտարարեց, որ սոցիալական հարցերով զբաղվող վարչությանը հանձնարարել է ծանոթանալ ձեր պահանջներին: Միաժամանակ նախարարը նշեց, որ աշխատավարձերի բարձրացումը հանգեցնելու է կենսաթոշակների ավելացման և, որ մեծ հաշվով, իրենից քիչ բան է կախված, սրանից հետո ի՞նչ ակնկալիք ունեք և, եթե ձեր ուզած շեմը չսահմանվի, ի՞նչ քայլեր եք ձեռնարկելու. «Խոստացավ՝ լավ արեց, թող բարձրացնեն: Իսկ թե ինչ եմ անելու, գնալու եմ Արևմտյան Հայաստանն ազատագրելու և դառնալու եմ այնտեղի նախագահը: Եթե ավելի լուրջ, մենք կհամագործակցենք տղաների հետ, կհստակեցնենք մեր հետագա քայլերը, ինչ անենք, ճիշտ ենք անելու, որ դուք գաք, ասեք` ճիշտ եք արել, ոչ թե` սխալ եք անում: Կառավարության պատասխանը 10 օրվա ընթացքում կստանանք»:
Ազատամարտիկ Վարդգես Սմբատյանն ասվածը լրացրեց. «Այն տղաները, որոնք կռվել են, էն հին տղերքն են: Թոշակը քիչ է, մարդ կա 5 երեխա ունի և 46 հազար դրամով չի կարողանում պահել նրանց: Մարդ կա՝ հիմնարկության շենքում է ապրում: Մեր հույսը պաշտպանության նախարարությունն է: Այստեղ միայն թոշակի չէ, 50 տարեկանից հետո գործ չենք ճարում, թող մեզ աշխատանք տան, աշխատենք, մի պահակությունից բանից, ում ֆիզիկականն ինչ որ թույլ կտա»:
Խոսակցությանը միջամտեց հավաքվածներից մեկը, ով ներկայացավ որպես չգրանցված ազատամարտիկ` պնդելով, որ Մոնթեի զինվորներից է եղել. «Ես պայքարել եմ, երբ չունեինք բանակ: Իմ հայրենիքը վտանգի մեջ եմ տեսել և պարտավորված զգացել պաշտպանելու: Ես ծնվել եմ Երևանում, ծնողներս ղարաբաղցի են, նախնիներս` մշեցի: Պահանջում եմ՝ լուծվի, որպեսզի մեր բանակի կորիզը զգա պետական հոգածություն: Այսօր մեր հողերը ծախում ենք պարսիկներին, պարսկահպատակ երազիկներին, իսկ մեր ժողովրդին ստիպում արտագաղթել: Ես չունեմ փաստաթուղթ, թեպետ Մոնթեի զինվորներից եմ եղել և մասնակցել թեժ մարտերի, ինձ ասում են` ծառայել եք, երբ չունեինք բանակ: Պարսատիկով, որսորդական հրացանով հող ենք ազատագրել, իսկ պիստալետ չտեսածները քաղաքի տերերն են դարձել»:
Այս առնչությամբ փորձեցինք պարզել նաև իշխող կուսակցության ներկայացուցիչների տրամադրությունները: ՀՀԿ խմբակցության անդամ Արտակ Զաքարյանը մեզ հետ զրույցում վստահեցրեց, որ այս խավը բոլոր առումներով առաջնային ուշադրության կենտրոնում է. «Այլ հարց է, որ ազատամարտիկների լայն շրջանակ ունենալով՝ նրանց բոլոր խնդիրներին չենք կարողանում լուծում տալ: Ոչինչ չի մոռացվել, ոչ ոք չի մոռացվել: Բայց պետք է նշեմ նաև, որ այսօր թացը չորից բաժանելու խնդիր կա նաև: Այս հարցը միայն օրենքի լուծման առարկա չէ, թեպետ նախագծեր կան շրջանառության մեջ դրված, քանի որ դեռ չունենք լավագույն մոդելը, որը կբավարարի բոլորին: Կրկնում եմ` թացը չորից տարանջատելու անհրաժեշտություն կա: Հանրապետական կուսակցությունը և նրա ղելավարներն անցել են Արցախյան պատերազմի միջով և լավ գիտեն նրանց արժեքը: Բոլորս ազատամարտիկ հասկացողությանը պետք է հարգանքով մոտենանք»:
Թե որքանով է չհայտարարված պատերազմի մեջ գտնվող երկրի իշխանությունների համար առաջնային երկիրը պահածի և պահողի ճակատագիրը կհաստատի կամ կհերքի առաջիկա շաբաթը, իսկ մինչ այդ պետք է մի ցավալի փաստ արձանագրենք` ազատամարտիկների նստացույցն ու արված հայտարարությունները բարկացրել են մարտական ընկեր օրենսդիրներին:
Ըստ ֆեյսբուքյան օգտատեր Կարապետ Նուրիջանյանի` գեներալ Մանվել Գրիգորյանը ուղարկել է իր թիկնազորի պետին՝ Էջմիածնում հայտնի Նհոյին, ու նա լկտիաբար ազատամարտիկ Ռեմբոյի կրծքից պոկել է նրան տրված «5-րդ բրիգադ» հուշամեդալը: ԵԿՄ քարոզչության վարչությունից HayNews.am-ին հայտնեցին, որ Մանվել Գրիգորյանն այս պատմության հետ որևէ կապ չունի և տեղյակ չի էլ եղել, բայց Ռեմբոյի և Նհոյի միջև իրականում քաշքշուկ և վիճաբանություն եղել է: Այս մասին կփորձենք լրացուցիչ տեղեկություն ստանալ երկու կողմերից և ավելի ուշ ներկայացնել:
Նյութի աղբյուրը
2 քննարկումներ
Արմեն