ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Sunday, May 12, 2013 0:49 - 1 քննարկում

Օբաման նվեր է արել Թուրքիային՝ խնդրելով ԱՄՆ Գերագույն դատարանին չքննել Հայոց ցեղասպանության հետ կապված հարցը

Օբաման նվեր է արել Թուրքիային՝ խնդրելով ԱՄՆ Գերագույն դատարանին չքննել Հայոց ցեղասպանության հետ կապված հարցը

ԱՄՆ նախագահի վարչակազմը դիմել է Գերագույն դատարանին՝ խնդրելով չքննել 9-րդ շրջանային բողոքարկիչ դատարանի 2012թ. որոշումը Հայոց ցեղասպանության ժամանակ կյանքի ապահովագրության վճարումների մասին պահանջների ներկայացման համար հայցերի վաղեմության ժամկետի երկարացման մասին Կալիֆորնիայի օրենքի փոփոխությունը չեղյալ համարելու մասին:

«Իր դիրքորոշումն ըստ էության շարադրելու փոխարեն Օբաման Էրդողանի այցի նախօրեին քաղաքական նվեր արեց Թուրքիային՝ խորացնելով ամերիկյան վարչակազմի մեղսակվությունը Հայոց ցեղասպանության ուրացման հարցում, ինչպես նաև խոչընդոտելով ամերիկյան քաղաքացիներին, որոնք ձգտում են փոխհատուցում ստանալ ԱՄՆ դատարանների միջոցով»»,-PanARMENIAN.Net-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի (ANCA) գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

Գերագույն դատարան ներկայացված գլխավոր միջնորդողի 27-էջանոց փաստաթղթում ասվում է, թե Կալիֆորնիայի օրենքը սխալմամբ է թույլ տալիս դատարաններին «եզրակացություններ անել վիճահարույց քաղաքական իրադարձությունների հիման վրա, որոնք տեղի են ունեցել Օսմանյան կայսրությունում գրեթե 100 տարի առաջ»:

Փաստաթուղթը նաև հղում է կատարում ԱՄՆ գործադիր իշխանության մասնակի հակազդեցությանը Հայոց ցեղասպանության ճանաչմանը, սակայն չի նշում այդ ոճրագործության ճանաչման փաստերը, ինչպես, օրինակ, ԱՄՆ կառավարության 1951թ. մայիսի 28-ի գրավոր դիմումը Միջազգային դատարան Ցեղասպանության հանցագործության կանխարգելման ու պատժի մասն կոնվենցիայի կապակցությամբ, որտեղ «հայերի կոտորածը Թուրքիայում» ի թիվս այլ դեպքերի բերվում է «որպես ցեղասպանության ոճրագործության ցայտուն օրինակ», ինչպես նաև ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանի 1981թ. ապրիլի 22-ի հայտարարությունը, որտեղ նա մասնավորապես ասաց, որ «Հայոց ցեղասպանությունը, ինչպես և կամբոջացիների ցեղասպանությունն ու Հոլոքոսթը, երբեք չպետք է մոռացվեն»:

Գերագույն դատարանը գլխավոր միջնորդողի այս դիմումը կքննի փորձագետների հետ միասին, որոնք կողմ են հանդես գալիս Կալիֆորնիայի օրենքի պահպանմանը, որով փոխահատուցումներ են տրվում Հայոց ցեղասպանության տարիներին տրված ապահովագրական պոլիսների համար:

Այս գործը մեծ և բարդ իրավական ճանապարհ է անցել, որը ներառում է նաև 9-րդ շրջանի վերաքննիչ դատարանի կողմից ներկայացված երեք առանձին ու հակասական կարծիքներ, որից վերջինը հրապարակվեց 2012թ. փետրվարի 23-ին: Այդ որոշումը չեղյալ հայտարարեց Կալիֆորնիայի նահանգի հայցերի վաղեմության ժամկետը երկարացնելու մասին փոփոխությունը, եթե հայցերը վերաբերում են Հայոց ցեղասպանության տարիներին կյանքի ապահովագրության փոխահատուցման վճարման պահանջին: Իր այդ որոշմամբ դատարանը անվավեր դարձրեց Կալիֆորնիայի օրենսդիր մարմնի կողմից միաձայն ընդունված որոշումը՝ տեղի տալով Թուրքիայի կառավարության սպառնալիքներին, նպատակ ունենալով ճնշել Հայոց ցեղասպանության թեմայի քննարկումները Միացյալ Նահանգներում:



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Գրիգոր
May 12, 2013 12:06