Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ ADMIN. Friday, May 10, 2013 16:34 - 4 քննարկում
«Իմ զնդանները»: (Ծանր վկայություն)
«Իմ զնդանները»
1962 թվականին, երբ Հայաստանում ազգային հայրենասիրությունը տակավին մոդայիկ զբաղմունք չէր դարձել, մի խումբ երիտասարդ մտավորականների կամքով հիմնադրվեց մի ընդհատակյա կազմակերպություն, որն անվանվեց «Հայ երիտասարդաց միություն»: Այս կազմակերպության մեջ ընդգրկված էր մոտավորապես հարյուր գործունյա երիտասարդ Հայաստանի բուհական եւ բանվորական զանգվածներից: Հանրապետությունում մեր կողմից տարվում էր ազգայնական տրամադրությունների քարոզչություն` ընդդեմ ասիմիլյացիայի վտանգի, որն օրըստօրե ահագնանում էր կոմունիստական պրոպագանդայի ազդեցության հզորացման հետ: Ազգայնական գաղափարների տարածման կենտրոն ստեղծելու նպատակով միությունն ընտրեց ղեկավար խորհուրդ` կազմված յոթ մտավորականներից, որոնք էին Խաչատուր Ամիրջանյանը, Խաչիկ Սաֆարյանը, Գրիգոր վարդապետ Եղյանը, Վիգեն Բաբայանը, Կարապետ Քիրամիդջյանը, Էդվարդ Կակոսյանը եւ Մերուժան Հովհաննիսյանը: Այս հայրենասիրական շարժումը գոյատեւեց ընդամենը մեկուկես տարի, որից հետո բացահայտվեց, եւ մենք ձերբակալվեցինք 1963թ. դեկտեմբերին:
Մեծահամբավ Գարեգին Նժդեհի եղերական վախճանից հետո (վեց տարի անց) այս խումբը առաջին ընդհատակյա կազմակերպությունն էր ներկայացնում Հայաստանում:
Ստորեւ ընթերցողի դատին եմ արժանացնում մի հատված իմ տաժանակրությանը վերաբերող պատմավավերագրական վեպից:
***
1963թ. սեպտեմբերի 25-ին մենք` երեք ընկեր` Վիգեն Բաբայանը, Կարապետ Քիրամիդջյանը եւ տողերիս հեղինակը, մեկնեցինք Ստեփանակերտ, որ այնտեղից բերենք նշանավոր մարդկանց համաձայնությունը` Լեռնային Ղարաբաղը Հայաստանի կազմում ընդգրկելու համար: Այս քայլին գնալ մեզ ոգեւորել էին թե՛ Հայաստանի մտավորականությունը, թե՛ բուհական երիտասարդությունը եւ թե՛ բանվորական զանգվածները:
Երեւանում մեզ խորհուրդ տվեցին Ստեփանակերտ հասնելուն պես գտնել պատմաբան Բագրատ Ուլուբաբյանին, ով մեզ ուղեցույց եւ խորհրդատու կդառնա, առավել նպատակասլաց ու արդյունավետ գործելու պայմաններ կստեղծի: Ստեփանակերտ հասնելուն պես, մենք ափ առանք Ղարաբաղի վարչական շենքում եւ այստեղ ընդունելություն գտանք մարզի մշակույթի բաժնի վարիչ Բագրատ Ուլուբաբյանի մոտ: Մարդը լսեց մեզ եւ աստիճանաբար կորցրեց երեսի գույնը: Հետո, իրեն հավաքելով, հարցրեց.
– Կենտկոմում գիտե՞ն ձեր այստեղ գալու մասին:
Ես բացատրեցի, որ մեր առաքելությունը մասնավոր բնույթի է, նպատակը` հայրենասիրական: Ցանկալի է, որ մեզ միանան մարդիկ եւ իրենց ստորագրություններով նպաստեն մեր համաժողովրդական ուխտին` հանուն Հայաստանի եւ Ղարաբաղի միացման: Այսքանը լսելուց հետո, Բագրատ Ուլուբաբյանը մեզ խորհուրդ տվեց անձայն հեռանալ Ստեփանակերտից: Դանդաղ, բառ առ բառ արտահայտվեց.
– Վեր կացեք եւ սուս ու փուս գնացեք: Այստեղ վատ մարդիկ կան: Ձեզ կբանտարկեն:
Մենք շնորհակալություն հայտնեցինք ու հեռացանք: Մի գիշեր մնացինք Գետաշենում` Վիգենենց բարեկամ մի ծերուկի տանը: Այս դադրած ծերուկն էլ մեզ չթողեց քնել` ամբողջ գիշեր Ստալինին փառաբանելով: 1963թ. սեպտեմբերի 28-ին մենք վերադարձանք եւ անմիջապես ենթարկվեցինք հետապնդման, որն իրականացնում էր ՊԱԿ-ի օպերատիվ խումբը` Հրայր Միհրանյանի եւ Սարգիս Զախարյանի մասնակցությամբ: Երկուսն էլ ադրբեջանահայեր` Հայաստանի ՊԱԿ-ում: 1963թ. դեկտեմբերի 25-ի լույս 26-ի գիշերը մեզ ձերբակալեցին: 1964թ. ապրիլին ՊԱԿ-ի քննչական սենյակներից մեկում ընթանում էր իմ դեմ հարուցված քրեական գործի նախաքննությունը, որը վարում էր անվտանգության ավագ քննիչ Հմայակ Կարումյանը: Ինձ մեղսագրված արարքին առնչվող հարցերը եթե մնում էին անպատասխան, ապա դրանց պատասխաններն իմ փոխարեն շարադրում էր քննիչը եւ ձեւակերպում մեղադրանք բովանդակող հոդվածի պահանջներին համապատասխան: Տվյալ օրվա հարցը վերաբերվում էր 1963թ. Լեռնային Ղարաբաղ կատարած մեր առաքելությանը, ըստ որի` մենք պիտի ստորագրահավաք կատարեինք Արցախը մայր հայրենիքին միացնելու համար: Երբ ես եւ քննիչը վիճաբանում էինք վերոնշյալ հարցի շուրջը, քննչական սենյակ մտավ օպերլիազոր Արիֆ Իսմայիլովը եւ առանց այլեւայլության` դիմեց ինձ.
– Մերուժան, ձեր ինչի՛ն է պետք Լեռնային Ղարաբաղը: Դա ադրբեջանական հող է: Դուք պատմություն չգիտե՛ք:
Ես հանդարտորեն պատասխանեցի.
– Պատմություն գիտեմ եւ համոզված եմ, որ Ղարաբաղը մեր հայրենիքի մի մասն է, եւ ղարաբաղցիները մեր հայրենակիցներն են:
Իսմայիլովը հեգնական ժպիտով դարձավ ինձ ու պատասխանեց.
– Ղարաբաղցիները միգուցե ձեր ազգակիցներն են, բայց մեր հայրենակիցներն են: Ղարաբաղը մեր հայրենիքն է, որտեղ հայեր են ապրում: Ղարաբաղցիները եւ ադրբեջանցիները դարավոր բարեկամություն ունեն: Դուք մի փորձեք նրանց թշնամացնել: Եթե փորձեք, առաջինը ձեզ կհարվածեն ղարաբաղցիները: Դուք լավ չեք ճանաչում նրանց:
Երբ Իսմայիլովը դուրս եկավ սենյակից, ես հայտնեցի իմ վրդովմունքն` ասելով.
– Ինչո՞ւ դուք ոչինչ չասացիք:
Հմայակ Կարումյանը պատասխանեց.
– Մարդը ճիշտ էր խոսում: Ինքը էն հող ու ջրի մարդկանց մեզնից լավ գիտի, հազար անգամ լավ:
Մեր զրույցից պարզվեց, որ Հմայակ Կարումյանը նույնպես ծագումով ղարաբաղցի էր:
1964թ. օգոստոսի 5-ին սկսվեց մեր դեմ հարուցված քրեական գործով դատավարությունը, որում որպես պետական մեղադրող հանդես էր գալիս ՀԽՍՀ դատախազի տեղակալ Սարգիս Գրիգորի Քոչարյանը` ծնված Լեռնային Ղարաբաղում: Այս հակազգային տրամադրությամբ ղարաբաղցին նույնպես ջերմագին ու փրփրաբերան դատապարտում էր մեզ հակաադրբեջանական տրամադրությունների համար, ինչի հետեւանքով Լեռնային Ղարաբաղ ժամանած երեք երիտասարդներից երկուսիս` ինձ եւ Վիգեն Բաբայանին միջնորդեց դատապարտել հինգ տարվա ազատազրկման, ինչը առավել պատիժն էր տվյալ հոդվածի դիսպոզիցիայում:
Այսօր չկա տխրահռչակ Հմայակ Կարումյանը: Դարձել է հող, իր հետ տանելով իր ուսադիրների հեղինակությունն ու ժամանակը: Իսկ Երեւանում ծնված ու դաստիարակված, հայոց լեզվին ու պատմությանը քաջատեղյակ, անցյալում ՊԱԿ-ի Արմավիրի (Հոկտեմբերյան) բաժնի պետ, ադրբեջանցի Արիֆ Իսմայիլովը ներկայումս ղեկավարում է Ադրբեջանի ազգային անվտանգության Նախիջեւանի վարչությունը եւ հետեւողականորեն հետախուզում է Հայաստանը: Եւ ով գիտե, թե նրա կապավորներից քանիսն են ծնունդով ղարաբաղցի կամ հայաստանաբնակ: Ամեն անգամ այդ թուրք չեկիստին հիշելիս` ականջիս է զարկում նրա վերջին խոսքը. «Դուք լավ չեք ճանաչում նրանց»: Տարաբախտաբար, արդեն շատ լավ ենք ճանաչում նրանց:
Այս է ճշմարտությունը, միայն ճշմարտությունը եւ ոչինչ ճշմարտությունից զատ:
Հ. Գ. Հիշեցման կարգով ասեմ, որ մեր հայրենասիրական խմբի անդամները զտարյուն հայեր էին, ծնված հայկական ընտանիքում, հայեցի դաստիարակություն ստացած: Ավելացնեմ, որ այդ ընտանիքներից ոմանք ստալինյան ռեժիմից տուժած եւ նախկինում գնդակահարված կամ իբրեւ քաղբանտարկյալներ կալանված եւ հայրենիքից աքսորված են եղել:
Մերուժան
4 քննարկումներ
Գրիգոր