ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ Admin. Friday, April 19, 2013 13:22 - չքննարկված
Մոսկվայում Հայաստանի հյուպատոսը ծեծել է ՀՀ քաղաքացուն, առգրավել անձնագիրը և անձնական իրերը. :Հետաքրքիր է որ բոլոր դեսպանատներից նույն ահազանգն է գալիս.
Այսօր shamshyan.com-ի թղթակցի հետ Մոսկվայից կապ հաստատեց մեր հայրենակից Ժիրայր Թադևոսյանն ու հայտնեց, որ իր բարեկամներից մեկը` Արտակ Հակոբյանը գնացել է ՌԴ-ում Հայաստանի հյուպատոսարան` ընկերոջ անձնագիրը վերցնելու և մուտքի մոտ տեսել է երիտասարդ մի հայ կնոջ` մանկահասակ երեխայի հետ, ում չեն թույլատրում իր երեխային իր հետ բերել Հայաստան` հոր հուղարկավորությանը մասնակցելու:
Նա, փորձելով օգնել կնոջը, ներգրավվել է խոսակցության մեջ, որի ժամանակ Մոսկվայում Հայաստանի Հանրապետության հյուպատոս Գարիկ Մելիքսեթյանն անձամբ դուրս է եկել շենքից, մոտեցել Հակոբյանին ու հրավիրել իր աշխատասենյակ:
Աշխատասենյակում Գարիկ Մելիքսեթյանը ծեծի է ենթարկել 60-ամյա Արտակ Հակոբյանին, վերցրել անձնագիրը, բջջային հեռախոսը, դրամապանակը` 32 000 ռուբլի գումարով ու մյուս անձնական իրերը, ահաբեկել` ասելով, որ ոչ մի տեղ չպատմի կատարվածի մասին ու դուրս հրավիրել հյուպատոսարանից:
Հակոբյանն առանց գումարի ու կապի միջոցի, ոտքով գնացել է տուն, որի արդյունքում հիվանդացել ու այժմ գտնվում է մոսկովյան հիվանդանոցներից մեկում` թոքերի բորբոքումով:
Նույնիսկ մոսկովյան հիվանդանոցներում են հասկացել իրավիճակն ու առանց փաստաթղթերի ընդունել հիվանդին:
Ներկա պահին մեր հայրենակիցը խնդրում է shamshyan.com-ին լուսաբանել այս մասին ու ԱԳՆ-ի օգնությամբ հետ վերցնել հիվանդի անձնագիրը` հիվանդանոց ներկայացնելու համար:
«Միայն մի բան չեմ հասկանում, օտար երկրում ինչ էլ որ հայրենակիցդ արած լինի, իրավունք չունես ցավ պատճառելու: Էլ չեմ խոսում այն մասին, որ նման կերպ է վարվել մեր ազգը Ռուսաստանում ներկայացնող անձը»,- վրդովված ասաց պրն. Թադևոսյանը:
Այս նյութի հետ կապված մենք ակնկալում էինք Արտաքին Գործերի նախարարության մեկնաբանությունը, բայց քանի որ ԱԳՆ-ից մեզ տեղակացրին, որ տվյալ գործի փաստով նյութեր են նախապատրաստվում, այդ իսկ պատճառով առայժմ որևէ տեղեկատվություն հրապարակման ենթակա չէ:
Այդուհանդերձ, նախնական վարկածի համաձայն՝ Արտակ Հակոբյանը, ով բողոքել է, թե իբր իրեն ծեծել են, կեղծ տեղեկատվություն է տարածել:
Shamshyan.com