ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Wednesday, April 10, 2013 16:52 - 10 քննարկում

Արկադի Վարդանյանն ամաչում է, որ Րաֆֆի Հովհաննիսյանի կողքին է կանգնած եղել:

  • Դիտումներ 7,129

Բաղրամյան պողոտայում ոստիկանության և հասարակության միջև տեղի ունեցած բախումները տեղի ունեցան Րաֆֆի Հովհաննիսյանի շարունակական սխալների պատճառով: Այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքագետ Արկադի Վարդանյանը՝ անդրադառնալով երեկ Երևանի կենտրոնում տեղի ունեցած բախումներին և դրանց պատճառներին:

Նա նշեց, որ դրանք տեղի ունեցան Րաֆֆի Հովհաննիսյանի մարտավարական և ռազմավարական սխալների պատճառով: Արկադի Վարդանյանը նկատեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանը հռչակել էր, որ առանց ժողովրդի ոչինչ չի անի, միայն ժողովրդի հորդորով, միայն ժողովրդի որոշմամբ, բայց ի՞նչ ստացվեց՝ ժողովուրդն իրեն ասաց, որ չդիմի ՍԴ՝ նա դիմեց, հետո երբ տարբեր գործիչներ իրեն խորհուրդ տվեցին, թե ինչպես պետք է հետագա մարտավարությունը շարունակել, ինքն այդ ամենն անտեսեց, և փաստորեն ինքը պայքարը հասցրեց այն վախճանին, որը և խոստացել էր ի սկզբանե: Ըստ Ա. Վարդանյանի՝ եղավ այնպես, ինչպես ասել էր Րաֆֆի Հովհաննիսյանը:

«Նա ասել էր, որ Սերժ Սարգսյանի երդմնակալությունը կկայանա իր դիակի վրայով՝ այդպես էլ եղավ, որովհետև այսօրվա դրությամբ նա արդեն քաղաքական դիակ է: Այլ կերպ հնարավոր չէ որակել այն, ինչ տեղի ունեցավ: Այն երթը, որը երեկ տեղի ունեցավ նրա գլխավորությամբ, նախատեսված չէր, նա չէր պլանավորել գնալ Բաղրամյան 26, ինքը ստիպված գնաց, որովհետև ժողովուրդը պահանջեց: Այն, ինչ նա պետք է աներ, վաղուց պետք է աներ, ոչ թե երկու ամիս նույն բաներն ասեր ժողովրդին, հերթական հանրահավաքի խոստում տար, թե՝ շատ կարևոր բան է ասելու և այլն, և այլն: Այդպես էլ մինչև վերջ շարունակվեց:

Ապրիլի 9-ը հռչակված էր որպես վերջին օր, որոշում կայացնելու օր, իսկ ապրիլի 9-ին ասաց՝ եկեք հաջորդ ուրբաթ օրը ևս հավաքվենք, բայց հավաքվենք, որ ի՞նչ անենք: Նա ճիշտ չգնահատեց ժողովրդի վերելքի էությունն ու նշանակությունը, որի արդյունքում ժողովրդի շրջանում հիասթափություն առաջացավ, շատ մեծ հիասթափություն:

Րաֆֆի Հովհաննիսյանի շուրջ ձևավորված դաշինքն այլևս տապալված է: Ինչքա՞ն կարելի է նույն հեքիաթները լսել, չի կարելի մարդկանց այդքան հիմարի տեղ դնել, ինչքա՞ն կարելի է նույն բաներն անընդհատ ասել և լսել, որևէ գործողություն, որևէ մարտավարություն չներկայացնել, որևէ փակագիծ չբացել:

Մարդիկ ենթադրում էին, որ փակագծեր գոյություն ունեն, որոնք ինքը չի ցանկանում ներկայացնել, բայց դուրս եկավ, որ ոչինչ էլ չկար: Երբ գեներալն իր զինվորներին թողնում է և գնում մոմ վառելու, դա արդեն գեներալ չէ:

Ահագին ժողովուրդ էր հավաքվել Բաղրամյան պողոտայում, իսկ նա գնում է Ծիծեռնակաբերդ, իսկ ժողովուրդը դա տեսնում և գնահատում է: Ժողովրդի հանդեպ այդքան արհամարհական չի կարելի լինել՝ այն դեպքում, երբ ամենահմուտը ժողովուրդն է, և նրա զգացմունքները չի կարելի ոտնահարել: Փառք Աստծո, երեկ ոչ մի զոհ չեղավ»,- ցավով և վրդովմունքով իր տեսակետը ներկայացրեց Արկադի Վարդանյանը: Վերջինս շատ վրդովված է և ամաչում է, որ ինչ-որ ժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանի կողքին է եղել. չէր պատկերացնում, որ նա նման ձևով կավարտեր իր պայքար կոչեցյալը:

Արկադի Վարդանյանը հույս ունի, որ ժողովրդի միջից ինչ-որ կազմակերպություն կստեղծվի, որը կկարողանա պլանավորել ժողովրդի անելիքները, ռազմավարությունը, ինչի արդյունքում կազատագրվի երկիրը օկուպացիայից:



10 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

grigori
Apr 10, 2013 22:17