Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Sunday, March 24, 2013 15:28 - 1 քննարկում

Սա Ակսել Բակունցի « Նամակ ռուսաց թագավորին» պատմվածքի ռեվերս տարբերակն է, գրված Մոսկվայից՝ «հայոց թագավորին»:

Բաց նամակ Մոսկվայից Սերժ Սարգսյանին` Կներեք, բայց դա համոզիչ չէր…

Այսօր – 01:11

ԲԱՑ ՆԱՄԱԿ ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՄՈՍԿՎԱՅԻՑ

Մտահոգություններ

Պարոն նախագահ.

Այս տողերի հեղինակը տասնյակ տարիներ առաջ Երեւանից Մոսկվա տեղափոխված մի լրագրող է, որը 1977 թվականին Հայաստանի հեռուստատեսության ու ռադիոյի պետական կոմիտեի այն ժամանակվա նախագահ, լուսահոգի Ստեփան Պողոսյանի որոշմամբ գործուղվեց խորհրդային մայրաքաղաքՙ հիմնելու այնտեղ մշտական թղթակցական կետ եւ լուսաբանելու ինչպես խոշորագույն հայկական համայնքի, այնպես էլ ողջ Մոսկվայի հասարակական, քաղաքական, գիտական ու մշակութային կյանքը:

Այդ թվականի աշնանը ես տեղափոխվեցի Մոսկվա ու հիմնական բնակություն հատատեցի այստեղ: Իմՙ որպես Հայաստանի հեռուստատեսության ու ռադիոյի սեփական թղթակցի գործունեությունը տեւեց մինչեւ 1993 թվականը, երբ այդ տարվա աշնանը ինձ կանչեցին Երեւան, ու մորուքավոր մի երիտասարդ, որն արդեն զբաղեցրել էր Ստեփան Պողոսյանի բազկաթոռը, հայտարարեց, որ հանրապետությունն այլեւս չի զգում ոչ Մոսկվայի, ոչ էլ մեր թղթակցական կետի կարիքը:

Ու մոտ տասը տարի Երեւանում ու 15 տարի Մոսկվայում աշխատելուց հետո, 46 տարեկան հասակում ես կորցրեցի իմ հիմնական ու սիրելի գործը:

Սակայն նամակիս նպատակը, իհարկե, իմ կյանքի ու գործունեության մասին պատմելը չէ:

Ես կխնդրեի, որ մի պահ Դուք մտովի տեղափոխվեիք այդ տարիների Մոսկվա եւ պատկերացնեիք նրա հայկական խոշոր համայնքի կյանքը:

Ինչպիսի հպարտությամբ ու խինդով էր լցվում սիրտս, երբ մեր նկարահանող խմբով մասնակցում էինք որեւէ արարողության կամ հոբելյանական միջոցառման, համերգի կամ պաշտոնական ընդունելության…

Որ կողմը շրջեիր հայացքդ, կտեսնեիր հայազգի խոշոր գիտնականի, մեծ կոմպոզիտորի, հայտնի քաղաքական գործչի, նշանավոր դերասանի, ռեժիսորի, քանդակագործի, գեղանկարչի… Դահլիճները լեփ-լեցուն էին մեր մեծ հայերով. ահա մարշալ Բաղրամյանը, Արամ Խաչատրյանը, Առնո Բաբաջանյանը, Ալեքսեյ Հեքիմյանը, քիչ այն կողմՙ Անաստաս Միկոյանը, Լեւոն Թարիվերդիեւը, Արմեն Ջիգարխանյանը, Նիկողայոս Նիկողոսյանը, Դմիտրի Նալբանդյանը, Ֆրիդ Սողոյանը, Տիգրան Պետրոսյանը, ակադեմիկոսներ Լեւոն Բադալյանը, Մարատ Ենոքյանը…

Որ մեկին հիշես…

Նրանցից բոլորի հետ ես անձամբ ծանոթ էի, բազմաթիվ անգամներ եմ հյուրընկալվել նրանց տներում կամ աշխատավայրերում. էլ չեմ պատմում այն մասին, թե քանի-քանի հայազգի, մեր ժողովրդի համար անհայտ, բայց ոչ պակաս նշանավոր գիտնականների, բժիշկների, դիվանագետների, արվեստագետների ենք մեր հեռուստատեսային ակնարկներում ու զրույցներում, այսպես ասած, «պեղել» ու նրանց մեջ նորից արթնացրել ազգային պատկանելության զգացումը, ինչ-որ չափով կապել հարազատ ժողովրդի հետ:

Նրանց շարքում քիչ չէին նաեւ խոշոր արդյունաբերական ձեռնարկությունների, տնտեսական, կենցաղային, առեւտրական այլ օբյեկտների տնօրեններ, ղեկավարներ, մասնագետներ: Անցյալ դարի 70-80-ական թվականների մոսկովյան հայությունը իր սոցիալ-տնտեսական մակարդակով կարծես մի գլուխ վեր էր կանգնած խոհրդային մայրաքաղաքի, այսպես ասած, մյուս ազգային «փոքրամասնություններից»:

Եվ հետեւաբարՙ մեզ ամենուր ընդունում էին հարգանքով ու հավուր պատճաշի…

Այդ տարիներին գործի բերումով կամ զբոսնելու նպատակով Մոսկվա այցելող հայաստանցիներն անգամ, որոշ ու որոշակի բացառություններով, իրենց արտաքինով ու վարքագծով ձգտում էին բարձր պահել մեր ժողովրդի վարկանիշը, ըստ արժանվույն ներկայացնել մեր հանրապետությունը: Անցել է ավելի քան քսան տարի…

Ի՞նչ է այսօր Մոսկվայի հայությունը:

Միանգամից նշեմ, որ եռապատկվել եւ նույնիսկ քառապատկվել է:

Սակայն ինչ տեսնում եմ այսօր, ոչ միայն չի կարելի համեմատել այն տարիների Մոսկվայի հետ, այլեւ կարծես հայտնվել եմ բոլորովին ուրիշ քաղաքում եւ ուրիշ աշխարհում:

Չկան վերոհիշյալ մեր մեծերից շատ-շատերը, իսկ ովքեր էլ կենդանի են, արդեն մեծահասակ, պատկառելի տարիքի մարդիկ են…

Եվ ո՞րն է այսօր ոչ միայն Մոսկվայի, այլեւ Ռուսաստանի հայության դեմքը: Իհարկե, կասեքՙ տեղի է ունենում բնական սերնդափոխություն, նոր անուններ ու դեմքեր են աճում, եւ մենք երեւի շուտով կտեսնենք նրանց… Ցավոք, այդպես չէ, շատ չնչին բացառությամբ…

Մոսկվան լցված է տաջիկներով, ուզբեկներով: Ամենեւին չնսեմացնելով նրանց ազգային արժանիքներն ու կարողությունները, փողոց ավլելուց ու ապօրինի տաքսի վարելուց բացի նրանք ոչնչով չեն զբաղվում:

Համարյա նույն մակարդակն են նաեւ Հայաստանի ու Արցախի քաղաքներից ու գյուղերից այստեղ եկած տասնյակ-հարյուրհազարավոր միջին տարիքի մարդիկ ու երիտասարդներ: Վախակալած աչքերով, թաքնվելով ոստիկաններց ու սափրված գլուխներով երիտասարդական խմբերից, կեղտի ու մրի մեջ կորած հագուստներով փողոցներում ասֆալտ փռողներ (մեծ մասը ջավախքցիներ են), անլեգալ տաքսիստներ, կիսաշեն բնակարաններ ու մերձմոսկովյան բնակավայրերում առանձնատներ վերանորոգողներ, շինարար սեւագործ բանվորներ, շինարարական բացօթյա շուկաների մանրավաճառներ, կրպակատերեր…

Ի դեպ, վերջիններիս մեծ մասը արցախցիներ են: Մի քանի ամիս առաջ բնակարանիս վերանորոգման առիթով հաճախ էի այցելում շինարարական շուկաներ եւ ամենուր վաճառողների շարքերում հանդիպում էի բազմաթիվ երիտասարդ ու տարեց ղարաբաղցիների:

Զրուցում էի նրանց հետ, հետաքրքրվում հայրենիքում տիրող իրադրությամբ ու տալիս ամենակարեւոր հարցը. եթե հանկարծ նորից կռվելու կարիք լինի, ո՞վ պետք է պաշտպանի իրենց գյուղն ու քաղաքը, տունն ու տեղը…

Եվ գիտե՞ք ինչ պատասխան էի ստանում. «Ես իմ փայ պատերազմը արդեն կռվել եմ, թող հիմա էլ ուրիշները կռվեն»:

«Ովքե՞ր են այդ ուրիշները»,- հարցնում եմ նրանց: Պատասխանն ավելի ապշեցուցիչ էՙ հայաստանցիները…

Ես բոլորովին չեմ ընդհանրացնում նման հոգեվիճակներն ու մտքերը արտագնա հայերի համար, սակայն վստահ եմ, որ այդպիսիները գերակշռող մաս են կազմում, հատկապես արցախցիների շրջապատում: Դեռ ավելին կասեմ… նրանցից շատ-շատերը չեն էլ մտածում, որ երբեւէ կվերադառնան հայրենիք:

Իսկ դա նշանակում է, որ ուժեղ, երիտասարդ, լավագույն բեղմնավոր տարիքի այդ տղամարդիկ փոխանակ աշխատեն իրենց հողի վրա, սեփական տներում ընտանիք ստեղծեն, երեխաներ բերեն ու մեծացնեն շենացնեն ու հզորացնեն մայր Հայաստանն ու Արցախը, հաշվեքՙ կորած են մեր ժողովրդի համար:

Կան բացառություններ, որոնց հաջողվում է սեփական բիզնես ստեղծել, հասնել որոշակի հաջողությունների, փող վաստակել եւ այստեղ տեղափոխել նաեւ իրենց ընտանիքները: Սակայն այդպիսիները փոքր տոկոս են կազմում, եւ նրանք էլ մայր հայրենիք վերադառնալու մասին ընդհանրապես չեն մտածում:

Մեծ մասը մնում է սոցիալ-տնտեսական այն ցածր հարթակի վրա, ինչը նսեմացնում, սպանում է մարդկային արժանապատվությունը, վերածում մարգինալացված զանգվածի: Նրանցից շատերն էլ, խառնվելով տեղի բազմահազարանոց բանակին, զբաղվում են հարբեցողությամբ, օգտագործում թմրանյութեր, կատարում գողություններ ու հանցագործություններ: Հիմա կասեք, թե շատ եմ չափազանցում, խտացնում գույները…

Ձեր մոսկովյան այցելությունների ժամանակ դուք չեք կարող տեսնել այդ մարդկանց եւ երեւի տեղյակ էլ չեք նրանց մասին: Իսկ ես միշտ եմ այստեղ, բակ ու փողոց եմ դուրս գալիս, այցելում խանութ ու շուկա: Նրանք ամենուր են…

Մեր բակում անգամ տեղի հարբեցողների հետ հաճախ եմ տեսնում վերոհիշյալ շինարարական շուկաներում, որոնցից մեկն էլ մեր թաղամասում է, առեւտրով զբաղվող հայերի, որոնք գրկաբաց են ընդունվում տեղի հարբեցողների կողմից…

Միայն օղի գնիրՙ դու նրանց եղբայրն ես: Սակայն երբ բանն արդեն հասնում է հարբեցողության այն աստիճանին, երբ նրանք վերջնականապես կորցնում են իրենց մարդկային դեմքերը, սկսվում են քաշքշոցները, ծեծկռտուքները, հայհոյանքերն ու նվաստացումներըՙ մեր հայերի նկատմամբ… Հայտնվում են թաղայինները եւ չդիպչելով տեղի հարբեցողներին, հավաքում հայերին, տանում են քաղմաս, նրանցից խլում վերջին կոպեկներն ու վռնդում փողոց: Ի դեպ, այս բակերն ու փողոցներն ավլող միջինասիացիները երբեք չեն մասնակցում այդ խրախճանքներին…

Երեւի նրանց կրոնն է դա արգելում, կամ ավելի ավանդապաշտ են:

Սիրտս կծկվում է ցավից… Բայց ի՞նչ կարող եմ անել: Երեխաներիցս եմ անգամ ամաչում: Նրանք ծնվել ու մեծացել են Մոսկվայում: Տանս մշտապես հայկական երգ ու երաժշտություն է հնչում, հեռուստացույցն էլ համարյա ամբողջ օրը երեւանյան ալիքների վրա է: Սակայն տնեցիներիս հարցական հայացքներինՙ սրա՞նք են մեր հայրենակիցները, պատասխան չեմ գտնում…

Ի՞նչ ասեմ նրանց:

Որ մենք հազարամյակների պատմության ու մեծ մշակույթի տեր ազգ ենք, որ մեր երկիրը ժամանակին եղել է ծովից ծով, որ համաշխարհային քաղաքակրթության տվել ենք մեծագույն անուններ, որ անկախացել ենք, ու դարձել պետություն…

Այդ փաստարկներն այլեւս չեն գործում:

Ինչպե՞ս հասկացնեմ նրանց, որ այդ մարդիկ մեղավոր չեն, որ մեր երկրում տիրող անօրինականություններն ու կամայականություններն են նրանց ստիպել հեռանալ հայրենիքից, փախչել անգործությունից ու անզորությունից, հանապազօրյա հացի փող վաստակելու անկարողությունից…

Փաստարկը, որ մեր ժողովուրդը ստեղծող ու կերտող, քարից հաց քամող ու ձեռներեց ազգ է, նույնպես չի գործում:

Այդ դեպքում ի՞նչ գործ ունեն դրանք այլասերված ու ամբողջովին դեգրադացված այս երկրում…

Պարոն նախագահ, չդիմանալով երեխաներիս այդ հարցերին, ցանկանում եմ դրանք վերահասցեագրել Ձեզ…

Ինչպե՞ս կպատասխանեիք նրանց: Այնպես, ինչպես Սերժ Թանգյանի նամակի՞ն…

Կներեք, բայց դա համոզիչ չէր…

Ընդամենը գեղեցիկ շարադրված խոսքեր…

Իսկ իրադրությունն այլ բան է պահանջում:

Մոսկվայի, Ռուսաստանի, աշխարհի տարբեր ծայրերում սփռված հայությունը, Հայաստանի եւ Արցախի ժողովուրդը այլ պատասխանի են սպասում…

Վե՛րջ տալ մեր երկրում տիրող անարդարություններին, ձեր ղեկավարած կուսակցության անդամների, ձեր մերձավորների, նախարարների, իրավապահ մարմինների, մարզպետների, քաղաքապետների, բոլոր տեսակի պետերի ու չինովնիկների կամայականություններին, սահմանափակել նրանց ախորժակները:

Հնարավորություններ ստեղծել մարդկանց համար ապրելու իրենց հայրենիքումՙ հիմնված ժողովրդավարական օրենքների ու կանոնների վրա, ազատ ու ստեղծագործ կյանքով: Այսինքնՙ անել այն, ինչ պետք է անի յուրաքանչյուր նորմալ երկրի ղեկավար…

Այսօր Դուք եք մեր ժողովրդի ղեկին: Եվ ոչ միայն այսօր…

Եթե հաշվենք վերջին հինգ տարվա Ձեր նախագահության ժամկետը, գումարած 90-ական թվականների վերջերից Ձեր զբաղեցրած բարձր պաշտոնները, կստանանք 13-14 տարիների անկախացած Հայաստանի համար պատկառելի ժամանակահատված:

Իհարկե, չի կարելի ուրանալ Արցախի ազատագրման ու մեր բանակի ստեղծման ու զարգացման գործում Ձեր ավանդը: Դրանք անվիճելի են…

Սակայն նույնը չի կարելի ասել 90-ական թվականների սկզբներին նորաստեղծ պետության ղեկին հայտնված մի խումբ անփորձ ու կարճատես մորուքավոր երիտասարդներին:

Խոսքս, իհարկե, չի վերաբերում արցախյան պատերազմի մեր ազատամարտիկներին, ովքեր ժամանակ էլ չունեին սափրվելու, այլ նրանց, ովքեր երեւանյան փողոցներում ու հրապարակներում մի քանի անգամ ճառ ասելով, հայտնվեցին իշխանության ղեկավարների շարքերում:

Նրանցից մեկն էլ այն երիտասարդն էր, որի անունն անգամ չեմ հիշում, 1993 թվականին դառնալով հեռուստատեսության ու ռադիոկոմիտեի նախագահ, փակեց մոսկովյան մեր թղթակցական կետը:

Սրանց փոխարինեց Ռոբերտ Քոչարյանը իր թիմով, որի անդամներից էիք նաեւ Դուք…

Եվ նոր ուժով շարունակվեցին հանրապետության արդյունաբերական, գյուղատնտեսական օբյեկտների, անշարժ գույքի աննախադեպ վաճառքն ու թալանը:

Փակեցին ու կազմալուծվեցին բազմաթիվ ֆաբրիկաներ, գործարաններ, ծանր հարկերից կքած գյուղատնտեսությունը գնաց անկման, տասնյակհազարավոր մարդիկ մնացին անգործ:

Մանր ու միջին բիզնես ստեղծել ցանկացողներն էլ մաքսային, հարկային մարմինների, ուղղակի հանցագործ տարրերի կողմից դրվում են այնպիսի պայմանների մեջ, որ դառնում է անիմաստ: Հանրապետության տարածքը եւ հատկապես Երեւանը դարձել են սրճարանների ու ռեստորանների, շուկաների ու կազինոների մի հսկայական հրապարակ:

Ժողովրդի մեջ տարածված լուրերից հասկանալի է, որ ինչպես դրանց, այնպես էլ հանրապետությունում գործող շատ ձեռնարկությունների ստվերային տերերը երկրի բարձրաստիճան պաշտոնյաներն ու չինովնիկներն են կամ նրանց մերձավորները:

Պարոն նախագահ, հիմա եւս հինգ տարի նախագահելու եք մեր երկրում…

Աշխարհի տարբեր պետությունների ղեկավարներից շնորհավորական հեռագրեր եք ստանում, շուտով նորից կսկսվեն պաշտոնական այցելություններ, բանախոսություններ, ժպիտներ, ձեռքսեղմումներ, իրար մեջքի թփթփոցներ…

Մի՞թե ձեզ համար հաճելի է այդ բարձր ատյաններում հանդես գալ մեր խեղճացած ժողովրդի անունից:

Լավ իմացեք. ինչքան Դուք եք հարգում ու գնահատում սեփական ժողովրդին, ուղիղ այդքան էլ Ձեզ են հարգում ու գնահատում ամենուր:

Եվ կխնդրեինք, որ Ձեր թոռան պատասխանը չհետաձգեիք 10-15 տարով, մինչեւ նրա հասունանալը…

Այդ պատասխանը հայ ժողովուրդը սպասում է այսօր, այս պահին:

Լավագույն ցանկություններովՙ

ԿԱՐՈ ԱԹԱՅԱՆ

Մոսկվա



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

С.С.
Mar 24, 2013 22:32