ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Monday, March 18, 2013 3:27 - 2 քննարկում

Փաշինյանը Ռաֆֆիի կողքին՝ անցանկալի անձ…

Խմորումներ Ազատության հրապարակի շուրջ

Մար 18, 2013Չի մեկնաբանվել

Րաֆֆի Հովհաննիսյանի աջակիցները Ազատության հրապարակում երեկ հանրային քննարկում են անցկացրել, որի ժամանակ առաջարկել են ստվերային կառավարություն կազմել։

Հանրային քննարկման բանախոսներից՝ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նշել է, որ բաց քաղաքացիական խորհրդի արդյունքում արդեն որոշակի առաջարկներ պետք է արվեն Րաֆֆի Հովհաննիսյանին` նոր իշխանության ձեւավորման սկզբունքների ու անձանց մասին, իսկ մնացածին պետք է ընտրի ժողովրդի կողմից ընտրված առաջին դեմքը: Ն․Փաշինյանը համոզմունք է հայտնել, որ փետրվարի 18-ին Հայաստանի քաղաքական դաշտում համակարգային փոփոխություն է տեղի ունեցել, քանի որ ընդդիմադիր թեկնածուն հաղթել է ոչ թե ընդդիմադիր դաշտում գործող առանցքային կուսակցությունների աջակցության արդյունքում, այլ ժողովրդի քվեարկության, ինչն, նրա խոսքով, նշանակում է, որ նոր իշխանության ձեւավորման գործում նախեւառաջ պետք է հաշվի առնել քաղաքացիական հասարակության կարծիքը: Այնուհետեւ Ն․Փաշինյանը հրապարակել է մի շարք մարդկանց անուններ, ովքեր իր կարծիքով կարող են մաս կազմել նոր իշխանություններին: Կազմված ցանկը բաղկացած է 70 հոգուց: Հնչել են նախագահի նախկին թեկնածուներ՝ Հրանտ Բագրատյանի, Անդրիաս Ղուկասյանի անունները, հիշատակվել է ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը, ինչպես նաեւ մի շարք քաղաքացիական գործիչների անուններ։

Հանրային քննարկման մեկնարկին զուգահեռ բավական ուշագրավ գործընթացներ են տեղի ունենում Նիկոլ Փաշինյանի անձի շուրջ: lurer.com կայքում հրապարակվել է թատերագետ Լեւոն Մութաֆյանի բաց նամակը ուղղված Անահիտ Բախշյանին, որում մասնավորապես նա կոչ է անում՝ հրաժարվել Նիկոլ Փաշինյանի ծառայություններից: «Նիկոլ Փաշինյանի հորինած կառավարությունախաղը ամենամեծ ծաղրն է, որովհետեւ դույզն իսկ բանականություն ունեցող մարդը ամբոխավարական հիմունքներով կառավարություն չի ձեւավորում ու հռչակում, հրապարակը գաղափարների մատուցման վայր է, սակայն նույն հրապարակը պլեբսի կրքերի ու տրամադրությունների պոռթկման հանգրվանն է, հետեւաբար այստեղ չի կարելի կեղծ ժողովրդավարություն խաղալ, այստեղ չի կարելի զավեշտի վերածել այնպիսի բարդ ու նպատակային իրողություն, ինչպիսին կառավարության ձեւավորումն է: Եվ այն էլ՝ ումով. Նիկոլին մտերիմ մի քանի լրագրողներով ու իրավաբաններով, Հայաստանի տնտեսությունը տապալած մարդկանցով, գրանտակերների առաջնորդներով… Իհարկե, Կարինե Խոդիկյանի, Լիլիթ Գալստյանի, Ստեփան Դեմիրճյանի նման ազնվագույն մարդկանց անունների հիշատակումն ասես փրկում է զավեշտը, սակայն այս ամենը չափազանց անլուրջ է, այս ամենը դեպի ձախավերություն է տանում Րաֆֆի Հովհաննիսյանի մեծագույն ձեռքբերումները, որոնք հետայսու ժողովրդինն ու Հայաստանի ապագայինն են», ասվում է նամակում: Այնուհետեւ Մութաֆյանը կոչ է անում Բախշյանին գործադրել ուժ ու եռանդ, եւ համոզել Րաֆֆի Հովհաննիսյանին՝ «հեռու կանգնել կառավարություն ձեւավորելու այս թատերային ձեւից, հրաժարվել Նիկոլ Փաշինյանի ծառայություններից, որոնք բնավ էլ անկեղծ չեմ կարող համարել…»:

Թվում է, թե սա մի անկեղծ նամակ է, որը կարելի է ի գիտություն ընդունել, եւ չանդրադառնալ դրան։ Սակայն այս նամակով բավական խորքային խնդիր է ի ցույց դրվում:

Իրականում, Ազատության հրապարկում տեղի ունեցող գործընթացները վաղ թե ուշ հանգեցնելու են մի իրավիճակի, որը արտացոլելու է քաղաքական դաշտի ավանդական դարձած բոլոր արատները: Ր․Հովհաննիսյանն ունի թերեւս իր «ծրագիրը», որը հակադրության մեջ է մտնելու այն հասարակական-քաղաքական գործիչների պատկերացումների հետ, որոնք այսօր Ազատության հրապարակում են եւ քաղաքացիական շարժում են փորձում ձեւավորել:

«Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն, օրինակ, Tert.am-ին ասել է՝ «մենք ստվերային կառավարություն չունենք, Նիկոլ Փաշինյանն առաջարկել է այլընտրանքային մարմինների ստեղծման համար Քաղաքացիական խորհրդի կողմից քննարկում, որն այս պահին գաղափար է, որը քննարկման փուլում է եւ վերջնականապես իրականացված չէ։

Այսինքն, մի կողմից արթնանում են հանրային-քաղաքացիական նախաձեռնությունների ձգտումները, սակայն մյուս կողմից նախ դրանց հեղինակների, այնուհետեւ կոնկրետ գաղափարի ուղղությամբ բավական հստակ աշխատանք է տարվում․ Անահիտ Բախշյանին հորդորում են ազատվել Նիկոլ Փաշինյանից, իսկ «Ժառանգության» փոխնախագահի մակարդակով հստակեցվում է, որ ստվերային կառավարություն չկա, դա Նիկոլ Փաշինյանի գաղափարն է ընդամենը:

Րաֆֆի Հովհաննիսյանն էլ այսօր խոսելով Հովիկ Աբրահամյանի՝ իրեն այցելելու մասին, այդ այցելությունը գնահատել է որպես քաղաքավարական եւ նշել, որ որեւէ բովանդակային քննարկում տեղի չի ունեցել եւ ԱԺ նախագահը որեւէ կարգավիճակ չունի իրեն առաջարկներ ներկայացնելու համար․ «Ես շատ հստակ ասացի մեր VIP սրահում, որ իրեն չեմ դիտում որպես միջնորդ կամ սուրհանդակ, եւ Սերժ Սարգսյանը, եթե ցանկություն ունի, կարող է ուղղակիորեն դիմել»:

Այսինքն, պարզից էլ պարզ է, որ ինչ գործընթացներ էլ տեղի ունենան Ազատության հրապարակում՝ միեւնույն է, վերջնական որոշում կայացնողը իշխանությունների հետ լինելու է Ր․Հովհաննիսյանը անկախ այն բանից թե քաղաքացիական շարժումը Ազատության հրապարակում ինչ գործունեություն է ծավալում: Րաֆֆին իշխանության հե՞տ կգնա համաձայնության, թե՞ այլ ուժերի հետ, Ազատության հրապարակում ծավալվող գործընթացները դրա հետ կապ չեն ունենալու:

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանին, ապա նրա ուղղությամբ թե Ազատության հրապարակի թեժացմանը սպասող քոչարյանական շահագրգիռ ուժերի, թե ՀԱԿ-ականների կողմից ուղղությամբ քննադատությունները թերեւս դեռ կշարունակվեն։ Քաղաքացիական շարժու՞մ, իշխանության հետ երկխոսությու՞ն, ընդդիմադիրների համախմբու՞մ՝ այս եռանկյունու մեջ Նիկոլ Փաշինյանը բոլոր կողմերից կարծես «անցանկալի անձ» է դիտարկվում եւ դա ունի իր բացատրությունը: Իսկ թե ինչու՞, ապա այդ հարցի պատասխանը քննարկման այլ թեմա է:

Ժակլին Թադեւոսյան



2 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Arthur Armin
Mar 18, 2013 3:40