ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Sunday, March 17, 2013 18:51 - 6 քննարկում

ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄ ԱՌԱՋՆՈՐԴԻ՞, ԹԵ՞ ԳԱՂԱՓԱՐԻ ՇՈՒՐՋ

16-03- 2013 – ՀարցազրույցներՔաղաքական   Թեմա: ,

Armin1

Բնության և հասարակության մասին գիտությունների միջազգային ակադեմիայի անդամ, պատվավոր դոկտոր, գրող, հայագետ Արթուր Արմինի տված հարցազրույցը «Ազատ Ձայն» լրատվական կայքին, որոշակի նոր հարցերի առիթ տվեցին: Ներկայացնում ենք bnaban.am կայքին տրված պարզաբաումներն այդ առթիվ
— Հարգարժան Արթուր Արմին, այ դուք չեք ընդունում, «վոժդ»-ի կամ «լավ առաջնորդի շուրջ»  մոտեցումը, իսկ ձեր կարծիքով ո՞վ կամ ովքե՞ր են ստեղծելու, ձևակերպելու այն գաղափարը, ծրագիրը կամ «սրբազան օրենքները», որի շուրջ պետք է ժողովրդական համախմբումն իրականանա։
— Եթե կարդացած լինեիք իմ վերջին գիրքը՝ «Արևի լեռան տիեզերական Գաղափարաբանությունը», ապա այդ հարցը չէր ծագի։ Նախ, պրակտիկ առաջնորդողները եւ գաղափարների մշակները` տարբեր բաներ են։
Գիտության, արվեստների, փիլիսոփայության ասպարեզներում և առհասարակ, ստեծագործելու կամ գաղափարը գտանելու, այո` գտանելո՛ւ մենաշնորհը` բնությունը նվիրաբերել է անհատին։ Իսկ այս կամ այն գաղափարի իրականացնողը` գաղափարակիրների խումբն է, որոնք ձևակերպում են գաղափարից բխող պրակտիկ հիմնադրույթներն ու շրջանառության մեջ են դնում դրանք ` վերափոխելով հասարակության ընդհանրական գիտակցությունը։ Հասարակությունն ինքը կենդանի օրգանիզմ է, որտեղ աշխատում է` «պահանջարկ–առաջարկ» կապը։ Հասարակությունը նախ տեղյակ պետք է լինի, որ կա այս կամ այն «ապրանքը», եւ եթե պահանջ է ներկայացնում, ապա այն իրականացնելու համար էլ պայքարում է։ Իսկ անելանելի վիճակում գտնվող ժողովրդի տարրերային ինքնաբուխ ընդվզումները, որտեղ չկան գաղափարական առաջնորդներ և ծրագրային տեսլականներ, ի վերջո անարդյունավետ լիցքաթափումներ են։
—Նախ գիրքը սահմանափակ քանակությամբ է, և զանգվածային լսարանը տեղյակ չէ դրա դրույթներին, իսկ ներկա պահը՝ իր հարցադրումներ է կատարում…
—Ժողովորդն այսօր անկեղծ ընդվզել է, և սա բնական է։ Տնտեսական սարրսափելի վիճակը ստեղծում է արտագաղթից արյունաքամ լինող Հայաստան։ Այո՛,  կար ժողվրդական ընդվզում, որն էլ առիթի դեպքում արտահայտվեց։ Ժողովուրդն իր լավ օրից  չէ, որ ոտքի է ելել։ Սակայն, նման իրադրությունների ժամանակ, որտեղ «առաջնորդի շուրջ» մոդելով շարժում է սկսվում, պետք է մտածել` «իսկ ի՞նչ է լինելու հաղթելուց  հետո»։
Օրինակ Արցախյան շարժման ժամանակ բազմաթիվ ազնիվ ու հայրենասեր մարդիկ կային, որոնք երբեք էքստրեմալ վիճակներում չէին հայտնվել ու իրենք իրենց իրական «ես»–ը չէին ճանաչում. պաշտոնական աթոռը նրանցից շատերին սարքեց տակա՛նք։ Վիշապի մասին չինական հեքիաթը երևի հիշում եք. բոլոր այն ժողովրդական հերոսները, որոնք գնում են վիշապին հաղթելու ու իրենց ժողովրդին փրկություն բերելու, նստելով վիշապի թագավորական աթոռին` իրենք են դառնում վիշապ։ Հիմա, երբ բացակայում է գաղափարական և ծրագրային ֆունդամենտը, ապա վիշապի հեքիաթի կրկին ու կրկին կրկնվելու հավանականությունը մեծ է լինում։
Ընդհանրապես, հիմնականում կան` «գաղափարի, սրբազան օրենքների» շուրջ համախմբման, և «առաջնորդի շուրջ» համախմբման ընթացքներ։ Անհատական վարքագծով առավելաբար օժտված ժողովուրդները համախմբվում են գաղափարի շուրջ, ի տարբերություն հոտային վարքագծով առավելաբար օժտված ժողովուրդների, որոնք առաջնորդին աստվածացնելով համախմբվում են նրա շուրջ: Սակայն, երբ անհատական վարքագծով առավելաբար օժտված ժողովուրդն հայտնվում է տնտեսական սարսափելի վիճակում և չկա նրան առաջնորդող գաղափարական և ծրագրային առաջնորդությունը, ապա նա դառնում է ամբոխակերտ։ Այս դեպքում, անհատական վարքագծով առավելաբար օժտված ժողովուրդը, որը դարձել է ամբոխակերտ, նույնպես ձեռք է բերում «հոտային» հոգեբանություն և վարքագիծ, և նա հոգեբանորեն իր ողջ հույսն իր առաջնորդի` «վոժդի» հետ է կապում, որն այնդաուհանդերձ նրան որեւէ փրկության հարթակ չի կարող տանել, քանի–որ այդ առաջնորդն ինքն էլ այդ նույն հասարակության արդեն իսկ ապականված արժեհամակարգի կրողն է։ Այդ առաջնորդին թվում է, թե անսահմանափակ իշխանություն ենթադրող «թագավորական աթոռին» տիրանալով, նա կարող է ինչ–որ տարբեր բան անել, սակայն չլինելով այս կամ այն գաղափարի կրողը կամ ծրագրային փաթեթ իրականացնողը, նա անելու է այն` ինչ արել են իրենից առաջ, կամ էլ` փորձելու է ներկրել օտար երկրների արժեհամակարգը, որը չի աշխատելու, որովհետեւ յուրաքանչյուր ազգ ունի դարերով ձևավորված, իր էությանը և բովանդակությանը հարիր բարոյահոգևոր արժեհամակարգ։ ԽՍՀՄ–ի փլուզումից հետո, մեզ մոտ, ժողովրդի առաջնորդներն ի վերջո Բրեժնեվյան հասարակության կեցությամբ ապրած ու իրենց գիտակցությունը ձևավորված մարդիկ էին. նրանք չունեին ազգային պետություն կառուցելու տեսլական, ազգային գաղափարաբանական ատաղձ, և ազգային պետության կայացման տնտեսաքաղաքական ծրագիր։ Եվ արդյունքում` ունենք այն ինչ ունենք։ Իսկ այժմ, ինչպես քսան տարի շարունակ, կրկնվում է նույնը` «ամբոխակերտ ժողովուրդ և առաջնորդ» բանաձևով։
— Այսպիսով դուք չեք ընդունում «մեկ մարդու » առաջնորդության մոտեցումը, սակայն ձեր խոսքից տպավորություն է ստեղծվում, որ ինքներդ «միայնակ» եք ձևակերպել   մեզ հարիր ազգային գաղափա՞րը, կամ գաղափարական լուծումնե՞րը…
— Ո՛չ. ես նման բան երբևէ չեմ ասել։ Ես իմ հնարավորությունների չափով նախ փորձել եմ ինքս հասկանալ, և ապա տալ ազգային տեսակի փիլիսոփայական դրույթները` օգտագործելով նաև այսօրվա ճշգրիտ գիտությունների հայտնաբերումները: Եղել են անցյալի խոշորագույն մտածողներ, որոնց աշխատություններն ինձ ներշնչել են, կրթել են:
— Բարի, դա որպես տեսություն, իսկ գործնականում ինչպե՞ս եք պատկերացնում հենց այդ «գաղափար-ծրագիրը» կամ «սրբազան օրենքները», և ի վերջո, ովքե՞ր են այն մատուցելու հանրությանը, որպեսզի դրանց հետևորդներ կամ համախոհներ հավաքագրվեն ….Եվ թող ձեր մոտ տպավորություն չստեղծվի, թե ինքս դեմ եմ այդպիսի ծրագրին, բայց խնդիրը նրանում է, որ առկա է կարիքն ու անհրաժեշտությունը, որպեսզի դրանք առարկայական, շոշափելի լինեն՝ հնարավոր յուրաքանչյուր համախոհի համար:
— Ես բազմիցս արդեն ասել եմ` այն ազգը, որը կոնկրետ պահի դեռևս չունի ազատ մտածողություն ունեցող և ինքնազոհաբերության գնացող ազգային մտավորականություն, մնում է ամբոխակերտ ժողովրդի կարգավիճակում։ Իսկ եթե խոսում ենք ընդհանրապես, ապա այս կամ այն գաղափարի շուրջ խմբված գաղափարակիրները սկսում են դրանց պրակտիկ իրագործման աշխատանքը։ Եվ առաջին փուլը` դա տվյալ գաղափար–տեսության էությունից բխող պրակտիկ օգտագործման համար ձևակերպումներն են, որից հետո, հաջորդ փուլը` դրանք շրջանառության մեջ դնելով հասարակության ընդհանրական գիտակցության բարեփոխումն իրականացնելն է։ Եվ երրորդ փուլը` «բերքահավաքը», կարող է լինել էվոլյուցիոն կամ ռեվոլյուցիոն ճանապարհներով։ Մեր օրերում, փոքր երկրներում այդ պրոցեսները կարող են լինել շատ արագ։
— Մաղթում ենք արդյունավետ ստեղծագործական ներշնչանք և նոր գրքեր: Հուսանք, որ մոտ ապագայում, հայ մտավորական անհատների մոտ խնդրի փիլիսոփայական ձևակերպումից անցում կլինի դրա գործնական լուծումների ուղեցույցին, որն էլ կնպաստի հասարակության գիտակցության բարձրացմանը:
Հեքիաթի թագավորի խոսքերով ասած. «Այնպիսի մի օրենք կգրեք, որ համ իշու գլուխը հասկանա, համ պոչը»։

— Շնորհակալություն մաղթանքի համար, բայց նաեւ փորձեմ մի քիչ ճշտել։ Նախ` կգրե՛նք, որովհետեւ գործնական լուծումները` մեկ անձի հնարավորության սահմաններից դուրս է, և մեկ անձի անելիքը չէ։ Երկրորդ, գաղափարական տեսության մշակը և գաղափարաբանության էությունից բխած օրենքներ գրողները` հիմնականում լինում են տարբեր մարդիկ, քանի–որ գաղափարաբանությունը կամ փիլիսոփայությունը` չի վերցնում կոնկրետ ժամանակահատված կամ չի կարող սահմանափակվել կոնկրետ ժամանակի մեջ, իսկ գաղափարաբանությունից բխած օրենքները` պե՛տք է լինեն կոնկրետ ժամանակահատվածի համար։ Ավելին` տեսաբանի մոտեցումը և գործնական լուծումներ առաջադրողը` դրանք տարբեր հոգեվիճակներ են։ Ազգային գաղափարաբանության առումով մենք հայերս սակավություն չունենք. ունենք Նժդեհ, Ասատրյան և այլն, բայց ա՛յ – հեքիաթի թագավորի ասածի` «Այնպիսի օրենք գրենք, որ հա՛մ  իշու գլուխը հասկանա, հա՛մ պոչը», պահանջն իրոք այսօր ունենք։

bnaban.am



6 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

С.С.
Mar 17, 2013 21:16