ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Friday, March 15, 2013 1:49 - 3 քննարկում

Արթուր Արմին. Գաղափարական որևէ բան ո´չ իշխանական դաշտում գոյություն ունի, ո´չ էլ` ընդիմադիր դաշտում

15/03/13 11:36

Երկրում տիրող ներքին իրավիճակի, ընդդիմություն-իշխանություն սպասվելիք քայլերի և արտաքին ազդակների ազդեցության մասին «Ազատ Ձայն» լրատվականը զրուցեց Բնության և հասարակության մասին գիտությունների միջազգային ակադեմիայի անդամ, պատվավոր դոկտոր, գրող, հայագետ Արթուր Արմինի հետ:

Պրն Արմին, ինչպե՞ս եք գնահատում ներկա հետընտրական ներքաղական զարգացումները:

-Ժողովրդական ընդվզում է, որն առիթի դեպքում արտահայտվեց։ Ժողովուրդն իր լավ օրից չէ, որ ոտքի է ելել։

Արդյո՞ք չի օգտագործվում ժողովրդի «ընդդեմի» ուղղված քվեն հանուն ինչ-ինչ շահերի:

-Թող չհասցնեին «ընդդեմի»։ Որևէ նույնիսկ տարրերային, բնական ընդվզում` կարող է դառնալ լուրջ շարժում ու կարող է նաև շահարկվել տարբեր ուժերի կողմից։ Ամեն ինչ հնարավոր է։ Բոլոր դեպքերում, ողջ պատասխանատվությունը իշխող վարչախմբի ուսերին է։

Մինչև ո՞ւր կհասնի այս խաղը:

-Ժողովրդական ընդվզումը` խաղ չէ։

Ըստ Ձեզ, ո՞ր դաշտից է գործում Րաֆֆի Հովհաննիսյանը: Արդյո՞ք հացադուլը քաղաքական ճիշտ քայլ է:

-Նրանից հարցրեք։ Դուք լավ գիտեք իմ տեսակետը։ Նաև լավ գիտեք, որ 2009 թվականին ԱՄՆ–ի հայագիտական ամբիոնների դեմ շարժումը, որոնք զբաղվում են հայոց պատմության կեղծարարությամբ, ես եմ կազմակերպել։ Եվ Րաֆֆու հոր` Ռիչարդ Հովհաննիսյանի հետ, որը խմբագիրն էր ”The Armenian People From Ancient To Modern Times ” տխրահռչակ բուհական դասագրքի ու այդ կեղծարարների հիմնական պաշտպանն էր, եղել ենք ոխերիմ հակառակորդներ։ Եվ այժմ, ես չեմ ցանկանում դառնալ իշխանությունների գործիքը` Րաֆֆու դեմ։ Թե Րաֆֆին ո՞ր դաշտից է գործում` ակնառու է, ինչո՞ւ եք ինձ հարցնում։

Կա՞ արդյոք գաղափարական որևէ բան «ընդդիմադիր» ներկայացուցչի քայլերում:

-Գաղափարական որևէ բան ո´չ իշխանական դաշտում գոյություն ունի, ո´չ էլ` ընդիմադիր դաշտում։

Կրկին ժողովուրդը մոլորվե՞լ է, թե՞…

-Ժողովուրդը չի մոլորվել, ժողովուրդն անկեղծ ընդվզել է։ Տնտեսական սարսափելի վիճակը ստեղծում է արտագաղթից արյունաքամ լինող Հայաստան։

Այս ընտրությունները, ըստ Ձեզ, տապալեցին իշխանությանը, թե՞ նոր ոգի տվեցին:

-Ես ինքս կոչ եմ արել չմասնակցել ընտրություններին, քանզի բոլոր թեկնածուները չունեին ազգային զարգացման ծրագիր և համակարգային փոփոխությունների լուրջ մշակված ծրագիր։

Հնարավո՞ր է` Սերժ Սարգսյանից տեսնենք անսպասելի ինչ-որ քայլ` կամ գնա Ազատության հրապարակ, կամ հակառակը՝ կոշտ քայլերի դիմի:

-Ես Սամուէլ մարգարեն չեմ և տափակ գուշակություններ չեմ սիրում անել։ Ամեն դեպքում, ըստ իս, նրա մարտավարական թիմին կարելի է անբավարար նշանակել։

Արդյո՞ք միայն Սերժ Սարգսյանին են դրսի ազդակներն ուղղորդում, մի՞թե Րաֆֆի Հովհաննիսյանը այդքան ազգային է:

-Բոլորի վրա կան դրսի ճնշումները, սակայն մարդուս ազգային կամ ապազգային լինելը որոշվում է ոչ թե քաղաքական կամ պետական գործչի խոսքերով, այլ նրա արդեն կատարած վարքագծով։

Ի՞նչ է պետք անել այս իրավիճակից դուրս գալու համար, կան արդյոք քայլեր, որոշակի մեխանիզմներ` ազատվելու թե նման իշխանությունից և թե նման ընդդիմությունից:

-Չկան անլուծելի հանելուկներ, կան մոտեցման սխալ մեթոդներ։

Իսկ կա՞ արդյոք մեկը ով կառաջնորդի ժողովրդին:

-Ես չեմ ընդունում «վոժդ»–ի շուրջ կամ «լավ առաջնորդ» մոտեցումը։ Կուզենայի տեսնել` գաղափարի, ծրագրի շուրջ համախմբում։

Պրն Արմին, չե՞ք կարծում,որ հայ ազգն ու հայ ժողովրդը չեն կարողանում համաչափ քայլել:

-Այն ժողովուրդը, որը կոնկրետ պահի դեռևս չունի ազատ ու ինքնազոհաբերության գնացող ազգային մտավորականություն, մնում է ամբոխակերտ ժողովուրդի կարգավիճակում։

Ի՞նչ անենք ավելի ազգային դառնալու համար:

-Նժդեհին ամեն վայրկյան ցիտելու ու Լենին պապի դարձնելու փոխարեն, կատարենք նրա ուղերձները։



3 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

ArMen S. (Glendale)
Mar 15, 2013 7:25