ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ ADMIN. Tuesday, March 12, 2013 10:30 - չքննարկված
Փտած վարչակազմը թուլացնում է ազգային անվտանգությունը…
«Մարդիկ կան, որ 20 տարի նույն պաշտոնում են, ի՞նչ է, ուրիշ մարդ չկա՞: Մենք պետք է ազատվենք լճացած պաշտոնյաներից»,- հեռուստաեթերում երեկ հայտարարեց Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը:
Իհարկե, նման մարդիկ շատ են, եւ եթե արդեն ԱԱԽ քարտուղարն է այդ մասին հայտարարում, ուրեմն հարցն արդեն առնչվում է ազգային անվտանգությանը: Երկար ժամանակ մնալով նույն պաշտոններին` նրանք ոլորտները դարձնում են սեփական բոստանը, որը ինչպես ուզում, այնպես էլ վարում-ցանում են: Միեւնույն ժամանակ, նույն պատճառով պաշտոնյայի մոտ տպավորություն է ձեւավորվում, թե ինքն անփոխարինելի է, ու եթե հանկարծ, Աստված մի արասցե, դուրս գա պաշտոնից, ազգը կկործանվի:
Ի պատասխան մարզպետների հրաժարականների պահանջներին, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հայտարարել է. «Շատերն օգտվում են նրանից, որ ինչ-որ շերտեր կան, որոնք կառավարման մեթոդներին ծանոթ չեն, եւ մարդիկ մտածում են, որ եթե ինչ-որ անձինք չլինեն, ամեն ինչ հրաշալի կլինի»: Այնուհետեւ հավելում է, որ եթե Րաֆֆի Հովհաննիսյանն իր կուսակցությունից որեւէ մեկին կներկայացնի, ով կկարողանա Սյունիքի մարզպետ աշխատել, այդժամ, գուցե, ինքը հավանություն տա նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանի տեսակետին։
Փաստորեն, միակ մարդը որ կարող է Սյունիքի մարզը ղեկավարել, հենց Սուրիկ Խաչատրյանն է: Կեցցե’ք, տեսնես, որտեղի՞ց ճարեցիք-բերեցիք այդ մեկ մարդուն: Հավանաբար` երազ էին տեսել, հրեշտակապետն ասել էր, որ այսինչ գյուղում մի այսպիսի ճարպիկ մարդ կա, որի ճակատին գրված է, որ ինքը պետք է լինի Սյունիքի մարզպետ, բայց փոշոտ կլինի նրա ճանապարհը, ստիպված կլինի հանքեր սեփականաշնորհել՝ հանուն մարզի բարգավաճման, երեխաների ապտակել՝ մատաղ սերնդի ճիշտ դաստիարակման համար, կնոջ ապտակել հասարակության աչքի առջեւ՝ որպես դաս իրեն հայհոյել ցանկացող մյուս բոլորին եւ այնպես ապտակել, որ ոստիկանությունը հանցակազմ չգտնի: Եվ ինչո՞ւ միայն նա:
Ո՞վ կարող էր Գյումրին ավելի լավ կրիմինալ հայրաքաղաք դարձնել, եթե ոչ նրա քաղաքապետ Վարդան Ղուկասյանը: Խնդրեմ, մարդն ընդամենը մի քանի ամիս քաղաքապետ չէ եւ ակնհայտ է անփոխարինելի լինելը. Հանրապետականը նրա բացակայության պայմաններում խայտառակ պարտվում է: Սա արդյոք չի՞ նշանակում, որ, բացի նրանից, ոչ ոք չի կարող «կառավարել» Գյումրին:
Եթե չլիներ Արմեն Մովսիսյանը, բա ո՞վ պետք է շարիկ գլորելու արվեստը փոխանցեր կառավարական սերունդներին: Միայն նա է, որ կարողանում է թանկացած գազի գինը գաղտնի պահել հանրությունից եւ Գագարինի պես«թռնել» լրագրողների աչքից: Հանկարծ չմտածեք, թե դա անում է իր կամ կառավարության համար: Օ, ոչ, նրանք գազի գին վճարելու խնդիր չունեն: Նա դա անում է միայն այն սոցիալական շերտերի համար, ովքեր հերթական թանկացման բոթից կարող են կաթված ստանալ: Նա դա անում է մեզ համար:
Եթե չլիներ Սփյուռքի նախարարը, ասացեք, խնդրեմ, որտեղի՞ց էին այդքան մեդալ ստանալու մեր Սփյուռքի գործիչները: Եթե չլիներ վարչապետը, մեր կթվորուհիները կկարողնայի՞ն երբեւէ իմանալ կով կթելու մեթոդոլոգիան: Եթե չլիներ Շմայսը, մեր լրագրողները եւ խորհրդարանականները ինչպե՞ս էին իմանալու ժարգոնային բառապաշարի գոյության մասին: Թոխմախի Մհերի բացակայության դեպքում՝ եւս: Եթե չլիներ….
Ախ, ի՜նչ լավ է, որ Դուք կաք: Եվ ուրեմն եկեք փառք տանք մարդկանց այս խմբին, որ միավորվելով՝ կարողացել են մեր երկիրը դարձնել հենց այնպիսին, ինչպիսին կա: Եվ ուրեմն` փառք Վարդանիկին, Լիսկային, Թոխմախին, Շմայսին, Բուռնաշին, Նեմեցին… Հազար ու մի այլ հանրապետականների, որ ամուր կանգնած են իրենց դիրքերում: Եվ, իհարկե, կեցցե ՀՀԿ-ն, որ կարողացել է հավաքել նման թիմ՝ մարզպետ–փոխմարզպետով, նախարար-փոխնախարարով, պատգամավոր-օգնական-քարտուղարուհիով, մեծ ու փոքր կուսակցական մարզիկ-մարզիչներով, ուսխուրհուրդներով ու ռեկտորներով, որտեղ յուրաքանչյուրն անփոխարինելի է յուրովի:
Ամոթ մեզ, որ չենք կարողանում գնահատել նրանց: Բայց մխիթարվեք, կուսակցապետությունը գնահատել է եւ հանուն մեզ՝ այս բոլորին թեկուզ կեղծիքով, ստով, արյունով պահում է, կապում աթոռից այնպես, որ հանկարծ տեղաշարժ չանեն: Եվ ուրեմն` եկեք փառք տանք նաեւ Տիրոջը, որ կարողացել է հատուկ այնքան հանրապետական արտադրել, որքան պետք է մեր կյանքը կազմակերպելու համար եւ հատկապես` այնքան տաղանդավոր, որ նրանց բացակայության պայմաններում բոլորս կհայտվենք կործանման եզրին: Մոտավորապես, այնպես, ինչպես հիմա է:
Սեւակ ՀԱԿՈԲՅԱՆ