ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ ADMIN. Wednesday, March 6, 2013 8:21 - 1 քննարկում
Մեղրու բնակչությանը սպառնացող բնապահպանական տագնապալից խնդրի վերաբերյալ
Ուղերձ նախագահին
Սա բացառիկ դեպք է, երբ անիշխանության մեջ հայտնված տեղական իշխանությունը դիմում է նախագահին, դրանով հաստատելով բռնատիրական վարչակարգի գոյությունը Հայաստանում:
Հարգելի պարոն նախագահ,Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մարմինների մասին» ՀՀ օրենքի հոդված 11-ով՝ Ձեզ ենք հղում սույն ուղերձը՝ Մեղրու շրջանի բնակչությանը սպառնացող բնապահպանական տագնապալից խնդրի վերաբերյալ:
Մեղրի քաղաքի 70 բնակիչ 2012թ. դեկտեմբերի 27-ին դիմում են հղել համայնքի տեղական ինքնակառավարման մարմիններին: Դիմումի մեջ մասնավորապես ասված է. «Վերջերս մեզ հայտնի դարձավ, որ Սյունիքի մարզի Լիճքի և Վարդանիձորի գյուղապետարաններում տեղի են ունեցել հասարակական լսումներ՝ այդ համայնքների տարածքում գտնվող պղնձի և մոլիբդենի հանքավայրերի շահագործման խնդրի շուրջ: Այդ իրողությունը մեզ ավելի քան անհանգստացրել է՝ թեկուզև այն պատճառով, որ տնտեսվարող սուբյեկտները խուսափել են նման լսումներ կազմակերպել նշված հանքավայրերին մոտ գտնվող Մեղրի քաղաքում և ազդակիր մյուս համայնքներում:
Ինչպես գիտեք, Մեղրու տարածաշրջանը բնապահպանական լուրջ մարտահրավերների առջև է կանգնած: Ձեզ հայտնի է նաև, որ տարածաշրջանի հիմնական հանքավայրերը դժբախտաբար գտնվում են բնակավայրերից զգալիորեն բարձր նիշերում, որտեղ ջրագոյացման և ջրաբաշխման համակարգերն ու ջրահավաք ավազաններն են՝ ինչպես խմելու, այնպես էլ ոռոգման ջրի:
Արդեն իսկ գործող հանքերը (Տերտերասար, Լիճքվազ-Թեյ, Ագարակի պղնձամոլիբդենային) տարածաշրջանում աղետալի իրավիճակ են ստեղծել: Եվ ընդհանրապես, պետք է հաշվի առնել, որ Մեղրու շրջանի բոլոր հանքավայրերում որպես ուղեկցող էլեմենտ հանդես են գալիս ուրանը, ինչպես նաև թորիումը:
Դրանց պարունակությունը հատկապես մեծ է Լիճքի, Տաշտունի, Լիճքվազ-Թեյի հանքավայրերում /քարտեզը կցվում է/: Բացի նշված և ներկայումս շահագործվող հանքավայրերից՝ արտոնագրեր են տրված բազմաթիվ նոր հանքավայրերի ուսումնասիրության և շահագործման համար:
|
Փաստորեն տարածքը կանգնած է լուրջ փորձության առջև: Ավելորդ չէ հիշեցնել, որ Մեղրի գետը, սկիզբ առնելով մոտ 3100մ բարձրությունից՝ խիստ մեծ թեքությամբ, հասնում է ծովի մակերևույթից 500-600 մետր բարձրության վրա գտնվող Մեղրու տարածք՝ առանց որևէ խոչընդոտի իր հետ բերելով հազարավոր տարիներ իրենց խիստ թունավոր հատկությունները չկորցնող նյութեր՝ վարակելով բնակավայրերի հողն ու ջուրը:
Այժմ արդեն հանքերից և պոչամբարներից տարածվող փոշին ծանր մետաղներով և վտանգավոր այլ նյութերով աղտոտում է մեր տարածքի օդը, հողը, ջուրը:
Տեսանելի է, որ գործարար աշխարհը, տիրապետելով ժամանակակից գերհզոր տեխնոլոգիաների, չունենալով պատշաճ խիղճ և պատասխանատվություն, անձնական շահը գերադասելով ազգային ու պետական շահից, քանդելով մեր սարերն ու լեռները՝ երկրամասը կարող է դարձնել մարդու կյանքի համար անպիտան:
Նույնիսկ այսօր, երբ դեռևս հանքարդյունաբերությունն իր կանխատեսելի ծավալներից շատ հեռու է, արդեն անզեն աչքով, առանց հետազոտությունների տեսանելի է, որ տարածքում համատարած է աղեստամոքսային, հիպերտոնիկ, շնչուղիների և այլ հիվանդությունների աճը:
Մարդիկ դժգոհում-գանգատվում են գլխացավերից, հոդացավերից, հոգնածության զգացողությունից: Ակնհայտորեն ավելացել են օնկոլոգիական (ուռուցքային) հիվանդությունները, խիստ տարածված է արյան բարձր խտությունը:
Տարեցտարի անկում է ապրում հողի բերրիությունը, փոխվում է հողերի տեսքը, չորանում են ծառերը, բանջարեղեն գրեթե չի աճում, գյուղատնտեսությամբ զբաղվելը դառնում է անիմաստ:
Դատարկ ապարները, որոնք նույնպես թունավոր շատ նյութեր են պարունակում, ծածկում են շրջակա ձորերն ու կիրճերը և լեռնային գետակների զորությամբ լցվում Մեղրի գետը, այսինքն՝ ոռոգման համակարգ:
Տնտեսվարող սուբյեկտները, համապատասխան գերատեսչությունների թույլտվությամբ հասարակությունից ուղղակի գաղտնի մտնում են նաև ուրանի, թորիումի նախկինում հայտնաբերված տարածքներ (Լիճք, Տաշտուն, Լիճքվազ-Թեյ) և գունավոր մետաղների հավելյալ հետախուզական-որոնողական աշխատանքներ իրականացնում՝ ապագայում դրանց արդյունահանման նպատակով:
Տեղեկատվության բացակայությունը լուրջ ռիսկեր է ստեղծում ինչպես հանքերում աշխատող, այնպես էլ ազդեցության գոտում գտնվող բնակավայրերում ապրող մարդկանց համար, ովքեր հիմնականում աղքատ են և կարիք ունեն աշխատատեղերի, իսկ նշված ընկերությունների խոստումները սոցիալական ոչ բարվոք վիճակի համապատկերի վրա գայթակղիչ են:
Եթե մեր տարածաշրջանի նկատմամբ վարվող քաղաքականությունը չփոխվի, ապա կասկածից վեր է, որ դրա արդյունքում Մեղրու շրջանը մեկ-երկու տասնամյակ անց կվերածվի անապատի՝ աղտոտված գետերով, թունավորված հողով, իսկ երեխաները կծնվեն հիվանդ և արատավոր, ինչի նշաններն արդեն իսկ երևում են:
Մեղրու ավագանին համարում է, որ մեղրեցիների այդ մտահոգությունն արդարացի է ու հիմնավոր: Եվ քանի որ խնդիրն ունի վճռորոշ նշանակություն՝ Մեղրու տարածքի հետագա զարգացման ու բնակչության առողջության պահպանման համար, խնդրում ենք Ձեզ՝ Մեղրու տարածքում ստեղծված բնապահպանական վիճակն, ինչպես նաև տարածաշրջանում գործող և արտոնագրեր ստացած նոր հանքավայրերի շահագործման ու դրանից բխող հրատապ խնդիրները քննարկել ՀՀ կառավարությունում և գիտությունների ակադեմիայում, նախապես Մեղրիում անցկացնելով իրավիճակի մասնագիտական և բազմակողմանի քննություն:
Սույն ուղերձն ընդունվել է Մեղրու ավագանու 2013թ. հունվարի 25-ի նիստում (ավագանու 9 անդամից նիստին մասնակցում էր 9 հոգի, որից ուղերձին կողմ քվեարկեց 9 հոգի):
1 քննարկում
HIYAN