Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ ADMIN. Thursday, February 28, 2013 9:54 - 2 քննարկում
Ռաֆֆի, ականջիդ օղ արա…
Րաֆֆի Հովհաննիսյանի միակ շանսը
Սերժ Սարգսյանին միայն կոպիտ միջամտության շնորհիվ հաջողվեց 58 տոկոս «խփել»։ Հաշվի առնելով մի շարք հանգամանքներ՝ Րաֆֆի Հովհաննիսյանը հաղթել է մեկ փուլով, բայց այդ հաղթանակի «դե յուրե» ամրագրում չի կարողացել ապահովել։ Այս ամենը «դեժավյու» է հիշեցնում։ Րաֆֆին ընդեմ Սերժի՞, թե՞ գյուղապետների Դեռ հստակ չէ, թե ինչպես է Րաֆֆին հասնելու, իր ձևակերպմամբ, «ժողովրդի հաղթանակին»։ Չկա կոնկրետություն։ «Բարևի» հեղափոխությունը քաղաքական պահանջ չունի։ Ավելի ճիշտ՝ ունի, բայց այդ պահանջն անձամբ Սերժ Սարգսյանին շրջանցում է։ Րաֆֆին նույնիսկ Սերժին կոչ է անում գալ և միանալ ժողովրդին։ Կարծես Սերժին ինչ–որ մութ ուժեր բանտարկել են Բաղրամյան 26–ում և զոռով դարձրել նախագահ, և հիմա նա պետք է իր մեջ ուժ գտնի ու միանա ժողովրդին։ Րաֆֆիի ներկայացրած պահանջների մեջ միակ հստակությունն այն է, որ նա պահանջում է մարզպետների ու համայնքապետների հրաժարականները, բայց համառորեն սաստում է երբ մարդիկ վանկարկում են «Սերժի՛կ, հեռացի՛ր», ինչն առնվազն կասկածի տեղիք է տալիս։ Ուշագրավն այն է, որ Րաֆֆիի այս պահվածքն ամբողջությամբ տեղավորվում է երիտօլիգարխիայի ծրագրերի մեջ։ Երիտօլիգարխիան ուզում է պետական ապարատը ներսից սեփականաշնորհել և մոնոպոլացնել, որպեսզի կարողանա հաջողությամբ իրականացնել «Ժառանգորդ» օպերացիան։ Երիտօլիգարխիան «կադրային բարեփոխումների» և «հղփացած պաշտոնյաներից ազատվելու» դեմագոգիկ լոզունգի տակ ուզում է, ասենք, Գիզիրյանին Սերժի փեսայի բիզնես–գործընկեր ու վերջերս Շիրակի մարզից պատգամավոր դարձած Արման Սահակյանով փոխարինել։ Սա՛ է նրանց պատկերացրած «բարեփոխումը»։ Սա՛ է նաև Րաֆֆիի՝ առայժմ միակ հստակ պահանջը։ Միքայել Միանսյանն ուզում է պետական ապարատը «փողոցի» միջոցով տնօրինել ու հետագայում դառնալ «քաղաքացիական հասարակության» Թուրքմենբաշին։ Հիմա նրան պետք է ներիշխանական գզվռտոցների մեջ օգտագործել «ժողովրդի հաղթանակը» ու Չեռնոնկոյի դերում հայտնված Սերժ Սարգսյանին դրդել սեփականության և վարչական ռեսուրսի լայնամասշտաբ վերաձևման ու գերկենտրոնացման դիմել, ինչը որևէ կապ չունի «բարեփոխում» հասկացության հետ։ Ավելին՝ այն, ինչ ծրագրում է երիտօլիգարխիան, շատ ավելի գռեհիկ ու հետադիմական համակարգ է, քան ունենք այսօր։ Րաֆֆիի բոլոր քայլերն առայժմ ամբողջությամբ տեղավորվում են փեսայական այս ծրագրերի մեջ, և դա է պատճառը, որ նա հայտնվել է մեր քննադատության թիրախում։ «Զադնի» չկա, բայց «դռայվ» էլ չկա Եթե Րաֆֆի Հովհաննիսյանը, իրոք, ուզում է նախագահ դառնալ, այլ ոչ թե ներիշխանական «ռազբորկաներում» գործիքի դեր կատարել այս կամ այն թևի ձեռքում, եթե Րաֆֆի Հովհաննիսյանի նպատակն իշխանափոխությունն է (բնականաբար՝ Սերժ Սարգսյանի հեռացմամբ), այլ ոչ թե Սերժի փեսա Միքայել Մինասյանի նախագահական ամբիցիաների սպասարկումը, ապա նա իր պայքարի միակ թիրախ պետք է հայտարարի Սերժ Սարգսյանին։ Ի վերջո, նախագահական ընտրություններն անձերի պայքար են, և որոշակի անձով է մարմնավորվում հաղթանակը կամ պարտությունը։ Չի՛ կարելի է լղոզել փետրվարի 18–ի քվեարկության արդյունքները՝ հայտարարելով, թե «ժողովուրդն է հաղթել», իսկ ընտրության արդյունքները կեղծել են մարզպետներն ու գյուղապետները։ Նախագահական ընտրությունները նման են անհատական մարզաձևերին. հաղթում է որոշակի մարդ։ Չեն կարող, ասենք, բռնցքամարտի ժամանակ հաղթել դահլիճում հավաքված երկրպագուները։ Երկրպագուները կարող են աջակցել և ուրախանալ հաղթանակով, բայց հաղթել չեն կարող։ Հաղթում է բռնցքամարտի դուրս եկած մարզիկներից մեկը։ Րաֆֆի Հովհաննիսյանը, ուրեմն, պետք է հստակություն մտցնի իր խոսքում և փոխզիջման տարբերակներ դիտարկի կա՛մ ընտրության արդյունքների վերանայումը (իսկ դրա համար նա պետք է դիմի Սահմանադրական դատարան՝ զուգահեռաբար «տաք» պահելով Ազատության հրապարակը, այլ ոչ թե Կապանի փողոցները), կա՛մ առանց իրավական ճանապարհի պահանջի Սերժի հրաժարականը (այս դեպքում էլ է անհրաժեշտ «տաք» պահել Ազատության հրապարակը և անել ամեն ինչ, որ ավելի շատ մարդ հավաքվի հրապարակում և իշխանական բուրգը ճաքեր տա)։ Մնացած տարբերակները որևէ կապ չեն կարող ունենալ «ժողովրդի հաղթանակի» հետ՝ հիշեցնելով կեղտոտ առևտուր։ Եվ այսպես, Րաֆֆիի միակ շանսը խոսքի ու նպատակների հստակեցումն է։ Հասարակությանը պետք է ասվի, թե որն է լինելու վերջնարդյունքը։ Միայն դա թույլ կտա ապահովել հանրային ու քաղաքական լայն կոնսոլիդացիա և հասնել անարյուն իշխանափոխության։ Իսկ դրա համար անհրաժեշտ է, որ Րաֆֆիի կռիվ տա ոչ թե Տեր–Պետրոսյանի, այլ Սարգսյանի՛ դեմ։ Անհրաժեշտ է նաև հիմք ընդունել 2008–ի հետընտրական պայքարի մոդելը և մշտական լարվածության կենտրոն դարձնել Ազատության հրապարակը։ Իշխանությունը հիմա կիսամեռ ու բզկտված է առավել քան երբևէ, այսինք՝ չի կարող երկրորդ «մարտի 1»–ի գնալ։ Իսկ եթե հրապարակը լցվի, ապա ուժի կիրառման հրամանները կտրվեն, բայց չեն կատարվի։ Եթե Ազատության հրապարակը չդառնա մշտական ռեժիմով գործող հակաիշխանական միջնաբերդ, ապա Րաֆֆիի մարզային այցելությունները ոչինչ չեն կարող տալ։ Մարզերից եկողները պետք է տեղ ունենան գալու, դասադուլավորները պետք է տեղ ունենա գալու և խոսք լսելու։ Հստակ խոսք։ Բացի այդ՝ պետք է հստակ լինի, որ պայքարի թիրախը Սերժ Սարգսյանն ու իր գլխավորած բուրգն է, այլ ոչ թե մարզպետը կամ գյուղապետը։ Մի խոսքով՝ Րաֆֆին պետք է հստակեցնի Սերժի հետ իր հարաբերությունների հարցը ճիշտ այնպես, ինչպես մարզպետների պարագայում է, որպեսզի իմանանք, թե ինչն ինչոց է։ «Զադնի» չդնելու խոստումը դեռ ոչինչ չի նշանակում։ Փոխանցման տուփը նաև «նեյտրալ» դիրքում մնալու հնարավորություն է տալիս մեքենային, այսինքն՝ տեղում կանգնած մնալու հնարավորություն։ Րաֆֆին «զադնի» չի դրել, բայց դեռ «նեյտրալի» վրա է։ Կորյուն Մանուկյան |
2 քննարկումներ
Ժիրայր