ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Sunday, February 24, 2013 11:14 - 2 քննարկում

Կարևորը դիտորդը չէ, այլ երկրի քաղաքացին….

Նաիրա Զոհրաբյանն անդրադարձել է հետընտրական իրավիճակին

Նաիրա Զոհրաբյանն անդրադարձել է հետընտրական իրավիճակին

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղարՆաիրա Զոհրաբյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադարձել է հետընտրական իրավիճակին և, մասնավորապես, պատասխանել է այն հարցին, թե ինչո՞ւ ԲՀԿ-ն չի հնչեցնում պաշտոնական դիրքորոշում նախագահական ընտրությունների վերաբերյալ:

-Տիկին Զոհրաբյան, Րաֆֆի Հովհաննիսյանը, կարծես թե, փորձ է անում վերականգնել հանրահավաքային շարժումը։ Մեր երկրում հանրահավաքով հնարավո՞ր է ինչ-որ հարց և հատկապես՝ իշխանափոխության խնդիր լուծել։

Գիտեք, եթե այդքան մարդ դուրս է գալիս փողոց և ձևակերպում է իր հստակ պահանջները, ապա ես ուղղակի չեմ հասկանում այն մարդկանց, ովքեր փորձում են ծաղրել քաղաքացու իրավունքը։ Այո, այսօր մեր երկրի թիվ մեկ խնդիրը անարդարությունն է։ Անարդարություն՝ ընտրական համակարգում, անարդարություն՝ տնտեսության, քաղաքականության մեջ, սոցիալական անարդարություն, որը ուղղակիորեն ճզմում է քաղաքացուն և արտագաղթի թիվ մեկ պատճառներից է։ Եվ Հայաստանի քաղաքացին իրավունք ունի իր բողոքն արտահայտելու այն կերպ, ինչ կերպ ինքն է ցանկանում։ Եթե Վանաձորի քաղաքապետը քաղաքացուն անվանում է «անգիտակից» և շարունակում է պաշտոնավարել, ապա այդ հերթական անարդարությունն ավելացնելու է Ազատության հրապարակում հավաքվողների թիվը։ Եթե կառավարությունը, այդ մասին արդեն ասել եմ, 340 հազար դոլարով երկու զուգարան է գնում այն ժամանակ, երբ մեր երկրի թիվ մեկ պրոբլեմը հաստատ զուգարանը չէ, ու որևէ մեկը դրա համար հրապարակային պատասխանատվության չի ենթարկվում, դա միայն մեծացնում է այն մարդկանց թիվը, ովքեր արդարություն են պահանջում։ Եթե երկրի միջին խավը ձևավորող տաքսիստներին, հաշվապահներին, ստոմատոլոգներին անընդհատ փորձում են տարբեր օրենսդրական մանիպուլյացիաներով թալանել, դա միայն ավելացնելու է այն մարդկանց թիվը, ովքեր սոցիալական արդարություն են պահանջելու։ Եթե մենք անընդհատ բախվում ենք ընտրական նույն ավանդույթին, որի ավարտին մեղավորը միայն մի քանի «արջի ծառայություն» մատուցողներն են դուրս գալիս, որոնց հանդեպ, հանուն ԵԱՀԿ-ի ու մի քանի միջազգային այլ կառույցների, հրապարակային դատեր են կազմակերպում, դրա հետևանքը լինելու է այն, որ մեր քաղաքացին իր երկրից քշելու է նաև նույն այդ դիտորդներին, և իրավունք է ունենալու հայտարարել, որ դիտորդն էլ կոնկրետ գին ունի՝ դոլարի ինֆլյացիային համարժեք։ Այնպես որ, մեկ բան հստակ է՝ եթե երկրում չարվեն և խիստ հրատապ, լրջագույն բարեփոխումներ, ապա փակուղին այլևս անխուսափելի է լինելու։

– Այդուհանդեձ, ձեր իսկ նշած միջազգային դիտորդները բավականին դրական գնահատական տվեցին կայացած նախագահական ընտրություններին։

-Լինելով միջազգային կառույցներում աշխատող պատգամավոր և հրաշալի տեղյակ լինելով այդ կառույցների խոհանոցին, ես այդքան մեծ նշանակություն չէի տա որևէ դիտորդի հայտարարությանը։ Ինձ համար ամենակարևորն այն է, որ ընտրությունների արդյունքին հավատա մեր երկրի քաղաքացին։ Մնացածը էական չէ։ Ի դեպ, ինչո՞ւ նույն այդ քաղաքացին պիտի հավատա «իքս» դիտորդին և ասենք, չհավատա Շվեդիայի արտգործնախարարի դիտարկմանը՝ ՀՀ նախագահական ընտրությունների վերաբերյալ։ Շվեդիան, Լեհաստանի հետ մեկտեղ՝ Արևելյան գործընկերության ծրագրի նախաձեռնող երկիր է և նրանք հրաշալի տեղյակ են ներհայաստանյան գործընթացներին։ Ի դեպ, դեռ մինչև դիտորդների գնահատականը, մեր որոշ գործընկերներ, որոնք ակտիվորեն փորձում են աշխատել միջազգային կառույցների հետ, մտավախություն ունենալով, որ կոնկրետ ԵԽԽՎ դիտորդական առաքելության եզրակացությունը կարող է պոզիտիվ չլինել, նախապես մամուլի որոշ միջոցներում հոդվածներ էին պատվիրում, թե ԵԽԽՎ դիտորդները Ադրբեջանի լոբբիստներն են։ Եթե շարունակենք նրանց անլուրջ տրամաբանությունը, ստացվում է՝ Ադրբեջանի լոբբիստները բավականին դրական գնահատական են տվել ՀՀ նախագահական ընտրություններին։ Այստեղից մեկ հետևություն՝ պետք չէ սեփական կաշին փրկելու համար անել հիմարագույն քայլել՝ չկանխատեսելով դրա հետևանքները։

-Տեսակետ կա, որ Րաֆֆի Հովհաննիսյանի ձայների մի մասը իրականում ընդդիմադիր այլ քաղաքական ուժերի էլեկտորատն է եղել, այդ թվում՝ նաև ԲՀԿ-ի։

-Գիտեք, այս պահին բացարձակապես էական չէ, թե ի՞նչ գործոնների ազդեցության տակ է այդքան մարդ ձայն տվել Րաֆֆի Հովհաննիսյանին։ Ես պիտի կրկնեմ, որ Րաֆֆի Հովհաննիսյանի համակիրը չեմ եղել ու նրա խորհրդարանական թիմի աշխատաոճն ինձ համար հաճախ ընդունելի չէ։ Սակայն, ես և ԲՀԿ որևէ անդամ երբեք թույլ չենք տա վիրավորել այն քաղաքացուն, ով իր ձայն տվել է Րաֆֆի Հովհաննիսյանին, կամ որևէ մեկ այլ թեկնածուի։ Դա քաղաքացու ընտրությունն է և պետք է հարգել այդ ընտրությունը։ Իսկ այն մարդիկ, ովքեր մամուլի ակումբներում, սոցիալական ցանցերում և այլ հարթակներում, ըստ էության վիրավորում են ժողովրդին, նրանք չեն հասկանում, որ դրանով իրենց քաղաքական ուժի հանդեպ հանրային ագրեսիան ավելի է մեծանում։ Իսկ եթե հասկանում են և միտումնավոր են անում՝ դա արդեն խոսակցության բոլորովին այլ թեմա է։ Ի դեպ, ես չեմ բացառում հենց դիտավորության տարբերակը։ Բայց հիմա չհարցնեք, թե ինչո՞ւ։ Մի այլ առիթով կասեմ։

-Տիկին Զոհրաբյան, ինչո՞ւ մինչ այս պահը ԲՀԿ-ն պաշտոնապես չի հնչեցնում իր գնահատականը նախագահական ընտրությունների վերաբերյալ։

-Ես չեմ կարծում, որ սա այն դեպքն է, երբ տեղին և ճիշտ կլինի հնչեցնել անձնական տեսակետ, գնահատական։ Իսկ կուսակցությունը դեռ վերլուծելու, որոշ հարցերի պատասխանը ստանալու խնդիր ունի։ Համանայնդեպս, թե՛ ես և թե՛ իմ մի քանի գործընկերներ ընտրություններից անմիջապես հետո ասել ենք, որ մեր ընտրական համակարգը լրջագույն ռեֆորմների կարիք ունի՝ սկսած քաղաքացու՝ իր քվեի հանդեպ հարգանքից, մինչև ընտրական բոլոր աստիճանները։ Եթե դրանք չարվեն, այն էլ՝ շատ արագ, երկիրը լրջագույն խնդիրներ է ունենալու։



2 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Գրիգոր
Feb 24, 2013 12:27