Րաֆֆի Հովհաննիսյանն ասել է, որ այսօր Սերժ Սարգսյանի հրավերով, նաեւ Հրանտ Բագրատյանի հորդորով եւ ժողովրդի պահանջով հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ եւ մանրամասները ամենայն մանրակրկիտությամբ կհրապարակի վաղը զատության հրապարակում: Բայց մի բան, ըստ նրա, պետք է հստակ լինի եւ ինքն ուղղում է «իրենց» սխալը եւ ասում, որ իրենք կողմնակից են բաց զրույցների:
«Ես զանգեցի պարոն Սարգսյանի խոսնակին, եւ ասացի՝ ուղղեք սխալը, մենք ի սկզբանե կողմնակից ենք հրապարակային, բաց, հաշվետու բանավեճի: Եվ վաղը, Ազատության հրապարակում, որը կուսակցականություն, հատվածականություն չի ճանաչում, այստեղ մենք ունենում ենք մեր հավաքը: Եվ այդ հավաքի ընթացքում ես խոսք կառնեմ, բայց ինձնից ավելի կարեւոր՝ խոսք կառնի Հայաստանի քաղաքացին», հայտարարել է Րաֆֆի Հովհաննիսյանը:
Նա նշել է, որ մարդիկ կգան, որ մինչ այս չեն եկել, կգան ու ժողովրդի առաջ պատասխան կտան, որ հայ ժողովուրդը Ավարայրից, Բաշ Ապարանից այս կողմ առաջին անգամ իրական հաղթանակ պիտի տոնի:
Րաֆֆին ասել է նաեւ, որ պետք չէ Րաֆֆի վանկարկել: «Եթե Րաֆֆի ասելիս դուք ինձ եք ասում, ես չեմ ուզում լսել: Այդ օրերը անցան», ասել է Րաֆֆի Հովհաննիսյանը, նշելով որ դա հին Հայաստանն էր, իսկ հիմա նոր Հայաստանն է: