2013թ. բեմականացված նախագահական ընտրության հիմնական արդյունքը իշխող վարչախմբի աննախադեպ ու խայտառակ պարտությունն է: Փաստերի առարկայական ուսումնասիրությունը հաստատում է, որ Սերժ Սարգսյանը ստացել է ընտրատեղամաս եկածների քվեների առավելագույնը 40 տոկոսը, ներառյալ ընտրակաշառքով և վարչական ապօրինի լծակների կիրառմամբ ստացված ձայները, և ստիպված է եղել դիմել ավելի կոպիտ խախտումների: Ըստ այդմ` Հայաստանն առաջիկա տարիներին նույնպես չի ունենա լեգիտիմ նախագահ և իշխանություն:Միաժամանակ հաստատում ենք, որ այս ընտրությունն անցավ քաղաքական պայքարի բացակայության պայմաններում: Ընդդիմության երկու ռևանշիստական ձևաչափերը հրաժարվեցին պայքարից: Գաղափարական մրցակցությունը նույնպես իսպառ բացակայում էր, մասնավորապես, ոչ ոք չէր ներկայացնում քաղաքական դաշտի ազգային բևեռը: Առատ էին ակնհայտորեն անմրցունակ, նույնիսկ խեղկատակ թեկնածուները: Այլընտրանքայնության պատրանքը պետք է ապահովեին քիչ թե շատ քաղաքական կենսագրություն ունեցող երեք թեկնածուները: Նրանցից ամենաազդեցիկի` Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորած միավորը խորհրդարանական ընտրությունների պաշտոնական տվյալներով սովորաբար արձանագրում էր 6 տոկոսանոց արդյունք:Ընտրողների բացարձակ մեծամասնությունը, մերժելով իշխող վարչախմբին, անձամբ Սերժ Սարգսյանին և գործնականում չունենալով որևէ այլընտրանք, քվեարկեց ակնհայտորեն ավելի աչքի ընկնող թեկնածուի օգտին, որի արդյունքում ընդդիմադիր թեկնածուն նույնպես գրանցեց աննախադեպ մեծ ցուցանիշ: Այս փաստը մեծ ոգևորություն է առաջ բերել և հիմա ընդդիմադիր գործիչների ու ժողովրդական զանգվածի զգալի մասը մեծ սպասելիք ունի Րաֆֆի Հովհաննիսյանի հետագա գործողություններից: Սա մի կողմից մեծ պատասխանատվություն է առաջ բերում թեկնածուի համար, մյուս կողմից մեծացնում է հիասթափության և հուսահատության վտանգը:
Նոր կազմավորվող «Հայազն» կուսակցությունը անցած ընտրությունների վերաբերյալ հանդես է եկել բոլորին, այդ թվում, Րաֆֆի Հովհաննիսյանին դեմ դիրքորոշմամբ: Դրա համար որպես հիմք ունեցել է վերջինիս առանձին մերժելի տեսակետները, մասնավորապես, Արցախի կարգավիճակի, Արցախ ադրբեջանցի փախստականների վերադարձի, վերպետական կազմավորումներում Հայաստանի ինտեգրման վերաբերյալ, շռայլված տարբեր խոստումների չհիմնավորված կամ ամբոխահաճ լինելը և այլ հանգամանքներ: Այսօր էլ «Հայազնը» իր դիրքորոշումը չի փոխել անկախ նախագահի թեկնածուի գրանցած հաջողությունից:
Այնուամենայնիվ, մենք պատրաստ ենք առաջիկայում աջակցել ցանկացած գործունեության, որը կնպաստի Հայաստանում քաղաքական խաղի ավելի արդար կանոններ հաստատելուն:
Միաժամանակ մենք վստահ ենք, որ Հայաստանում հեղափոխական շարժումների անհաջողության պատճառը ոչ թե սխալ մարտավարությունն է կամ առաջնորդների անբավարար վճռականությունը, այլ հեղափոխական գաղափարների բացակայությունն է կամ անբավարար ներկայացվածությունը, ինչպես նաև նման գաղափարների շուրջ կազմակերպվածության պակասը: Անկախ ընթացիկ զարգացումներից, «Հայազնը» ավելի ուշ հանդես կգա ազգային հեղափոխության բովանդակության և մարտավարության մասին իր համապարփակ առաջարկությամբ:
«Հայազն» կուսակցության Վարչություն, 21 փետրվարի 2013 թ.