ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Thursday, February 14, 2013 16:30 - 1 քննարկում

ՀԱՅՐԵՆԻՔԸ ԵՎ ՀԱՅԸ

ՀԱՅՐԵՆԻՔԸ ԵՎ ՀԱՅԸ
«Իմացա տեղս և հայ զգացի»
Գ. Նժդեհ

 

Երբ անտուն դարձար ու Տեր-Զորներից փրկվածդ,դիակներդ մի կողմ հրելով,Եփրատը անցար,դու դեռ չգիտեիր,որ ապրողիդ մեջ,քո անձնագիրը մեծ փորձության է ենթարկվելու:
Բեկորացված քո հայրենիքի արևելյան հատվածում դու ապաստարան փնտրեցիր:Սակայն ամեն ինչ տեսած քո աչքը կուրացումի էր դատապարտվելու,երբ կարճատեսության ակնոցն աչքերին քո մտավորականը վառոդից խանձված ձեռքերիդ նայելով պետք է զզվանք զգար…
Այո,դառը, բայց այս օրերին քո մոռացված կենսագրությունը հիշեցնող մի փաստ:Քո սպանդից հետո,երբ արևմտահայ եղբայրներիդ քելեխահացի նստած ազնիվ զավակներդ մնացականներիդ մասին էին հոգում,ռուսացած մի Համբարձում Առաքելյան,որ նախկին րաֆֆիյաշունչ «մշակն» էր խմբագրում,հոգեհանգիստդ ավարտուն դարձնելու համար դամբանականիդ հայերեն տարբերակն էր մշակում:Այդ մահախոսականը ձևակերպվում էր ընդհամենը այսպես. ոչ մի արևելահայ իր տանը չպետք է ընդունի մազապուրծ եղած որևէ արևմտահայի:
Քո ցեղակրոն կուսակցությունը՝ հանձին քո գենի,այդ թշվառ փողկապակիր վայ խմբագրապետին զգոնանալու ահազանգ հնչեցրեց:Հրահանգի նկատմամբ առհամարհական կեցվածք ընդունած «Մշակի» տնօրենը մահվան դատապարտվեց:
Դու սպանեցիր (օրհնվի ձեռքդ) և ցուցադրական հուղարկավորություն կատարեցիր:Այն ժամանակ ազգային բարոյական նորմերդ հարգելով՝ ինքնությունդ ի հայտ չբերիր,քանի որ առաջին անգամ էիր խմբագրապետ սպանում:
ՈՒրիշ-ուրիշ ներազգային կեղտերով անցնելով՝ դու,Սարդարապատում ցառանալով,եռագույնի տերը դարձար:Ինչպիսի գերմարդկային ճիգեր թափեցիր,որ մի բուռ հողակտորիդ տերը դառնաս ու վերջին ֆիդայուդ չպատանքես Եռագույնով:Բայց քանի որ շրջապատվեծ էիր բորենիներով,որոնց ժանիքները ծարավի էին քո արյան,դու ստիպված էիր հոգևարք ապրել և քո վերջին մանուկ պետականության փլատակներին նստել:
Քո կործանման բազմաթիվ պատճառների մեջ հատուկ պետք է ընդգծվի աններելի հանդուրժողականությունդ քո ներքին թշնամիների նկատմամբ:
Այնքան դեմոկրատ եղար քո երկուսուկես տարվա պետականության պայմաններում,որ արնաքամ մարմնիդ վրա կարմիր դրոշ պարզողներից ընդհամենը մի քանիսին գնդակահարեցիր:Մինչդեռ պետք է արմատախիլ անեիր,որովհետև ամիսներ հետո քո այդ սխալի համար հազարներ էին մատաղելու:
Ախր,շատ էր հայ…ու անգամ կարմիր վարակ բերող քո զավակի կորուստը քեզ համար մեծ ցավ էր:ՈՒ այդ ցավի համար քեզ չներեցին քո արտարգանդային ծնունդ համայնավար զավակներդ ու երկրիդ գլխին իրենց մահասարսուռ ու արնոտ մանգաղը կախեցին:Բայց մինչ այդ ականատես էիր եղել ցղաշունչ հայորդիներիդ վերջին ծառացումին դարավոր թշնամուդ դեմ,որի վերջին արարը խայտառակության դափնիներով եկավ վարագուրելու քո երեսնամյա Ազատամարտի ողբերգական վախճանը:
Եվ մի օր քո մայրերից մեկը ամոթից գետինը չմտավ ,որ օրհնությամբ հայրենիքը պաշտպանելու մեկնած իր զավաին առանց զենքի,ցեխակոլոլ իր տանը տեսավ:Այն դեպքում,երբ գնդապետ Մազմանյանը ,նույն այդ փախչող հայ զինվորի դեմն առնելու փորձերից հուսահատ ,անառիկ ամրոցիդ պատերի վրա ինքնասպան եղավ:ՈՒ չիմանալով դու մի տեղ մեռար 20-ի հոկտեմբերի 30-ին,Կարսի պարիսպների տակ:
Խեղանդամվելով կարմիր քարոզանու վիրուսի պայմաններում,զենքդ Ախուրյան գետը գցեցիր ու վերջին բարբարոս ասկյարի մեջ «կոմունիզմի» գաղափարներ փնտրեցիր:
Ավելին արեցիր,քան դա քեզանից պահանջվում էր,աղ ու հացով դուրս եկար եղբայրներիդ մորթողի դեմ և որպես պատիժ մարտիրոսվեցիր քո իսկ տան մեջ:
Ինչպես միշտ,այս անգամ էլ սպասեցիր,որ դանակը ոսկորիդ հասնի…Սակայն այս անգամ 21-ի փետրվարի 18-ին զենքի դիմեցիր միայն այն դեպքում,երբ դանակը ոչ թե ոսկորիդ էր հասել,այլ վերջույթներիդ որոշ մասն արդեն անդամահատել էին:Դրա համար դու հենակներով ելար պաշտպանելու եռագույնի իրավունքը:Իսկ նման վիճակով քո ըմբոստացումը հայտնի է,թե ինչպիսի տխուր վախճան ունեցավ:
ՈՒշքի գալու ոչ ժամանակ ունեիր,ոչ էլ հնարավորություն:Հետո քեզանից անկախ դու դարձար հոկտեմբերը փառաբանող հեղափոխական երգչիդ երևակայական հերոսներից կենդանի դագաղ-դանիել և մազութի-համո:Հենց այդպես կարմիր մսաղացով անցար,դագաղների առատություն տեսար ու մազութի մեջ խրված հոգեկան հիվանդի վիճակում հայտնվեցիր:
Հարվածներից այնքան բթացար,որ ասեղածակոցներից խուտուտ չզգացիր անգամ այն դեպքում,երբ ՀԵՐՈՍԱԿԱՆԴ քո ցեղային հատկանիշներում համարվեց ոչ մարքսիստական դրսևորում:
Ազգայինդ սպանելով՝ մեռելներ չհարգող ու խաչքարեր չդնող ժողովուրդ դարձար:
Անիմանալի,բայց կործանարար որդը քո մեջ բուն դրեց՝ ապագա կարիճներ ցնելու համար:
Քեզ սպանելու մի ամբողջ համակարգ մշակվեց,որովհետև քո ֆիդայիները Մարքսի «Կապիտալը» չէին կարդացել և Լենինի «Մի քայլ առաջ,երկու քայլ հետ» խիստ «գիտական» աշխատությունը իրենց մաուզերների փամփուշտը չէին դարձրել:
Դե տնքա,ցավդ հետո է գալու…
Խելագար մարդկանց մի ոհմակ,որի նշանաբանն է դառնում մահը,համբակների ու ստահակների ձեռքը սոցիալիզմ կոչվածի կացինն են դնում:
Սպանդի այն միջոցներին,որ գործադրվեցին այսպես կոչված խորհրդային ինտերնացիոնալ ժողովուրդների նկատմամբ,այդ բոլորին կնախանձեր խարույկներ բարձրացնող վերջին միջնադարյան ճիզվիտը:
Խորհրդային սպանդանոցը հրեշներին հագուրդ տալու համար մասնավորապես քո մսի ու դեղի կարիքն էր զգում,ախր արիացի էիր և արյունդ՝ առաջին կարգ:
Իսկ դու ի՞նչ էիր արդեն,մուրճ ու մանգաղի իմաստը չհասկացած անդեմք բեկոր:ՈՒ հենց դրանից օգտվելով՝ քո ծոցագրպանում ուրիշի անձնագիր դրեցին:Արթնացար… ու հմայիլների գուշակումներից սարսափած,քո տեղը փնտրեցիր քո իսկ հողի վրա:
Զարմացած նայեցիր կնոջդ աչքերի մեջ ու երեխաներդ քոնը չհամարեցիր:
Այո,քեզ հետ զարմացավ ու զինաթափվեց երեկվա սասունցին ու իգդիրցի մաուզերիստը:
Քեզ չներեցին լրիվ չմորթվելու համար:Ավելին,սարսափեցին,որ դու ինքնապաշտպանության համար զենք ես ձեռքդ վերցրել::ՈՒ քո տեղը ցույց տվողը սերնդեսերունդ արգելեց քեզ Դրոյի ու Նժդեհի անունը հոլովել:
Չիմացար,թե ինչ պատվի քեզ արժանացրին անունդ դաշնակցական դնելով:Երանի ազգովին այդպիսին լինեիր,որպեսզի կարմիր ցեցը մեջդ հիդրա չդառնար ու տեղդ զավթեր:
Տեղին-անտեղին ծեծվելուն այնպես էիր վարժվել,որ երբ շիկացած ունելիով ուղեղդ խառնեցին,պերճախոսդ՝ արդեն թլոշացած,սև «բանտիկ» կապեցիր քո ազգային պատկանելության վզից:Քեզ համար դաշնակցական Տիգրան Մեծը ու շատ հավանական մաուզերիստ Վարդան Մամիկոնյանը (ո՞վ էր քեզ հարցնում,թե այն ժամանակ հրազեն եղել է,թե ոչ),պարզվում է,20-րդ դարում խաշի սեղանի մոտ գինաովնալով հայ խմբապետերի հետ,որոշում են նվաճողական պատերազմներ մղել դրացի թուրքերի դեմ:Բայց քանի որ փոքրիդ ախորժակը անհարիր էր մարքսիզմի «գաղութատիրական սկզբունքին»՝ ստիպված էիր «անխոհեմությանդ» համար որպես ռազմատուգանք (իսկ ուրիշ նյութական միջոցներ չունեիր) Հայրենիքիդ տարածքը մաս առ մաս բաժանել «ագրեսիայիդ» դիմաց:
Բախտդ բերեց,որ Համայնավար ղեկավարությունդ անաստված էր,այլապես տվածդ քիչ համարելով՝ ստիպված էր լինելու սուրբ Գրիգորիդ աջը բռնած Մեքքա մեկնել ու թլպատված մուսուլման դառնալ:
Իսկ Հայրենի՞քը…
Քեզ համար Հայրենիքը Կրեմլ էր և հազարապատիկ արդար մի բեղավոր…
Դու հայրենիքիդ վրա հսկա խաչ կանգնեցրիր ու Ներոն դարձած քրիստոնյաներիդ այլասերեցիր:Եկեղեցիներդ գոմի վերածած,մոնղոլ-գաճաճի խոսքը առավել համարեցիր քո Նարեկացուց:
Դու քո բեկորներով ինչու՞ պետք է ապրեիր,որ արդարությունդ նժարի վրա թիթեռի կյանք ունենար:
Հետո պետք է տեսնեիր,թե ինչպես Ախոյի նման ֆիդայիներին քո իսկ ծոցից ելած չեկիստը սպանված վիճակում նորից է սպանելու:
Դու,աշխատավորդ ու ստեղծագործողդ,առաջին անգամ տուն շենացնելու համար ապտակ ստացար:Քեզ համար խորթ «կուլակ» ավան տակ Սիբիր քշվեցիր:Իսկ բոբիկներդ,խանդավառված կարմիր ուռաներից,Կոմիտասյան երգը մոռանալով,«Ինժեներ բալա» ու «Կոլխոզի չոբան» երգով էին իրենց հարսանիքները զարդարում:
Փորիդ պարունակության մեջ հացի կտրոն փնտրեցիր և նախանձեցիր սեփական քրտինքով տունը պահող սլավոն Մորոզովներին,որոնց լակոտ Պավլիկը հայրական հացատան տեղը ցույց տալու համար հարազատ հորը որդեսպան դարձրեց:
Ոգևորիչ օրինակին հետևելով՝ հորդ մատնող Պավլիկ Մորոզով դարձար:
Հրաշք ես,հրաշք…
ՈՒ քեզանից գոհ անուշ քուն մտար:Եվ երբ արթնացար,տեսար, որ հայրդ ու եղբայրդ էլ քո կողքին չեն:Նմուշի համար քեզ մենակ թողեցին,որ չասեն՝ իբր,ազգ ենք սպանում:
Արդեն իսկական կոլխոզի չոբան դարձած,որ մի ոչխարից հինգ գառ չես պարգևել սոցիալիզմին,ստիպված էիր «Լայնարձակ է հայրենիքը մեր» երգելով անփոխան Սիբիրի ճամփան բռնել:
Քո մշեցու ու սասունցու անձնագրի մեջ ծննդավայրը Թուրքիա էր նշվում:Պատմական Հայաստան գոյություն չուներ քեզ համար,որովհետև Խորենացու «Ողբը» խլացրել էիր համայնավարական տրակտորի հռնդյունի մեջ:
Դու հետո պետք է եղունգներ չունեցող մատներով հողի տակից «Հայոց պատմությունդ»,«Երկիր Նաիրին» հանեիր և Պատկանյանի ու Րաֆֆու կիսանդրիները նորից իրենց տեղը դնելու…ցավը զգայիր:
Դու,տկլորդ,որ վաղուց էիր զինաթափ եղել,կրծկալ չունեցող քո կնոջ ծոցում մաուզեր փնտրեցին քո աչքի առաջ:Ափդ արյունոտվեց մատներիդ սեղմումից,բայց ճար չունեիր:Ատամներդ կրճտացրիր,մեխանիկորեն ձեռքդ ձախ կողմդ տարար,բայց…դատարկություն:
ՈՒ դու չիմացար,որտեղ ես գտնվում…
Դու՝ մոլորվածդ,մի նոր ասկյարի երեսը տեսար… հետո իմացար,որ նրան չեկիստ են ասում:
Գրաճանաչ «տղերքդ»,լիկկայանի տնօրեն դարձած,Սորբոնի համալսարան ավարտած գիտնականներիդ հարևանությունից մոլաքորով տառապեցին:Եվ քանի որ իմացությունը պատվաստման ոչ մի օրենքի չէր ենթարկվում,նույն անգրագետներդ նրանց «արթուն զավակներիդ» խնամքին հանձնեցին:
Դու ինչու՞ պետք է տասնապատիկ քանակով քեզանից մեծ ,բայց ոչ մի բարձրագույն կրթություն չունեցող մուսուլմանի նման հաշիշի հետ կումիս չխմեիր,որ քո գրագիտության համար երեկվա ուսանող-չեկիստդ իր ծխախոտը չհանգցներ քո ճակատին…
Այդ ի՞նչ կաթով սնվեցին, այդ ո՞ր մայրերը բարուրեցին ու հասունացնելով աթարբեկյաններին ու մուղդուսիներին,ամատունիներին ու թովմասյաններին,վամպիրի նման մարմնիդ կպցրին,որ քո ազգային արյան լավագույն պաշարը քամեն:
Երանի թե «քթի անցք» ունենային և իրենց մոտալուտ սատկելու հոտառությունը զգալով այդքան չարիք չպատճառեին իրենց ժողովրդին:
Մեղա էիր,մեղա…
Իսկ հետո՞…
Հետո պատերազմ եղավ,մարշալներ ու անհայրենիք վայրերում գնդացրի բերանը կրծքով փակող աստղակիր հերոսներ տվեցիր:Գոհ էիր,որ քո յոթ հարյուր հազարից գոնե երեք հարյուր հազարը կենդանի են մնացել:ՈՒ ոգևորված մնացականովդ,դհոլ-զուռնի տակ Բեռլինում քոչարի պարեցիր,կարծես թե Մշո-սուրբ-տան սուրբ Կարապետ էիր գրավել:
Երանի թե զուռնիդ ձենը միայն Հայաստան հասներ:Բայց դու այնպես էր փչում,որ Աշխարհի բոլոր հայ գաղթօջախները իրենց արթնացումի ղողանջը համարեցին:Քարավան առ քարավան շտապեցին հայրենիք,բայց քանի որ «Ինտերնացիոնալ» երգը չգիտեին,ստիպված էին այն սովորել Ալթայի երկրամասում:
Հետո Գազանը սատկեց:Կենդանի մնացածդ անխաչքար գերազմաններդ համբուրելով,հայրենիք վերադարձար:
ՄԱԿ-ի կլոր սեղանին իր մուժիկական բատինկան խփող քո նոր կայսրը,որ Սևանում իշխանդ ուտելիս «Նաիրի» կոնյակ էր խմում,քո փառավոր հյուրասիրությունից խանդավառված ցամաքող լիճդ Բայկալի չափերին հասցնելու զառանցանքով «Արփա-Սևան» թունելիդ ծախսերը հոգաց:Այնպես ծափ տվեցիր,որ երբ տարիներ հետո շնչահեղձ «սիգերդ» Մարտունու չիչխանի թփուտների վրա էին հանգչում,նույն ծափահարող ձեռքերովդ (ժամանակին կենաց բաժակի համար բարձրացած)մազերդ սկսեցիր փետել:
Միայն «Հերոսուհի մայր» շքանշան չստացած նոր առաջնորդիդ թագավորության տարիներին դու՝ օտարասերդ,ինչպես միշտ,այնպես տիրապետեցիր «ստի արվեստին» ,որ այդ բնագավառում թերուս ազգերը փորձի փոխանակման եկան քեզ մոտ:
Ճիշտ է,կողքերը նայելով քո հավկուր գիտնականներն «առավոտ լուսո» փորձեցին իրենց ծվծվոցներով ծննդականումդ «սահմանադրական» փոփոխություններ մտցնել,բայց նորից հանդիպեցին երկու մատի արանքից ցցված ռուսական բթին:Ստիպված էիր պոչդ քեզ քաշել…
Տարիների ընթացքում անքնությամբ տառապող խելոքներդ իրենց վտանգելով,միամիտիդ հուշեցին,որ գլխովդ 15 թիվ է անցել,և որ թուրքին սիրելը քո ինտերնացիոնալ պարտքի մեջ չի մտնում:Սարսափած միլիոն ու կես նահատակներիդ հարության ձայնից,դու քեզ պատեպատ խփեցիր և իմացար,որ Էրգրում մորթվածներդ «Զարթիր լաո» երգ են ունեցել:Բռունցքված ելար հարգելու անթաղ մեռելներիդ 50 ամյակը:Ավելին անելու և պահանջելու իրավունք չունեիր,որովհետև դու,սոցիալիստական նոր խառնվածքիդ հարազատ,մեռելահացի սեղան գցող ժողովուրդ էիր արդեն:
Եվ նրանք,ովքեր առհամարհեցին հրամայականդ ու քեզ հետ «օղորմաթաս» չբարձրացրին,դագանակների տակ ընկան և ուշքի եկան միայն «ուղղիչ» աշխատանքային ճամբարներում:«Նացիոնալիզմը» նորից գլուխ էր բարձրացրել քո հայրենիքում:Իսկ քանի որ դատապարտված զավակներդ հիվանդությանդ դեղատոմսը գրելիս հարցում չէին կատարել «մարքս-լենինիզմի ինստիտուտից»,ստիպված էին հայրենիքից մեկուսացված երկար տարիներ ապրել:
Տարիները տարիներին գումարելով՝ քո չգործած մեղքիդ «մեղան» դարձավ ազգային ճակատագիր:
Վերացական գերբիդ մեջ տեղավորված Մասսին նայելով՝ դու իրավունք չունեիր հայացքդ ավելի խորքերը ուղղելու,քանի որ այնտեղ էր գտնվում բեկորներիդ էրգիրը…
Քեզանից անկախ դու մանկուրտ՝ հիշողությունը կորցրած հարազատ մորը նետահարող զավակ դարձար:Յոթանասուն տարվա մեջ այնքան կարմրեցիր (երանի դա ամոթից լիներ),որ դասակարգային թշնամիներ փնտրեցիր զատկի ձու չածող քո հավերի մեջ:
Գորշ գայլերից ցնկած բունիաթովները քսան տարուց ավելի ականջիդ տակ իրենց ոռնոցներով գոյությունդ ժխտող «վկայագրերով» էին հանդես գալիս:Իսկ այդ ընթացքում քո վայ ակադեմիկները ,որպես պատասխան,հալածվածի կախկանձով էին գոյությունդ զգացնել տալիս:Այդ հիմա է,որ բռունցքված ձեռքդ տեսնելով և մեկ էլ գերեզմանոցի հարևանությունը,,իրենց ասելիքը ասելու համար քեզանից թթվածին են խնդրում:
Տխուր,շատ տխուր ժողովուրդ ես դու…
Բայց պարզվեց,որ դու քայլող դիակ չես,որ դու պահեստավորված փոթորկածին գեներ ունես:Ալ շապիկդ պատռելով՝ եռագույնի ճիչը արձակեցիր:Հանկարծ վերագտար քեզ ու քո «հերոսների» մարշալական համազգեստի մեջ քո երբեմնի ֆիդայու պարզ հագուստը փնտրեցիր:Վերամկրտվելու ինչպիսի ճիգեր թափեցիր,որ տասնամյակների հաստաշերտ կեղտից մաքրվես:Հասար այնտեղ,որ ամորձատված քո երեք սերնդի առաջ արդարանալու համար անկախություն պահանջեցիր:
Բայց մաքրվելիս դու ոչ թե քո պապական պարզ միջոցներից օգտվեցիր,այլ գերադասեցիր քեզ հայտնի լվացքի մեքենան:Դու փաստորեն գոյատևելուդ պայմանագիրը նորից վավերացրիր քեզ մտրակողի հետ, ու դրանից էլ երգդ ձիու խրխնջոց դարձավ:
Ճիշտ է,տարիների ընթացքում հերմետիկ պայմաններում գտնվող քո ուղեղը մաքուր օդ դուրս գալով լակմուսային հատկություն ձեռք բերեց,սակայն ստեղծված քաղաքական մթնոլորտը խոսում էր քո վերգտնումի օգտին:
Երջանիկ նոր սերունդդ բախտ ունեցավ 88-ի փետրվար տեսնել և օպերայի հրապարակի պարզ անվանմանը փոխարինելու եկավ «Անկախության հրապարակ» հասկացությունը:Ինն ամսվա ընթացքում ով ասես,որ հանդես չեկավ քո անունից:Հայրենասիրության դրսևորման ստուգատես անցկացրիր և ապշեցիր արդյունքների վերլուծությունից:Առաջին անգամ 70 տավա մեջ քեզ մարդ զգացիր ու հայ լինելոցդ չամաչեցիր:Մի բերան ու մի լեզու դարձած կորած զավակիդ՝ Արցախի տերը դառնալու աննախադեպ պայքարի ձևերից օգտվեցիր:Բայց հավատալով երկրով մեկ հռչակված դեմոկրատիային ու գլասնոստին,ձնհալը առհամարհելով մարմինդ գարնան խաբուսիկ արևին վստահեցիր:Դու սկզբում վերջույթներիդ ցրտահարվելը չզգացիր:ԵՎ երբ «Զվարթնոց» օդանավակայանում բարկ արևից սարսափելի ցավեր զգացիր,նոր հասկացար,որ Հավատդ մարաթոնյան վազքի դուրս բերելու ժամանակը չէր:
Բայց հավատքիդ փշրանքները փեշդ լցրած՝ մի քանի օր հետո «պատմական սխալը» ուղղելու հույսով Կրեմլ մեկնեցիր:Ի՞նչ իմանայիր,որ քո շատ մարդ լինելուց ապշած դինոզավրերի հոմերական քրքջին պետք է արժանանայիր:
Չբարեհաճեցին գոնե ջրի մեջ լուծվող «էմուլսիոն» սոսինձ տալ հավատքիդ փշրանքները կպցնելու համար:Երանի ձեռք քաշած ստրուկ լինեիր դու նրանց համար:
Սակայն դրանից հետո էլ դու նորից ուշքի չեկար:Սկսեցիր հենման կետ փնտրել:Եվ հանկարծ գյուտ արածի պես «էվրիկա» գոչեցիր,երբ հիշեցիր նահատակ բանաստեղծիդ խոսքերը.
– Ով հայ ժողովուրդ,քո միակ փրկությունը քո հավքական ուժի մեջ է:
Իսկ թե ինչպես լեղապատառ եղար 88-ի մայիսի 28-ին,երբ Անկախության հրապարակում զավակներիցդ ամենահամարձակը Եռագույնը ծածանեց,դա այսօր արդեն «օրինաչափ» է թվում,քանի որ թե´ ազգային դրոշդ և թե´զինանշանդ պաշտոնական ճանաչում են գտել:
Բայց գիտեի՞ր,որ երբեմնի դրոշիդ ու զինանշանիդ պաշտոնական հագուստ հագցնողները նրանց թանգարանային նմուշ դարձնելու համար էին հոգում:
Տեսնես ի՞նչ է մտածում այսո(րվա անհայրենիս Հ.Հ.Դաշնակցությունը,որ 1935-ն ԱՄՆ-ում տեռորի ենթարկեց Դուրյան պատրիարքին միայն նրա համար,որ Եռագույնդ «լաթի կտոր» համարեց:Իսկ այսօրվա դաշնակցությունը իր երբեմնի առյուծաբաշ գլուխը խոնարհումի է բերել կարմիր դրոշի առաջ ու մուրճ ու մանգաղ խորհրդանշող պարանով ֆիզիկական անճոռնի վարժություններ է կատարում արդեն անիմաստ իր երկարակեցության համար:
Անսովոր տաքությունից բշտիկավոր ուղեղդ հետևություն անելու ունակ չէր, ու քուրսու մեջ կոլոլվածդ «ամունիստիայի» արժանացածի պես քեզ դուրս նետեցիր ու լարախաղաց դարձած՝ հոթուկային հրճվանքով տռճիկ տվեցիր Աշնակում ու ՈՒջանում:
Իսկ Եռագույնը դրոշ չէր միայն,որի գույների հաջորդականությունը պատք է որոշեր քո խորթ զավակը:
Եռագույնը քո գերեզմանված պատականության ճիչն էր,որ քո այսօրվա շնորհակալական կենաց բաժակում հայտնվելով՝ աղաղակում է .
– Մահերով եմ ձեռք բերել գույներս,որպեսզի անտեր հայդ 600 տարուց հետո գոնե հիմա ազգային դրամ ունենաս, ցեղակրոն զինվոր ու պետություններում՝ դեսպանատներ:
Երբ սումգաիթյան եղեռնից հետո թունավորվածդ լուսնոտի պես «Եղիցի լույս» էիր որոնում ու հարձակումների դեմ ինքնապաշտպանության միջոցներ փնտրում,երկրաշարժը եկավ ու մթագնեց առանց այն էլ խարխափումների մեջ ժամանակի զգացողությունը կորցրած ուղեղդ:
Դաժան իրականության պայմաններում ճակատդ պատին խփված կամ անդունդը գլորված տեսնելու հույսով կույրիդ զրկեցին ձեռնափայտից:Փառք Աստծո,որ գոնե այս անգամ տեղից չշարժվեցիր ու սարքած դարանը չընկար:
Հիմա ձեռնափայտդ վերադարձրել են քեզ,մնում է հրաշագործ բալասանի ճարը գտնես,որ բաղձալի լույսը տեսնես:
Ինչևէ,թող օրհնվի ճանապարհդ,որ եռագույնը պարզած այսօր գնում ես հայրենիքի փրկությունը բերող բագինի վրա զոհաբերվելու…
Այսքանից հետո քո իրավունքով Չարենցիդ հիշիր.
-Սանձել է ուզում հողմերին՝ այս ողորմելին…

 

ՀԱԿՈԲՋԱՆ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
ԱՄԿ-խորհրդի անդամ
Քաղբանտարկյալ
Արտաշատի «Անկախության Բանակ»-ի շտաբի պետ
ՀՀՇ բռնակալության զոհ,մահացած 1998-ին



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Արա Հովհաննեսյան
Feb 15, 2013 12:01