Քարոզարշավի առաջին իսկ օրը` 2013թ. հունվարի 21-ին հայտարարեցի, որ գալիք նախագահական ընտրությունների օրինականությունը վտանգված է, քանի որ, նախորդ համապետական ընտրությունների օրինակով, այս ընտրությունները ևս կարող են կեղծվել Հայաստանից հեռացած քաղաքացիների ձայներն ապօրինաբար հօգուտ իշխանության թեկնածուի հավելագրելու միջոցով: Բաց շրջանառության մեջ գտնվող, այդ թվում նաև պաշտոնական տեղեկատվության վրա հիմնվելով կարող ենք պնդել, որ Հայաստանի անկախացումից ի վեր մեր երկիրը լքել է առնվազն մեկուկես միլիոն մարդ: International Institute for Democracy and Electoral Assistance (Ժողովրդավարությանը և ընտրություններին աջակցության միջազգային ինստիտուտ) միջկառավարական կազմակերպության ուսումնասիրության համաձայն, այդ մարդկանց մոտ 84%, այսինքն`1.320.000 քաղաքացիներ ընտրություններին մասնակցելու և քվեարկելու իրավունք ունեն, սակայն ՀՀ-ի սահմաններից դուրս գտնվելով, փաստացիորեն, զրկված են իրենց ընտրական իրավունքը գործնականում իրացնելու հնարավորությունից: Սա իր հերթին նշանակում է, որ քվեարկության օրը` փետրվարի 18-ին, Հայաստանում է գտնվելու ընտրացուցակներում գրանցված ընտրողների հազիվ մոտ հիսուն տոկոսը ու, հետևաբար, նաև հաշվի առնելով ընտրական գործընթացների հանդեպ քաղաքացիների ունեցած բացառիկ անվստահությունն ու իշխանությունների գործելակերպով թելադրված խորը հիասթափությունը, քվեարկությանն իրականում կմասնակցի մեկ միլիոնից էլ պակաս ընտրող: Ընտրական գործընթացների հավաստիությունը,օրինականությունն ու իրավաչափությունն ապահովելու նպատակով երկու անգամ դիմել եմ ՀՀ ԿԸՀ-ին` առաջարկելով, որ վերջինս, օրենքով իրեն վերապահված լիազորությունների ու պարտականությունների համատեքստում, կանխի ընտրակեղծարարությունը` ՀՀ-ից հեռացած ձայնի իրավունք ունեցող քաղաքացիների վերաբերյալ թվային տվյալները հրապարակայնացնելու միջոցով: Այս տվյալների պաշտոնական հրապարակումը թույլ կտար սահմանել քաղաքացիների` ընտրություններին մասնակցելու այն արժանահավատ վերին շեմը, որի խախտումն արդեն իսկ կվկայեր ընտրությունների կեղծված լինելու մասին: Իշխանությունները մերժեցին ընտրությունների օրինականությունն ու արժանահավատությունն ապահովող իմ այս պահանջի բավարարումը: Ավելին, մեր սեփական աղբյուրների հաղորդմամբ, իշխանությունները և նրանց շահերի ապահովման գործին լծված գործարարներն ու տարբեր կասկածելի անձինք զանազան միջոցներով զանգվածային ճնշում են գործադրում քաղաքացիների նկատմամբ` ընտրակաշառք առաջարկում, հավաքագրում պետական ծառայողների և նրանց ընտանիքների անդամների անձնական տվյալները, հորդորում քվեարկել հօգուտ Սերժ Սարգսյանի: Վերջինս էլ անձամբ, ի լուր աշխարհի, հրապարակավ հայտարարեց, որ կունենա այնքան տոկոս քվե, որքան կամենա, ինչը կանխավ անիմաստ է դարձնում իմ և բոլոր մնացած թեկնածուների մասնակցությունն ընտրությունների նախապատրաստման և անցկացման հետագա գործընթացներին: Մենք կանգնած ենք Հայաստանում հերթական անգամ կեղծվելիք ընտրությունների նախաշեմին:
Գնահատելով ստեղծված իրավիճակը և հստակ գիտակցելով սեփական պատասխանատվությունը, ստիպված եմ կանխավ հայտարարել, որ ընտրությունների ապօրինի ընթացքը կանխորոշված է` իշխանությունների կողմից որդեգրած մոտեցումների և գործելակերպի պատճառով ու դրանց արդյունքները չեն կարող համարվել օրինական և իրավաչափ: Ես ինքս չեմ մասնակցելու քվեարկությանը և չեմ ընդունելու ընտրությունների արդյունքները նույնիսկ այն դեպքում, եթե անգամ իմ և իշխանությունների կամքից անկախ այդ «ընտրությունների» հաղթողը ճանաչվեմ: Այս իրավիճակում ես հորդորում եմ քաղաքացիներին մասնակցել քվեարկությանը և համապատասխան նշումը կատարելով իմ անվան դիմաց` հավաստել այս ընտրությունների կեղծ լինելու վերաբերյալ սեփական համոզմունքը: Այդ դեպքում կարևոր չի լինի անգամ այն, որ ընտրություններից հետո հրապարակվելիք պաշտոնական հաղորդագրությունը հավանաբար կեղծ տվյալներ է ներկայացնելու. կարևորն այն է, որ իմ օգտին քվեարկած յուրաքանչյուր քաղաքացի հստակ կիմանա, որ քվեարկել է ընդդեմ կեղծիքի ու ապօրինության, քանի որ ընտրությունների արդյունքների` իմ կողմից հայտարարված մերժմանն է միացել իր քվեով:
Առաջարկում եմ, որ իմ այս որոշմանը միանան նաև բոլոր մյուս թեկնածուները: Այդպիսով, նրանք ևս կկողմնորոշեն սեփական ընտրազանգվածին ընդդեմ մեր բոլորի վզին փաթաթված կեղծ “իրականությանը” և հնարավորություն կտան մարդկանց գիտակցաբար մասնակցել իրենցից խլված իրավունքները վերադարձնելու գործընթացին:
Հատուկ ընդգծում եմ, որ կան քաղաքական ուժեր, որոնք կոչ են անում իրենց համակիրներին մասնակցել քվեարկությանը, սակայն փչացնելով քվեաթերթիկը` անվավեր դարձնել այն: Սա ընտրակեղծարարությանը նպաստող կոչ է, քանի որ ստեղծված պայմաններում իշխանությունների համար կարևոր է ընտրողի փաստացի մասնակցությունը, իսկ անվավեր քվեաթերթիկների խնդիրը հեշտությամբ կհաղթահարվի, քանի որ անհասցե բնույթ ունեցող գործողություն է, որը քաղաքական իրական պահանջ ու դիրքորոշում չի պարունակում:
Իշխանությունները դեռ ժամանակ ունեն մինչև քվեարկության օրը համարժեք քայլերով իրավիճակը շտկելու համար և իրենց ցանկացած դրական քայլը մեր կողմից կարժանանա համապատասխան արձագանքի: