Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ ADMIN. Tuesday, February 12, 2013 17:05 - չքննարկված
Խաղ միլիոնավոր դոլարների հետ. ինչպե՞ս են մսխվել «Նաիրիտի» փողերը
15:00, 12 փետրվարի, 2013 Որքան վարկ է վերցվել «Նաիրիտ գործարան»-ը աշխատացնելու համար: Այս տեղեկությունը պետական մարմինները գաղտնի են պահում: Բոլորը հրաժարվում են խոսել «Նաիրիտի» վարկերի մասին: Այն վտանգավոր թեմա է՝ փողերի լվացման դասական օրինակ: Բացի 2006-ին Rhinoville Property Limited-ի վերցրած 70 մլն դոլար վարկից, ըստ գործարանի հաշվետվությունների, «Նաիրիտը» 2009-ին ևս մեկ վարկ է վերցրել Միջպետական բանկից` 35.5 մլրդ դրամի (86 մլն դոլար), 2010-ին` ևս 5.5 մլրդ դրամ (13.5 մլն դոլար): Այսինքն` Միջպետական բանկը մինչև 2011 թվականը շուրջ 170 մլն դոլարի վարկ է տրամադրել Rhinoville Property Limited-ին և «Նաիրիտ գործարանին»: 170 մլն դոլար, չաշխատող գործարան. ինչպե՞ս են տնօրինվել այդ գումարները, ի վերջո այս երկրում կա՞ մի պաշտոնյա, ով պատասխան կտա այս հարցին: Դատախազությունը և ոստիկանությունը լռում են: Կա երկու տարբերակ. կամ այս կառույցները «մասնակից» են այս գործարքներին, այսինքն` տեղյակ են եւ արգելում են զբաղվել դրանով, կամ էլ չեն կարողանում, գլուխ չեն հանում, նման հանցագործություններ բացահայտելու ունակություն չունեն: Իսկ գուցե նախագահի թեկնածուներն իրենց նախընտրական ծրագրերում մի կե՞տ ավելացնեն` բացահայտել «Նաիրիտի» վարկային պատմությունը: Մաս 1 ԱՊՀ Միջպետական բանկը դատի է տվել «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի 90 տոկոս բաժնետեր հանդես եկող, Մեծ Բրիտանիայում գրանցված Rhinoville Property Limited ընկերությանը: Միջպետական բանկը 25 մլն դոլար է պահանջում ընկերությունից, որից շուրջ 17 մլն-ը վարկի օգտագործման տոկոսների, իսկ 8 մլն-ը` տուգանքների համար: Դատարան դիմելու փաստը «Հետքի» հետ զրույցում հաստատեց Միջպետական բանկի` «Նաիրիտի» հետ կապված հարցերը համակարգող Ալեքսանդր Միխկովը: Մոսկվայի միջնորդ դատարանը մարտի 18-ին քննելու է բանկի հայցը: Միջպետական բանկի կողմից Rhinoville Property Limited ընկերությանը դատի տալը նույնն է, ինչ «Նաիրիտ գործարանի» դեմ հայց ներկայացնելը, քանի որ Rhinoville Property Limited-ի բաժնետեր է դարձել «Նաիրիտ գործարանը», չնայած այս փաստը երկար ժամանակ շատ լավ թաքցնում են ՀՀ իշխանությունները և գործարանի ղեկավարությունը: Հետևաբար, եթե դատարանը հայցը բավարարի, այդ գումարները պետք է վճարի «Նաիրիտ գործարանը»: Իսկ «Նաիրիտի» բաժնետոմսերի 10%-ը պետությանն է պատկանում, հետևաբար` նաև Հայաստանի Հանրապետությունը: Տեղեկանք Միջպետական բանկը (ՄԲ) ստեղծվել է 1993թ. ԱՊՀ 10 երկրների կողմից, մասնավորապես՝ Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի և Ուկրաինայի ազգային բանկերի (Կենտրոնական բանկերի) կողմից: Հիմնադրման կանոնադրական կապիտալում կատարած ներդրումների տոկոսային հարաբերությամբ առաջին տեղում Ռուսաստանն է՝ ավելի քան 50%, հետո Ուկրաինան` 20%: Մյուս երկրների ներդրումները 8%-ից նվազ են: Այս բանկի գործունեության հիմնական նպատակը ԱՊՀ երկրների տնտեսական ինտեգրացիային նպաստելն էր, ներառևտրային գործարքների վարկավորումը ազգային փոխարժեքով, միջպետական նշանակության ներդրումային ծրագրերում մասնակցությունը և այլն: Ներկայումս Միջպետական բանկի խորհրդի կազմում է ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը: Հիշեցնենք՝ Rhinoville Property Limited-ը 70 մլն դոլար վարկ էր վերցրել Միջպետական բանկից, որպեսզի գներ «Նաիրիտ գործարանի» 90 % բաժնետոմսերը և ներդրումներ կատարեր գործարանում: Rhinoville Property Limited-ը վարկը վերցրել է և գրավադրել գործարանի բաժնետոմսերը Միջպետական բանկում: 2006թ. օգոստոսին տրամադրվել է 70 մլն դոլարը՝ 5 տարի և 3 ամիս ժամկետով՝ տարեկան 12.5 % դրույքաչափով: Միջպետական բանկի տնտեսական խորհրդի փաստաթղթերից մեկում ամրագրված է, որ 70-ից 39 մլն-ը Rhinoville Property Limited-ը վճարել է գործարանի 90% բաժնետոմսերի ձեռք բերման համար, 12.8 մլն-ով իր շրջանառու միջոցներն է ավելացրել եւ 18.2 մլն վճարել է վերակառուցման և վերազինման հետ կապված ծառայությունների համար: Ուշադրություն դարձրեք՝ ոչ թե «Նաիրիտի» շրջանառու միջոցներն է ավելացրել, այլ իր, իսկ թե վերակառուցման և վերազինման ի՞նչ ծառայությունների համար է ընկերությունը վճարել 18.2 մլն դոլար՝ հայտնի չէ: Մնացյալ 1 մլն-ի մասին ոչ մի տեղ ոչինչ չի նշված: Մինչդեռ կառավարության 2006թ. օգոստոսի 18-ի թիվ 1131-Ա որոշման համաձայն՝ գործարանի 90 տոկոս բաժնետոմսերը, 2006-ին կնքված առքուվաճառքի պայմանագրով, օտարվել են 40 մլն դոլարով: Գրավոր դիմեցինք «Հայգազարդին» («Նաիրիտի» նախկին մեծ բաժնետերը, ումից Rhinoville Property Limited-ը գնեց գործարանը), որպեսզի իմանանք՝ ստացե՞լ է «Հայգազարդը» վերջին 1 մլն դոլարը, թե՞ ոչ: «…Գնորդը պայմանագրի համաձայն գնման տարում վճարել է 39 մլն ԱՄՆ դոլար, իսկ մնացած գումարը գործարանի ակտիվների և պասիվների ստուգումից հետո»,- հայտնել է «Հայգազարդի» տնօրեն Գագիկ Հակոբյանը: Ակտիվների և պասիվների ստուգումից հետո վճարվե՞լ է այդ գումարը, թե՞ ոչ, Գ. Հակոբյանի գրությունից ոչինչ չէր հասկացվում: Գուցե պակասորդի խնդիր է եղել, դրա համար չի վճարվել 1 մլն-ը: Սակայն, ըստ Գ. Հակոբյանի, ավելցուկի կամ պակասորդի խնդիր չի եղել. «Կողմերի միջև 07.06.2007թ. ստորագրված համաձայնագրով, գնորդը և վաճառողը պայմանագրով նախատեսված հանձնման-ընդունման աշխատանքները համարել են ավարտված»: Գագիկ Հակոբյանին երկրորդ գրությունն ուղարկեցինք՝ նշելով, որ մեր ձեռքի տակ եղած Rhinoville Property Limited-ի ֆինանսական հաշվետվությունում որևէ տող չկա, որից երևա, որ Rhinoville Property Limited-ը 1 մլն դոլար է փոխանցել «Հայգազարդին»: Գագիկ Հակոբյանը, հավանաբար ուշադիր չկարդալով իր ուղարկած նախորդ գրությունը, այս անգամ էլ այլ պատասխան տվեց. «…Ակտիվների և պասիվների ստուգման աշխատանքների ավարտից հետո 2010-ին կատարվել են մնացած փոխադարձ պարտավորությունները»: Սակայն Rhinoville Property Limited-ի 2010-ի հաշվետվությունում էլ «Հայգազարդին» 1 մլն-ը փոխանցելու վերաբերյալ որևէ տվյալ չկա: Rhinoville Property Limited-ը, «Նաիրիտ գործարանն» ու նրանց դուստրերը 1 մլն դոլարի գաղտնիքը այլ տեղում է. 2006-ին Rhinoville Property Limited-ը Ռուսաստանում դուստր ընկերություն է գրանցել՝ «Ռայնովիլ» ՍՊԸ (Rhinoville LLC), որի տնօրեն եղել է Միջպետական բանկի նախագահի նախկին տեղակալ Սերգեյ Կուլիկովի կինը` Ա. Կուլիկովան, և 1 մլն-ը փոխանցվել է նորաստեղծ ընկերությանը՝ որպես հիմնադիր կապիտալ: Այս ընկերությունը իբրև պետք է իրացներ «Նաիրիտ գործարանի» արտադրած կաուչուկը: 2010թ. օգոստոսի 18-ին «Ռայնովիլ» ՍՊԸ-ն միացել է ՌԴ-ում 2007-ին գրանցված «Նաիրիտ» ՍՊԸ-ին, և «Ռայնովիլ» ՍՊԸ-ի բոլոր իրավունքներն ու պարտականություններն անցել են «Նաիրիտ» ՍՊԸ-ին: «Նաիրիտ» ՍՊԸ-ի 25 տոկոս բաժնեմասը Rhinoville Property Limited-ինն է, իսկ 75%-ը` «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ինը: 2012թ. հունվարին «Նաիրիտ գործարան»-ի ղեկավարությունը որոշել է լուծարել «Նաիրիտ» ՍՊԸ-ն: Պարզվում է` «Նաիրիտ» ՍՊԸ-ն մի դուստր էլ ունի` «Նաիրիտ թրեյդինք քոմփանի լիմիթիդ» (Nairit Trading Company Limited), որը գրանցված է Բելիզում` 2008-ին: 2009-ին այս ընկերությունում շուրջ 45 հազար դոլարի ներդրում է կատարվել: 2008-ին «Նաիրիտ գործարանը» ևս մեկ դուստր է գրանցել Հայաստանում` «Նաիրիտ թրեյդինգ ընդ սերվիս գրուպ». այս ընկերությանը փոխանցված գումարները մեծ չեն: 2012-ի մարտին դա էլ է լուծարվել: Rhinoville Property Limited-ը Հայաստանում հիմնադրել է նաև «Ռայնովիլ Քեմիքլ Ինդասթրի» ՓԲԸ-ն (Rhinoville Chemical Industry): Այս ընկերությունն էլ իբրև թե բիզնես խորհրդատվություն պիտի տրամադրեր: 2500 դոլար էլ փոխանցվել է այս ընկերությանը` որպես կանոնադրական կապիտալ: Թե ինչպես են տնօրինվել 70 մլն վարկից «Ռայնովիլ» ՍՊԸ-ին փոխանցված 1 մլն-ը և մյուս դուստր ընկերություններում շրջանառվող գումարները, կիմանա գործարանի նախկին տնօրեն Վահան Մելքոնյանը, ում ղեկավարած տարիներին այս ընկերությունները գործունեություն են ծավալել: Ինչ վերաբերում է «Հայգազարդին», ապա այն պետական ձեռնարկություն է, 100%-անոց բաժնետերը ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունն է: Տարօրինակ է, որ նախարար Արմեն Մովսիսյանին չի հետաքրքրում, թե ինչու Rhinoville Property Limited-ը չի վճարել մնացած 1 մլն դոլարը: ՀՀ կառավարությունն էլ, ի դեմս վարչապետ Տիգրան Սարգսյանի, հետամուտ չի լինում կառավարության որոշման կատարմանը: Միջպետական բանկի տնտեսական խորհրդի փաստաթղթում մի հիշարժան փաստ էլ կա. «Նաիրիտ գործարանի» արտադրանքի իրացմամբ, պարզվում է, նաև ռուսական “ПСМП” ՍՊԸ-ն է զբաղվել, որին Միջպետական բանկը 10 մլն դոլարի վարկ է տրամադրել «Նաիրիտի» կաուչուկը գնելու հիմնավորմամբ: 2007-ին գործարանի արտադրանքն իրացնող ևս մեկ ընկերություն է հայտնվում` «Ինտերկաուչուկը», սա շատ ավելի հետաքրքիր թեմա է, որին կանդրադառնանք առաջիկայում՝ առանձին հրապարակմամբ: Իրավապահները գուցե հետաքրքրվեն, թե ինչու են «Նաիրիտ գործարանին» այսքան շատ դուստր և իրացնող ընկերություններ անհրաժեշտ եղել, եթե գործարանը կարող էր իր արտադրանքն անմիջականորն վաճառել գնորդներին, ինչը գործարանի պատմության մեջ բազմիցս եղել է: «Նաիրիտ գործարան»-ը խրվել է վարկերի մեջ Ինչպես արդեն նշել ենք, բացի 2006-ին Rhinoville Property Limited-ի վերցրած 70 մլն դոլար վարկից, ըստ գործարանի հաշվետվությունների, «Նաիրիտը» 2009-ին ևս մեկ վարկ է վերցրել Միջպետական բանկից` 35.5 մլրդ դրամի (86 մլն դոլար), 2010-ին` ևս 5.5 մլրդ դրամ (13.5 մլն դոլար): Այսինքն` Միջպետական բանկը մինչև 2011 թվականը շուրջ 170 մլն դոլարի վարկ է տրամադրել Rhinoville Property Limited-ին և «Նաիրիտ գործարանին»: Թե մինչ օրս այս պարտավորությունները որքանով են ավելացել, աճել կամ նվազել, փորձեցինք գործարանից պարզել: «Նաիրիտ գործարան»-ը Միջպետական բանկի նկատմամբ ունեցած պարտավորությունների մասին մեր գրավոր հարցմանը չի պատասխանել, այլ հղում է կատարել «Նաիրիտ գործարան»-ի պաշտոնական կայքին, որտեղ տեղադրված են գործարանի հաշվետվությունները: Սակայն գործարանի պաշտոնական կայքում 2012թ. ֆինանսական հաշվետվությունը դեռևս տեղադրված չէ, և մեր հարցերի պատասխանները չէին կարող ամբողջական լինել: Հայտնի չէ, թե վերջին տարվա ընթացքում «Նաիրիտը» որքանով է կարողացել մարել պարտավորությունները, կամ գուցե այլ վարկեր է վերցրել: «Նաիրիտի» վարկերի մասին մեր գրությանը ըստ էության չի պատասխանել նաև ՀՀ ֆինանսների նախարարությունը` նշելով, որ վարկը տրամադրվել է անմիջապես գործարանին, և պետությունն այդ վարկի գծով որևէ երաշխիք չի տրամադրել: «Նաիրիտ գործարանի» 10 տոկոսի բաժնետերը, հիշեցնենք, ՀՀ կառավարությունն է` ի դեմս ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության: Այսինքն` պետությունը բաժնեմաս ունի, հետևաբար չի կարող անմասն մնալ «Նաիրիտ գործարանի» և Միջպետական բանկի «վարկային պատմությունից»: Ավելին, ըստ «Նաիրիտ գործարանի» համախմբված ֆինանսական հաշվետվության` Միջպետական բանկի հետ 2009թ. մարտի 27-ին կնքված վարկային պայմանագրի շրջանակներում գործարանը 2010թ. ընթացքում պետք է ստանար տրամադրված վարկային գծի մնացորդը՝ 13.5 մլն ԱՄՆ դոլար, սակայն ստեղծված բարդ ֆինանսական դրության պատճառով Միջպետական բանկը դադարեցրել էր վարկի տրամադրումը: «ՀՀ կառավարության հետ բանակցությունների արդյունքում Միջպետական բանկը կատարեց վարկային պայմանագրով ստանձնած իր պարտավորությունները ամբողջ ծավալով»,- նշված է ֆինանսական հաշվետվությունում, ինչը նշանակում է, որ ՀՀ կառավարությունը անմիջականորեն միջամտել և բանակցել է «գործարքի» կայացման համար: Հիմա ուշադրության արժանի ևս մեկ փաստ. այս վարկային միջոցների ներգրավման համար «Նաիրիտ գործարան»-ը վարձել է օֆշորային ծագման «Թարբետ Մենեջմենթ Լիմիթեդ» միջնորդ ընկերությանը, որի աջակցությամբ 2010-ի դեկտեմբերին ստացել է վարկային միջոցները: Միջնորդ կազմակերպության մատուցած ծառայության արժեքն էլ կազմել է 261 մլն դրամ (650 հազար դոլար): «Նաիրիտ գործարան»-ի հետ կապված պատմություններում տասնյակից ավելի օֆշորային ընկերություններ են ներգրավված, սակայն դրանց մի մասի հասցեները նույնն են. օրինակ` «Թարբետ Մենեջմենթ Լիմիթեդ»-ի, Rhinoville Property Limited-ի ստեղծման, ինչպես նաև վերջինիս բաժնետեր Latheron Properties-ի հասցեները: Այսինքն` այս գումարն էլ նույն ընկերությունների հետևում կանգնած անձանց գրպանն է մտել: Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը գուցե ասի՞, թե ինչու են այս կազմակերպությանը այսչափ մեծ գումար տվել եւ իրականում ում են վճարել: «Նաիրիտի» վարկային պարտավորությունների մասին հայաստանյան կառույցներից պաշտոնական պատասխան չստանալուց հետո գրավոր դիմեցինք նաև Միջպետական բանկի նախագահ Ի. Սուվորովին: Միջպետական բանկը հրաժարվեց պատասխանել մեր որեւէ հարցի: «Մեր կնքած պայմանագրում պայմաններ կան, որ պայմանագրում պարունակվող ինֆորմացիան գաղտնի է և երրորդ կողմին չի բացահայտվում,- ասաց բանկի՝ «Նաիրիտի» հետ կապված հարցերը համակարգող Ալեքսանդր Միխկովը և հրաժարվեց մեկնաբանել «Նաիրիտ գործարանին» վերաբերող որևէ հարց:-Ես չեմ ուզում որևէ մեկնաբանություն տալ, որ որևէ մեկին չնեղացնեմ»: Միջպետական բանկից բացի` «Նաիրիտ գործարանը» երկու անգամ դոլարային վարկ է վերցրել նաև «Հայբիզնեսբանկ»-ից` 11% և 12% դրույքաչափով, որի ժամկետը լրացել է 2011-ին և որից հետո տոկոսադրույքները փոփոխվել են` 24% և 26%: Ըստ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի 2011-ի հաշվետվության՝ Rhinoville Property Limited ընկերությունը Միջպետական բանկից ստացված վարկն ապահովելու նպատակով գրավադրել է «Նաիրիտ գործարանի» հիմնական միջոցները, որոնց հաշվեկշռային արժեքը 2011թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել են 45,4 մլրդ դրամ (112 մլն դոլար): Նույն հիմնական միջոցները, որպես հաջորդող գրավ, գրավադրվել են գործարանի` Միջպետական բանկից ստացված վարկն ապահովելու նպատակով: Ամենահետաքրքիրն այն է, որ Rhinoville Property Limited ընկերությունը Միջպետական բանկից ստացած վարկն ապահովելու նպատակով «Նաիրիտ գործարան»-ը Միջպետական բանկին տրամադրել է վարկային պայմանագրից բխող պարտավորությունների կատարման երաշխիք, ինչն արդեն հասկանալի է, քանի որ «Նաիրիտ գործարան»-ն արդեն իսկ դարձել է Rhinoville Property Limited-ի բաժնետերը: Գործարանի բաժնետերերն ու պարտատերերը արտադրության վերակառուցման և վերազինման` 2011-2019թթ. նոր ծրագրի կատարման համար հայտարարել են կառավարման օպերատորի ընտրության մրցույթ: Զարգացման ծրագրի իրականացման համար գործարանին անհրաժեշտ է 400-500 մլն ԱՄՆ դոլար: Ծրագրի իրականացման նպատակով 2012թ. ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության և ITERA International Energy L.L.C. միջև կնքվել է համագործակցության համաձայնագիր, համաձայն որի` կողմերը պետք է ջանքեր գործադրեն նշված ծրագրի արդյունավետ իրագործման համար, և այդ նպատակով համատեղ աշխատանքային խումբ է կազմվել: Ավելի քան 2 տարի է` այս տեղեկությունը շրջանառվում է, սակայն որևէ արդյունք մինչ օրս չի գրանցվել: Գործարանի աշխատողներին էլ ITERA-ի մասին պատմելով՝ ամեն անգամ տուն են ճանապարհում, երբ նրանք հերթական բողոքով և աշխատավարձի պահանջով գնում են գործարանի ղեկավարության մոտ, էներգետիկայի նախարարություն կամ էլ նախագահի նստավայր: Ոչ մի օպերատոր չի ուզում ստանձնել ապաշնորհ ղեկավարման արդյունքում «Նաիրիտի» մսխված գումարները վճարելու պարտավորությունը: Շարունակելի |