Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ ADMIN. Monday, February 11, 2013 23:29 - 6 քննարկում
ՀԱՅՏԱՐՈՒԹՅՈՒՆ` ՈՒՂՂՎԱԾ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻՆ ԵՎ ՀԱՅ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆԸ
Հարգելի Տիայրք, հարգելի ՀՀ Նախագահության թեկնածուներ,
այսօր, թե՛ հայ հասարակության ընկալումը, թե՛ ՀՀ Նախագահ դառնալու ձեր բոլորիդ բուռն մղումը, ևս մեկ անգամ ցուցեց այն պարզ ճշմարտությունը, որ ՀՀ նախագահական պաշտոնն առնվազն ենթադրում է անսահմանափակ իշխանության կարգավիճակ, որտեղ միմիայն նախագահ անհատից է կախված երկրում որեւէ փոքր կամ մեծ փոփոխության հնարավորություն։
Որեւէ թեկնածուի նախընտրական ծրագրում նույնիսկ ուրվագծորեն չի կանխագծված սահմանադրական եւ պետական կառավարման իրական համակարգային փոփոխություններ։ Ձեր օգնությամբ, մեր հասարակության մեջ նորից շրջանառության մեջ է` «լավ կամ վատ թագավոր», «լավ ու սին խոստումներ», «արեւմտյան» կամ «ռուսական» ազդեցության խաղացողներ ընկալումները։ Եվ սա այն դեպքում, երբ համաշխարհային պատմությունն արդեն վաղուց փաստել է, որ մեկ անհատի վրա կառուցված ուրևէ համակարգ, ըստ էության` ամենաթույլն է։ Ախր ինչո՞ւ եք ուզում դառանալ թագա… ՀՀ նախագահ։
1. Այսօր, Հայաստանի Հնարապետության հիմնական եւ ստրատեգիական նշանակության ողջ հարստության (էներգետիկայի արտադրություն և ռեսուրսներ, կապ, գազ, երկաթուղի, ջուր եւ այլն), մեծագույն մասը գտնվում է օտար կապիտալի ձեռքին, եւ հասարակությունը կամ Հայաստանի պետությունը` դրան հավասարակշռելու որեւէ լծակ չունի։ Եվ մոտ ապագայում ՀՀ պետական կառավարման ինստիտուտը և ՀՀ նախագահը` դառնալու են այս կապիտալի կատարածուները միայն։ Արդո՞ք, ձեր նախընտրական ծրագիրը շոշափում է այս կարեւոր ու հիմնարար իրողությունը։ Ո՛չ։
2. Այսօր բոլոր թեկնածուները խոսում են երկրում «ժողովրդավարություն» կառուցելու մասին, սակայն իրական ժողովրդավարական հասարակության ներդաշնակ գոյությունը հնարավոր է նրա անդամների իրավունքների հավասարությամբ, եւ այդ հասարակությունը կազմող դասերի ու սոցիալական խավերի շահերի պաշտպանությամբ, ինչը ենթադրում է պետության քաղաքականության մշակման գերագույն օրենսդիր ատյանում` Ազգային Ժողովում, այդ խավերի ներկայացչություն: Արդյո՞ք, ՀՀ Ազգային Ժողովն այսօր ներկայացնում է մեր հասարակության բազմաշերտ սոցիալական խավերի շահերը։ Երիցս` ո՛չ։ Թեկնածուներից որեւէ մեկի ծրագրում սահամադրական փոփոխությամբ ՀՀ Ազագյին Ժողովի հետ կապված համակարգային փոփոխություն նախատեսվո՞ւմ է. ո՛չ։
3. Թեկնածուներից որևէ մեկի ծրագրում արդո՞ք աշխատավոր ժողովրդի կամ արհմիությունների (Ատոմակայանի, տաքսիստների, ատամնաբույժերի ինքաբուխ շարժումներ) շահերի հետ կապված նախագծեր կան։ Կամ միթե՞ գործազուրկների իրավունքների մասին իրական նախագծեր ունեք դուք։
4. Դատական համակարգի (դատավորների ընտրության, ատենակալների ինստիտուտի) հետ կապված համակարգային փոփոխություն արդյո՞ք նախատեսված է ձեր նախընտրական ծրագրերում. ո՛չ։
5. Թեկնածուներից որեւէ մեկի ծրագրում ՀՀ Պետական կառավարման համակարգային փոփոխություն` բազամշերտ և բազմանկյուն կառույցների ստեղծում նախատեսվա՞ծ է. ո՛չ։
6. Ազգային գաղափարաբանության հետ կապված մատաղ սերնդի դաստիարակության ու կրթական համակարգի առումով` համակարգային իրական ծրագրեր ունե՞ք. ո՛չ։
7. Սփյուռքյան կառույցների, ինչպես նաեւ սփյուռքի երիտասարդության հայեցի դաստիարակման առումով, ՀՀ պետության կենտրոնամետ քաղաքականությունից բխող համակարգային կառույցների ստեղծման ծրագրեր ներկյացվա՞ծ են. ո՛չ։
Եվ ուրեմն, ինչի՞ մասին է ձեր նախընտրական քարոզարշավն ու ձեզ համար լեզվի վարժանք դարձած «ժողովրդավարություն» բառը։ Խոստումների՞։ ՀՀ հասարակությունն արդեն քսան տարի է ինչ լսում է նմանատիպ խոստումներ և հավատացեք հոգնել է «լավ թագավոր» պարտադրված հին խաղից։ Մեզ համակարգային փոփոխություներ են պետք, որտեղ ՀՀ նախագահական պաշտոնը չի լինի անսահմանափակ իշխանության ստատուս, քանի–որ նման համակարգը կառավարման ամենաթույլ կառույցն է` թե՛ արտաքին ուժերի հարվածներին դիմագրավելու առումով, եւ թե՛ հասարակության տնտեսա–քաղաքական բարեշրջման առումով։
Տնտեսական անելանելի վիճակում գտնվող ու արտագաղթից արյունաքամ եղած Հայաստանի Հանրապետության Նախագահի թեկնածուներ, ձեր այս բեմադրության համար միակ մահացու վտանգը կարող է լինել միմիայն ընտրատեղամասերի դատարկությունը։ Եվ ահա ես` որպես մեկ միավոր բազմավորներից, դիմում եմ հայ հասարակությանը, որ ձեզանից որևէ մեկին ձայն չտա, որ ընտրողները նույնիսկ չգնան ընտրատեղամաս, քանզի անհրաժեշտ է, որ դուք մտածեք այս ամենի մասին, վերակառուցվեք եւ վերակառուցեք ձեր մոտեցումները։ Իսկ հայ հասարակությանը կոչ եմ անում, որ ժողովուրդը պահանջի համակարգային փոփոխությունների ծրագրեր, և գոնե այս անգամ չխաղա «լավ թագավոր» հին ու տափակ խաղը, որն արդեն քսան տարի շարունակ պարտադրվում է։
ARTUR ARMIN
6 քննարկումներ
Anonymous