ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Friday, February 8, 2013 4:38 - 4 քննարկում

Հարություն Առաքելյանին հիշեցի՜ն… երբ նեղն ընկան:

2013-02-04 15:11:17

Համատարած բարոյալքման մթնոլորտում կարելի է սպասել ամեն ինչ: Մենք արդեն չենք զարմանում ցինիզմի դրսեւորումներից, չենք զարմանում բարոյալքումից, չենք զարմանում նորմալ մարդուն ոչ հարիր արարքներից:
Չենք զարմանում, բայց դա էլ նպաստում է բարոյական նորմերի հետագա անկմանը եւ մի իրավիճակը ստեղծմանը, որտեղ իրենց լավ են զգում նրանք, ովքեր երջանիկ են լինում բացառապես պղտոր եւ գարշահոտ ջրերում:
Իշխանությունների խիստ վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցներից մեկը ծավալուն հոդված է հրապարակել “Նոր մանրամասներ “Նաիրիտ”-ի թալանից վերնագրով”: Հրապարակել է` լավ է արել, բայց երբ վերնագրի ներքեւում հանդիպում ես ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի լուսանկարին, ակամա մտածում ես, որ հոդվածը լեցուն է լինելու ապացույցներով, որ Ռոբերտ Քոչարյանը, նրա կինն ու երեք երեխաները ղեկավարել եւ կազմակերպել են “Նաիրիտ”-ի թալանը: Իսկ ահա երբ ընթերցում ես նյութը, պարզվում է, որ այն մի անանուն ընթերցող նամակ է, որը պատմում է բազմաչարչար “Նաիրիտ”-ի թալանի մասին: Այն, որ “Նաիրիտը” թալանվել է, գիտեն գրեթե բոլորը: Ավելին, ՀՌԱԿ ատենապետ Հարություն Առաքելյանի բազմաթիվ հրապարակումները բացեցին շատերի աչքերը եւ գրեթե բոլորը հասկացան, որ այդ ամենի հետ բավական սերտորեն կապված է վարչապետ Տիգրան Սարգսյանը: Մենք նաեւ իմացանք, որ Տիգրան Սարգսյանի եղբայրը կոմերցիոն հարցերով փոխտնօրենն է: Հարություն Առաքելյանը Տիգրան Սարգսյանին նաեւ բազմաթիվ հարցեր է ուղղել, որոնք մնացել են անպատասխան:
Եւ այս պարագայում վերոհիշյալ լրատվամիջոցի վարքագիծը լուրջ մտահոգություններ է պատճառում: Հրապարակման մեջ նամակագիրը կարծիք է հայտնում, թե չի կարծում, որ առանց Ռոբերտ Քոչարյանի գործուն մասնակցության գործարանը կվաճառվեր: Մի՞թե անանուն նամակագրի գրած մի նախադասությունը բավարար է Քոչարյանի ընտանիքի լուսանկարը նման վերնագրի տակ զետեղելու համար: Մի՞թե խնդիր է դրված Հայաստանից իսպառ բնաջնջել բարոյականությունը: Անկախ նրանից, թե ինչպես ենք վերաբերվում այս կամ այն գործչին, չի կարելի նման էժանագին արարքի դիմել:
Ստորությունը չի կարելի արմատավորել լրագրությունում: Եւ եթե չենք ուզում, որ Հայաստանում լրագրությունը մեռնի, ապա չի կարելի այս ամենի նկատմամբ անտարբեր լինել:
Վերադառնալով “Նաիրիտ”-ի խնդրին, ընդամենը մեկ մեջբերում Տիգրան Սարգսյանին ուղղված Հարություն Առաքելյանի նամակից. “Հաջորդ «ֆաքսով» դեռ կանդրադառնամ գործարանի ուռճացված աշխատավարձի ֆոնդին եւ ՀՀ Նախագահից մի քանի անգամ բարձր աշխատավարձ ստացող ձեր փոխտնօրեն եղբոր ու նրա «շրջապատի» գործունեությանը:
Իսկ այժմ մեկ անգամ ևս հորդորում եմ առավել լուրջ նախապատրաստվել «հարցաքննությանը»:
Առայժմ այսքանը բազմաչարչար “Նաիրիտ”-ի մասին:
Դավիթ Վարդանյան



4 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Hakob
Feb 8, 2013 6:08