Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ ADMIN. Wednesday, February 6, 2013 10:20 - 4 քննարկում
Ենգիբարյանը մնաց Հայրիկյանի “ստվերում”, իսկ Աբաջյանը՝ «Դեդ Հասան»-ի:
19:19 – 04.02.2013
Օրեր առաջ ռուսաստանյան հեռուստաալիքներից մեկով տեսա լեգենդար բռնցքամարտիկ, օլիմպիական չեմպիոն Վլադիմիր Ենգիբարյանի մահվան մասին ռեպորտաժ: Հետաքրքությունս ստիպեց հետևել հայկական հեռուստաալիքներին: Նպատակս մեկն էր՝ համեմատությունը:
Սկսվեց լուրերի հերթական թողարկումը: Գլխավոր թեմա՝ Պարույր Հայրիկյանի մահափորձի նոր մանրամասներ, հաջորդիվ՝ Հայրիկյանին այցելեց սա, նա, մյուսը… Հայրիկյանը ինքնուրույն քայլեց: Հայրիկյանը խոսեց հավաքվածների հետ… Այդ ամենը՝ առանձին ռեպորտաժներով, ամբողջ օրվա ընթացում պտտվում էր էկրաններին:
«Դե, երեևի մարզական բաժնում ցույց կտան»,- համոզում էի ինքս ինձ, որ ամեն ինչ կորած չէ:
Մեկ մարզական հաղորդագրություն. «2013թ. փետրվարի 1-ի առավոտյան Լոս Անջելեսում 81 տարեկանում մահացել է Մելբուրնի Օլիմպիական խաղերի չեմպիոն, Եվրոպայի եռակի եւ ԽՍՀՄ բազմակի չեմպիոն Վլադիմիր Նիկոլայի Ենգիբարյանը: Լեգենդար բռնցքամարտիկը ծնվել էր 1932թ. ապրիլի 24-ին Երեւանում: 1959թ. հիմնադրել է Երեւանի պատանի բռնցքամարտիկների հանրապետական դպրոցը, որի անփոփոխ տնօրենն էր մինչեւ 1995-ը, երբ բնակության տեղափոխվեց ԱՄՆ:
Վլադիմիր Ենգիբարյանը արժանացել է ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետի կոչման, մարզաձեւի միջազգային ֆեդերացիայի անդամի, ԽՍՀՄ Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի, ՀՀ վաստակավոր մարզչի եւ վաստակավոր գործչի, ՀԱՕԿ-ի ոսկե շքանշանի»:
Այդ ինչպե՞ս եղավ, որ Պարույր Հայրիկյանի այցելուներին ներկա-բացակա անելն ավելի կարևոր է, քան օլիմպիական չեմպիոնի մասին ռեպորտաժ պատրաստելը: Ի՞նչ է սա՝ անտարբերություն, անուշադրություն, արժանին գնահատելու ունակության բացակայություն, թե՞ պարզապես վատ հեռուստատեսություն:
Նույնն էլ եղավ Հայաստանի վաստակավոր արտիստ, ասմունքող, դերասան Վլադիմիր Աբաջյանի մահվան լուրի հետ: ԶԼՄ-ները և հեռուստատեսությունը այդ ժամանակ ողողված էին քրեական հեղինակություն Դեդ Հասանի մահվան լուրերով՝ «Սպանվեց Դեդ Հասանը», «Ով էր պատվիրել Հասանի մահը», «Ով կլինի գահին Դեդից հետո», «Ինչ կլինի քրեական աշխարհի հետ» և նմանատիպ տասնյակ հոդվածներ և ռեպորտաժներ, անգամ` հատուկ թողարկումներ, հետաքննություններ: Աբաջյանի մասին խոսվեց` չխոսվելու չափ:
Ասում են` ինֆորմացիան «կերակուր» է, եթե այդպես է, ուրեմն մեր երկրում մարդիկ վաղուց տառապում են «ստամոքսի խանգարումից»: Այս ամենի ելքն էլ նման է Մալևիչի հանրահայտ «Սև քառակուսու» սպիտակ կետին, որը գտնելն այնքան դժվար է, որքան դժվար է ընկալել նկարի միտքը:
Շուշանիկ Հակոբյան
Մոսկվա
4 քննարկումներ
С.С.