ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ ADMIN. Monday, February 4, 2013 6:37 - 9 քննարկում
New Wave-ի հիմնադիր եւ գլխավոր տնօրեն Արա Ղազարյանը փակեց Հայ Հեղափոխական Դաշնակցության Արեւմտյան Ամերիկայի Կենտրոնական կոմիտեի «Հորիզոն»-ը:
«Հորիզոն»-ը փակման վտանգի տակ է
Փետրվարի 1-ին եւ 2-ին Charter Communications-ի կաբելային կայանի Գլենդեյլի գրասենյակի առջեւ «Փրկենք Հորիզոնը» կարգախոսով ցույց էին կազմակերպել «Հորիզոն» հայկական հեռուստաընկերության հարյուրավոր հեռուստադիտողները՝ բողոքելով ընկերության որոշման դեմ՝ ըստ որի՝ փետրվարի 19-ին դադարեցվում է «Հորիզոն» հեռուստաընկերության հեռարձակումը: Հիշեցնենք, որ «Հորիզոն» հեռուստակայանը հիմնադրել է Հայ Հեղափոխական Դաշնակցության Արեւմտյան Ամերիկայի Կենտրոնական կոմիտեն 1989 թվականին:
«Հորիզոն» հեռուստաընկերությունը տասնչորս տարի է՝ համագործակցում է Charter Communication-ի կաբելային կայանի հետ: Հեռարձակման դադարեցման հայտարարությունը անսպասելի էր, քանի որ դրա հիմնավոր պատճառներ չկային: Մեկ ամիս առաջ տարեկան պայմանագիրը վերանայվել էր եւ ժամանակին կատարվել էին բոլոր վճարումները:
Առանց «Հորիզոն»-ի հետ վերջնական համաձայնության հասնելու՝ Charter Communication-ն իր բոլոր բաժանորդներին ուղարկված ամսեվճարի նամակում տեղեկացրել է, որ փետրվարի 19-ից դադարեցնում է «Հորիզոն»-ի հեռարձակումը, փոխարենը նույն օրվանից եթեր է մտնելու New Wave՝ «Նոր Ալիք» հայկական հեռուստաալիքը:
Բողոքի ցույցի մասնակիցները «Հորիզոն»-ի հեռարձակման քսան տարիների ընթացքում ձեւավորված հեռուստալսարանն է:Հեռուստադիտողները մի քանի շաբաթ շարունակ զանգահարում էին Charter Communication-ի Գլենդեյլի գրասենյակ եւ բացատրություն պահանջում: Նրանց մի մասը հայտարարում էր, որ կդադարեցնի բաժանորդագրությունը այն օրից, երբ կդադարեցվի «Հորիզոն»-ի հեռարձակումը:
Որոշումը կանխելու եւ «Հորիզոն»-ը պահպանելու միջոցներից մեկը դարձավ հեռուստադիտողներիառցանց
ստորագրությունները: Երեք հազար ստորագրությունների փաթեթը ցույցի օրը հանձնվեց Charter Communications-ի տնօրինությանը: Սակայն այդ ընկերության գրասենյակից ոչ ոք չցանկացավ խոսել ցուցարարների հետ, իսկ նկարահանումները գրասենյակի ներսում արգելվեցին:
Charter Communications-ը ԱՄՆ մեծությամբ չորրորդ խոշորագույն օպերատորն է (հեռուստատեսության, ինտերնետի եւ հեռախոսակապի): Սփռման տարածքի բնակչության զգալի մասը հայեր են. Գլենդեյլում եւ Լա Քրեսենթայում հայ բնակչությունը կազմում է 40%, Բրբանկում՝ 35%: Charter Communications-ը գումար է գանձում ոչ միայն հեռուստաընկերություններից, այլեւ հեռուստադիտողներից, այսինքն՝ եւ՛ հեռարձակման, եւ՛ ցուցադրման համար:
Գլենդեյլում, Լա Քրասենթայում, Բրբանկում կաբելային այլ ծառայություն չկա, մենաշնորհը Charter Communications-ինն է, որն էլ կամայկական որոշումների հնարավորություն է ստեղծում:
1791 թվականից Միացյալ Նահանգների սահմանադրությունում վավերացված Իրավունքի օրինագծի (Bill of Rights) համաձայն՝ մամուլի, խոսքի եւ արտահայտման ազատությունը սահմանափակող որոշումները անընդունելի են: Charter Communications-ի որոշումը շատերի կարծիքով՝ այս օրինագծի խախտում է, որը դիտարկվում է նաեւ որպես հայկական համայնքի ձայնը լռեցնելու ու սահմանափակելու փորձ (ինչպես նշեցինք, դա տեղի է ունենում մի քաղաքում, որի բնակչության գրեթե կեսը հայեր են):
«Հորիզոն»-ի եթերազրկման մեկ այլ վարկած էլ կա, որի հիմքում գովազդային եւ տնտեսական շահերն են: «Հորիզոն»-ի վերանայված պայմանագրով՝ այս տարի 20%-ով ավելացել է հեռուստաընկերության ամսավճարը: Թանկացումը անմիջական ազդեցություն պետք է ունենա ոչ միայն հեռուստաընկերության, այլեւ գովազդատուների ֆինանսական վիճակի վրա:
ԱՄՆ-ում բնակվող որոշ հայերի կարծիքով՝ սա հայ համայնքը վերահսկելու մի ձեւ է: Քաղաքային իշխանությունները, հայերի բնակչության քանակը նկատի ունենալով, թերեւս, որոշակի թելադրող ուժ են նկատում եւ զգուշանում: Իսկ ոմանք էլ նկատում են, որ հայ համայնաքը համախմբված չէ իր ուժն օգտագործելու համար:
«Հորիզոն»-ի համայնքային աշխատանքային հանձնախմբի տարածած հայտարարության մեջ կոչ է արվում համայնքի կազմակերպություններին, ղեկավարներին եւ գործարար շրջանակին միասնական արտահայտելու բողոքը ու զայրույթը կամայական ուժի կիրառման դեմ, որը կենսունակ համայնքի ձայնը լռեցնելու նպատակն ունի:
Ում էլ ձեռնտու լինի «Հորիզոն»-ի փակումը, պետք չէ հանդուրժել ստեղծագործ խմբի եւ տարիների փորձ ունեցող հեռուստակայանի աշխատանքի պարտադրված դադարեցումը:
«Հորիզոն»-ի համայնքային «Փրկենք Հորիզոնը» խումբը գործը հանձնել է իրավաբաններին, որոնք հարցի լուծումը տեսնում են օրինական դաշտում: Շարունակվում է նաեւ առցանց ստորագրահավաքը: Եւս մեկ բողոքի ցույց է նախատեսված փետրվարի 8-ին՝ Charter Communications-ի տարածաշրջանային գլխավոր գրասենյակի առջեւ՝ Ըրվինդեյլում:
Այս օրերին համայնքի կազմակերպությունները դեպքերի զարգացումներին կասկածանքով եւ զգուշությամբ են հետեւում, անտարբերների եւ դարանակալ դիտողների մի մեծ զանգված կա: Սպասելի էր, որ այս որոշմանը «Հորիզոն»-ից բացի պետք է արձագանքեին նաեւ Charter Communication-ի հետ համագործակցող ութ հայկական հեռուստաընկերությունները: Առողջ մոտեցում կհամարվեր նույն կարգավիճակում աշխատող իրենց գործընկերոջ նկատմամբ անարդարացի վերաբերմունքի պարզաբանումը:
Սակայն առաջնային դարձան ոչ ազնիվ մրցակցությունը, հաճախորդ գրավելու ագահությունը, հեռուստատեսությունը որպես բիզնես ընկալելու մտայնությունը: Հեռուստաընկերությունները համայնքում աշխատում են ծանուցումներից ստացված գումարների շնորհիվ: Եվ երբ մեկ մրցակից է պակասում, համայնքի հայկական հեռուստաընկերություններից մի քանիսը շտապում են հաղթանակ տոնել:
Զուգադիպություն է, թե ոչ, բայց արդեն մի քանի շաբաթ է, ինչ USArmenia-ն զբաղված է փետրվարի 23-ին կայանալիք տոնակատարությանը պատրաստվելով: Անգամ չի էլ հայտատարվում, թե ինչ է տոնում այդ հեռուստաընկերությունը:
Մեկ տհաճ զուգադիպություն եւս: Փետրվարի 19-ին, ընդհատելով «Հորիզոն»-ի եթերը եւ նույն օրը New Wave հեռուստաընկերության մեկնարկը հայտատարելով, Charter Communications-ը ոչ միանշանակ ենթադրությունների առիթ է տալիս՝ հակադիր դաշտերում տեղավորելով երկու հեռուստաընկերություն՝ մեկին փակելու պարտադրանք, մյուսին՝ արտոնված եթեր:
New Wave-ի հիմնադիր եւ գլխավոր տնօրեն Արա Ղազարյանը հայտնում է, որ իրենք ամիսներ առաջ օրենքի սահմաններում դիմել եւ ստացել են ալիք բացելու հնարավորություն, իսկ «Հորիզոն»-ի փակման մասին տեղեկացել են մի քանի օր առաջ բոլորի հետ միասին: Նա խնդրեց (կամ պահանջեց), որ իր անունը ստվերելու փորձեր չարվեն, հավաստիացրեց, որ նման դրսեւորումները անպատասխան չեն մնա:
Կարծում եմ՝ Charter Communications-ը արդեն իսկ այդ փորձն արել է՝ «Հորիզոն»-ի փակման լուրը կապելով նորաստեղծ հեռուստակայանի աշխատանքի մեկնարկի հետ:
Անի Թադեւոսյան , Լոս Անջելես
9 քննարկումներ
С.С.