ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Monday, January 14, 2013 5:28 - չքննարկված

Կփրկի՞ արդյոք Սերժի տված մեդալը վարչապետին բանտախցից…

«Նաիրիտ գործարանի» «դեգերումները» օֆշորում և Ռուսաստանում

15:50, 14 հունվարի, 2013
Քրիստինե Աղալարյան
Էդիկ Բաղդասարյան 
Որքա՞ն փող են աշխատել հայ եւ ռուս պաշտոնյաները «Նաիրիտից»2006 թվականի օգոստոսին «Ռայնովիլ փրոփերթի լիմիթիդ» (Rhinoville Property Limited) ընկերությունը «Հայգազարդ»-ից գնեց «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի 90 տոկոս բաժնեմասը` 40 մլն դոլար ընդհանուր արժեքով: Մնացյալ 10 տոկոս բաժնեմասը ցայսօր տնօրինում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` ի դեմս էներգետիկայի և բնական պաշարների նախարարության: Սակայն Rhinoville Property Limited ընկերությունը գումար չի ներդրել գնումն իրականացնելու համար, այլ գրավադրել է գործարանը Միջպետական բանկում: Ընկերությունը 70 մլն դոլար վարկ է վերցրել և նույն բանկին հանձնել բաժնետոմսերից բխող՝ գործարանի կառավարման իրավունքը:

Rhinoville Property Limited-ը «Նաիրիտի» համար վճարել է ստացած 70 մլն դոլարից 39 մլն-ը, իսկ 1 մլն դոլարը հաշվարկվել է որպես գործարանի հաշվետու տարվա պակասորդ: Մնացյալ 31 մլն դոլարի ճակատագիրն առ այսօր անհայտ է, սակայն դրան մենք կանդրադառնանք ավելի ուշ:

Rhinoville Property Limited-ի հետ կառավարության կնքած պայմանագրի համաձայն (ստորագրել են հանգուցյալ վարչապետ Ա. Մարգարյանը և էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ա. Մովսիսյանը)` ընկերությունը «Նաիրիտ գործարանում» պետք է ներդներ 120 մլն դոլար: Ներդրման առաջին մասը` 60 մլն դոլարը, ընկերությունը պետք է կատարեր մինչև 2009թ. հունվարը և արտադրանքի ծավալը հասցներ ամսական 2500 տոննայի, իսկ մինչև 2012-ի հունվարի 1-ը պետք է ներդներ մնացյալ 60 մլն դոլարը: Եթե մինչև 2009թ. hունվարի 1-ը արտադրանքի քանակը չէր դառնում 2500 տոննա, և ներդրումների քանակն այդ ծավալով չէր կատարվում, ապա կառավարությունը արված ներդրումների տարբերության չափով հետ էր վերցնում «Ռայնովիլ փրոփերթի լիմիթիդ»-ից գործարանի բաժնետոմսերը:

Գործարքը կատարվել է ՀՀ կառավարության համաձայնությամբ, քանզի դեռ չգնված գործարանը չէր կարող գրավադրվել` առանց ՀՀ կառավարության` իր բաժնետոմսի մասով համաձայնության: Ակնհայտ է, որ Հայաստանի կառավարությունը, մասնավորապես՝ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ա. Մովսիսյանը և վարչապետ Տիգրան Սարգսյանը, այս գործարքի մանրամասներին տեղյակ են, քանի որ Միջպետական բանկի ռոտացիոն կարգով ղեկավարը 2006-ին ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանն էր, հետևաբար, գործարքն անցել է նաև նրա ձեռքի տակով:

Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանին ուղղված` Rhinoville Property Limited ընկերության, բաժնետերերի և ստանձնած պարտավորությունների կատարման մասին մեր գրավոր հարցադրումներին այդպես էլ պատասխան չենք ստանում, հարցազրույց տալ նախարարը չի ցանկանում և համառորեն լռում է:

Հայ պաշտոնյաները «Նաիրիտ գործարանի» «վերականգնման» պատմության հետքերը թաքցնելու մասին ավելի շատ էին մտածում, քան գորածարանը աշխատացնելու: Նրանք նույնիսկ կառավարության կայքից և տարբեր պաշտոնական շտեմարաններից հանել են «Նաիրիտի» վաճառքի մասին կառավարության օգոստոսի 18-ի N 1131-Ա որոշումը: Տասնյակ օֆշորային ընկերություններ, իրավաբաններ, միջնորդներ, հսկայական գումարներ՝ և ոչ մի պաշտոնական ինֆորմացիա այդ ամենի մասին: Էներգետիկայի նախարարությունը մեր գրավոր նամակների էական հարցադրումներին չպատասխանեց, ֆինանսների նախարարությունը տեղեկությունները տրամադրեց մասամբ` պատճառաբանելով, թե մնացյալ տեղեկություններն առևտրային գաղտնիք են պարունակում: «Նաիրիտ գործարանի» ներկայիս տնօրեն Հովհաննես Հախինյանը հրաժարվեց հարցազրույց տալ: Հարցազրույցից հրաժարվեց նաև գործարանի նախկին տնօրեն Վահան Մելքոնյանը` պատճառաբանելով, թե մեր նախորդ հրապարակումները 10% ճշմարտությանը համապատասխանող փաստեր չեն պարունակել, հետևաբար մեր լրատվամիջոցը վստահություն չի ներշնչում իրեն:

«Երբ ՀՀ իշխանությունները կգտնեն նպատակահարմար, որ մեր միջազգային կազմակերպությունը (նկատի ունի Միջպետական բանկը, որի հայաստանյան ներկայացուցիչը ներկայումս ինքն է – հեղ.) պաշտոնապես հերքի այդ բոլորը, այդ ժամանակ մենք կհերքենք»,- մեզ հետ հեռախոսազրույցում ասաց Վահան Մելքոնյանը:

Ինչպե՞ս հայտնվեց Rhinoville Property Limited ընկերությունը

2011թ. ամռանը, երբ նախարար Մովսիսյանը ասուլիս էր տալիս, լրագրողները հետաքրքրվեցին, թե Rhinoville Property Limited ընկերության բաժնետերերի ցանկում արդյոք հայ պաշտոնյաներ կա՞ն: Ա. Մովսիսյանը հավաստիացրեց, որ որևէ հայ պաշտոնյա չկա ընկերության սեփականատերերի ցանկումՆա նաև հավաստիացրեց, որ «Նաիրիտի» սեփականատեր «Ռայնովիլ փրոփերթի լիմիթիդ»-ի սեփականատերերի ցանկում չէ նաև ՀՀ վարչապետը, ոչ էլ նրա եղբայրը:

«Հայաստանից որևիցե պետական այր, որևիցե Հայաստանի քաղաքացի «Ռայնովիլի» սեփականատերերի ցանկում չկա և չեն էլ կարող լինել»,- նշեց նախարարը: Նախարար Մովսիսյանը հավելեց, սակայն, որ «Ռայնովիլի» հիմնադիրները եղել են 3 եվրոպական ընկերություններ, որոնք ժամանակի ընթացքում փոփոխվել են: «Անունները հիմա տենց չեմ կարող ասել»,- խուսափեց պատասխանել Ա. Մովսիսյանը:

Արմեն Մովսիսյանն իրականում քաջ գիտի, թե ովքեր են Rhinoville Property Limited ընկերության հիմնադիրները կամ բաժնետերերը, քանի որ ամբողջ գործարքը կատարվել է իր գիտությամբ ու անմիջական մասնակցությամբ: Իր խոսքի առաջին մասում նա  ճշմարտությունն է հայտնել, փաստացի որևէ հայ պաշտոնյայի անուն Rhinoville Property Limited ընկերությունում չի երևում, իսկ եվրոպական ընկերությունների մասին նրա հավաստիացումները ճշմարտությանը չեն համապատասխանում: Հիմա կպարզենք` ինչու: Ըստ ամենայնի, նախարարը դա ասաց լրագրողներին մոլորեցնելու համար:

Rhinoville Property Limited ընկերությունը գրանցվել է 2002-ի դեկտեմբերի 6-ին (գրանցման վերջին հասցեն է 60 Cannon Street, London, EC4N 6NP), սակայն առևտրային գործունեություն չի իրականացրել մինչև 2006թ. օգոստոսը, այսինքն` մինչ «Նաիրիտ գործարանի» ձեռք բերումը: Եվ այս անհայտ, քիմիական արդյունաբերության ոլորտում որևէ կենսագրություն չունեցող ընկերությանը ՀՀ կառավարությունը վստահել է հայկական քիմիական հսկայի ճակատագիրը: Տարօրինակ է, չէ՞: Պարզ հարց է առաջանում` նախարար Մովսիսյանն ի՞նչ շահ պետք է ունենար, որ «Նաիրիտը» վաճառեր անհայտ ծագման օֆշորային մի ընկերության:

«Նաիրիտ գործարանը» դարձել է Rhinoville Property Limited-ի բաժնետեր

Rhinoville Property Limited-ի հիմնադիրը և միակ բաժնետերն է եղել բրիտանական Վիրջինյան կղզիներում գրանցված IMEX Executive LTD ընկերության: Սակայն 2006-ի ամռանը բաժնետերերի և տնօրենների փոփոխություն է տեղի ունեցել, և 2006-ի ավարտին Rhinoville Property Limited-ի բաժնետեր են դարձել օֆշորային երկու այլ ընկերություններ` «Դրեյթոն ֆայնընս» ՍՊԸ-ն (Drayton Finance LTD)` 810 բաժնետոմսով և «Լաթերոն փրոփերթիս» ՍՊԸ-ն (Latheron Properies LTD)` 190 բաժնետոմսով: 

Հիմա անդրադառնանք Rhinoville Property Limited ընկերության բաժնետերերին` առանձին-առանձին: 

Drayton Finance LTD-ի հիմնադիրը նույն«Ռայնովիլ փրոփերթի լիմիթիդ»-ի հիմնադիրն է` IMEX Executive LTD-ն: Rhinoville Property Limited-ի 2006թ. ֆինանսական հաշվետվության մեջ, որը ձեռք ենք բերել բրիտանական պաշտոնական աղբյուրից, մի հիշարժան տող կա. այն է` Rhinoville Property Limited ընկերության մայր  ընկերություն է Drayton Finance LTD-ն, որտեղ վերահսկող կողմը Ս. Կուլիկովն է՝  ընկերության թողարկած բաժնետոմսերի կապիտալում շահագրգռվածություն (մասնաբաժին) ունենալու շնորհիվ: Սերգեյ Կուլիկովը «Նաիրիտ գործարանի» վաճառքի ժամանակ զբաղեցնում էր Միջպետական բանկի տնօրենի տեղակալի պաշտոնը: Ռուսական մամուլը նրա մասին գրելիս հիշեցնում է, որ վերջինս օֆշորում գրանցված բազմաթիվ ընկերությունների միջոցով Միջպետական բանկից իր` ՌԴ-ում գործող ընկերությունների համար վարկեր է վերցրել, հետո այդ ընկերությունները սնանկ են ճանաչվել և անցել Միջպետական բանկին: Ավելի ուշ ՌԴ դատախազությունը քրեական գործ է հարուցել նրա նկատմամբ: Այժմ Կուլիկովը միջպետական բանկում չի աշխատում  (Սերգեյ Կուլիկովին և նրա ընտանիքի անդամներին դեռ կհանդիպենք «Նաիրիտ գործարանի» մասին մեր մյուս հրապարակումներում): 

2007թ. ֆինանսական տարվա հաշվետվության մեջ (ներկայացվել է 2009-ին) նշվում է, որ 2008-ի նոյեմբերի 30-ին մայր ընկերության վերահսկող կողմը դարձել է ֆրանսահայ Էրիկ Նարսիսյանը, քանի որ Կուլիկովն իր շահաբաժինը Drayton Finance LTD ընկերությունում փոխանցել է նրան: Էրիկ Նարսիսյանն արդեն հինգ տարի է՝ «Ռայնովիլ փրոփերթի լիմիթիդ» ընկերության տնօրեններից մեկն է, ով հոր՝ Անդրե Նարսիսյանի մահվանից հետո ստանձնել է տնօրենի պաշտոնը:

Latheron Properties LTD-ն նույնպես հիմնադրել է նույն IMEX Executive-ը, սակայն 2008-ի նոյեմբերին բաժնետեր է դարձել «Նաիրիտ» ՓԲԸ-ն: «Նաիրիտ» ՓԲԸ, ըստ «Նաիրիտ գործարանի» հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի ծառայության պետ Անուշ Հարությունյանի, չկա և չի էլ եղել: Սակայն ռուսական աղբյուրներում կա «Նաիրիտ» ՓԲԸ (ЗАО Наирит), և որպես համակարգող նշված է Վարդուհի Մաթևոսյանի անունը, ով գործարանի իրացման դեպարտամենտի առևտրային գործակալն է: «Հետքի» հետ զրույցում վերջինս ասաց, որ «Նաիրիտ» ՓԲԸ-ն նույն «Նաիրիտ գործարանն» է, և ինքն այլ «Նաիրիտ» ՓԲԸ-ի հետ առնչություն չի ունեցել: 

Ըստ մեր ձեռքի տակ եղած պաշտոնական փաստաթղթերի` 2012թ. հունվարի 1-ի դրությամբ «Ռայնովիլ փրոփերթի լիմիթիդ»-ի բաժնետերերը վերոնշյալ երկու ընկերություններն են՝ Drayton Finance Limited ևLatheron Properties Limited: Իսկ Drayton Finance Limited-ի և Latheron Properties Limited-ի միակ բաժնետերը «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ն է: 

Ստացվում է, որ «Նաիրիտ գործարանը» իր 90 տոկոսի բաժնետերն է, հետևաբար նաև Rhinoville Property Limited-ի վարկային պարտավորությունների պատասխանատուն:

Շարունակելի

Լուսանկարում նախարար Արմեն Մովսիսյանն է



Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ