– Շնորհակալ եմ Ձեզ այս հարցով ինձ դիմելու համար, որովհետև շատ կարճ, բայց հետաքրքիր պատասխան է, որի մեջ խտացված են Հայաստանին բնորոշ քաղաքական, մշակութաբանական, մենթալիտետային առանձնահատկությունները: Եվ այս պատասխանը կարիք չէր ունենա քննարկել, եթե այն բնորոշ չլիներ մյուս քաղաքական գործիչներին նույնպես:
Հայաստանում քաղաքական գործընթացներն ընթանում են հանրությունից ծածուկ, վարագույրների հետեւում, որի ընթացքում լինում են ստվերային պայմանավորվածություններ: Հաշվի առնելով պարոն Հայրիկյանի քաղաքական ստաժը, հասկանալի է, որ այդ տարիքում դժվար է փոխել պահվածքը և մտածողությունը, սակայն մեզ պետք է նոր մտածողություն, եւ դրա հիմնական մեխը պետք է լինի քաղաքական գործընթացների թափանցիկությունը: Անդրիաս Ղուկասյանը թեկնածուներին հրապարակային կոչ է ուղղել և սպասում է հրապարակային պատասխանի: Կրկնում եմ, նոր մտածողության մեխը որոշումների ընդունման թափանցիկությունը պետք է լինի:
Երկրորդ բնորոշիչ միտքն այն է, որ խոսք է գնում «բարոյական իրավունքի» մասին: Դեպի «ազատ Հայաստան» գնալու կոչ անող մարդը պետք է հասկանա, որ ազատ երկրներում բոլոր մարդկանց իրավունքները հավասար են, և եթե ապացուցված չէ որևէ մեկի անբարոյականությունը, ապա բոլորը միմյանց հավասար են, նաև բարոյական առումով: Այստեղ պարոն Հայրիկյանը և մյուս քաղաքական, հասարակական գործիչները պետք է հասկանան, որ Հայաստանի հիմնական դժբաժտությունների պատճառներից մեկը հենց «անհավասարության» սկզբունքն է:
Ես ինձ բարոյական իրավունք եմ վերապահում բոլոր թեկնածուներին կոչ անել, որ իրենց խոսքերում լինեն կոռեկտ և կոնկրետ, լինեն պատրաստ, որ բոլոր քաղաքական գործընթացները լինելու են հրապարակային: