ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Monday, December 31, 2012 2:55 - 4 քննարկում

Սերժ Սարգսյանը ունենալու է կամ Պապ թագավորի, կամ էլ Կերենսկու ճակատագիրը

«Եթե ամեն ինչ այսպես գնաց՝ առանց ֆորսմաժորների, Հանրապետականների որոշումներում ոչինչ չի փոխվելու, ավելին՝ վարչապետն էլ չի փոխվելու:»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասաց «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը՝ խոսելով ներքաղաքական զարգացումների մասին:

Մեր այն դիտարկմանը, որ քաղաքականության մեջ հաղթում է ճիշտ շախմատ խաղացողը, Արամ Կարապետյանը կարծիք հայտնեց, որ դա չի նշանակում, թե այս փուլում քաղաքականության մեջ ամենալավ շախմատային պարտիան Սերժ Սարգսյանը խաղաց, քանի որ վերարտադրությունը դեռ չի նշանակում ռեալ քաղաքականության մեջ հաղթել:

«Դուք նկատե՞լ եք շախմատում այն խաղաձևը, երբ մարդն ինքն իր հետ շախմատ է խաղում և ինքն իրեն է հաղթում: Սերժ Սարգսյանը եկել, հասել է շախմատային այն իրավիճակին, երբ ինքն իր հետ է շախմատ խաղում, իսկ ավելի ճիշտ ինքը հիմա հաղթում է սեփական ժողովրդին և երկրին: Որովհետև այն ինչ հիմա ինքը անում է, և մարդկանց մոտ էլ թվացյալ տպավորություն է ստեղծվում, թե ինքը հաղթում է, ռեալ մտածելու դեպքում յուրաքանչյուրը կհասկանա, թե ինքը ում և ինչում է հաղթում: ՀՀԿ նախագահն անգամ իր կուսակցության ներսում չի կարողանում մականունավորներին կարգի հրավիրել: Իսկ ի՞նչ է անում Սերժ Սարգսյանը, բացի շախմատային վերարտադրությունից»,- հարց ուղղեց Արամ Կարապետյանը:

Նրա խոսքով՝ այդ վերարտադրությունը օգուտ է բերում միայն իրեն ու իր շրջապատին, այլ ոչ՝ երկրին ու ժողովրդին: Արամ Կարապետյանը խորհուրդ է տալիս Սերժ Սարգսյանին՝ կարդալ Կերենսկու կենսագրությունը, քանի որ ինքը հիմա շատ նման է փետրվարյան հեղափոխությունից հետո ժամանակավոր կառավարության վարչապետ Կերենսկուն, ով հրաշալի կրթություն ստացած իրավաբան էր, շատ էր սիրում ճառեր ասել, իսկ կողքինները նստած՝ հորանջում էին: Եվ նույն Կերենսկին էր, որ վերջում ստիպված եղավ փախչել երկրից, երբ եկան բոլշևիկները: Արամ Կարապետյանի կարծիքով՝ քաղաքականության տենդենցները միշտ էլ կրկնվում են:

«Ինտեգրումների առումով Սերժ Սարգսյանը նման է նաև Պապ թագավորին: Հռոմեացիք բերեցին՝ պարսիկների դեմ կռվեց, Շապուհ Երկրորդի հետ միացավ՝ հռոմեացիների դեմ կռվեց, հեթանոսությունը հետ բերեց, խառնես սաղ իրար, քաոսի վերածեց, վերջում հռոմեացին նրան սրախողխող արեց, վերացրեց խեղճ մարդուն: Հիմա նույն քաոսը Սերժ Սարգսյանն է ստեղծել, համ ամերիկացիներին ա ասել՝ հա, համ եվրոպացիներին ա ասել՝ հա, երկրի էլիտային ու գործարարներին ասել ա՝ հա, մականունավորներին ասել ա՝ հա, ԱԱԾ-ն ու ոստիկանությանն ասել ա՝ հա, անգամ ընդդիմության մի հատվածին ա ասել՝ հա, միայն թե վերարտադրվի»,- եզրափակեց Արամ Կարապետյանը:

 

Մելանյա Մելքումյան



4 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Լիպարիտ
Dec 31, 2012 3:07