ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Tuesday, December 18, 2012 6:11 - 1 քննարկում

«ՀԵՏՔ»-ը ապացուցում է Հարություն Առաքելյանի բացահայտումները՝ վարչապետ Տիգրան Սարգսյանը և իր թիմակիցները գանձագողեր են…

Փողերի լվացման փորձը ձախողվեց. երկու տարբեր վճիռ «Նաիրիտի» գործով

16:48, 14 դեկտեմբերի, 2012

Քրիստինե Աղալարյան
Էդիկ Բաղդասարյան 

ՀՀ ֆինանսների նախարարության ջանքերով կանխվել է փողերի լվացման մի փորձ: Այս գործի մասին գիտի թե’ ոստիկանությունը, թե դատախազությունը: Նրանք ոչինչ չեն արել.  ոչինչ չեն արել, որովհետև գիտեն, թե ովքեր են  կանգնած այդ գործարքի հետևում: Իսկ այն բացահայտելու համար իրավապահները նախ պետք է հարցաքնեին «Նաիրիտ գործարանի» նախկին տնօրեն Վահան Մելքոնյանին  և դատավոր Արա Կուբանյանին,  և կծիկը կբացվեր: Սակայն իրավապահները հրահանգ չեն ստացել, դրա համար էլ փողերի լվացման այդ դեպքով պարզապես չեն զբաղվում: 

Նոյեմբերի 21-ին «Նաիրիտ գործարանի» դեմ դատական մեկ վեճ նոր հանգուցալուծում է ստացել: Անհայտ ծագման և օֆշորային գրանցում ունեցող ընկերությունը այս անգամ պարտվեց: Իսկ նույն վեճի մասին երկու դատավորներ տարբեր  վճիռներ են կայացրել:

2009թ.-ին  «Նումարդ թրեյդինգ» ՍՊԸ-ն (Numard Trading) դատի տվեց «Նաիրիտ գործարանին»`գումարի բռնագանձման պահանջով: Իսկ դրա համար հիմք էր հանդիսացել պարսկական ծագման «Էսմաեիլ Մոտավալլի Սուֆիանի Թրեյդինգ» ՍՊԸ-ի (Esmaeil Motavalli Soufiani Traiding) և «Նաիրիտ Ռանսաթ» ՓԲԸ-ի միջև կնքած մատակարարման պայմանագիրը:

Եվ այսպես, 2002թ. հոկտեմբերի 3-ին այժմյան «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի իրավանախորդ «Նաիրիտ Ռանսաթ» ՓԲԸ-ի և «Էսմաեիլ Մոտավալլի Սուֆիանի Թրեյդինգ» ընկերության միջև կնքվել է կաուչուկի մատակարարման պայմանագիր, համաձայն որի` «Նաիրիտը» պարտավորվել է գնորդի ներկայացրած պատվերով որոշված խմբաքանակով մինչև 2700 տոննա քլորոպրենային կաուչուկ մատակարարել` 1տ-1500 դոլարի համարժեք դրամով: 3 ամիս անց` 2003-ի հունվարին նույն ընկերությունները կնքել են համաձայնագիր, որով արձանագրել են, որ «Էսմաեիլ Մոտավալլի Սուֆիանի Թրեյդինգ» ընկերությունը իրականացրել է ցուցահանդեսներում «Նաիրիտի» ապրանքների գովազդի հետ կապված աշխատանքներ: Կատարած աշխատանքների գինը, ըստ համաձայնագրի, կազմել է 882 մլն դրամ, որը համարվել է որպես մատակարարվող ապրանքների դիմաց արված կանխավճար, և «Նաիրիտը» պարտավորվել է պարսկական ընկերությանը մատակարարել 1000 տոննա քլորոպրենային կաուչուկ համաձայնագրի կնքման պահից 60 օրվա ընթացքում:

Պայմանագրի 2.1 կետի համաձայն` քլորոպրենային կաուչուկը գնորդին է մատակարարվում (հանձնվում) Երևանում` Բագրատունյանց 70 հասցեում:

Այսինքն` պարսկական ընկերությունը պետք է մեքենաներ ուղարկեր գործարան, որպեսզի «Նաիրիտը» կաուչուկը բեռնավորեր և հանձներ: Սակայն ընկերությունը փոխադրամիջոց չի ուղարկել, և որևէ պահանջ այդ ընթացքում չի ներկայացրել:

Տարիներ անց` 2008թ.-ին, «Էսմաեիլ Մոտավալլի Սուֆիանի Թրեյդինգ» ընկերությունը իր պահանջի իրավունքները զիջել է անհայտ ծագման «Նումարդ թրեյդինգ» ընկերությանը, որը և դիմել է դատարան` նշելով, որ «Նաիրիտը» չի կատարել իր պարտավորությունները և պետք է վերադարձնի 882 մլն դրամը և տոկոսները: Իսկ դա կազում է շուրջ 5 մլրդ դրամ, որից 882 մլն դրամը որպես պայմանագրով կատարված աշխատանքների գումար, իսկ ավելի քան 4 մլրդը` որպես պարտավորությունների խախտման հետևանքով առաջացած տույժի գումար:

«Հայցվոր ընկերությունը պարտավոր էր ապրանքներ մատակարարելու պահանջով ողջամիտ ժամկետում դիմել պատասխանող ընկերությանը, որը չի կատարել, որից ենթադրվում է, որ հայցվոր կողմը կորցրել է իր հետաքրքրությունը պայմանագրի նկատմամբ դեռևս 7 տարի առաջ: Պայմանագրի ուժով ծագած ցանկացած պարտավորություն պետք է կատարվի ողջամիտ ժամկետում` հակառակ դեպքում պետք է կիրառվի հայցային վաղեմություն»,- սա է եղել «Նաիրիտի» ներկյացուցիչների պատասխանը դատարանին:

«Նումարդ թրեյդինգ» ընկերությունը դատարան է ներկայացրել մի գրություն, համաձայն որի` իբրև «Էսմաեիլ Մոտավալլի Սուֆիանի Թրեյդինգ» ընկերությունը 2006-ին գրավոր դիմել է պատասխանող ընկերությանը պարտավորությունների կատարման խնդրանքով: Այս գրությունը, սակայն, մուտք է արվել ոչ այնպես, ինչպես մուտք են արվում մյուս բոլոր գրությունները գործարան: Այդ ժամանակ գործարանի տնօրեն է եղել Կարեն Իսրայելյանը, ով պնդում է, որ նմանատիպ որևէ գրություն իրենք չեն ստացել: Ավելին` «Նաիրիտում» գրությունները միայն թվերով են մուտքագրվում, իսկ այս մեկում նաև տառ կա` «Ա» (1163 Ա), ինչը նշանակում է, որ գրությունը օրինական ճանապարհով չէ, որ մուտք է արվել, այլ հետագայում է «մտել» գործարան:

Այն ժամանակ Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արա Կուբանյանը բավարարել է հայցը` պարտավորեցնելով «Նաիրիտին» վճարել շուրջ 5 մլրդ դրամ: Չնայած հայցվոր կողմը դատարան չի ներկայացել, և որևէ հարց ուղղելու հնարավորություն գործարանը չի ունեցել: Դատավոր Կուբանյանը հայցային վաղեմություն չի կիրառել` հիմք ընդունելով նաև վերոնշյալ գրությունը: «Նաիրիտ գործարանը», ի դեմս տնօրեն Վահան Մելքոնյանի, դատարանի վճիռը չի բողոքարկել, և շուրջ 5 մլրդ դրամը ձևակերպվել է որպես կրեդիտորական պարտք:

Այս ամենից հետո եղան մամուլի հրապարակումներ, «բաց ֆաքսեր», քննադատություններ վարչապետի հասցեին, որից հետո միայն` 2011-ի մայիսին Տիգրան Սարգսյանը հանձնարարեց ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի վերահսկողության տեսչությանը ստուգումներ իրականացնել «Նումարդ թրեյդինգի» կրեդիտորական պարտքի առաջացման արժանահավատության համար:

Ֆիննախի վերահսկողականն արձանագրել է, որ «Էսմաեիլ Մոտավալլի Սուֆիանի Թրեյդինգ» ընկերությունը ցուցահանդեսում «Նաիրիտի» արտադրանքի գովազդի նպատակով կատարված աշխատանքների հիմնավորող փաստաթղթեր չի ներկայացրել` ոչ պայմանագիր, ոչ կատարողական ակտ, ոչ հաշիվ-ապրանքագրեր:

«Փաստորեն, ընկերությունը վերը նշված պայմանագրով չնախատեսված ծառայության մատուցման փաստը ընդունելու, ծառայության մատուցումը հիմնավորող փաստաթղթերի բացակայության պայմաններում ստանձնել է 882 մլն դրամի լրացուցիչ պարտավորություն և նշված անհիմն գործարքի պատճառով ձևակերպել ավելի քան 4 մլրդ դրամի վնաս»,- արձանագրել է ֆինանսների նախարարության վերահսկողական տեսչությունը, որի տակ ստորագրել է նաև «Նաիրիտի» այդ ժամանակվա տնօրեն Վահան Մելքոնյանը:

Ֆինանսների նախարարության ստուգման արդյունքը որպես նոր երևան եկած հանգամանք օգտագործելով` «Նաիրիտ գործարանի» ղեկավարությունը վերջապես վերաքննիչ բողոք է ներկայացրել միայն այս տարվա մարտին: Վերաքննիչը գտել է, որ ստուգման արդյունքում կազմված ակտը գործի լուծման համար էական նշանակություն ունի, և դրանով հաստատված հանգամանքներն ըստ էության կարող են ազդել գործի ելքի վրա, որպեսզի փաստն էլ հիմք է դատական ակտը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու համար:

Ի վերջո, այս տարվա նոյեմբերի վերջին Շենգավիթի դատարանը, այս անգամ դատավոր Իշխան Բարսեղյանի նախագահությամբ, անկախ այն հանգամանքից, թե հիմնավոր է հայցը, թե ոչ, մերժել է այն ամբողջությամբ` կիրառելով հայցային վաղեմություն: Դատարանը վճռել է «Նումարդ թրեյդինգ» ընկերությունից հօգուտ ՀՀ պետական բյուջեի, որպես պետական տուրքի գումար, բռնագանձել ավելի քան 247 մլն դրամ, որից շուրջ  98 մլն դրամը չվճարված պետական տուրքի գումար, իսկ մոտ 148 մլն-ը` վերաքննիչ բողոք ներկայացնելու համար ՀՀ ֆինանսների նախարարության կողմից  վճարված պետական տուրքի գումար: Սակայն թե ինչպես է բռնագանձումն իրականացվելու անհայտ ընկերությունից, դեռևս պարզ չէ:

«Նումարդ թրեյդինգ» ՓԲԸ-ն գրանցված է օֆշորում` Վիկտորիա հաուս, Վիկտորիա, Մէե, Սեյշելյան կղզիներ հասցեում: Այս ընկերության մասին որևէ տվյալ համացանցում չկա, ինչը նշանակում է, որ ստեղծվել է մեկ նպատակով` «Նաիրիտի» հետ հարցերը լուծելու համար: Տնօրենը Մեծ Բրիտանիայի քաղաքացի Ստեֆեն Ջոն Քելին է (Stephen John Kelly), ում անունը կարելի է գտնել բազմաթիվ այլ ընկերությունների տնօրենների, բաժնետերերի կամ արդեն պաշտոնաթող եղած տնօրենների ցանկում, որոնց մեծ մասը նույնպես գրանցված է օֆշորում: Դատական գործում կամ ԴԱՀԿ ուղղված միջնորդագրերում որպես լիազորված ներկայացուցիչ երեք տարբեր են անձինք են եղել` ռուս Եվգենի Վլադիմիրովիչ Միխայիլովը, այնուհետև` բրիտանացի  Քիմ Պատրիսիա Փուսեն, վրացի Գիորգի Գոգիտիձեն: Դատական փաստաթղթերը ստանալու համար նրանք սկզբից նշել են Սայաթ-Նովա փողոցում գտնվող «Անի պլազա» հյուրանոցը, իսկ որոշ փաստաթղթերում երևում է Հանրապետության հրապարակի #76 փոստարկղը:  «Անի պլազա»-ում ընկերությունը ներկայացուցչություն չունի, ուղարկված ծանուցագրերն այդ հասցեից հետ են ուղարկվել:

Այս բոլոր փաստական տեղեկությունները չգիտես ինչու իրավապահ մարմինների ուշադրությանը չեն արժանացել: «Նաիրիտի» թալանի և սնանկացման մասին բազմաթիվ հրապարակումներ անարձագանք են մնում: Հայ իրավապահներին չի հետաքրքրում, թե ովքեր և ինչ եղանակով են փորձում 10 տոկոս պետական բաժնետոմս ունեցող գործարանից գումարներ տանել, կամ ով է նրանց աջակցում և հովանավորում Հայաստանում:

(շարունակելի)

Լուսանկարում`  ձախից` դատավոր Արա Կուբանյանը և գործարանի նախկին տնօրեն Վահան Մելքոնյանը

 

Գլխավոր էջ

 



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Hakob
Dec 18, 2012 11:16