ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Monday, December 17, 2012 23:54 - 1 քննարկում

«Պայքար կոռուպցիայի դեմ» կամ՝ հերթական խաղ

«Պայքար կոռուպցիայի դեմ» կամ՝ հերթական խաղ

FEATURED, Իրավունք 1 մեկնաբանություն

 
Նոյեմբեր 24, 2012 13:38

Այս ոչինչ չտվող խնդրին չէի անդրադառնա, եթե չկարդայի վարչապետի կարգադրությունը իր աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանին՝ կոռուպցիայի դեմ պայքարում ընդգրկել նաեւ որոշ հասարակական կազմակերպությունների: Ստացվում է, որ կոռուպցիայի դեմ պայքարի աշխատանքները վարչապետը վստահել է նաեւ Դ. Սարգսյանին, ինչն ինձ մոտ պարզապես տարակուսանք առաջացրեց:

Ինչո՞ւ ես նրան չեմ վստահում՝ որպես կոռուպցիայի դեմ պայքարում շահագրգիռ պաշտոնյայի:

2009 թ. մայիսի 26-ին ատոմակայանի եւ Թեղուտի խնդիրներին վերաբերող 2 նամակ հանձնեցի անձամբ Տիգրան Սարգսյանին, եւ վարչապետը իմ ներկայությամբ դրանք տվեց իր աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանին՝ կարգադրելով շտապ ընթացք տալ այդ նամակներին: Մոտ մեկուկես ամիս հետո նորից եղա վարչապետի մոտ եւ հետաքրքրվեցի, թե ինչո՞ւ մինչեւ հիմա պատասխան չեմ ստանում: Նա իր մոտ կանչեց Դ. Սարգսյանին եւ հարցրեց այդ նամակների ընթացքի մասին: Դ. Սարգսյանը ասաց, որ հենց նույն օրը նամակներն ուղարկել է համապատասխան գերատեսչություններ:

Հաջորդ օրն ինձ հրավիրեցին էներգետիկայի նախարարություն. հենց նույն օրը իրենք ստացել էին նամակը եւ անմիջապես ինձ կանչել: Նամակի վրա ես տեսա Դ. Սարգսյանի՝ մեկ օր առաջվա մակագրությունը: Փաստորեն, մեկուկես ամիս նա նամակը պահել էր իր դարակում, ինչն էլ հայտնեցի վարչապետին: Սակայն ոչ մի փոփոխություն: Իհարկե, հենց այդպես էլ պետք է լիներ, քանզի, օրինակ, հանքարդյունաբերական նախագծերի քննարկումներում եւ այդ ոլորտում կայացրած որոշումներում պետական պաշտոնյաները մշտապես պաշտպանել են ձեռնարկատերերի շահերը, անգամ այն դեպքերում, երբ իրականացվելիք նախագծերը Հայաստանի Հանրապետության համար խիստ վնասաբեր են եւ նույնիսկ ունենալու են աղետալի հետեւանքներ: Օրինակները բազում են:

2008 թ. սեպտեմբերի 12-ին Տիգրան Սարգսյանի մոտ կայացած խորհրդակցությունում (արձանագրություն հ. 88-180) վարչապետի հանձնարարականով արձանագրությունում գրվել է, որ մինչեւ 2008թ. տարեվերջը կազմել եւ քննարկման ներկայացնել Թեղուտի հանքավայրի շահագործման 25 տարիների նախագիծ-ՇՄԱԳ-ը: Մինչ հանձնարարական տալը՝ վարչապետը ժամկետի հարցը համաձայնեցրեց խորհրդակցությանը մասնակից բնապահպանության նախարարության եւ «Վալեքս» ընկերության ներկայացուցիչների հետ: Անցել է 4 տարի, սակայն այդ նախագիծը դեռ չի կազմվել: Այս հարցի հետ կապված՝ բազմիցս հիշեցրել ենք վարչապետին: Անօգուտ:

Արդյոք ամբողջովին կոռուպցիայի հետեւանք չէ՞, որ շահագործման աշխատանքներ են ծավալվում Թեղուտի հանքավայրում: Հանքավայրի նախագիծը կիսատ է. 25 տարվա փոխարեն ներկայացված է միայն 8 տարիների նախագիծը: Նախագծում կան լուրջ թերություններ եւ կեղծիքներ, ծայրաստիճան ցածր է գնահատված ՀՀ ունեցվածքը, օրինակ՝ անտառային տարածքի հողերի 1քմ-ը գնահատվել է ընդամենը 2,8 դրամ, առանձին դեպքերում նաեւ՝ 1քմ-ը՝ 0,8 դրամ: Այս նախագիծը ՀՀ կառավարությունը դարձրել է բացառիկ՝ հանրային գերակա շահ, որի հետեւանքով հարյուրավոր գյուղացիներ կորցնում են իրենց հողերը: Բացի ՀՀ վարչապետից եւ բնապահպանության նախարարից՝ այս խնդրով դիմել ենք նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին եւ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, սակայն պետության ու ժողովրդի շահերին հակասող, բայց առանձին ընտանիքներին հարստացնող այդ ապօրինի գործողությունը չկասեցվեց:

2008 թ. հունիսին վարչապետի մոտ կայացած խորհրդակցությունում ներկայացվեց, որ ՀՀ-ում հանքարդյունաբերությունը հիմնականում հարկային դաշտից դուրս է. հանքարդյունաբերության թափոնները չեն հարկվում, որը խոշոր վնաս է հասցնում Հայաստանին: Այս հարցը քննվեց նաեւ 2008 թ. սեպտեմբերի 12-ի վերը նշված խորհրդակցությունում, որի արձանագրությունում վարչապետ Տ. Սարգսյանը արել է հետեւյալ կարգադրությունը. «Վեցամսյա ժամկետում ՀՀ ֆինանսների նախարար Տ. Դավթյանի, էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Ա. Մովսիսյանի, էկոնոմիկայի նախարար Ն. Երիցյանի, ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահ Գ. Խաչատրյանի հետ համատեղ քննարկել ՀՀ-ում առկա հանքարդյունահանման հետեւանքով առաջացած թափոնների հաշվարկման եւ դրանց՝ օրենքով սահմանված կարգով հարկման հաշվարկի վերաբերյալ հարցերը եւ սահմանված կարգով ՀՀ կառավարություն ներկայացնել առաջարկություն»: Արդյունքում ՀՀ կառավարությունը ԱԺ ներկայացրեց օրենքի զավեշտական մի նախագիծ, որով հանքարդյունաբերական 1 տոննա թափոնը ՀՀ տարածքում տեղադրելու դիմաց սահմանվում էր ընդամենը 3 դրամ հարկ: ԱԺ-ում այդ 3 դրամը դարձրին 1 դրամ, սակայն այդ էլ չընդունվեց: Չնայած վարչապետը քաջատեղյակ է, որ հանքարդյունաբերության թափոնները հարկման ենթարկելով, ինչպես նաեւ հարքարդյունաբերության հետեւանքով ՀՀ տնտեսությանը հասցված վնասը (այժմ ՀՀ-ում շահագործվում է ավելի քան 500 մետաղական եւ ոչ մետաղական հանք) պետական գանձարան մուտքագրելով՝ շատ խոշոր ծավալների մուտքեր կլինեն պետբյուջե, եւ կտրուկ կբարելավվի բնակչության սոցիալական վիճակը, սակայն այս հարցում նույնպես ցուցաբերում է ոչ պետական մոտեցում եւ չի կանխում առանձին անհատների գերհարստացումը եւ պետության աղքատացումն ու ժողովրդի հարստահարումը: Փաստորեն, ժողովրդի ունեցվածքը բաժին է հասնում մի քանի անհատների: Սա պատահականությո՞ւն է, թե՞ համակարգված կոռուպցիայի հետեւանք:

2011թ. հուլիսի 22-ին Սոթքի ոսկու հանքավայրում առանց նախագծի ու համապատասխան թույլտվությունների կառուցվող օբյեկտի խնդրով դիմել ենք ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին: Ստացել ենք 5 գրություն, որոնցում ասվում է, որ հարցը քննվում է, սակայն առ այսօր ոչ մի պատասխան չենք ստացել: Եվ պետք է նշեմ, որ խնդրո առարկա այդ ապօրինի սարքը ոչ միայն կառուցվել, այլեւ մոտ 1 տարի է՝ շահագործվում է:

Եթե համակարգված կոռուպցիայի հետեւանք չէ, ապա ինչպես է, որ, օրինակ, Դալմայի այգիներում օրինական պայմանագրեր ունեցող 1800 վարձակալների պայմանագրերը առ ոչինչ է համարում թե՛ Երեւանի քաղաքապետարանը, թե՛ ՀՀ կառավարությունը եւ թե՛ ՀՀ նախագահական համակարգը, այն դեպքում, երբ վարձակալները նրանց ներկայացնում են նաեւ պետությանը՝ հողի եւ ջրի հարկ վճարած գումարների փաստաթղթերը: Նույնը կարելի է ասել բազում հողատարածքների եւ հազարավոր այլ ունեզրկված ՀՀ քաղաքացիների մասին:

Եթե կոռուպցիան իշխանական համակարգի մենաշնորհը չէ եւ համակարգված չէ, ապա ինչպե՞ս է, որ դատական համակարգում հարուստների անձնական շահը միշտ գերակա է: Կամ՝ ինչո՞վ է պայմանավորված դատավորների անսահման համարձակությունը՝ բացարձակ անարդար որոշումներ կայացնելիս:

Հասկանալի է, այսօրվա կոռուպցիայի պայմաններում կքայքայվի ու կվերանա պետությունը, երկիրը կդատարկվի, հետեւաբար պետք է այդ սպանիչ չարիքի ճանապարհը շուտափույթ փակել: Ըստ իս, դրան հասնելու միջոցներից են՝ հրաժարվել պետական կառավարման համակարգի ուռճացվածությունից եւ անցնել անկախության առաջին տարվա համակարգին, այսինքն՝ իշխանություն առանց նախագահական համակարգի, վերականգնել մահապատիժը եւ պետական պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցները կրկնապատկել, ազգայնացնել ընդերքի պաշարները եւ ռազմավարական նշանակություն ունեցող մյուս հարստությունները, սանձահարել վարկային գործընթացը, վերացնել աշխատավարձերի եւ նպաստների բազմապատիկ տարբերությունները: Տպավորություն է ստեղծվում, որ ՀՀ-ում կոռուպցիայի դեմ լայնածավալ խոսակցությունները միջազգային զորեղ ուժերի թելադրանքով են, այն էլ՝ աշխարհի համարյա բոլոր երկրների համար: Պետք է հարց տալ. արդյոք այդ զորեղ ուժերի թելադրանքով ու պարտադրանքով չէ՞ր, որ, օրինակ, Հայաստանը հայտնվեց այսօրվա աղետալի վիճակում, եւ այդ նույն կոռուպցիան ծավալվեց ու խորացավ: Կոռուպցիայի դեմ հայտարարված պայքարը հիշեցնում է աշխարհով մեկ աղքատության դեմ պայքարին: Խորացնել աղքատությունը եւ վերացնել աղքատներին՝ մեծամասամբ:

ՀԱԿՈԲ ՍԱՆԱՍԱՐՅԱՆ

Հայաստանի կանաչների միության նախագահ

«Առավոտ» օրաթերթ



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Արփինէ
Dec 19, 2012 15:36