ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Wednesday, November 28, 2012 16:47 - 1 քննարկում

Կառավարության կոչը գիտնականներին. – գնացեք էս երկրից…

Դանիել Իոաննիսյան

14:22, 28 նոյեմբերի, 2012
Օրեր առաջ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը «ArmNews» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Hotel ArmComedy» երգիծական հաղորդման ընթացքում, անդրադառնալով գիտության ֆինանսավորման խնդիրներին, հայտարարեց. «Ավելի լավ է, որ դու` որպես փայլուն ու հեռանկարային ֆիզիկոս, գնաս Չիկագո կամ Բոստոն ու դառնաս այդպիսի ֆիզիկոս: Հետո իմ երկրին ավելի շատ օգուտ կարող ես տալ քո կապերով, հմտություններով, քո գրանտերով և այլն, քան մնաս էստեղ կրտսեր լաբարանտ, եթե պետությունը այսօր` այս պահին, ամբողջական շղթան քո առաջխաղացման չի կարող ապահովել»:

Այո, ՀՀԿ փոխնախագահ ԿԳ նախարարը արտագաթելու կոչ է անում երիտասարդ գիտնականներին: Եվ այստեղ զարմանալու բան չկա, քանի որ ճիշտ նույն միտքը` համարյա նույն բառերով ձևակերպված, ասել էր Սերժ Սարգսյանը նախորդ տարի (դեկտեմբերին) երկու տասնյակ երիտասարդ գիտնականներիս հետ հանդիպման ժամանակ:

Առաջին հայացքից գաղափարը միգուցե ճիշտ միտք թվա: Իրոք երիտասարդ գիտնականին ավելի ձեռք է տալիս գնալ և դառնալ փայլուն գիտնական, քան մնալ Հայաստանում և գիտությամբ զբաղվելու հետ զուգահեռ այլ գործով զբաղվել (քանի որ գիտնականի աշխատավարձը չի բավարարում):

Սակայն եկեք հարցին նայենք պետության շահերի տեսանկյունից: Իհարկե չի բացառվում, որ հետագայում երիտասարդը իրոք աճի և «դրսից» մի օգուտ տա Հայաստանին: Բայց եկեք հասկանանք, որ գիտնականը, բացի համաշխարհային գիտության «գրանտը կրծելուց», հանդիսանում է երկրի քաղաքացի, հասարակության անդամ… Եվ վստահեցնում եմ Ձեզ, որ գիտնականները հասարակության լավագույն խավերից մեկն են:

Հենց գիտության ու մշակույթի ոլոտների ներկայացուցիչներն են հանդիսանում հասարակության լոկոմոտիվը և զարգացում ապահովողը: Իհարկե, կարելի է երկրի ընդերքում գտնել ոսկի, նավթ կամ որևէ այլ հարստություն (այդ թվում` սփյուռքից ստացած նվեր), բայց քաղաքակիրթ երկիր դառնալու համար պետք է ունենալ ինտելեկտուալ խավ:

Ի վերջո, հենց հասարակության ինտելեկտուալ խավի ներկայացուցիչների քանակն է մեր առավելությունը Ադրբեջանի նկատմամբ, որը մեզանից ավելի հարուստ է: Եվ հենց այդ խավի նշանակությունը գիտակցելն է, որ 1915 թվկականին ստիպեց Թուրքիայի իշխանություններին սկսել ցեղասպանությունը ազգի գլխատումից` ապրիլի 24-ին ինտելեկտուալ խավի ձերբակալությունից:

Սակայն գիտության ֆինանսավորումը ամեն կերպ չավելացնելը, ինչպես նաև գիտնականներին երկրից հեռանալու կոչեր հնչեցնելը հստակ մատնացույց է անում նրան, որ մեր երկրի կառավարությանը պետք չէ ինտելեկտուալ խավ: Իշխանությունը, մի կողմ դնելով պետության բոլոր տեսակի շահերը, երկիրը փորձում է դարձնել մատուցողների, տաքսիստների, բանվորների, հանքափորերի, ոստիկանների և ավտոլվացողների երկիր, քանի որ (ամենայն հարգանքով այդ խավերի նկատմամբ) պետք է ընդունենք, որ այդ խավերի գլխին ավելի հեշտ է կանգնել (կառավարելիրենց):

Իշխանությունները նախնտրում են, որ առավել ինտելեկտուալ մարդիկ լքեն երկիրը և, մի բան էլ, արտերկիրց փող ուղարկեն Հայաստան, որ այստեղ թալանելու կամ, ավելի ճիշտ, լափելու բան լինի:

Մի բան հասկանալի է` այս իշխանությունների` ազգին ինտելեկտազրկելու մտադրությունը հստակ է: Բայց մենք պետք է գիտակցենք, որ այդ գործողությունները համարյա չեն զիջում 1915 թվականի ապրիլի 24-ին տեղի ունեցածին և, հետևաբար ոչ մի կերպ չպետք է հանդուրժենք այդպիսի քաղաքականություն:



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

yan zal
Nov 29, 2012 1:52