ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Wednesday, November 14, 2012 15:01 - 2 քննարկում

Ընտրվել են, որ իրենց վրա հույս չդնենք

ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Խոսրով Հարությունյանը երեկ «Երկիր Մեդիա»-ի եթերում մերժելի է համարել 100 տոկոս համամասնական ընտրակարգի անցնելու` խորհրդարանական ընդդիմության առաջարկը: Որպես հիմնավորում` նշել է տարածքների համաչափ զարգացման անհրաժեշտությունը, որը, ըստ նրա, ապահովում են կառավարությունն ու մեծամասնականով ընտրված պատգամավորները: «Պետք է տարածքների համաչափ զարգացում լինի, որ Խաչիկ գյուղի բնակիչը կարողանա` եթե չասեմ Երեւանի, գոնե Գյումրիի բնակչի պես ապրել: Դա պայմանավորված է ոչ միայն կառավարության քայլերով, այլեւ այդ տարածքից ընտրված պատգամավորներով: Խորհրդարանում հիմնականում հարցուպատասխանով հանդես են գալիս մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորները»,- ասել է նա:

Հանրապետականի ցուցակով ընդգրկված Հարությունյանը շատ կարճ ժամանակում հաջողեցրեց լրացնել այն հանրապետականների ցուցակը, ովքեր ամեն ձեւով պաշտպանում են իշխող կուսակցությանը, եւ բնավ կարեւոր չէ` այդ պահին իրենք հավատում են իրենց խոսքին, թե` ոչ, կարեւորը խոսելն է:

Պատգամավորների ակտիվությունը չափելու համար գոյություն ունի մոնիտորինգային կայք, որը եթե մեկ անգամ բացած լիներ պարոն Հարությունյանը, հաստատ այդ պատգամավորների անսահման ակտիվության մասին կխոսեր միայն նրանց հետ առանձին զրույցներում: Խորհրդարանի աշխատանքներից ամենաշատը բացակայած պատգամավորների տասնյակի ուղիղ կեսը լրացվել է ի հաշիվ մեծամասնականով ընտրված պատգամավորների: Իսկ ամենաակտիվ պատգամավորների տասնյակում կա մեծամասնականով ընտրված մեկ պատգամավոր` Էդմոն Մարուքյանը: Նոր դեմք է, անծանոթ ԱԺ աշխատանքներին…

Թիվ 3 ընտրատարածքից ընտրված Արթուր Ստեփանյանը, թիվ 7 ընտրատարածքից ընտրված Սամվել Ալեքսանյանը, թիվ 9-ից` Ռուբեն Սադոյանը, թիվ 11-ից` Գրիգորի Մարգարյանը, 12-ից` Լյովա Խաչատրյանն ու 13 ընտրատարածքից ընտրված Մհեր Սեդրակյանը ոչ մի հարց ու ելույթ չեն ունեցել: Ավելին` թիվ 4-6 ընտրատարածքներից ընտրված Արտակ Սարգսյանի, Արթուր Գեւորգյանի եւ Ռուբեն Հովսեփյանի վարկանիշային էջում միմիայն 0 է, բացի «կողմ» կոճակից:

Երեւանի բոլոր 13 ընտրատարածքներից ընտրված պատգամավորներից ընդամենը երեքն են «կենդանության» նշաններ ցույց տվել` 2-րդ ընտրատարածքից ընտրված Սամվել Ֆարմանյանը, ով ընդամենը երկու հարց է տվել, 10-րդ ընտրատարածքից ընտրված Գարեգին Նուշիկյանը` իր բարձրացրած 1 հարցով, եւ 8-րդ ընտրատարածքից ընտրված Կորյուն Նահապետյանը` 1 հարց, 1 ելույթով:

Հասանք մարզերին, որոնք, ըստ Խոսրով Հարությունյանի, համաչափ զարգացրել են մեր պատգամավորները: Հարց ու ելույթ ընդհանրապես չեն ունեցել 14 ընտրատարածքից ընտրված Վրեժ Մարկոսյանը, 15 ընտրատարածքից ընտրված Մուրադ Մուրադյանը, 18-ից ընտրված Արայիկ Գրիգորյանը, 21-23 ընտրատարածքներից ընտրված Ալեքսան Պետրոսյանը, Մանվել Բադեյանը, Կարեն Բոթոյանը, 25-27 ընտրատարածքներից ընտրված Դավիթ Քոչարյանը, Մելիք Մանուկյանը, Մուրադ Գուլոյանը, 29-րդ ընտրատարածքից` Արկադի Համբարձումյանը, 31-36 ընտրատարածքներից` Կարեն Սարիբեկյանը, Կարեն Կարապետյանը, Աշոտ Աղաբաբյանը, Մարտուն Գրիգորյանը, Մուշեղ Պետոյանը, 38-40 ընտրատարածքներից` Վահե Հակոբյանը, Աշոտ Արսենյանը, Մարինե Մարաբյանը:

19-րդ ընտրատարածքից ընտրված Սեդրակ Սարոյանը, 20-րդ-ից ընտրված Հրանտ Գրիգորյանը, 37-ից ընտրված Հայկ Գրիգորյանը բացարձակապես ոչինչ չեն արել, միայն ներկա են գտնվել եւ 35 անգամ սեղմել «կողմ» կոճակը: Իսկ 28-րդ ընտրատարածքից ընտրված Գագիկ Ծառուկյանի միակ անելիքը բոլոր նիստերից բացակայելն է եղել:

Այսինքն` 41 պատգամավորներից 25-ը հարց ու ելույթ չեն ունեցել, եւս 7-ը միայն «կողմ» են քվեարկել եւ ուրիշ ոչինչ: Խնայելով ընթերցողին` չենք անդրադառնում, թե ինչպիսի օրենքների են «կողմ» քվեարկել:

15-րդ ընտրատարածքից ընտրված Մնացական Մնացականյանը եւ 17 ընտրատարածքից ընտրված Կարինե Պողոսյանը ընդամենը մեկական հարց են տվել: Ստացվում է, որ մեր մարզերը համաչափ զարգանալու են շնորհիվ 24 եւ 41 ընտրատարածքներից ընտրված Հակոբ Հակոբյանների երկուական հարցի եւ մեկական ելույթների, նաեւ` 30-րդ ընտրատարածքից ընտրված Էդմոն Մարուքյանի 4 հարցի եւ երկու ելույթի շնորհիվ:

Ինքը` Խոսրով Հարությունյանը, որ ընտրվել է համամասնական ընտրակարգով, ունեցել է 4 հարց, 3 ելույթ, 3 անգամ չի քվեարկել, 32 անգամ էլ «կողմ» է քվեարկել, խորհրդարանի աշխատանքներից չի բացակայել: Ստացվում է, որ նա նաեւ իր աշխատանքն է նսեմացնում` հանուն մեծամասնականով ընտրված պատգամավորների փառաբանման: Թվարկված անձանց մի մասը պատգամավոր էր նաեւ անցած գումարումների խորհրդարանում եւ այժմ եւս նույն ակտիվությունն են ցուցաբերում:

Խոսրով Հարությունյանը նշում է, որ մարզերի համաչափ զարգացումը մեկ օրվա խնդիր չէ, կարող է տասնամյակներ տեւել: Իհարկե, եւ եթե հաշվի առնենք նրա նշած մեծամասնական պատգամավորների ակտիվությունը, ուրեմն հաստատ դարերով կձգվի: Խաչիկ գյուղի բնակիչն էլ ոչ միայն գյումրեցուն չի հասնի իր ապրելակերպով, այլեւ կձգտի դեպի քարանձավներ, մենք էլ` հետեւից. կոնկրետ իմ ընտրատարածքի պատգամավոր Ռուբեն Սադոյանը 0 ակտիվություն ունի խորհրդարանում:

Մեր պատգամավորների այսօրվա գործելաոճին հարիր մի անեկդոտ կա: Հայտարարությամբ` տարբեր լեզուների թարգմանիչների են փնտրում: Մեկը գալիս է հարցազրույցի:

– Ռուսերեն գիտե՞ք:

– Չէ:

– Անգլերե՞ն:

– Չէ՞:

– Գուցե իսպաներե՞ն:

– Դե ասինք` չէ:

– Բա ինչո՞ւ եք եկել:

– Եկել եմ ասեմ, որ ինձ վրա հույս չդնեք:

 

Մեծամասնականով ընտրված 41 պատգամավորից առնվազն 37-ը, ինչպես ցույց է տալիս վիճակագրությունը, գնացել են խորհրդարան` հատուկ ասելու, որ իրենց վրա հույս չդնենք:

Սեւակ ՀԱԿՈԲՅԱՆ

YERKIR.AM



2 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Ս.Ս.
Nov 14, 2012 18:26