ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Wednesday, November 7, 2012 4:04 - 1 քննարկում

ԲՀԿ–ն ճանապարհային քարտեզ է առաջարկում:

 

ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նախօրեին հայտարարել է, որ նախագահական ընտրություններին ընդառաջ՝ ԲՀԿ–ն սկսելու է խորհրդակցությունների և քննարկումների շարք քաղաքական և հասարակական շահագրգիռ շրջանակների հետ: Օրակարգում լինելու է Հայաստանի պետական կառավարման համակարգի փոփոխության հարցը։ԲՀԿ–ն առաջարկում է հրաժեշտ տալ կառավարման՝ իր անարդյունավետությամբ աչքի ընկած նախագահական (եթե կուզեք՝ կիսանախագահական) ձևին և անցնել խորհրդարանական համակարգին։

«Անցումը կառավարման խորհրդարանական համակարգին ենթադրում է, որ 2013-ին ընտրվող նախագահը գործելու է առավելագույնը չորս տարի ժամկետով և մինչև խորհրդարանական հաջորդ ընտրությունները (2017թ.) քաղաքական մյուս ուժերի հետ իրականացնելու է սահմանադրական համապատասխան փոփոխություններ և հիմք է դնելու նոր համակարգի»,– մասնավորապես նշված է Զոհրաբյանի հայտարարության մեջ։

Այսպիսով՝ ԲՀԿ–ն կոչ է անում գալիք նախագահական ընտրությունների ժամանակ լայն կոնսոլիդացիա ապահովել ոչ թե անձի, այլ բարեփոխման փաթեթի ու գաղափարի շուրջը։

Հարկ է արձանագրել, որ իր հրապարակային դիրքորոշմամբ՝ ԲՀԿ–ն արգելափակեց «Միշիկ.am»–ների կամ «Միշիկ-press»–ի՝ «մուտիլովկաներով» զբաղվելու հնարավորությունը. սա իմիջիայլոց։

Կարելի է ասել, որ Գագիկ Ծառուկյանի թիմն իշխանափոխության ու համակարգափոխության ճանապարհային քարտեզ է առաջարկում և պատրաստակամություն հայտնում այդ հարցերում համագործակցել բոլոր քաղաքական ուժերի, այդ թվում՝ ՀՀԿ–ի առողջ հատվածի հետ։ Սա, ըստ էության, «Կոնսենսուս մինուս Սերժ Սարգսյան» ձևաչափը կյանքի կոչելու մեթոդաբանությունն է։

Սերժ Սարգսյանի նախագահության շրջանը ցույց տվեց, որ նա կողմնակից է «Մեկ օլիգարխի տնտեսության» մոդելին, ինչը ենթադրում է միահեծան, անվերահսկելի և գիշերային որոշումներ կայացնող ավտորիտար իշխանություն։ Ազգային բուրժուազիայի բոլոր շերտերը, բնականաբար, չեն կարող կողմ լինել այդ մոդելին, և պատահական չէ, որ ԲՀԿ–ն դեմ դուրս եկավ սերժսարգսյանական մոտեցումներին և խորհրդարանական ընտրություններից հետո լքեց կոալիցիան։

Սերժ Սարգսյանը կողմ է սեփականության վերաբաշխմանն ու պետական կառավարման համակարգի թուրքմենբաշիացմանը, իսկ Գագիկ Ծառուկյանը կողմ է մասնավոր սեփականության պաշտպանությանն ու բիզնեսի սոցիալական պատասխանատվությանը։ Սարգսյանն ուզում է սեփականաշնորհել երկրի ֆինանսական բոլոր հոսքերն ու ստեղծել «մեկ պատուհանի ատկատի» համակարգ, իսկ կապիտալի նախնական կուտակումը հաջողությամբ իրականացրած Ծառուկյանը կողմ է շուկայական հարաբերություններին և մասնավոր բիզնեսի բարգավաճմանը։ Երկուսն էլ ուզում են փոփոխություններ և անձնական անվտանգության երաշխիքներ, բայց Սարգսյանի ուզածը հակապետական ու հակահասարակական բնույթի է, իսկ Ծառուկյանի մասնավոր շահն ամբողջությամբ ներդաշնակ է ՀՀ քաղաքացիների ճնշող մեծամասնության շահի հետ։ Սրանք են այն էական տարբերությունները, որոնք առկա են Սարգսյանի ու Ծառուկյանի միջև և հետևաբար՝ փոխզիջումը նրանց միջև բացառվում է։

Մենք «սառը» պատերազմի մեջ ենք բնական պաշարներով հարուստ Ադրբեջանի հետ, և միայն բաց համակարգ ստեղծելով ու ռացիոնալ էգոիզմով աչքի ընկնող տարբեր տրամաչափերի սեփականատերերով կարող ենք տնտեսական զարգացում ապահովել, ձևավորել իրական քաղաքացիական հասարակություն և զսպել մեր հարևանի ախորժակը։ Հակառակ դեպքում ՀՀ–ն չի կարող որպես պետություն մնալ այս տարածաշրջանում։

Եվ ուրեմն՝ ամեն ինչ պետք է անել Սերժ Սարգսյանի գլխավորած իշխանության վերարտադրությունը թույլ չտալու, և Հայաստանը զարգացման ուղու վրա դնելու համար։ ԲՀԿ–ն հենց այդ առաջարկն է արել հասարակությանն ու քաղաքական ուժերին։

Կարեն Հակոբջանյան



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

yan zal
Nov 7, 2012 11:22