ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ ADMIN. Monday, November 5, 2012 17:16 - 2 քննարկում
Սայլը լծկանից առա՞ջ: Սայլը լծկանին կլխճի՛…
ՀՀԿ գործադիր մարմինը նոյեմբերի 2-ի նիստում որոշել է, որ առաջիկա նախագահական ընտրություններում ՀՀ նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբը ղեկավարելու է ԱԺ նախագահ, ՀՀԿ փոխնախագահ Հովիկ Աբրահամյանը:
Դեռ 2011թ. փետրվարի 17-ին, ՀՀԿ-ԲՀԿ-ՕԵԿ կոալիցիոն հուշագրի ստորագրմամբ, փաստագրվեց նախագահական ընտրություններին Սերժ Սարգսյանի մասնակցությունը: Սակայն պաշտոնապես նա դեռ չի առաջադրվել. ՀՀԿ-ն հոկտեմբերի վերջին ընդամենը որոշեց Սերժ Սարգսյանի թեկնածությունը նախագահական ընտրություններում առաջադրել դեկտեմբերի 15-ին կայանալիք կուսակցության արտահերթ նիստում: Ուստի ստացվում է, որ ՀՀԿ-ն իր թեկնածուի նախընտրական շտաբի ձևավորումն ավելի շուտ է իրականացնում, քան սեփական թեկնածուի պաշտոնապես առաջադրելը:
Սակայն սայլը լծկանից առաջ դնելն, իհարկե, ՀՀԿ-ի պարագայում նույնիսկ օրինաչափ է: Ի վերջո, իր թեկնածուի նախընտական քարոզարշավը նոր չի սկսվել: Ներկայումս այն գտնվում է հետևողական զարգացման փուլում, որը պայմանականորեն կարելի է բնորոշել որպես «անարդարության ու կոռուպցիայի դեմ անհաշտ մարտնչող» լիդերի կերպարի ձևավորման շրջան, մինչդեռ քարոզարշավի պաշտոնական մեկնարկին դեռ մոտ երկու ամիս կա: Այնպես որ` շտաբի պետ նշանակելով` ՀՀԿ-ն ընդամենը ֆորմալացրեց այն, ինչ կար իրականում:
Սա առաջին անգամը չէ, իհարկե, որ Հովիկ Աբրահամյանին է վերապահվում նախընտրական շտաբի պետի ղեկավարումը: Խորհրդարանական ընտրություններին էլ, ինչպես հայտնի է, նա էր ՀՀԿ-ի շտաբի պետը: Նախորդ անգամ, սակայն, այդ պարտականությունը ստանձնելիս Աբրահամյանն ստիպված եղավ հրաժարական տալ ԱԺ նախագահի պաշտոնից: Թեեւ դա մեկնաբանվեց որպես պաշտոնական դիրքը օգտագործելու հետ կապված շահարկումներից խուսափելու միջոց, սակայն ակնհայտ էր, որ նա հրաժարական տվեց Սերժ Սարգսյանի ճնշմամբ: Հրաժարականը նրա համար ավելի շատ պատիժ էր, աքսոր, ինչով գործող նախագահը նրան մի կողմից ցույց տվեց, թե որքան խոցելի իր համար, իսկ մյուս կողմից `կիրառեց այսպես կոչված «չարաճճի աշակերտին ավագ նշանակելու» հայտնի մեթոդը` նրան իր պաշտոնական դիրքը ԲՀԿ-ի շահերին ծառայեցնելու լծակից զրկելու համար: Որ խորհդարանական ընտրություններին նրա հրաժարականը պատժամիջոց էր, վկայում էր նաև փաստը, որ Աբրահամյանը Ս. Սարգսյանի նախընտրական շտաբի պետի պաշտոնն զբաղեցնում էր նաև 2008-ի նախագահական ընտրություններում, երբ զբաղեցնում էր նաև ՀՀ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարարի պաշտոնը, որից, սակայն, այն ժամանակ նա հրաժարական չտվեց:
Աբրահամյանը հայտարարել է, որ ԱԺ նախագահի պաշտոնից այս անգամ հրաժարական չի տալու: Փաստորեն, ՀՀԿ-ում այս կես տարվա ընթացքում հասցրին հասկանալ, որ ԱԺ նախագահը կուսակցության ղեկավարի վարորդ կամ շուկայում կանաչի վաճառող չէ, և այս անգամ գոնե խուսափեցին խորհրդարանը` որպես պետական առանցքային ինստիտուտ, վարկաբեկելուց և նվաստացնելուց: Սակայն դրանից անձամբ Հովիկ Աբրահամյանի կարգավիճակը, կարծես, չի փոխվում: Ճիշտ է, այս անգամ նրան չեն պատժում Գագիկ Ծառուկյանի հետ սեպարատ բանակցությունների համար, ինչի բացառման ուղղությամբ Աբրահամյանը վերջին շրջանում ուղղակի «կաշվից դուրս է գալիս»` ընդհուպ ի հեճուկս Ծառուկյանի հայտարարելով, թե Սերժ Սարգսյանին այլընտրանք չի տեսնում: Բայցևայնպես պարզ չէ, թե ի՞նչ է անելու Հովիկ Աբրահամյան և նրա շտաբը:
Սերժ Սարգսյանը, ինչպես խորհրդարանական ընտրությունների ժամանակ, ողջ քարոզարշավը տանում է միանձնյա` չվստահելով իր թիմի և ոչ մի անդամի: Եվ դա տրամաբանական է, որովհետև անգամ «Գելափ»-ի հարցումներն են ցույց տալիս, և Գալուստ Սահակյանն ինքն էր խոստովանում, որ Սերժ Սարգսյանի վարկանիշն ավելի բարձր է, քան ՀՀԿ-ինը, և երկրորդ` նախագահն իր քարոզարշավը տանում է նաև յուրայիններին զոհաբերելու մշտական հնարավորությունն աչքի առաջ: Հետևաբար նա չէր կարող հենվել մարդկանց վրա, որոնցից հետագայում, քարոզչական ու քաղաքական նկատառումներով, գուցե ազատվելու խնդիր ունենար:
Հակակոռուպցիոն այն արշավը, որը տեղի է ունենում խորհրդակցությունների ու ձեռքը սեղանին խփելու մակարդակով, տեղի է ունենում հենց ՀՀԿ-ի պատասխանատվությամբ գործող կառավարության, վարչապետի և առհասարակ գործադիր իշխանության հեղինակազրկման հաշվին: Եվ մեծ հաշվով Սերժ Սարգսյանը շտաբի կարիք, որպես այդպիսին, չի զգում: Առավելագույնը, ինչ կարող է անել վերջինս տեխնիկական որոշ հարցերի լուծումն է, մասամբ նաև`անշոշափելի ընտրակեղծարարության համակարգումը: Բայց բուն քարոզարշավի տեսանկյունից Սերժ Սարգսյանը Հովիկ Աբրահամյանի կազմակերպչական ունակությունների ու դերակատարության կարիքը չունի: Եվ այս իմաստով վերջինս շարունակելու է մեկուսացված մնալ գործընթացից և լինել վերահսկելի իր գործողություններում: Բայց ստիպված չլինելով հրաժարական տալ` ԱԺ գործող նախագահը հիմա գոնե սեփական դեմքը պահելու հնարավորություն ունի:
Գևորգ Աղաբաբյան
2 քննարկումներ
ADMIN
SVETLANA
http://www.louysworld.com/archives/16571