ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ ADMIN. Friday, October 26, 2012 9:28 - 3 քննարկում
Սերժանտ, որ այդպես էլ գեներալ չդարձավ…
Ա՜խ, էն օրերը …
Մինչ Գորիկ Գուրգենիչը փորձում է դուրս գալ Ռամիլ Սաֆարովի մասով Սերժ Սարգսյանից ստացած հատուկ հանձնարարության տակից, նույն Սերժ Սարգսյանն առիթից օգտվում (ընդ որում՝ 4 օր առաջ ընկնելով) և Հանրապետության օրվա առթիվ շնորհավորում է Թուրքիայի նախագահ Գյուլին։ Զարմանալ պետք չէ. մենք բազմիցս համոզվել ենք, որ Սերժ Սարգսյանն ուրույն պատկերացումներ ունի արժանապատվության և ինքնասիրության մասին։ Պարզապես ցավալի է, որ նման մարդը պետություն է ներկայացնում ու ավտոմատ կերպով թուրքերի առաջ նվաստացնում մեզ բոլորիս։
Թուրքերը Ղարաբաղն են ուզում, իսկ Սերժը գյուղական հարսանիքների առաջին պարողների պես (երբ դեռ «Իոնիկայի» վրա նվագողները «ռաս, ռաս, ռաս, դվա» են անում) բոլորից շուտ է ուզում տեղից թռչել ու առաջինը շնորհավորել Գյուլին։ Թուրքերը մոտ 20 տարի փակել են սահմանն ու միայն Ղարաբաղի դիմաց են պատրաստակամություն հայտնում բացել այն, իսկ Սերժը շարունակում է իր «նախաձեռնողականությունը»։ Եվ վերջապես՝ Գյուլն ու Էրդողանն իրենց քաղաքականությամբ նվաստացրեցին Սերժին, ով հայտարարում էր, թե Թուրքիա ֆուտբոլ դիտելու կմեկնի, եթե ունենանք բաց սահմաններ կամ լինենք դրանց բացման նախաշեմին, բայց ՀՀԿ «նժդեհապաշտ» նախագահին դա չի խանգարում, որ նա կրկին հիշի Գյուլին։
Սերժամետ լրատվամիջոցների գրչակները, Թուրքիա–Ռուսաստան կտրվածքով, հիմա փորձում են աշխարհաքաղաքական ու տիեզերական նշանակություն տալ Սերժի շնորհավորանքին, բայց դե իրենք էլ են հասկանում, որ էժանագին քարոզով են զբաղված, որ ոչ մի աշխարհաքաղաքական նշանակության քայլ չկա, և որ ընդամենը գործ ունենք ստրկամտության դրսևորման հետ։
Փաստորեն, ՀՀ «նախաձեռնող» և «ֆուտբոլասեր» նախագահը ժամանակ առ ժամանակ նոստալգիայի գիրկն է ընկնում և գրիչը ձեռքն առնելով՝ մի բան է գրում իր սիրելի Գյուլին՝ հիշելով «էն օրերի» մասին, երբ ինքն անգամ ինքնաթիռից էր նամակներ ուղարկում իր յոլդաշին։ Իսկ «էն օրերին», ինչպես հայտնի է, Հայաստանում քիրվայական մթնոլորտ էր։ Հեռուստաեթերը հայ ժողովրդին տեռորի էր ենթարկում ու այնպիսի պրոթուրքական քարոզ իրականացնում, որ նույնիսկ թուրք–ադրբեջանական դիվերսանտներն այդպես չէին կարողանա վնաս հասցնել մեր պետությանը։
Ոմանք այն կարծիքին են, որ Թուրքիային շնորհավորելը զուտ դիվանագիտական էթիկետ է, բայց սա այդ դեպքը չէ։ Թուրքիան բացահայտ թշնամական վերաբերմունք ունի Հայաստանի նկատմամաբ և Ադրբեջանի հետ միասին լծված է Ղարաբաղը վերցնելու գործին։ Նման պայմաններում արարողակարգն ու էթիկետը չեն կարող գործել, հատկապես, երբ «ֆուտբոլային» դիվանագիտությունն անփառունակ վախճան ունեցավ։
Կարեն Հակոբջանյան
Հ.Գ.։ Գյուլին ուղղված Սարգսյանի շնորհավորանքն ընթերցելիս ակամայից հիշեցի, թե ՀՀ նախագահի պաշտոնում հայտնված մարդն ինչպես էր անիմաստ հրճվում, երբ մերոնք գոլ էին ուտում թուրքերից։
3 քննարկումներ
YAN ZAL