ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ ADMIN. Thursday, October 18, 2012 23:14 - 1 քննարկում
Ժակ Շիրակ. «Վերնոյը ֆրանսիական կինոյի լեգենդի մի մասն է»:
92
Մեկ այլ հանրահայտ հայի` ռեժիսոր Անրի Վերնոյի, որի կյանքն անցել է Ֆրանսիայում, ստեղծագործական ճակատագիրը զգալիորեն ավելի հաջողված էր: Որպես ռեժիսոր նկարահանել է 42 գեղարվեստական կինոնկար: Դրանցից 27-ի սցենարիստն ինքն է եղել: Որպես դերասան նկարահանվել է 6 ֆիլմում: Եղել է 4 կինոնկարի պրոդյուսերը: Ֆրանսիայում պարգևատրվել է Պատվո լե•եոնի շքանշանով: Երկու անգամ ստացել է Ֆրանսիայի ազգային «Սեզար» կինոմրցանակը երկու անվանակարգերում` «Լավագույն ֆիլմ» և «Լավագույն սցենար» (1980), և կենդանության օրոք ունեցած նվաճումների համար (1996): 1954թ. ստացել է Լոկարնոյի փառատոնի Գլխավոր մրցանակը, իսկ 1956թ.` Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակը «Լավագույն ինքնատիպ սցենար» անվանակարգում:
Անրի Վերնոյը (Աշոտ Մալաքյան) ծնվել է 1920թ. հոկտեմբերի 15-ին, Թուրքիայի Ռոդոսթո քաղաքում: 1924թ. Մալաքյանների ընտանիքը, Արևմտահայաստանի հարյուր հազարավոր հայերի ճակատագիրը կրկնելով, փախել է Հունաստան: Նպատակ ունեին տեղափոխվել Մեքսիկա, սակայն ճանապարհին ստիպված են եղել կանգ առնել Մարսելում, որտեղ էլ հիմնավորվել են: 1930թ. ընտանիքը տեղափոխվեց Փարիզ: Մարսելում հայրը զբաղվում էր ձկնորսությամբ: Նախնական կրթությունն Աշոտ Մալաքյանը ստացել է Էկուան-Պրովանսի ֆրանսիական լիցեյում: Ծնողները խստորեն հետևում էին որդու ուսմանը` ցանկանալով նրան լավ կրթություն տալ: Նրանք մասնավոր ուսուցիչ են վարձում, որպեսզի ֆրանսերենի հետ միաժամանակ շարունակի սովորել նաև հայերեն: Նրա բարձրագույն կրթության մասին տարբեր աղբյուրներում տարբեր տեղեկություններ են հաղորդվում: Հոդվածներից մեկում ասվում է, որ ավարտելով ինստիտուտը` նա ստացել է ծովային չափագետի մասնագիտություն: Մյուսում խոսվում է բանասիրական կրթության մասին: Մի բան ճիշտ է. ինստիտուտն ավարտելուց հետո Աշոտը սկսում է աշխատել «Լա Մարսելյեզ» թերթում: Երբ 1945-ին պատերազմն ավարտվեց, ամբողջ աշխարհը, այդ թվում և Ֆրանսիան, մտահոգ էին խաղաղության պահպանմամբ և ամրապնդմամբ: Հենց այդ ժամանակ էլ Աշոտ Մալաքյանին առաջարկեցին հանդես գալ Հայկական հարցի վերաբերյալ հոդվածաշարով: Հոդվածները մեծ արձագանք ունեցան: Դրանք ստորագրված էին Անրի Վերնոյ անվամբ: Այս մականունը նրա հետ մնաց մինչև կյանքի վերջը: Ավելի ուշ նա ինքն է թերթ հիմնում և միևնույն ժամանակ ռադիոհաղորդումների ցիկլ վարում: Վերնոյը ցնցվել էր, երբ դեռ պատանի` տեսել էր առաջին ֆիլմը: Կինոն նրա վրա այնքան խոր տպավորություն էր թողել, որ նա չէր դադարում մտածել դրա մասին: Տարօրինակ զուգադիպությամբ նրա տեսած առաջին ֆիլմը Ռուբեն Մամուլյանինն էր: Ահա թե ինչ է գրում այդ մասին ինքը` Վերնոյը. «Ֆիլմում խաղում էր Գրետա Գարբոն: Դա Մամուլյանի «Քրիստինա թագուհին» էր: Այդ պահից սկսած` չկար մի օր, որ ես կինոթատրոն չգնայի: Ես չէի կասկածում, որ օրերից մի օր ես կգտնեմ իմ տեղը կինեմատոգրաֆում»:
1948թ. Անրի Վերնոյը նկարահանում է իր առաջին ֆիլմը: Դա փաստագրական ժապավեն էր Մարսելի մասին: Հետագա տարիներին նա նկարահանում է ավելի քան 30 վավերագրական և կարճամետրաժ կինոնկարներ:
1951թ. Վերնոյը սցենար է գրում Մարսել Էմեի «Սեղան մեռածների համար» վեպի հիման վրա և ցույց է տալիս այն ժամանակ արդեն անվանի կինոդերասան Ֆերնանդելին: Վերջինիս սցենարն այնքան է դուր գալիս, որ անգամ ցանկություն է հայտնում նկարահանվել դրանում: Ռեժիսորը նկարահանում է «Սեղան մեռածների համար» ֆիլմը, որն անմիջապես ցուցադրվում է Կաննի կինոփառատոնում, և եթե այս ֆիլմը հանրահայտ չի դարձնում, ապա գոնե հայտնի հաստատ դարձնում է, որովհետև Վերնոյն անմիջապես հրավեր է ստանում Հոլիվուդից:
1960-70-ական թթ. Վերնոյի անունն արտաբերվում էր ֆրանսիական կինոյի այնպիսի վարպետների կողքին, ինչպիսիք էին Ռընե Կլերը, Ժան Ռենուարը, Մարսել Կարնեն, Ֆրանսուա Տրյուֆոն, Քրիստիան-Ժակը, Ժակ Դյուվիվիեն: Նա ներկայացնում էր այն ֆրանսիական կինոն, որը գիտեն և սիրում են ամբողջ աշխարհում: Վերնոյի ֆիլմերում նկարահանվել են այնպիսի դերասաններ, ինչպիսիք են Ժան Գաբենը (հինգ կինոնկարներում), Ժան-Պոլ Բելմոնդոն (վեց կինոնկարներում), Ալեն Դելոնը, Պատրիկ Դևաերը, Իվ Մոնտանը, Էնտոնի Քուինը, Հենրի Ֆոնդան, Օմար Շարիֆը,Կլաուդիա Կարդինալեն և այլք:
Նրա ֆիլմերից առավել հայտնի են «Այդքան տարբեր ճակատագրեր»-ը (1954), «Մեղեդի նկուղից»-ը (1963), «Հազար միլիարդ դոլար»-ը (1964), «Սիցիլիական կլան»-ը (1969), «Եվ… ինչպես Իկարը» (1980): Հայ հանդիսատեսին լավ հայտնի է նրա «Մայրիկ» ֆիլմը (1991), որում նա վերադառնում է իր արմատներին, իր ընտանիքի պատմությանը, որ կիսում է թուրքական յաթաղանից հրաշքով փրկված հայերի ճակատագիրը:
«Այդքան տարբեր ճակատագրեր»-ը զվարճալի, ուրախ կատակերգություն է Ֆերնանդելի, Լուի դը Ֆյունեսի, Պոլեթ Դյուբոյի և Ֆրանսուազ Առնուլի մասնակցությամբ: Ոչ մեծ ֆրանսիական գյուղակում ծնվում են հինգ երկվորյակ տղաներ: Մի անգամ, արդեն մեծացած պատանիները վիճում են իրենց հոր հետ և հեռանում գյուղից: Սյուժեի հետագա զարգացումը բերում է նրան, որ գյուղի բնակիչները ջանում են գտնել և գյուղ վերադարձնել տղաներին: Նրանք վերադառնում են, և եղբայրներից մեկն ունենում է… վեց երկվորյակներ: Ֆիլմը ներկայացվել է «Օսկարի» «Լավագույն սցենար» անվանակարգում (1956):
Իհարկե, «Մեղեդի նկուղից»-ում ամենահատկանշականը Ժան Գաբեն – Ալեն Դելոն դերասանական երկյակն է: Հիանալի կերպով ըմբռնելով գանգստերական ֆիլմի առանձնահատկությունները` դերասանները բառացիորեն լողում են ռեժիսորական առումով փայլուն լուծումներ ստացած դրվագներում… Հարուստ «Ծառայացուցակ» ունեցող ծեր գանգստերը (Ժան Գաբեն) ֆրանսիական Ռիվիերում գտնվող կազինոյի սեյֆը թալանելու պլան է մշակում: Որպես օգնականներ նա հրավիրում է սկսնակ ավազակների` Ֆրանսուայի (Ալեն Դելոն) գլխավորությամբ: Ֆիլմում հնչում են գեղեցիկ երկխոսություններ և Միշել Մանի ցնցող ջազային իմպրովիզացիաները: ԱՄՆ-ում ֆիլմն արժանացավ Էդգար Ալան Պոյի մրցանակին` լավագույն արտասահմանյան քրեական կինոնկարի համար, ինչպես նաև ստացավ «Ոսկե գլոբուս» մրցանակը` որպես լավագույն արտերկրյա ֆիլմ:
«Հազար միլիարդ դոլար»-ը Անրի Վերնոյի լուրջ, մերկացնող ֆիլմերից մեկն է: «Մեզ հայտնի ռեժիսորներից և ոչ մեկն այնպես խորությամբ չի բացահայտել փողի իշխանության դաժան և անսիրտ աշխարհը, ինչպես դա արել է Անրի Վերնոյը»,- գրել է «Յումանիտեն» թերթը ֆիլմի` էկրաններին հայտնվելու օրերին: Ֆիլմի հիմքում Ռոբերտ Լատեսի համանուն վեպն է: Հազար միլիարդ դոլարը 31 առաջատար կապիտալիստական մոնոպոլիայի շրջանառու կապիտալն է: Էկրանին պատերազմ է ընթանում, բայց ծածուկ պատերազմ: Մարտական գործողությունների մասնակիցները ոչ թե զինվորական համազգեստ են կրում, այլ շքեղ կոստյումներ: Նրանց զենքը ոչ թե ատրճանակներ են, այլ պորտֆելների պարունակությունը և հմայիչ ժպիտները: Բայց այդ պարկեշտ աշխարհիկ անտուրաժի հետևում միմյանց հետ շահույթը կիսել չցանկացող ֆինանսական խոշոր գործարարների մահացու գոտեմարտն է: Երկու տարվա ընթացքում ռեժիսորը հավաքում էր անհրաժեշտ տեղեկություններ այս վիթխարի տնտեսական կայսրության մասին, այն մասին, թե ինչ էր խոսվում նրա մասին անցյալում, և ինչ է տեղի ունենում այժմ: Այսպես կոչված «բազմազգ» այդ ընկերությունները տնօրինում էին Արևմուտքի հիմնական կապիտալը և իրենց շոշափուկները տարածում են աշխարհով մեկ, հաճախ նրանց շահերով է թելադրվել այս կամ այն երկրի քաղաքականությունը: Այս ընկերություններից մեկի ղեկավարը չափազանց բարեկիրթ, քաղաքավարի և սիրալիր մարդ է (Մել Ֆերեր), որը Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին համագործակցել է Հիտլերի հետ և շարունակել է օգնել նրան նաև այն ժամանակ, երբ պատերազմի մեջ է մտել նաև ԱՄՆ-ը: Խնամքով թաքցվող այս մանրամասների մասին իմանում է հայտնի լրագրողներից մեկը (Պատրիկ Դևաեր): Լրագրողին, իհարկե, վերացնում են, սակայն նրա մերկացնող հոդվածը տպագրվում է ծայրամասային քաղաքներից մեկի թերթում: Թվում է` արդարությունն այնուամենայնիվ հաղթում է, և ճշմարտությունը հայտնի է դառնում բոլորին: Բայց կինոնկարի ավարտը բերում է այն համոզման, որ նման եզակի դեպքերն ի վիճակի չեն փոխել այս աշխարհում փողի իշխանությունը:
«Սիցիլիական կլան» կինոնկարը երկար ժամանակ տեղ էր զբաղեցնում ամենադրամարկղային ֆիլմերի հարյուրամյակում ֆրանսիական կինոյի ողջ պատմության ընթացքում: Ֆրանսիայում այն դիտել են 5 միլիոն հանդիսատեսներ: Ժանրով այն կրկին գանգստերական ֆիլմ է` նորից Ժան Գաբենի ու Ալեն Դելոնի մասնակցությամբ` գումարած հիանալի ֆրանսիական դերասան Լինո Վենտուրան և Չառլի Չապլինի որդին` Սիդնի Չապլինը… Սիցիլիական կլանը Վիտորիոյի (Ժան Գաբեն) գլխավորությամբ մտադրվում է հանդուգն հափշտակություն կատարել` գողանալ Նյու Յորք տեղափոխվող թանկարժեք իրերի հավաքածուն: Պլանն իրագործելու համար կազմակերպվում է հայտնի ավազակ Ռոժեի (Ալեն Դելոն) անհավանական փախուստը: Վերջինիս բանտ է տեղափոխում ոստիկան Լը Գոֆը (Լինո Վենտուրա): Պլանը գործողության մեջ է դրվում Ֆրանսիայի և Ամերիկայի պրոֆեսիոնալ հանցագործների կողմից: Ուղևորատար «Բոինգը», որով տեղափոխվում էին ադամանդները, վարպետորեն հափշտակվում է: Հղկված վարպետությամբ, ճշգրիտ ռիթմով Վերնոյը մանրամասն վերարտադրում է հանցագործության նախապատրաստման և իրականացման գործընթացը: Ֆիլմի վերջաբանն անսպասելի է, այն դժվար թե գուշակեին անգամ դետեկտիվի ամենամոլի սիրահարները: Ֆիլմի համար հիասքանչ երաժշտություն է գրել Էնիո Մարիկոնեն, որն այն ժամանակվա համար աներևակայելի հոնորար է ստացել` 1.000.000 դոլար:
«Եվ… Ինչպես Իկարը» ֆիլմը, որի գործողությունները կատարվում են մտացածին երկրում, որը շատ նման է ԱՄՆ-ին, նկարահանվել է քաղաքական ֆանտաստիկայի ժանրով: Ֆիլմի վրա ռեժիսորն աշխատել է չորս տարի… Նախագահը սպանվել է: Ենթադրվող դավադրության հետաքննությունը վարում է դատախազը (Իվ Մոնտան), որը հանուն արդարության պատրաստ է ամեն տեսակ մերկացումներ անել` անգամ կյանքի գնով: Նա հասցնում է բացահայտել դավադրության շատ թելեր, բայց ինքը դառնում է մարդասպանի զոհ: Բնականաբար, բոլորը գլխի ընկան, որ ֆիլմը Քենեդիի սպանության մասին է: «Յումանիտե դիմանշին» տված հարցազրույցում Վերնոյն ասում է. «Ես կարդացել եմ Ուորենի զեկույցը և այն ամենը, ինչ հրապարակվել է դրանից հետո, բոլոր հետաքննությունները: Դրանք գաղտնիքը չեն բացել: Եվ ես պատկերացրի մի ոմն դատախազի, մարդու, որի մասին երազում էր ամբողջ Ամերիկան, բայց ով իրականում գոյություն չուներ»: Վերնոյը ֆիլմում մի դրվագ ունի, որը հիմնված է Ելի համալսարանի լաբորատորիայում հոգեբան պրոֆեսոր Սթենլի Միլգրամի կատարած փորձի վրա: Փորձի մասնակիցներին առաջարկեցին էլեկտրական հոսանքով ներազդել հիշողության կորստով տառապող հիվանդի վրա` որոշակի թեստը հիշելիս թույլ տված յուրաքանչյուր սխալի համար նրան «պատժելով» հոսանքի ավելի ուժեղ լիցքով` սկսած 25 վոլտից: Եղել են դեպքեր, և բավական հաճախակի, երբ փորձարկողները «պատիժը» հասցնում էին մինչև մահացու չափաբաժնի` 450 վոլտի: Միլգրամը ենթադրում էր, որ փորձի մասնակիցների միայն մեկ կամ երկու տոկոսն ի վիճակի կլինի օգտագործել մահացու չափաբաժինը: Սակայն պարզվեց, որ 100 մարդուց 60-ը ընդունակ է նման դաժանության: Փորձարկողներն այնքան բարեխղճորեն էին կատարում առաջադրանքը, որ անգամ հիվանդի անտանելի տառապանքները տեսնելուց հետո էլ շարունակում էին ավելացնել լարումը: Իհարկե, հիվանդի դերը կատարում էր դերասանը, և ոչ մի հոսանք էլ չկար: Բայց պատիժն իրականացնողներն այդ մասին չգիտեին: Հոգեբաններն այսպիսով պարզեցին, որ մարդիկ հաճախ մարդասպան են դառնում պարզապես հրաման կատարելով: Վերնոյն այս փորձն ամբողջությամբ ընդգրկեց ֆիլմում` իբրև հավաստում այն թեզի, որ «ոչ մի դիկտատոր չի կարողանա վերացնել իր բոլոր թշնամիներին: Նրան պետք են միլիոնավոր կատարողներ, որոնք կատարում են նրա աշխատանքի մի մասը` միաժամանակ պահպանելով մաքուր խիղճը: «Ես ընդամենը հրաման եմ կատարել». սա հին ու չափազանց ծանոթ երգ է»,- ասում է Անրի Վերնոյը: «Եվ… ինչպես Իկարը» ֆիլմն իսկական իրադարձություն էր ֆրանսիական կինոյի կյանքում», – գրում էր Ս. Լաշիզը «Յումանիտե դիմանշում»:
Անրի Վերնոյը միշտ պահպանել է կապն իր արմատների հետ: Սպիտակի երկրաշարժից հետո նա, որպես բեմադրող ռեժիսոր, մասնակցել է «Քե´զ, Հայաստան» երգի երաժշտական հոլովակի պատրաստմանը: Երգի հեղինակներն էին Շառլ Ազնավուրը և կոմպոզիտոր Ջորջ Գարվարենցը: 1991թ. նրա նկարահանած երկու վերջին ֆիլմերը` «Մայրիկ» և «Պարադի փողոց, տուն 588», նույնպես թելադրված էին նրա հայկական ծագմամբ: Երկու կինոնկարներն էլ տոգորված են հարազատ ընտանիքի մասին հիշողություններով, հարազատ ժողովրդի մասին խոհերով, որոնց հետ կապը նա երբեք չի կտրել: «Ես կարդում, գրում եմ հայերեն: Երբ հաջողվում է 2-3 օր իրար հետևից խոսել մայրենի լեզվով, ապա իմ հայերենը դառնում է պարզ ու մաքուր: Արմատներից հրաժարվել, նշանակում է` հրաժարվել ինքդ քեզնից: Հինգ տարեկանից մոմ եմ բռնել հայկական եկեղեցիներում: Իսկ եկեղեցին միայն հավատ չէ, այն նաև մշակույթ է: Երգել եմ մեր մեծ Կոմիտասի պատարագը: Եվ եթե ես հայ եկեղեցու զավակն եմ, նշանակում է` զավակն եմ նաև հայ մշակույթի»:
Անրի Վերնոյը վախճանվել է 2002թ. հունվարի 11-ին: Հունվարի 17-ին նրա հրաժեշտի արարողությունը տեղի ունեցավ Փարիզի հայկական եկեղեցում: Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակն ասաց. «Վերնոյը ֆրանսիական կինոյի լեգենդի մի մասն է»:
1 քննարկում
Ս.Ս.