Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ ADMIN. Tuesday, October 9, 2012 14:47 - չքննարկված
Ծառուկյանը Չոբան Սաշիկ չի՛:
Վարդան Օսկանյանի հայտարարությունը, թե ԲՀԿ-ն անպայման պետք է հանդես գա նախագահական ընտրությունների սեփական թեկնածուով, և եթե Ծառուկյանն այդ թեկնածուն չլինի, ապա ինքը պատրաստ է լինել ԲՀԿ-ի թեկնածուն, որոշակիորեն բացահայտում է «Բարգավաճ Հայաստան»-ում տիրող ներքին հակադրությունների թնջուկը, որը, ըստ էության, այդ կուսակցության համար էական է ոչ միայն նախագահական ընտրությունների, այլև ընդհանրապես քաղաքական ճակատագրի կոնտեքստում:
Բանն այն է, որ Օսկանյանի հայտարարությունը կարծես թե վկայում է, որ նա թեկնածության խնդիրը հրապարակայնացնում է սեփական ապահովագրության համար` օգտվելով առիթից և փորձելով «Բարգավաճ Հայաստան»-ին, իսկ ավելի ճիշտ` Գագիկ Ծառուկյանին կանգնեցնել փաստի առաջ: Կարծես թե առկա է Վարդան Օսկանյանի, իսկ դա նշանակում է` նաև Ռոբերտ Քոչարյանի մտավախությունը առ այն, որ Գագիկ Ծառուկյանը կարող է հանկարծ սատարել Սերժ Սարգսյանին:
Տեսականորեն Ծառուկյանը կարող է սատարել, եթե, իհարկե, Սերժ Սարգսյանից ստանա կոնկրետ երաշխիքներ, որ իր տնտեսական կարողությունները կլինեն անվտանգ: Բայց Սերժ Սարգսյանն այդպիսի երաշխիքներ Գագիկ Ծառուկյանին ստրատեգիական իմաստով տալ չի կարող, քանի որ Սերժ Սարգսյանի համար ամենևին նպատակահարմար չէ իր կողքին ունենալ մի հսկա ռեսուրս, որը, ըստ էության, ապաքաղաքական ռեսուրս է, սակայն ենթակա քաղաքական մանիպուլյացիաների և կարող է ամեն պահի տրվել դրանց ու օգտագործվել Սարգսյանի դեմ` նրան կանգնեցնելով լուրջ բարդությունների առաջ:
Ըստ ամենայնի, Գագիկ Ծառուկյանին էլ ներկայումս շատերն են հավաստիացնում, որ եթե Սերժ Սարգսյանը նրան տա այդպիսի երաշխիք, ապա միևնույն է` դա լինելու է շատ կարճաժամկետ: Այսինքն` ստրատեգիական իմաստով Սարգսյանն ու Ծառուկյանը չեն կարող երկար ժամանակ լինել նույն նավակում:
Իսկ Քոչարյանի համար, օրինակ, խնդիրն այն է, որ եթե Ծառուկյանը, թեկուզ կարճ ժամկետով, հավատա և նստի Սերժ Սարգսյանի հետ նույն նավակը, ապա արդեն չի կարող ջրից չոր դուրս գալ, և դրանից հետո եթե անգամ վերջնականապես բաժանվի, հիասթափվի Սարգսյանից, ապա իր համար էլ արդեն չի կարող լինել պիտանի գործընկեր: Այդ իսկ պատճառով Քոչարյանն ու Օսկանյանը ներկայումս Ծառուկյանին, անշուշտ, փորձում են հավաստիացնել, որ Սերժ Սարգսյանին սատարելը կոպիտ սխալ է և չի ապահովում անվտանգություն:
Բայց ակնհայտ է, որ Ծառուկյանն իրեն անվտանգ չի զգում նաև Քոչարյանի ու Օսկանյանի կողքին: Անզեն աչքով էլ տեսանելի է, որ Ծառուկյանը նրանց էլ չի վստահում, և Վարդան Օսկանյանի հայտարարությունը մամուլով` այն դեպքում, երբ ԲՀԿ-ն դեռ կարկամում է, խոսում է նաև հենց փոխադարձ անվստահության մասին:
Փաստորեն Գագիկ Ծառուկյանը հայտնվել է երկու քարի արանքում և անկարող է դիրքորոշում արտահայտել, քանի որ գոնե լավ է պատկերացնում, որ հարցը միայն առաջիկա նախագահական ընտրությունները չեն: Այդ իմաստով ԲՀԿ նախագահի համար հեռանկարները բավական մշուշոտ են որևէ դեպքում, քանի որ Ծառուկյանը լիովին կորցրել է ինքնուրույնությունը քաղաքական գործընթացներում. նա կամ կդառնա Սերժ Սարգսյանի, կամ Քոչարյանի հաջողության կամ անհաջողության զոհը, որովհետև ստեղծվել է մի վիճակ, երբ Ծառուկյանին զոհելը երկու կողմի համար էլ դառնում է հաջողության գրավական կամ առնվազն անհաջողությունից խուսափելու, նվազագույն կորուստներ թույլ տալու միջոց: Դրա հիմնական պատճառն այն է, որ Ծառուկյանը ներկայումս հայտնվել է ոչ իր տեղում և առավել ևս` ոչ հարմար պահի:
Այդ պայմաններում «զոհի» դերում չհայտնվելու միակ տարբերակը Ծառուկյանի համար մնում է կուսակցությունը լիովին Քոչարյանին հանձնելն ու քաղաքականությունից դուրս գալը: Դա էլ նրան չի հաջողվի առանց կորուստների, առավել ևս, որ Ծառուկյանն այդքան փող է վատնել կուսակցության վրա, բայց գոնե այդպիսով Ծառուկյանը կկորցնի նվազագույնը` ամբողջի փոխարեն: