ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ ADMIN. Wednesday, September 19, 2012 16:53 - չքննարկված
Կյանքի 93-րդ տարում վախճանվեց Հրաչուհի Ջինանյանը…
Կյանքից հեռացել է Հայաստանի ժողովրդական արտիստ Հրաչուհի Ջինանյանը
Սեպտեմբեր 19, 2012 | 19:16
Սեպտեմբերի 19-ին, կյանքի 93-րդ տարում, երկարատեւ հիվանդությունից հետո վախճանվեց սիրված դերասանուհի, հաղորդավարուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, Երեւանի պատվավոր քաղաքացի, պրոֆեսոր Հրաչուհի Արտյոմի Ջինանյանը: Այդ մասին հայտնում են մշակույթի նախարարությունից:
Հրաչուհի Ջինանյանը ծնվել է 1919 թ. նոյեմբերի 25-ին, Կ. Պոլսում: 1925 թ. ներգաղթել է Խորհրդային Հայաստան: 1936-41թթ. սովորել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում: 1941թվականից աշխատել է Հայաստանի Հանրային ռադիոյում` որպես հաղորդավար, ապա` խմբագիր եւ ռեժիսոր: Երեւանի պետական թատերական ինստիտուտի հիմնադրման օրվանից մինչեւ 2002թ. զբաղվել է մանկավարժական գործունեությամբ, երկար տարիներ ղեկավարել բեմական խոսքի ամբիոնը:
Արժանացել է բազմաթիվ պատվոգրերի ու մրցանակների, պարգեւատրվել պետական պարգեւներով: 1977թ. արժանացել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստի պատվավոր կոչման: 1984թ. ստացել է բեմական խոսքի ամբիոնի պրոֆեսորի կոչում: 2001թ. պարգեւատրվել է «Մովսես Խորենացի» շքանշանով: 2003թ. արժանացել է «Երեւանի պատվավոր քաղաքացի» կոչմանը: Հ. Ջինանյանի ստեղծագործական գործունեության մեջ առանձնահատուկ տեղ է զբաղեցնում ասմունքի ժանրը, որով հայտնի է դարձել հայ հանրությանը:
Հրաչուհի Ջինանյանի մահվան առթիվ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է թաղման կառավարական հանձնաժողով` ՀՀ մշակույթի նախարար Հ. Պողոսյանի նախագահությամբ: