Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Tuesday, September 18, 2012 2:44 - 2 քննարկում

Բացարձակի ճանաչումը` Ազգային Ոգու միջոցով

Այն, որ ավանդական քրիստոնեությունն ամբողջ աշխարհում հաջորդաբար հանձնում է իր դիրքերը`վերածվելով արխայիկ ու սիմվոլիկ մի խորհրդի, ականատես ենք լինում բոլորս: Հայաստանում այս  նույնպես իրողություն է: Հարահոս ժամանակի ինչ որ մի պահի առաջացած հոգևոր բացը պարարտ հող հանդիսացավ, քրիստոնեությունից ճյուղավորված ամենատարբեր աղանդների` մեր Հայրենիքում տարածվելու համար: Սակայն հասնելով որոշակի սահմանային վիճակի, կրիտիկական մի մակարդակի, այդ աղանդներում ներգրավված մարդկային բոլոր հնարավոր կատեգորիաներից ոմանք, ում չեն բավարարում դոգմատիկ ու ֆանատիկ հոսանքները, ինչպես նաև նրանք, ովքեր դեռ շարունակում են հոգևոր բացարձակի փնտրտուքները, իրենց հայացքները հառեցին, այդ առումով «ոսկեբեր երակ» թվացող արևելյան ուսմունքներին: 

Վերջիններս, կարծես թե ուղղված լինելով անհատի զարգացմանը, բացարձակի` անհատական ճանաչմանը,առաջին հայացքից անմեղ են պատկերանում` ազգային ինքնագիտակցությանը վնաս հասցնելու առումով: Սակայն արի ու տես, որ ամեն ինչ այդքան միանշանակ չէ: ՈԻնենալով բավականին դրական ազդեցություն, մարդու մարմնական ու ոգեղեն կազմակերպվածությունն ու ինքնաճանաչողությունը բարձրացնելու գործում, միաժամանակ այս ուսմունքներում առանցքային է հանդիսանում միասնական Ոգու, Արարչի գաղափարը: Արևմուտքի հոգևոր-փիլիսոփայական ուսմունքներում կարևոր տեղ է ընձեռնված նաև անմահ հոգիների վերածննդի շնորհիվ անընդհատ կատարելագործվող անձնականությանը, անտեսելով սակայն ամենակարևորը, այն է` հոգու անհատականության մեջ ներառված ազգային հավաքականության արտահայտվածությունը: Եվ հենց այդ բացով էլ, այդ ուսմունքները վերածվում են յուրատեսակ հոգևոր գլոբալիզացման քարոզի:
Շարադրեմ առօրյա խոսքերով. եթե արարված ենք մեկ Արարչի կողմից, եթե մեր կենսակերպի միակ մտահոգությունը` ոգու վերակերպումներում աստիճանական վերընթաց զարգացման խնդիրն է, ապա էլ ի՞նչ ազգային կամ էթնիկ ծագման ու տեսակի պահպանման հարց:
Ձեզ ծանոթ չի՞ թվում մոտեցումը: Աշխարքաղաքական և տնտեսական գլոբալիզացիայի ջատագովները նույնպես, Ազգ հասկացությունը հրամցնում են, որպես արհեստական ու ներկայումս ժամանակավրեպ դարձած գոյացություն:
Ոմանք կարող են հակաճառել, թե ամենքս ազատ ենք դավանելու «միակ ճշմարիտ լույսի»` սեփական կամ ուղղորդված, պատկերացումներին: Նրանց ես կպատասխանեմ, որ ներկայումս երիտասարդության մեջ տիրող ազգային զարթոնքի սաղմերը ոռոգել օտարահունչ ու օտարաշունչ տոգորվածությամբ` վերազգային, «համամարդկային»-ի հռչակ ունեցող հոգևոր փիլիսոփայությամբ, կործանարար ու մահացու է` թշնամիներով շրջապատված ՀԱՅ Ազգի գոյության համար:
Հարգելիներս, մի՛ մոռացեք` Հոգին ունի՛ Ազգություն:
Բնության մեջ արտահայտված տեսակների բազմազանությունը պայմանավորված է,այդ տեսակների նախագոյաբանական անանցողիկ ոգեղեն կերպարանքներով, որոնք բնությունն արարող տիեզերական Ոգու բազմակողմ դրսևորումներն են:
Այլ կերպ, նույնիսկ ցանկացած տեսանկյունից, ինչպե՞ս բացատրենք, որ Ամենաբարձրյալը, Արարիչը ստեղծել է հոգի ու շունչ ունեցող, մարդկային տեսակների ու ենթատեսակների այս բազմազանությունը: Կխնդրեի չընկնել կեղծ գիտականության գիրկը, մեջբերելով, թե դա հետո, ժամանակի ու հանգամանքների առումով են փոփոխվել մարդկանց գույնը, գանգի կառուցվածքը, աչք ու ականջների ձևը, մտավոր ունակությունները, և այլն, և այլն…: Քանզի ներկայիս գիտական ապացույցներն ավելի խոսուն են, օրինակ, որքան որ մարդ տեսակն է գենետիկական կառուցվածքով տարբերվում կենսաբանորեն իրեն ամենամոտ կանգնած պրիմատներից, համարյա դրա կիսով չափ էլ առկա է զանազանությունը տարբեր ազգերի ներկայացուցիչների միջև, և այլն:
Որպես Հայ վերածնվելով, անմահ հոգին արդեն իսկ կատարել է իր ընտրությունը ու որոշակի պարտավորություններ է ձեռք բերել Ազգի նկատմամաբ: Դեպ Բարձրյալն ու Անմեկնելին հոգևոր առաջընթացի ճանապարհը պետք է անցնի, Ազգի բարօրության համար մղած պայքարի ու տարած հաղթանակների միջով:
Անծանոթ լինելով ներկայիս գենետիկ հետազոտությունների արդյունքներին, դեռ անցած դարակեսին Հայկ Ասատրյանն անդրադարձել է ոգեձուլման խնդրին. «Ոգին ավելի՛ է պահպանողական, քան արյունը, բայց ինքնապահպանումի հնարավորություն ունի միայն ազգային, ցեղային ձև ու բովանդակություն ստացած ոգին: Այլասերվածը կորցնում է ոգեպահական իր կարողությունը: Նրա մեջ գործող բնազդական ուժերը մղում են նրան իր կենսաբանական ինքնապաշտպանությունը պայմանավորել ձուլող ժողովրդի հոգեբանության յուրացումով: Հայտնի է, որ կենսաբանական թե հոգեբանական պատճառներով, ցեղերի արնախառնումով չի ազնվանում նրանցից նվազարժեքը, այլ` խաթարվում, վատասերվում է արժեքավորը»:
Կենսաբանակ և հոգեբանական դրսևորումների տևական դիտարկման վրա հիմնված այս եզրակացությանն ավելացնենք, որ մեր կողմից քննարկվող թեմայի պարագայում, ստացվում է ինքնակամ հոգևոր այլասերում, ինքնադատապարտում` ազգային հոգեկերտվածքի փոփոխման: Լինի դա եբրայական, հնդկական, չինական կամ այլ` ազգային հոգևոր –պաշտամունքային գաղափարներին տուրք տալուց (ինչպիսի «համամարդկային» դիմակով էլ,որ դրանք հանդես գալուց լինեն):
Այս համայնապատկերում կեղծ է երևում շահագրգիռ խավի հնչեղ մտահոգությունը, թե տոչորված են Ազգապահպանման խնդիրներով :
Շատ շատերը հրապարակայնորեն գոչել-կոչելով «Վասն Ազգության.Վասն Ազգայինի», ցավոք ամբողջ խորությամբ չեն ընկալում Ազգն իրենց մեջ և տուրք են տալիս վերազգային հոգևոր-փիլիսոփայական գաղափարախոսություններին: Անհարկի է հոգևոր ոլորտում մտասևեռվել համամարդկայինի ֆետիշացմանը: Այո, և երի՛ցս այո, համամարդակայինն անշուշտ կարևոր է, բայց այն չի կարող լինել Ազգայինի անտեսման հաշվին: Հիրավի ճշմարիտ են հայազգի արվեստագետ մտավորականի` Գարզուի խոսքերը. «Ազգայինը` մարդուս ոտքի տակի հողն է: Բայց քայլել և չշնչել՝ անկարելի է: Շնչելու օդը աշխարհինն է»: Արդ, ունենալով մեր ոտքի տակի ամուր հողը` ազգայինը, կարող ենք առնչվել համամարդկայինի` օդի, ցանկացած տատանումների հետ:
Հպանցիկ անդրադառնամ Արիկանության գաղափարախոսություն –ուսմունքը «վերակերտողներին»:
Չմոռանանք, մեր Ազգի ինքնանվանումը ՀԱՅ է: Ինչպես հիշատակվում է Պատմահայր Խորենացու` մեզ փոխանցած Հայկ նախահոր առասպելում. «Հայկը չկամենալով հնազանդվել Բելին, Արամանյակ որդու ծննդից հետո, չվեց գնաց Արարադի երկիրը…գալիս բնակվում է մի բարձրավանդակ դաշտում, որի անունը կոչում է Հարք, այսինքն թե, այստեղ բնակողները Հայեր են… ճակատամարտի տեղը շենացնում` դարձնում դաստակերտ և անունը դնում Հայք, հաղթական պատերազմի պատճառով…իսկ մեր աշխարհը մեր նախնի Հայկի անունով կոչվում է Հայք» : Եվ ինչին հետո անդրադառնալով, Մ. Գավուքչյանը նշում է, որ «Հայերն իրենց արև-կրակի գերագույն աստված Ար-ի (Արայի)անունով իրենց կոչած են եղել Ար կամ հԱր և իրենց երկրի կենտրոնը ` Հարք: Ավելի ուշ ժամանակներին է, որ Հարքի տեղը երևում է Հայք, հար-ի տեղ` հայ»: Ինչին էլ հետո ժամանակակից հայագետները հավելում են, որ դա նույնինքը` Հայա, Հալ դի, Հայկ , հնչեղությամբ տարբեր, բայց Էությամբ միևնույն Ոգու շարունակական փոխակերպումն է:
Այո, ՀԱՅն Արիացի է, այնքանով, որքանով որ դարերի ընթացքում ՀԱՅ գոյաձևն է եղել Արիական, Արիաշունչ ու ՔաջԱրի: Եվ հենց այս մարդկային որակական հատկանիշների առումով է նաև,որ օտարները մեզ անվանել են Արի Մարդ- Արմեն, իսկ բնօրրան Հայրենին` Արմենիա:
Հետևությունը թողնեմ ձեզ, չնայած որ ակնառու է Հայ և Արի բառերի որակական հոմանիշ լինելը: Դիտարկենք միայն, որ առանձնահատուկ կարիք չկա` մոդայիկ ու համամարդկային հնչեղություն ստացած, «Արիականություն» տերմինը հատուկ ընդգծելու:
Վերը նշած խնդիրները, կարծես թե դրդել են Հայ իրականության մեջ առկա` մտահոգ ու մտավոր մի շերտի, փնտրտուքներ կատարել ու վեր հանել ՀԱՅ տեսակի, ՀԱՅ Ազգի միահամուռությունը սոսնձող մի ընդհանրական պատկերացում: Իմ համեստ կարծիքով, այն, որ այդ մտապատկերը պետք է լինի Ազգային հողի վրա, միանշանակ է ու աներկբա: Քանզի մնացյալ տարատեսակ փորձերը, ակնառու է, որ բերում են հակառակ արդյունքի`հետևաբար ճիշտ չեն:
Ցանկությունն ու ջանքերն իհարկե գովելի են, սակայն պարզ ասած` «պետք չէ նորից հեծանիվ հորինել», անտեսելով արդի Ազգայնական գաղափարախոսության հիմքերում կանգնած պատվարժան Հայկ Ասատրյանի նախազգուշացումը` «Չկա՛ օրգանական կապ, հայի մտահղացումների և պատմանպատակ ջանքերի միջև: Ո՛չ միայն արվեստին, այլև` գիտության, անգամ հասարակ գրին ծառայող հայն, իրեն համարում է երկնային խորհուրդների ներկայացուցիչ և կտրվում երկրից: Կեղծ խորհրդապաշտությունը, հաճախ, զրկում է նրան իրական, զորությամբ հագեցած զգացումների հետևողական վերլուծական համադրմամբ, ոգեկան տարրերի համախառնումով նպատակ կառուցելու հնարավորությունից: Հայի նպատակը հղացումն է երևակայության, գործերը` տենչերի»:
Տիարք և տիկնայք, որ դեռ խարխափում եք թաքնագիտական և խորհրդապաշտական մացառուտներում, միք մոռանա հայոց Մեծ Մարգարեի` Նժդեհի, կարծես թե հենց այս առիթով ասված խոսքերը`«Խորշում եմ այն բոլոր վարդապետություններից և հոսանքներից, որոնց գաղափարաբանությունը կամ գործունեությունը ուղղված է, առհասարակ «ազգ» երևույթի , առավել ևս` Հայ Ազգի դեմ»:
Մտահոգություն համարվող հայկական բուն խնդրի ` Ազգին հոգևոր –գոյաբանական խարխափումներից դուրս բերելու լավագույն բանաձևը տվել է Մեծ մարգարեն` Նժդեհը, այն է` «Ցեղել Ազգը, բարձրացնելով Ժողովրդի մեջ, ցեղորեն ապրող Ազգի տեսակարար կշիռը»: Նա իր պրակտիկ-փիլիսոփայական մտքի թռիչքով, դեռ կես դար առաջ հայտնատեսեց Հայ ազգի անանցողիկ հավաքական Ոգին ` «Ցեղը դա աստվածանման Հայկն է…»:
Այո, հենց մեզ ծնած ու սնած Հայ Ազգի վեհության զգացումով պետք է ապրել ու ապրեցնել, դաստիարակել առկա ու գալիք սերունդները, իսկ դրա համար անհրաժեշտ է տեր կանգնել սեփական հոգևոր ու պատմական ժառանգությանը, ճանաչել այն և ապրել դրանով ներծծված, դարձնելով այն, որպես սեփական մաշկ:
Ի՞նչն է մեզ խանգարում` օգտվելով բազմադարյա աշխարճանաչողական, մտավոր, գիտական, մշակույթային և մյուս մեր նվաճումներից, «բարձրացնելու ցեղորեն ապրող Ազգի տեսակարար կշիռը»: Բարիք է, որ առկա է հայ երախտավորների կողմից վերամշակված ու մատուցված Ազգային էպոսը, որում արտացոլված է աշխարճանաչողական տիեզերակարգի իմացության ամբողջ կոնցեպտը: Ազգային մշակույթը` պահպանված ու վեր հանված երգերի ու պարերի տեսքով, գործնականում անպարտելի Ցեղակրոն` Ազգային գաղափարախոսությունը և այդ ամենը սոսնձող`մեր բազմաշերտ Հայոց Լեզուն:
Արդ, եթե ինչ որ մեկը, կամ մի խումբ` փորձելով համակարգել մատնանշած ձեռքբերումները, անխուսափելի կհամարի` երկրպագության համար համընդունելի մտատեսիլային պատկերացում ստեղծել, ապա թող դա լինի Ցեղի Ոգին, արտահայտված մեր բնիկ հայկական հավատարներով` ՀԱՅԱ, ՀԱՅԿ, ԱՐ, այլ ոչ արհեստածին կամ այլազգի, սին տիտղոսներով հռչակված անուններ:
Դեպ Բացարձակը, Արարիչը` հոգևոր զարգացման մարդկային վերընթացի ուղին, պետք է անցնի հավաքական Ազգային Ոգուն,Ազգի բարօրությանը, այլ ոչ որևէ անհատի ծառայելու միջոցով:
Ավարտեմ, կրկին Նժդեհի խոսքերով. «… որպես Ինքնություն, Ցեղից դուրս գոյություն չունեմ, քանզի Հա՛յ մարդ եմ և ոչ՝ սոսկ մարդ…»

Հիքսոս Արթուր 



2 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

С.С.
Sep 18, 2012 12:58