Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ ADMIN. Tuesday, September 18, 2012 14:03 - 2 քննարկում
ՃԱՆԱՊԱՐՀ ԴԵՊԻ ԽԱՌԱԿԻՐԻ: Կարող ա՞ Սերժ Սարգսյանը տարված իր քարոզարշավով իր եղբայրների գլուխն էլ թռցնի ու վերջում իրեն «խառակիրի» անի… Հը՞:
Օգտագործելով պետական գնումների ոլորտում իր վերահսկողության ծառայության կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքների ներկայացման առիթը` Սերժ Սարգսյանը շաբաթ օրը կառավարության խորհրդակցության ժամանակ փաստացի ոչ միայն բացահայտեց պետական կառավարման համակարգի համատարած կոռումպացված էությունը, այլև անուղղակիորեն հաստատեց, որ այն ունի համակարգային բնույթ:
Դա, իհարկե, անսպասելի ու արտառոց չէր, որովհետև Հայաստանում թերևս միայն մանկապարտեզի երեխան չգիտի, թե ինչպես են իրականում իրականացվում պետական խոշոր գնումները, ինչպես ու ինչ մասշտաբների են հասնում, այսպես կոչված, §ատկատները¦, ինչպես են կազմակերպվում տենդերները: Նախագահը չզարմացրեց անգամ դրանց մասին նման մակարդակով բարձրաձայնելու, բռունցքը սեղանին հարվածելու իր §տպավորիչ¦ քայլով, որովհետև այլևս կանխատեսելի է նախընտրական քարոզարշավները օդում սուր ճոճելու նման դեմոնստրացիաներով սկսելու նրա թիմի անփոփոխ տակտիկան:
Վերջին այս դեպքը նախորդներից տարբերվում է միայն նրանով, որ, բացի քարոզչականից, հետապնդում էր նաև քաղաքական կոնկրետ նպատակներ, և այս իմաստով ենթադրում է կոնկրետ հետևանքներ: Ազգային անվտանգության ծառայությանը և դատախազությանը տված` §մեծերին գլխից բռնելու¦` նախագահի հանձնարարականից գրեթե հարյուր տոկոսով կարելի է եզրակացնել, որ շատ շուտով հասարակությանը կհրամցվի մի քանի խոշոր կամ ավելի հավանական է` միջին տրամաչափի շնաձկների §թռցվող գլուխների¦ շքահանդես, որոնք լինելու են նախագահական քարոզարշավին և քաղաքական հաշվարկներին մատուցվող անխուսափելի զոհերը: Արդեն հիմնական հարցերից մեկը դառնում է այն, թե ովքեր են հայտնվելու պղտոր ջուրը նետված այս ուռկանի մեջ:
Եվ այսուհանդերձ, այս թերևս հապճեպորեն և ոչ պրոֆեսիոնալ ձևով իրականացվող օպերացիան կարող է նախագահի համար բումերանգի էֆեկտ ունենալ:
Վարչապետին և առողջապահության նախարարին Սերժ Սարգսյանը մեղադրում է նրանում, որ նրանք չեն կատարել գնումների ընթացակարգերի հստակեցման, դեղերի շուկան կարգավորելու վերաբերյալ իրեն տված խոստումները: Իսկ նաև կենսաթոշակների ոլորտում առկա խնդիրների մասով նա պարզ հայտարարում է, որ իրեն անընդհատ զեկուցում էին, թե խնդիրներ չկան, եղածներն էլ արագ լուծումներ են ստանում, մինչդեռ ոչինչ իրականում չի փոխվում: Սա այլ բան չէ, քան նախ վարչապետի և ընդհուպ իր քաղաքական թիմի անարդյունավետության և երկրորդ` վերջիններիս կողմից խափված լինելու ինքնախոստովանություն: Սա էլ իր հերթին նշանակում է, որ մի կողմից նախագահը կամովին կամ ինքնաբերաբար կորցրել է իրական իշխանությունը, երկրում հաստատվել է անիշխանություն և յուրաքանչյուրն իրեն վստահված ոլորտում անում է ինչ ուզում է` նախագահին ներկայացնելով իրականությանը չհամապատասխանող պատկեր, իսկ մյուս կողմից` որ Սերժ Սարգսյանը շարունակում է վստահել անարդյունավետ կառավարությանն ու իր ձևավորած կաբինետին:
Եթե անգամ այսպիսով նախագահը փորձում է երկրում ստեղծված վիճակի պատասխանատվությունը վանել իրենից` այն դնելով իր ենթակաների, իր քաղաքական թիմի վրա, ապա գոնե §խաբեբաներով¦ իրեն շրջապատած լինելու, նրանց վրա հենվելու, կադրային այս մակարդակի քաղաքականություն վարելու մասով նա պատասխանատվությունից չի կարող խուսափել: Իսկ երբ անգամ նման մասշտաբային խաբեությունը (որը համեմատելի է միայն պետական դավաճանության հետ, որովհետև խոսքը վերաբերում է քրեական հանցագործությունների, որոնց արդյունքում պետական բյուջեն հսկայական կորուստներ է կրել), բացահայտվելուն ոչ թե անմիջապես պաշտոնանկություններ, ձերբակալություններ են հաջորդում, այլ միայն նախազգուշացումներ, ստեղծվում է շատ անլուրջ ու անհասկանալի վիճակ: Ստացվում է, որ նախագահը շարունակում է ապավինել իրեն տարիներ շարունակ խաբողներին և կոռուպցիոներներին:
Եթե նախագահի վարկանիշի մասին մտածողները և նրանց վստահող Սերժ Սարգսյանը կարծում են, որ կամազուրկ, բանից անտեղյակ, փաստացի իշխանություն ու անգամ իր քաղաքական թիմի մոտ հեղինակություն չունեցող ղեկավարի կերպար կերտելով` կարող են ստեղծել §բարի թագավորի իմիջ¦, և դրանով ընտրություններ խաղալ, ապա ոչ միայն նախագահը մտածելու բան պետք է ունենա, այլեւ առաջին հերթին սովորական, շարքային ընտրողը:
Առողջ տրամաբանությունը, սակայն, սրան զուգահեռ հուշում է, որ երկրի ղեկավարը չէր կարող կառավարման համակարգում տեղի ունեցող այս խայտառակ իրողություններից տեղյակ չլինել: Հրավիրած խորհդրակցության ժամանակ Սերժ Սարգսյանը առավել քան թափանցիկ դրա մասին անուղղակիորեն ակնարկում է` հայտարարելով, որ այսուհետ չեն բավարարվելու միայն պատասխանատուներին աշխատանքից ազատելով և անպայման §գլուխներ են թռչելու¦: Սակայն նա չի պատասխանում այն հարցին, թե ինչո±ւ է խոսում միայն ապագայի մասին:
Չնայած կենսաթոշակային համակարգում կատարված հսկայածավալ հանցագործություններին, ու զեղծարարություններին, որոնց հետևանքով փաստացի յուրացվել է մոտ 11մլրդ դրամ, ոչ ոք, ըստ էության, պատասխանատվության չի ենթարկվել, իսկ հիմնադրամի նախագահ Վազգեն Խաչիկյանը հանգիստ շարունակում է իր կուսակցաշինական աշխատանքները նախագահի ղեկավարած կուսակցությունում: Հնդկաստանից ներկրված գոմեշի հոտած միսը կովի մսի տեղ և բավականին բարձր գնով իրացվում է ազգային բանակում, բայց փոխնախարար Արշալույս Փայտյանը, ում անունն ուղղակիորեն էր կապվում այդ խայտառակ գործարքների հետ, ընդամենը ազատվում է զբաղեցրած պաշտոնից և տուն գնում: ԱՄՆ դատարանը ապացուցված է համարում դեռ 2008թ. բնապահպանության նախարարի կողմից ամերիկյան ընկերությունից կաշառք պահանջելու և այն չստանալու հետևանքով ընկերությանը լիցենզիայից զրկելու և մոտ 27 մլն դոլարի վնաս հասցնելու փաստը, բայց մեզ մոտ այդ կապակցությամբ անգամ ծառայողական քննություն չի անցվացվում` գոնե երկրի դեմքը խայտառակությունից փրկելու համար, իսկ նախկին այդ նախարարը` Վարդան Այվազյանը, շարունակում է պաշտոնավարել որպես ԱԺ առանցքային հանձնաժողովներից մեկի նախագահ: Վերհսկիչ պալատը պետական միջոցների յուրացման աղաղակող դեպքեր ու փաստեր է հայտնաբերում պետական գրեթե բոլոր գերատեսչություններում, բայց դրանց արդյունքում առ այսօր ոչ ոք չի ձերբակալվում:
Ինչո±ւ նախագահը չի հանձնարարում նաև բոլոր այս դեպքերի մանրակրկիտ ուսումնասիրում անցկացնել, նաև դրանց հետ կապված §գլուխներին բռնել¦: Չէ± որ ակնհայտ է` խոսելով միայն սրանից հետո կատարվելիք հանցագործություններն ու կոռուպցիոն երևույթները բացահայտվելու դեպքում §գլուխ թռցնելու¦ մասին, ինչն, իհարկե, առանձին վերցրած ողջունելի է, փաստացի լեգալացվում են մինչև հիմա կատարված և երկրի, նախագահի իշխանության, ժողովրդի հեղինակությունը ցեխին հավասարեցրած հանցագործությունները: Երբ այս հարցը պատասխան չի ստանում, նախագահի կողմից ձեռքը սեղանին հարվածելու այս հաղթական քայլն կարող է ընկալվել առավելագույնը որպես սպառնալիք-զգուշացում բոլոր նրանց, ովքեր կհամարձակվեն այսուհետ առանց իր գիտության իր քթի տակ նման գործարքներ իրականացնել:
Գևորգ Աղաբաբյան
2 քննարկումներ
ԹԱՄԱՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ