ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ ADMIN. Thursday, September 13, 2012 15:01 - 1 քննարկում
ԱՍՔ ՇԻՐԱԿ ՀՅՈՒՐԱՆՈՑԻ ՄԱՍԻՆ
11 հարկ և 334 մահճակալ: 1978 թվականի հոկտեմբերին շահագործման հանձնվեց Գյումրիի Շիրակ հյուրանոցը: “Հյուրանոց մի ասա, հրաշք ասա,- հիշում են գյումրեցիները,- բարձրահարկ և գեղեցիկ շենքը այդ տարիներին էլիտար էր համարվում: Թե տուրիստ էր գալիս, անմիջապես շտապում էինք մեր եևրոպական հյուրանոցը ցույց տալ”:
Գյումրեցիների պարծանքի առարկան 88ի “զոհերից” մեկը դարձավ: Երկրաշարժի արդյունքում կառույցը գրեթե հիմնովին ավիրվեց: 2000 թվականի սկզբին պետությունը որոշեց` հյուրանոցի ուրվականի հարցերը “լուծելու ենք”: 2002 թվականին այն ապամոնտաժվեց մինչև 4-րդ հարկը ու վերջ` հատկացված գումարը սպառվեց:
2003 թվականին կառավարությունը բարձրաձայնեց` նախկին հյուրանոցի մասնաշենքը հատկացնում ենք Շիրակի մարզպետարանին` վարչական շենք էր կառուցվելու: Դա ՀՀ կառավարության 1138 որոշումն էր, որը մի լավ քննարկվեց, կետերը մշակվեցին ու հաստատվեցին, մարզպետարանի աշխատակիցներն էլ ծափ զարկեցին` մոտ ապագայում գեղեցիկ և հարմարավետ աշխատասենյակներ կունենանք: Սակայն այդ հարմարավետության երազը այդպես էլ թղթի վրա մնաց` 2003-ին ոչ մի շինաշխատանք էլ չիրականացվեց:
Ու այդպես կիսաքանդ, կիսախարխուլ վիճակում շարունակեց ապրել Շիրակ հյուրանոցը, ապրել ու տանջել գյուրմեցիներին: Այն դարձել է 88-ի աղետի լուռ վկան: Շատ գյումրեցիներ կառույցի մոտով անցնելիս մի պահ ևս վերապրում են անցած-գնացած դաժան օրերի դաժան պահերը:
Վերջին տարիներին այն սգալու մի քանի դեպք էլ ավելացրեց` եղան ինքնափլուզումներ ու տեղում ապաստանած մի քանի թափառաշրջիկներ մահացան, գրանցվեցին նաև ամրաններ քանդողների մահվան դեպքեր:
2010 թվականին սայլը սկսեց տեղից շարժվել. Զարգարյան և Ընկերներ ՍՊԸ-ն դիմում ներկայացրեց կառավարությանը տարածքում նոր հյուրանոց կառուցելու նպատակով: Որոշ ժամանակ անց հրապարակվեց հետևյալը` ոչ մի աշխատանք էլ չի իրականացվելու, կառույցը ոչ մեկին էլ չի հանձնվել:
Ու այդպես “անհանձն” էլ այն կանգնած է մինչ օրս: Անցող դարձողին մռայլ “բարևում է” ու “պարծենում” իր զարդերով: Իսկ պարծենալու տեղ իսկապես ունի` շենքի ստորին հատվածը զարդարում են հայտնի քանդակագործ Ֆրիդ Սողոյանի որմնաքանդակները: Տարիների ընթացքում, դրանք էլ են սկսել քայքայվել,, բայց մասամբ: Ու եթե պետությունը բարեգութ ու առատաձեռն գտնվի, ապա գոնե դրանց հարցը 2012-ի բյուջեով կլուծի:
Իսկ այ բուն կառույցը կարելի է մի քիչ էլ տաշտշել ու մի պաստառ խփել` ասենք “Քաղաքային պետքարան-աղբանոց”: Ու անպայման վճարովի: Լավ փող կաշխատի սեփականատերը: Վկա է ներկայիս վիճակը:
ԱՍՏՂԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
1 քննարկում
ԳՐԻԳՈՐ