ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Tuesday, September 4, 2012 2:15 - 1 քննարկում

Հայաստանի պատասխանը. ո՛չ մադրիդյան սկզբունքներին:

Հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած մարդասպան Սաֆարովի ազատ արձակմանը հայկական իշխանությունների նվազագույն պատասխանը պետք է լինի մադրիդյան սկզբունքներից և դրանցում արտացոլված հայակործան գաղափարներից վերջնականապես հրաժարվելը։ Ադրբեջանահունգարական այս խայտառակ գործարքը ևս մեկ անգամ եկավ փաստելու բազմիցս արդեն հերքված այն դրույթը, որ ոչ մի երրորդ պետություն կամ կառույց չի կարող երաշխավորել հայի անվտանգությունն ու պատիվը։ Սա՛ է Սաֆարովի պատմության հիմնական դասը։ Մինչդեռ, արցախյան հակամարտության շուրջ ընթացող բանակցությունների ողջ ընթացքում հայկական կողմի ընդունած կեցվածքն ու դիրքորոշումները խարսխված են հենց միջազգային երաշխիքների դրույթի վրա։

Մադրիդյան սկզբունքների ամենավտանգավոր կետերից են նախկին ԼՂԻՄ-ից դուրս ազատագրված պատմական հայկական շրջանների վերադարձը Ադրբեջանին և ազերի բնակչության վերադարձը այդ տարածք։ Բազմիցս խոսվել է, թե ինչ կարևորագույն պաշտպանական գործառույթ ունեն այդ ազատագրված շրջանները Հայաստանի անվտանգության համար։ Առանց այս շրջանների, արցախաադրբեջանական ճակատը բազմապատկվում է մի քանի անգամ՝ համապատասխանորեն բազմապատկելով սահմանն ապահովելու համար անհրաժեշտ մարդկային և ֆինանսական ռեսուրսների չափը։ Եթե Հայաստանի բյուջեի համար ծանր բեռ են պաշտպանական ծախսերը ներկայումս, այն դեպքում պաշտպանության ապահովումը կդառնա գործնականում անհնարին։ Արդյունքում կունենանք վերջնականապես կորցված ռազմական հավասարակշռություն, հուսալքված Սյունիքի մարզի բնակչության արտագաղթ և դիրքերի փոփոխության արդյունքում Ադրբեջանի ռազմական հաջողության ավելի մեծ հավանականություն։ Իսկ թե վերադարձած ազերի բնակչությունը ինչպիսի պարարտ հող կնախապատրաստի ադրբեջանական դիվերսիոն խմբերի համար Սյունիքի և Արցախի շրջանների ուղղությամբ բազմապիսի հարձակումների համար, Տավուշի մարզում պարբերաբար իրականացվող ադրբեջանական գործողությունները հուշում են։ Կարծում եմ, նաև, պարզ է, թե ինչի կբերեն հային կացնահարող մարդասպանին հերոսացնող ազերուն և արցախահայությանը համատեղ ապրեցնելու փորձերը։

Իսկ մադրիդյան սկզբունքներն ինչպե՞ս են նախատեսում կանխել վերը նշված զարգացումը. անվտանգության միջազգային երաշխիքներ՝ միջազգային խաղաղապահների տեսքով։  Հենց այստեղ է, որ Սաֆարով մարդասպանի ազատումը կարող է ահազանգ լինել հայությանը՝ տեսնելու միջազգային երաշխիքների վստահելիության աստիճանը և, դրանով պայմանավորված, այն մահացու վտանգը, որը պարունակում է մադրիդյան սկզբունքների առաջարկած ազատագրված տարածքների հանձնումը։ Իրավիճակը ամբողջապես պատկերացնելու համար հարկ է նաև դիտարկել մյուս տերությունների և միջազգային կառույցների գործոնը (ԱՄՆ, ՆԱՏՕ), որոնք, ըստ որոշ հայ վերլուծաբանների, ուղղակի կամ անուղղակի ներգրավվածություն ունեն մարդասպանի արտահանձնման պատմության մեջ ։ Այսինքն, նույն այն միջազգային հանրությունը, որը, ենթադրաբար, պետք է երաշխավորի միջազգային իրավունքն ու կնքված համաձայնագրերը, շրջանցում է դրանք հանուն իր շահերի։ Սակայն մեզ հունգարական այս անբարոյական առուծախը անհրաժեշտ չպետք է լիներ, որպեսզի միջազգային երաշխիքների իրական արժեքը հասկանայինք։ Հայոց պատմական փորձն արդեն բավական հարուստ է նմանատիպ դրվագներով։ Այդ փորձը նույնիսկ վերաճել է ժողովրդական ասույթի՝ Խրիմյան Հայրիկի թղթե շերեփի պատմության տեսքով։ Իսկ հայը դեռ հավատում է ու՝ հիասթափվում։

Չեմ ցանկանում անդրադառնալ այն հարցին, թե Հայաստանի ղեկավարությունը ինչու չկարողացավ կանխել Սաֆարովի արտահանձնումը։ Բազմաթիվ այլ վերլուծություններ դրա մասին գրվել են և դեռ կգրվեն։ Վերջին տարիներին Հայաստանում առկա հետընթացը չէր կարող չանդրադառնալ նաև Արտաքին Գործերի Նախարարության անբավարար աշխատանքի վրա, որը մինչ այդ էլ պարբերաբար ստիպված էր լինում երկրի քաղաքացիներին բացատրություն տալ Ադրբեջանի դիվանագիտական այս կամ այն ձեռքբերման, ՄԱԿ-ում անցկացված տարբեր ադրբեջանամետ բանաձևերի կապակցությամբ։ Այս անգամ հերթական անատամ հակազդեցությունն ու քայլերը, ինչպիսիք են դիվանագիտական կապերի կասեցումը, վերապատրաստման դասընթացներից հայ պաշտոնյաներին ետ կանչելը, չեն բավարարի։ Դրանով մենք նմանվում ենք Թուրքիային, որը Հայոց Ցեղասպանության ամեն բանաձևի առթիվ մեկ կասեցնում է հարաբերությունները, մեկ՝ վերականգնում՝ այդպես էլ ոչ մի արդյունքի չհասնելով։ Ադրբեջանը տարել է շոշափելի հաղթանակ՝ լինելով անբարենպաստ դիրքում։ Մինչդեռ Հայաստանի պետականությանը և հայ ազգի արժանապատվությանը հասցվել է մեծագույն վիրավորանք։ Առանց շոշափելի պատասխանի ներկայիս իշխանությունները կկորցնեն վստահության վերջին նշույլը, քանի որ ոչ մի պետական հիմնարար գործառույթ այլևս չեն կարողանում կատարել։

Մադրիդյան սկբունքներից վերջնականապես հրաժարումը նվազագույն պատասխանն է, որ Հայաստանի իշխանությունները պետք է տան, քանի որ,

–        այն ամրապնդում է Հայաստանի անվտանգությունը,

–        այդ պատասխանը մեր ուժերի շրջանակներում է և իրատեսական է,

–        այն շոշափելի պատասխան է և՛ Ադրբեջանին, որի վերջնանպատակն է Արցախի բռնագրավումը, և՛ այն տերություններին, որոնք ցանկության դեպքում կարող էին կանխել մարդասպանի արտահանձնման գործարքը և որոնք շահագրգռված են արցախյան հակամարտության շուտափույթ լուծմամբ՝ մեր հայրենի հողի հանձնման հաշվին ։

Մադրիդյան սկբունքներից հրաժարումը պետք է լինի ոչ միայն հռչակագրային (դեկլարատիվ), այլ գործնական՝ նախկինում հայաթափված շրջաններում վերաբնակեցման և զարգացման լայնածավալ պետական ծրագրի իրագործմամբ։ Ցանկացած խաղաղության համաձայնագիր պետք է պայմանավորված լինի ոչ թե որևէ երրորդ կողմի երաշխիքով, այլ Հայաստանի ինքնուրույն ինքնապաշտպանության հնարավորությամբ։ Ուրեմն մեկ անգամ ևս համոզվենք. արժե՞ արդյոք նորից մեր ձեռքն առնել Խրիմյան Հայրիկի թղթե շերեփը՝ փոխարենը հանձնելով մեր սասունցիների սուրը՝ մեր ազատագրած անմատչելի լեռները։ Միանշանակ՝ ո՛չ։

Ո՛չ մադրիդյան սկզբունքներին։

Ո՛չ հայրենի հողը թշնամուն հանձնելուն։

 

Ստեփան Սարգսյան

«Հայրենասեր» կազմակերպություն



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Menua
Sep 4, 2012 9:44