ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Saturday, September 1, 2012 12:23 - 1 քննարկում

ԵՀՄՖ ի Հայտարարությունը:

Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի Նախագահ Աշոտ Գրիգորյանը հեռակոնֆերենցիա է անցկացրել Ֆորումի նախագահության անդամների և իրավաբանների հետ ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովին ազատազրկումից ազատելու խայտառակ որոշման շուրջ, որի արդյունքում կազմվել է  ԵՀՄՖի աշխատանքային գործունեության պլան:

Նախ ԵՀՄՖն դատապարտում է ՀՀ ԱԳ նախարարության արտառոց պասիվ գործունեությունը կապված վերոհիշյալ հարցի շուրջ: Անհասկանալի է, թե ինչ դատողությունների շնորհիվ ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանը և վերջին  վեց տարիների ընթացքում Հունգարիայի դեսպան, այսօր ԱԳ փոխնախարար Աշոտ Հովակիմյանը վստահել են հունգար կոլեգաներին և չեն դիմել պատշաճ միջոցների սպասվելիք ակտը կասեցնելու համար: Բացարձակ հավասար հանցակից են ԱԳՆ նախարարը և իր անտարբերության բարձր մակարդակով ու ոչ արհեստավարժ մոտեցմամբ աչքի ընկնած ՀՀ Արդարադատության նախարարը` Հրայր Թովմասյանը, որոնք դիմելով Հունգարիայի իրենց կոլեգաներին մեղադրում են նրանց այն հարցում, որում հենց իրենք են սխալներ թույլ տվել` հավատացել են դատարկ խոստումներին: Եթե Հուգարիան շահ ուներ հավատալու ադրբեջանցի կոլեգաներին /ակնհայտ է, որ իրենց հսկայական գործն են արել նավթադոլարները/ ապա անհասկանալի է հայ պաշտոնյաների կողմից աչքերը փակելու ցանկությունը:

Ստեղծված իրավիճակից պատվով դուրս գալու համար ԵՀՄՖն առաջարկում է.

1. Զոհված սպա Գուրգեն Մարգարյանի ընտանիքին ապահովել լավագույն փաստաբաններով և դիմել Ստրասբուրգ Եվրոպայի մարդու իրավունքների պաշտպանության դատարան, դատի տալու Ադրբեջանին և Հուգարիային արդարադատության ակնհայտ ոտնահարման փաստի կապակցությամբ:

2. Եվրոպայի բոլոր հայկական համայնքներին դիմել իրենց երկրների պառլամենտներին քննարկելու Հունգարիայի և Ադրբեջանի միջև կայացած գործարքը և տալ դրան  քաղաքական գնահատական:

3.  Ադրբեջանի կողմից կատարվող քայլերը ընկալել որպես ողջ քսաներորդ դարում ընթացող հայերի դեմ ուղղված ցեղասպանության մեթոդաբար իրագործում, որի արդյունքում հայաթափվել է Նախիջևանը, պատերազմական գործողություններ են սկսվել Արցախում, որը դեռ ավարտական փուլից հեռու է գտնվում, շարունակվում է մշակութային ցեղասպանությունը և այլն:

Վերջին հարցի շուրջ ԵՀՄՖ-ն պատրաստել է քսաներորդ դարում սկսված և քսանմեկերորդում շարունակվող` Ադրբեջանի կողմից հայոց ցեղասպանության դատապարտումը, որը մենք պատրաստվում ենք ներկայացնել հաջորդիվ:

                           

 Forum of Armenian Associations of Europe (FAAE)

              ԵՎՐՈՊԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖՈՐՈՒՄ (ԵՀՄՖ)

 

__________________________________________________________________



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

karpis
Sep 2, 2012 0:13