ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ ADMIN. Monday, August 27, 2012 2:56 - 1 քննարկում
Մեռնեմ աստծո կամքին, էն իմացավ, որ աղջիկը կույս էր:
3. ՔՅՈԽՎԻ ԱՂՋԿԱ ՀԵՔԻԱԹԸ
— Որ էս բանը կատարվեց,— սկսեց պապս,— ես դեռ հլա նոր վերևիս պռոշը աղվամազած տղա էի։
Մեր գեղի քյոխվեն մի սիրուն աղջիկ ուներ։ Էնքան սիրուն, որ գեղի ջահելները խելքամաղ էին լինում նրա համար։ Ամա աղջիկը մեկին էլա հավան չէր կենում՝ սրա աչքն ա շիլ, նրա քիթն ա ծուռ, էս մեկի բոյը կարճ ա, էն մեկելը լոլող ա։
— Ա՛յ մազդ կտրած, — ասում ա մերը, — աղջիկը գնալով հո չի պստիկանում։ Հրես դառել ես ղառթացած թուփ՝ մնացել տանը։ Էդպես հո չի լինի, բալա ջան, մեկին էլա հավան կաց՝ պրծի։
— Չէ, ա՛յ մեր,— ասում ա՝ աղջիկը,— մատանիքը մատովը պիտի, սիրածն էլ սրտովը։ Ես իմ սրտովը պետք ա ուզեմ։
— Ուրեմն, էսքան ջահելներիցը մեկն էլա քու սրտովը չի՞։
— Չէ, իմ սրտովը չի։
— Դե, մնա տանը,— ասում ա մերը,— թթու դնենք։
Հենց էդ տարին հեռու մի գեղից մի որբ ու աղքատ տղա ա գալիս, դառնում ա քյոխվին մշակ։
Հիմի արի տես, որ էդ տղեն մի շատ էլ սիրուն չի լինում, որ ասեմ, ամա դե ո՞վ կհասկանա աղջկա սիրտը։ Աղջիկը սրան որ տեսնում ա՝ խելքը կորցնում ա։ Տղեն էլ ի՞նչ ասիլ կուզի՝ սիրուն աղջիկ՝ ո՞նց չի սիրի։ Դառնում են ծամոն՝ կպչում իրար։
Աղջկա հերն՝ ու մերն էլ ի՞նչ իմանան թե սրանք Ասլի-Քյարամ դառած՝ պատահում են իրար մի օր հնձանումը, մեկել օրը՝ խոտի դեզերի տակին, ես ի՞նչ իմանամ՝ էստեղ-էնտեղ։ Քանի գնում, ավելի են տաքանում։
Կարճ ասենք՝ աղջիկը էրկուհոգիս ա դառնում։
Էդպես բանը տեսնելու համար տղամարդը քոռ ա, ամա կնիկարմատը՝ սատանա։ Մերը տեսնում ա, որ աղջիկը օրեց-օր փոխվում ա, փորն էլ քանի գնում՝ տռզում ա։
— Աղջի,— ասում ա,— քեզ մի բան ա պատահե՞լ։
Աղջիկը կարմրում ա, լիզուն լալկում, գլուխը կախ ա գցում, էդպես բանը, աղջկերքը աստծուց կթաքցնեն, ամա ուզած-չուզած ո՞ւմն ասեն չասեն, մորը պետք ա խոստովանեն` հայտնի բան ա։
— Վո՜ւյ սև կապես դու,— խփում ա ծնկներին մերը,— հիմի հորդ ի՞նչ պատասխան տանք, աղջի։
Մերը մնում ա մոլոր՝ մարդուն ասի՝ չի լինի, չասի՝ չի լինի։ Էդ խայտառակությունը ո՞նց ծածկի, որ գեղ-գեղովի չիմանան։ Քյոխֆեն իրիկունը քեֆը տեղին տուն ա գալի։
— Այ մարդ,— ասում ա կնիկը,— քեզ մի բան պիտի ասեմ։
— Էրկուսն ասա, քյոխվակին։
— Բա չես ասիլ,— ասում ա կնիկը,— էս գիշեր մի լավ երազ եմ տեսել։ Մթամ թե, մի թոռ ա էլել մեզ՝ էն տեսակ սիրուն, էնպես նախշուն, ոնց որ մեր աղջիկը։ Էս մեր թոռանը ես էի առնում ձեռս, խաղացնում, խնդում, մխիթարվում նրանով, դու էիր առնում ձեռդ՝ խաղացնում, խնդում, մխիթարվում նրանով։
— Երազդ բարին կատարի, քյոխվակին,– ասում ա քյոխվեն,— տո, տնաշեն, աղջիկդ մնացել ա տանդ թթու դրած, դու երազումդ թոռ ես տեսնում։ Վայ թե փեսին էլ ես տեսե՞։
— Հախ ասծու, տեսել եմ,— ասում ա կնիկր,— բա փեսա չունեցած, թոռը որդիան լինի։
— Էն ո՞վ էր տեսածդ փեսեն։
— Քու արևը վկա,— ասում ա կնիկը,— մեր մշակն էր։
— Ինչ ասի՞ր,— գոռում ա քյոխվեն ու վեր թռչում տեղիցը։
Նոր էստեղ կնիկը բացեիբաց պատմում ա, թե ինչն ինչոց ա։ Քյոխվեն կատաղում ա, խանչալը վեր ա ունում, որ գնա աղջկան էլ, տղին էլ սպանի, ամա կնիկը մարդու ոտքերն ա ընկնում, լաց ու կոծ անում, աղաչում-պաղատում, էնքան՝ մինչև մարդը մի քիչ փափկում ա։
— Կանչի էն հարամ լակոտին։
Տղեն գալիս ա, կանգնում քյոխվի առաջին,
— Տո, հարամ կաթնակեր,— ասում ա քյոխվեն,— համ իմ հացն ուտես, համ իմ պատվի հետ խաղա՞ս։ Ո՞նց ես, որ հրես փորդ թափեմ։
— Քյոխվա,— ասում ա տղեն,— ինչի՞ ես արնի տակ ընկնում։ Ես սիրում եմ քո աղջկան, քու աղջիկն էլ ինձ ա սիրում։ Ես էլ չեմ իմանում, թե ոնց պատահեց էդ բանը։ Մեր աչքերը մթնել էին, մեր խելքը թռել էր գլխներիցս։ Որ խաբելու լինեի, հարամ կաթնակեր՝ լինեի, կառնեի գլուխս, կփախչեի։ Ամա, հրես, առաջիդ կանգնած եմ։ Հիմի դու գիտես՝ էս իմ դոշը, էդ էլ քու խանչալը։
— Այ մարդ,— մեջ ա ընկնում կնիկը,— դու էլ լավ գիտես, որ մեր մշակը ոսկի տղա յա։ Դու չէի՞ր, ամեն օր նրա գովքն անում ինձ։ Հիմի որ էդքան լավն ա, բա ինչքան լավը կլինի, որ մեր փեսան դառնա։ Համ փեսա, համ որդի կունենանք։ Դրանց ճակատի գիրն էլ էդ ա՝ ի՞նչ անենք։
— Ճիշտ ա,— ասում ա քյոխվեն,— ամա էդ բանը, որ պսակվելուց հետո պատահեր, էլ չէինք խայտառակվի աշխարքով մեկ։
— Քու բանը չի,— ասում ա կնիկը,— դու ինձ էրկու ոսկի տու, ես դրա ճարը էնենց կգտնեմ, որ ջուրը իր ճամփովը գնա։
Վերա ունում էրկու ոսկին, գնում ա տերտերի մոտ։ Տերտերը, էնտեղ բազմած, գառան մսով փլավ ա ուտելիս լինում, եղը միրքիցը ծլլալով։ Քյոխվի կնկանը որ տեսնում ա, թևքերով եղոտ բերանն ու միրուքը սրբում ա, զկռտում ու`
— Քյոխվա կին,—- ասում ա,— խեր լինի, էս ո՞ր խաչիցն ա, էկել ես մեր տունը։
— Տեր-հայր, մեռնեմ կարգիդ,— ասում ա քյոխվի կնիկը,— քու ոտի հողն ենք, չունքի դու ամեն օր խոսում ես վերնային աստծու հետ, ամա մենք մեղքի միջին թաղված ենք։ Փորձանք ա էկել մեր գլուխը։
— Ի՞նչ փորձանք, քյոխվակին։
— Քեզանից թաքցնեմ, աստծուց ի՞նչ թաքցնեմ, էսենց, էսենց, էսենց բան։
— Յա՜,— զարմանում ա տերտերը,— էդ հո օրինաց դեմ բան ա։
— Մենք էլ գիտենք, որ օրինաց դեմ ա, ամա, որ պատահել ա, ի՞նչ ա, գնանք ջո՞ւրն ընկնենք։ Ուզում ենք, որ վռազ պսակես դրանց, լինեն հալալ մարդ ու կնիկ, որ մենք չխայտառակվենք։
— Էդ լինելու բան չի, օրշնած,— ասում ա տերտերը,— էդ չի լինի։
Օրինաց դեմ ա, քյոխվակին, ես կարա՞մ ասծու գրած օրենքը ջնջեմ։
— Մեռնեմ ասծուն,— ասում ա Քյոխվի կնիկը,— դու որ էդ բանը անես, աստված քեզ ի՞նչ ա անելու։
— Ինձ կպատժի, օրշնած, դժոխքը կգցի։
Կնիկը էրկու ոսկին դնում ա տերտերի բուռը, ասում ա,
— Ուրեմն, քյոխվի խոսքը քեզ համար հե՞չ ա։
— Օրշնած,— ասում ա տերտերը,— ո՞նց ասիր դու էդ խոսքը։ Բա, խի չէիր ասում, որ էդ քյոխվի կամքն ա։ Ես նրա խոսքը գետնովը չեմ տա։ Էդ լինելու բան ա։ Քեզ մի տանջի, քյոխվակին, ինչ եղել, եղել ա։ Դու ժամանակին պետք ա աչքդ պահեիր, որ էս բանը չպատահեր։ Նոր էլ ի՞նչ։ Աղջիկն ու տղեն բամբակ ու կրակ են, որ իրար կպան, կվառվեն։
— Այ, սև գար,— ասում ա քյոխվա կինը,— բամբակին էլ, կրակին էլ, որ էս փորձանքը մեր գլխին չբերեին։
— Մի անիծի, քյոխվակին,— ասում ա տերտերը,— աստված ողորմած ա։ Ամեն փակ՝ դուռ բաց անողը աստվածն ա։ Մի բան կանենք։ Դե վեր կաց, գնա, հարսանիքի թադարեք տես, ես դրանց կպսակեմ։ Վաղուց ա,— ասում ա,— ձեր տան քուֆթեն ու տոլմեն չեմ կերել։
Դե, էնա, վերջը սրանց պսակում են, հարսանիք անում, խաղ ասում, պար գալի։ Ամա ինչդար աղաչում են՝ նորահարսը պար չի գալի։
— Ինչդար համեստ աղջիկ ա,— ասում են հարսանքավորը, մնացել ա նստած տեղը, ոչ էրեսը շանց տվեց, ոչ բոյ ու բուսաթը։
Է, բոյն ու բուսաթը շանց տալու բա՞ն էր, որ շանց տար։
Կարճ կտրեմ՝ հարսանիքից շատ չանցած, հարսը ծունկը գետին ա տալիս բերում մի ղոչ տղա։ Գեղցիքը շատ են զարմանում,
— Աղբեր,— ասում են,— աշխարքիս օրենքը էն ա, որ ինն ամիս, ինն օր, ինն սհաթ, ինն րոպեն պետք ա թամամի, որ կնիկը էրեխա բերի։ Էս ո՞նց էլավ, քյոխվի աղջիկը վռազեց, բեռը վեր դրեց։ Տեր հայր,— ասում են,— դու ամեն օր աստծու հետ խոսում ես, աստոծն էդ բանին հոժար ա՞։
— Հոժար ա,— ասում ա տերտերը,— հոժար ա, հլա մի բան էլ էվել։ Ինչի՞ եք զարմանում։ Ձեզ օրինակ սուրբ գրքի միջի գրածը, Աստվածը երկնքումը կամեցավ՝ խեղճ Մարիամը գետնին, միամիտ, բանից բեխաբար էրկուհոգիսացավ, Քրիստոս ծնեց։ Դրա վրա չզարմացաք, նոր էկել եք զարմացել էս անմեղ հրեշտակ-աղջկա վրա՞…
Մեռնեմ աստծու կամքին։ Էտենց ա։
Հ.Գ. Հրեուհիների կույս չլինելը աստվածահաճո գործ է, էդ ի՞նչ տեսակ աստված է, էն Աստված:
* * *
1 քննարկում
YAN ZAL