ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ ADMIN. Sunday, August 26, 2012 1:02 - չքննարկված
Եվրասիական միությանն անդամակցելու դեպքում մենաշնորհը կտուժի, բնակչությունը՝ կօգտվի:
23-08-2012 17:21
Վերջին շրջանում բավականին շատ է խոսվում Հայաստանի Եվրասիական միությանն անդամակցելու հարցի շուրջ, ուստի մենք զրուցեցինք ՀՀ-ում «Եվրասիական ինտեգրացիա» հետազոտական հասարակական կազմակերպության փոխնախագահ Անի Հովհանննիսյանի հետ:
Եվրասիական միության ստեղծման գաղափարը հետաքրքիր է և խոստումնալից, իհարկե, սակայն ի՞նչ կարող են ակնկալել փոքր երկրներն այդ միության կազմում ընդգրկվելիս:
Այսօր աշխարհը թևակոխում է կառավարման նոր փուլ, և այդ փուլի հիմքում ընկած է գլոբալացումը: Համաշխարհային բազմաթիվ խնդիրներ կան, որոնք պետությունները չեն կարող միայնակ լուծել: Աշխարհը կառավարման բրգային համակարգից անցում է կատարում ցանցային համակարգի, որտեղ պետությունները ձգտում են ոչ թե մշտապես լինել բուրգի գագաթին, այլ ունենան և պահեն իրենց տեղն ու դերը ցանցում: Այս պայմաններում փոքր պետությունները պետք է կարողանան իրենց ազգային «ես»-ը և «դեմք»-ը պահելով ապահովեն իրենց տեղը ցանցային համակարգում: Եվրասիական Միությունն այս տեսանկյունից դիտարկելիս պարզ է դառնում, որ այն հնարավորություն է տալիս փոքր, դեռ անցումային փուլում գտնվող և տնտեսապես անկայուն պետություններին իրենց տեղն ապահովել համաշխարհային ցանցում և կայանալ:
Եվրասիական միության անդամ դառնալով Հայաստանի տնտեսությունը կարո՞ղ է կորուստներ կրել:
Այս հարցին ճիշտ և միանշանակ պատասխանելու համար պետք է համապատասխան ուսումնասիրություններ կատարել, այնուհետև օբյեկտիվ գնահատական տալ: Քանի դեռ չկա նման լուրջ մոտեցում, այլ միայն չհիմնավորված կարծիքներ են, ես նպատակահարմար չեմ գտնում կորուստների մասին խոսել, և կուզենայի, որ կորուստների մասին բարձրաձայնողները հիմնավորեին իրենց տեսակետը:
Հայաստանի տնտեսությունն այժմ մեղմ ասած գտնվում է ոչ բարվոք վիճակում, Եվրասիական միության անդամ դառնալը հնարավորություն կտա՞ շտկել այս վիճակը և ի՞նչ տնտեսական օգուտներ կարող է ակնկալել Հայաստանը Եվրասիական ընտանիքին միանալիս:
Նախ Եվրասիական ընտանիքի անդամ դառնալով Հայաստանը հնարավորություն կունենա իր արտադրանքը պետական մակարդակով երաշխավորված և փոխշահավետ պայմաններով արտահանել Եվրասիական Միության անդամ երկրներ, ինչը նշանակում է, որ շուկան կընդլայնվի, ինչի արդյունքում էլ արտադրողները հնարավորություն կունենան ընդլայնել իրենց արտադրական կապիտալը, ինչն էլ բնականաբար դրական ազդեցություն կունենա երկրի ՀՆԱ-յի վրա: Անհամեմատ կկրճատվեն ճանապարհատրանսպորտային ծախսերը, պետությունը շուկայական հարաբերությունների մասնակիցների համար կդառնա երաշխավոր և գործընկեր: Շուկայական տնտեսության անդամները կկարողանան գործել ազատ մրցակցային պայմաններում` սա փոքր ու միջին և առհասարակ բիզնեսի զարգացման ու կայացման առաջնային պայմաններից մեկն է: Կխարխլվի այսօր Հայաստանի տնտեսության զարգացման լուրջ խոչընդոտ հանդիսացող մենաշնորհային քաղաքականության հիմքերը: Ապրանքների և ծառայությունները գներն արդեն կորոշվեն ըստ առաջարկի և պահանջարկի, ինչպես բոլոր տնտեսության շուկայական մոդելը որդեգրած երկրներում, այլ ոչ թե որոշակի անհատների կողմից: Եվրասիական միությանն ինտեգրվելը նպաստավոր պայմաններ կստեղծի միջին խավի ձևավորման և կայացման համար՝ բնակչությունը կօգտվի, մենաշնորհը՝ կտուժի, ինչը բնականաբար դրական ազդեցություն կունենա մեր երկրի տնտեսության վրա:
Եվրասիական միությունը դեռ ձևավորման փուլում է, արդյո՞ք ճիշտ եք համարում Հայաստանի ինտեգրումը Եվրասիական միությանը այս փուլում:
Միանշանակ այո, քանզի Հայաստանն այսօր բազմաթիվ խնդիրներ ունի, որոնք ուղղակի չի կարող միայնակ լուծել: Ժամանակակից քաղաքական դաշտում պետք է ոչ թե ֆուտբոլ խաղալ` այդ դեպքում մրցակցում են երկու կողմեր և հարցական է, թե ով կհաղթի, այլ բոուլինգ, ինչը, կոպիտ ասած, նշանակում է, որ մի գնդակով պետք է կարողանալ մի քանի հարց լուծել: Հայաստանն այսօր փորձարկումների և ռիսկային քայլերի ժամանակ չունի: Մենք ունենք արտագաղթի, աղքատության, գործազրկության և բազմաթիվ այլ գերխնդիրներ, որոնք միայնակ լուծել չենք կարող: Եվրասիական Միության անդամ դառնալով երկիրը հնարավորություն է ունենում զարգանալ ավելի արագ տեմպերով: Արտաքին քաղաքականության մեջ էլ երկիրն էլ ավելի ծանրակշիռ և կայուն դիրք է զբաղեցնում, երբ բանակցում է ուժեղ և մտահոգ դաշնակիցների հետ միասին:
Այսօր Հայաստանը, ելնելով իր աշխարհաքաղաքական դիրքից և առկա կոնֆլիկտներից, պետք է կարողանա ճիշտ արտաքին քաղաքականություն վարել, ուստի հնարավո՞ր է, որ Եվրասիական միության անդամ դառնալը Հայաստան-ԱՄՆ-Եվրոպա փոխհարաբերությունների վատթարացման պատճառ դառնա:
Երկրներն այսօր ուղղակի պարտավոր են փոխշահավետ քաղաքականություն վարել` կան բազմաթիվ համամոլորակային խնդիրներ: Այս պայմաններում երկրները պետք է ոչ թե պայքարեն միմյանց դեմ, այլ համագործակցեն: Եվրասաիական Միության անդամ դառնալով Հայաստանը համագործակցության նոր եզրեր կգտնի ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ Եվրամիության անդամ երկրների հետ և արդեն ոչ թե որպես փոքր և անցումային փուլում գտնվող երկիր, այլ հզոր միության անդամ երկիր: Ավելացնեմ, որ Եվրասիական Միությունը չի ձգտում հարաբերությունները վատթարացնել ԱՄՆ-ի և ԵՄ երկրների հետ, հակառակը` այն ձգտում է սերտ համագործակցել և փոխշահավետ հարաբերություններ կառուցել տվյալ երկրների հետ:
Եվրասիական միության անդամակցումն հնարավո՞ր է բացասական ազդեցություն ունենա Ղարաբաղի հիմնախնդրի լուծման վրա:
Հայաստանն ունի իր ազգային և սեփական խնդիրները, որոնք ոչ մի դեպքում չեն կարող ստորադասվել այլ հարցերի: Եվրասիական Միության անդամ դառնալով երկիրը պահպանում է իր ինքնուրույնությունն ու ինքնիշխանությունը, այսինքն չի դառնում կամակատար, ուստի այն կարող է իր շահերից բխող գործունեություն ծավալել: Չկա որևէ կետ, որի համաձայն Եվրասիական Միության անդամ դառնալով Ղարաբաղի հարցը կարող է լուծվել ի վնաս Հայաստանի կամ Ղարաբաղի: Ավելին, ռազմական տեսանկյունից Հայաստանն էլ ավելի կհզորանա և տարածաշրջանում կամրապնդի իր դիրքերը:
Հարցազրույցը վարեց Ա.Հակոբյանը