ԷԿՈՆՈՄԻԿԱ - Հեղինակ՝ . Saturday, July 28, 2012 4:48 - 4 քննարկում

Գլխավոր խմբագիր. “չենք տպելու, հոդվածը խիստ հայամետական է”:

Հեռավոր այմարները խոսում են մեր մայրենիով
ՀԵՂԻՆԱԿ՝ ԳԱԳԻԿ ԱՂԲԱԼՅԱՆ

Պարզվում է՝ Կենտրոնական Ամերիկայում` Տիտիկակա լճի ավազանում, ապրում է մի ժողովուրդ` այմարա, որը լեզվական կապ ունի հայերի հետ: Նրանք գործածում են բազմաթիվ բառեր, որ հայերենի փոխառություններ են: Այս բացահայտման հեղինակը բանասիրական գիտությունների թեկնածու Մերի Սարգսյանն է: Նա ռուսական բանասիրության մասնագետ է, թարգմանություններ է արել ռադիոֆիզիկայի, ճարտարապետության ոլորտներում, հայերեն է թարգմանել ակադեմիկոս Պարիս Հերունու «Հայերը եւ հնագույն Հայաստանը» գիրքը: 2011թ. նրա թարգմանությամբ կտպագրվի Անաստասիա Ցվետաեւայի «Մոգական զանգահարության վարպետը. ասք հանճարի մասին» գիրքը` հայազգի երաժիշտ Կոնստանտին Սարաջեւի մասին, որը մեկ օկտավայում լսում էր 1701 հնչյուն այն դեպքում, երբ սովորական մարդն ի վիճակի է լսել ընդամենը 23: Մերի Սարգսյանի հետ զրույցը այմարա ժողովրդին առնչվող ուշագրավ բացահայտումների մասին է:

– Միշտ մտածում էի, թե ինչ է նշանակում «Սասուն» բառը, ինչու Աճառյանի կամ մեկ այլ բառարանում դրա ստուգաբանությունը չկա: Մենք ունենք Սասուն երկրի անուն, սարերի անուն եւ «անսասան» բառը, ուրիշ ոչինչ: Որոշ գրքերից իմացա այմարա հին ժողովրդի մասին, որը, ըստ ուսումնասիրողների, աշխարհի ամենահին լեզուներից մեկն ունի, իր մշակույթով ծաղկել է 15 հազար տարի առաջ եւ ունեցել է լեգենդ, որը կրկնվում է մի քանի ժողովուրդների մոտ: Պատմում են, որ ծովով իրենց մոտ եկան սպիտակամորթ, գանգրահեր, շիկահեր, կապտաչյա մարդիկ, որոնք համարվել են իրենց աստվածները, որովհետեւ գալով այստեղ` իրենց սովորեցրել են ձուլագործության գաղտնիքները, նաեւ ճարտարապետական գաղտնիքներ, սովորեցրել են միակնությունը: Այդ ժամանակներում ձուլագործությունն առաջին հերթին Հայաստանում է եղել:

Շումերերեն գրություններում նաեւ հիշատակվում է անուն` Իոաննեշ: Դժվար չէ կռահել, որ դա Հովհաննեսն է: Կարելի է ենթադրել, եթե չպնդել, որ եկվորները հայեր են եղել: Նույն լեգենդում կա իրենց «Վիրակոչա» անունը, եւ եթե շատ համարձակ լինենք, ապա կարող ենք ստուգաբանել որպես «ի վերուստ կոչված»: Գոյություն ունի Կալասասայա հրապարակ, որտեղ կանգնեցված է Վիրակոչայի բարձր արձանը` շուրջը քարեր: «Կալասասայա» բառը այմարերենից թարգմանվում է «կանգուն քարեր»: «Կալ»` հայերեն քարն է: «Քար» հայերեն արմատը մտել է աշխարհի բոլոր ժողովուրդների լեզուների մեջ:

Ես հիշեցնեմ, որ «Սասունցի Դավիթ» էպոսում Սանասարի եւ Բաղդասարի կառուցած քաղաքն անվանակոչած ծերուկը բացականչեց. «Սա հո սասունն է», այսինքն` պինդ, ամրակուռ: «Կալասասայա» եւ «Սասուն» նույն նշանակությունն ունեն` անսասան, պինդ: Ես որոշեցի ուսումնասիրել այդ լեզուն, հասկանալ, թե մեր Սասունն ու Կալասասայան ինչպես համընկան: Գտանք 600 բառանոց այմարա-անգլերեն բառարան: Վեց ամիս ինքս ինձ թեւ տալով ու համոզելով, ինքս ինձ չհավատալով՝ ուսումնասիրեցի: Իմ առաջ բացվեց մի զարմանահրաշ աշխարհ: 57 բառ` մոտ 10 տոկոսը, հայարմատ էին: Գիտության դոկտորներն ասացին, որ նույնիսկ երեք բառի նույնարմատ լինելը առիթ է մտածելու, որ կա լեզվական փոխառություն:

– Է՞լ որ բառերում համընկնումներ կան:

– Օրինակ` «փիսի» նշանակում է կատու, «փուրակա»` փոր, «արմջանա»` մոռանալ, «կիտա»` ձկնկիթ, «ջուրա»` ջուր: 2004թ. հոդված պատրաստեցի եւ տարա ԳԱԱ «Լրաբերին»: Մեծ ոգեւորությամբ ընդունեցին եւ դրեցին հերթի: Երկու տարի մնաց հերթում, հետո էլ գլխավոր խմբագիրը կանչեց, թե` չենք տպելու, հոդվածը խիստ հայամետական է: Ասի` թուրքամետակա՞ն պիտի լիներ, որ տպագրեիք: Հոդվածը տպագրվեց այլ հանդեսներում:

– Իսկ այդ «ենթադրյալ» հայերը ձուլվել են տեղացիների՞ն, վերջիններիս սերունդները կենսաբանորեն նման չե՞ն հայերին:

– 2009թ. Նիկարագուայից էլեկտրոնային փոստով նամակ եկավ: Այդ երկրի կենսաբանական գիտությունների դոկտոր, ազգությամբ ֆինն Սեպոտիուսանենը գրում էր, որ հիացած է իմ հոդվածով, մի տասնհինգ միջազգային կոնֆերանսներում զեկուցել է այն: Հոդվածը հաստատել էր նրանց կենսաբանական տեսությունն այն մասին, որ որոշ հին ժողովուրդներ կարող են ունենալ ընդհանուր գեներ: Այմարների մեջ նրանք հայկական գեներ են գտել: Ես չեմ կարող դա ոչ պնդել, ոչ հաստատել, քանի որ կենսաբան չեմ, կպնդեմ միայն լեզվական նմանությունը: Եվ այդ գիտնականը խնդրեց շարունակել հոդվածը: Ուղարկեց նոր` արդեն 3 հազար բառանոց բառարան՝ այմարա-իսպաներեն, եւ, բնականաբար, նոր բառեր ավելացան իմ հոդվածում:

– Հիմա ուսումնասիրությունը շարունակո՞ւմ եք:

– Արդեն հաստատվել են լեզվական նմանությունները: Ես ուրախ եմ, որ դա հայամետ աշխատանք է, ու երեւի այդ պատճառով էլ շատերի դուրը չի գալիս:

– Պարիս Հերունու հայագիտական աշխատությունը, որ թարգմանել եք, երեւի նույնպես շատերի դուրը չէր գալիս:

– Նա աշխատությունը գրել է անգլերենով, որպեսզի աշխարհը կարդա, որ նախաքրիստոնեական Հայաստանն ունեցել է շատ բարձր մշակույթ, գիր, եւ որ սխալ է, թե Մաշտոցի ականջին Աստված փսփսաց, ու նա էլ տառերը շարեց, ու մենք ունեցանք գանձեր` շարականներ, որ աղոթքներ են, ու հանկարծ «ծլեց» Խորենացին, որն առաջին ժամանակագիրն է աշխարհում… Այդպես հնարավոր չէ:

– Ինչո՞ւ է կեղծվում այդ հարցը:

– Այն էլ մեր եկեղեցու կողմից: Որ հավատացյալները հանկարծ չկասկածեն, որ Քրիստոսը… Քրիստոսն էլ դեմ կլիներ ամեն տեսակ կեղծիքի: Ինչպե՞ս մենք կարող էինք միանգամից «իմանալ զբանս հանճարոյ» եւ հանճարներ տալ աշխարհին: Մարդկության պատմությունն ընթանում է դանդաղ, էվոլյուցիոն ճանապարհով: Նույնն էլ լեզվի զարգացումը: Հայոց լեզուն ունի 11 հազար բուն արմատ, որից 4 հազարը լրիվ, իսկ 5,5 հազարը մոտիկ իդենտիկ են սանսկրիտի` հին հնդկերեն մեռած լեզվի հետ: Հայ հին գրաբարը եւ սանսկրիտն ունեն միարմատ չորս հազար բառ: Հնդկաստանում ասում են, որ սանսկրիտը հայերեն գրաբարի փոքր քույրն է: Հնդկական «Ռամայանա» էպոսը ստեղծված է եղել ոչ թե Հնդկաստանում, այլ իրենց բուն հայրենիքում, եւ այդ էպոսում կա կարոտ, ցավով ու սիրով հիշում են իրենց հին երկիրը, որն ուներ «կապույտ, ձյունապատ, բարձրաբերձ սարեր»: Ուղղակի կրկնում եմ շատ ուսումնասիրողների, որոնք պնդում են, թե քանի որ Հայաստանը հանդիսանում է քաղաքակրթության օրրանը, հնդիկներն այստեղից են գնացել Արեւելք:



4 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Antarameg
Jul 29, 2012 17:22