ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Monday, July 23, 2012 18:31 - 2 քննարկում

ԱՊԱՄՈՆՏԱԺԵԼ ԿԵՂԾ-ՄՇԱԿՈՒՅԹԸ

MONDAY, 23 JULY 2012 12:52

HITS: 116

Չէի ցանկանա լեզուս դառնացնել, ձեռքերս փոշոտել, և գրել մի բանի մասին, որը ինձ չի հետաքրքրում…Բայց մեր հայկական համացանցում ուր գնացի՝ այս երկու օրը մի խորագիր ծակում էր տեսողությունս՝«Որտե՞ղ են հանգստանալու հայ շոուբիզնեսի ներկայացուցիչները»… Մի քանի անունների շարք – հետն էլ՝իտալիաներ, հունաստաններ… Հետո տեսա մեր սիրունատես փոփ-դիցուհուն – մեր համահայաստանյան տնտեսության անմնացորդ փայատեր՝ իր սկեսրայրի վաստակի անմնացորդ ցուցադրումով…

Հայ հանրություն, իմ կռիվը քո հետ քսան տարվա պատմություն ունի, բայց խորացող անգիտությունդ – տեսար՝չասեցի տգիտությունդ – ահռելի չափեր է ստանում, գրչից ու խոսքից էլ բացի՝ ուրիշ նշտար չունեմ՝ քո գիտակցությունը վիրահատելու համար… Չեմ թաքցնի, շուրթերս այրում է պապերիս յոթհարկանի հիշոցքը՝ ձըր պապու պառե՜կ…

Արի՛, արի՛ իմ հետ, հայ հանրություն, իմ հետ հարց տուր, թե ինչպե՞ս են հանգստանում այս ամառ մեր նվիրյալն ու վաստակաշատը, մեր սիրտն ու արյունը…

Արի՛, արի՛, գնանք Մարտունու Զոլաքար գյուղ – Չոբանյան քույրեր, ապրում ե՞ք, կա՞ք, թե ձեր հոգիները արդենսավառնում են Մուշ-Ալաշկերտի հովիտների ու լեռների վրա… Թե կաք, գեղջուկ թագուհիներ՝ վեր ելեք, թոնրի շուրջ մի ծանր գովընդ սկսեք, ձեր ազնվական ծնկածալումներից, ձեր սուրբ ոտքերի ներդաշն, արարչական շարժումներից թող դողա Հայկական բարձրավանդակը: Եվ ասեք, հայ թագուհիներ, այս ամառ մտքով թռել և կորուսյալ հայրենիքի ո՞ր աղբյուրներից եք ջուր խմել…

Ապա դառնանք ու հարցնենք – այս ամառ ինչպե՞ս ես հանգստանում, Թովմաս Պողոսյան, – աշուղական դպրոցի ուսուցիչների աշխատավարձը տվե՞լ ես, դժգո՞հ չմնացին, սաների նոր բեմական հագուստն առե՞լ ես, վաստակաշատ ճակատիդ քրտինքը մի քիչ սրբե՞լ ես…

Դառնանք ու հարցնենք ԱԿՈՒՆՔԻ Սարգիս Բաղդասարյանին՝ սիրելի հոգի, մի քիչ վատառողջ ես՝ ինչպե՞ս ես հիմա, ինչպե՞ս է աշխատանքդ, հայ աշխատանքային երգը ծաղկում է չորացած շուրթերիդ վրա… Մտքով Սասուն թռե՞լ ես, մի աներևույթ Սասնա Մոր օրհնանք լսե՞լ ես՝ ԸՄ ՄԱԶ ԶՔԶԻՕՐՇՆԵՏԿ ԷՂՆԻ, ԼԱՈ՜…

Դառնաք ու հարց տանք հերոսական ԿԱՐԻՆ համույթին – այս ամառ գոնե մի քանի օր շունչ քաշե՞լ եք, Կասկադի ուրբաթօրյան զինական վարժանքները բաց չե՞ք թողել… Թե հանգստանալ կուզեք – Համշեն գնացե՜ք, այնտեղից մի քանի նոր պար բերեք, բարբառից նոր շունչ բերեք, կորուսյալ հավատի հիշողությունը բերեք…

Արի՜, արի՜ իմ հետ, հայ հանրություն, արե՜ք, դարձվոր ու աջբատես «աստղիկներ», գնանք Ապարան… Որտե՞ղ ես հիմա, առող՞ջ ես, Ժորա Գրիգորյան – դու հայ երգեցողության կենդանի Ակադեմիան ես… Էդ անտեր Յութուբում փնտրում արի, մի երգդ գտա ընդամենը, մնացածը չե՞ս ձայնագրել, պահ չե՞ս տվել, կտակ չե՞ս արել – ախր ինչո՞վ պիտի կրթենք մեր նոր սերունդը… Արի, էս աջպբատեսները հոգնած ոտքերդ լվանան, այդ ջրից մի-մի բուռ զարկեն իրենց երեսներին, իրենց մլավոցները մոռանան, հայանան, մարդանան… Իսկ դու որտե՞ղ ես, ապարանցի Թամար, մեր կայտառ ու պայծառ քույր, արի՜, մի երգ երգիր՝ իմանան, թե ինչ է ՀԱՅ ԵՐԳԸ…

Հայ բնիկ արվեստի պահապաններ, այս ամառ հանգստացեք, շունչ առեք, ավյուն հավաքեք – ՄԵՐ ՍՐՏԵՐԻ ՄԵՋ…

Իսկ ես, նվաստ տարեգիրս, այսօր առավոտ կոչ եմ նետում ապրող հայությանը և նրա հետ բացականչում.

ԿԵՑՑԵ՜ ՀԱՅ ԲՆԻԿ ԱՐՎԵՍՏԸ…

ԿՈՐՉԻ՜, ԱՊԱՄՈՆՏԱԺԵ՜Լ կեղծ-արվեստը… Սրա կրողների կյանքին չդիպչել, խնայել, իտալիաներից ետ կանչել և ուղարկել Ապարան՝ վերադաստիարակության…

Հեղինակ`ԼԵՎՈՆ ԴՌՆՈՅԱՆ

Հարգելի Լևոն Դռնոյան: Դռդռացրիր հոգիս, բացեցիր սրտիս դռները: Համբուրում եմ պայծառ ճակատդ ԼՈՒՅՍԱՇԽԱՐՀ-ից:



2 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

ԳՐԻԳՈՐ
Jul 24, 2012 7:56