Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Friday, July 13, 2012 12:22 - 9 քննարկում

Պրովակացիա՞, սադրա՞նք, թե հայրենասիրությո՞ւն… «Հայդուկ ախպեր», ոչ թե Սերոբ Աղբյուր, այլ Աղբյուր Սերոբ…

Կարդացեք «հայդուկ»-ի տարածած այս պատմությունը և ձեր կարծիքը հայտնեք հայդուկների մասին:

Սերոբ Աղբյուրի վրեժը

by Հայդուկ on Friday, July 13, 2012 at 12:12pm ·

Սերոբի սպանության լուրը առնելով, դեպի Գելի շտապեց Նաեւ Գեւորգը: Անդրանիկն ու Գեւորգը անմիջապես գործի անցան: Սերոբի կորուստը նրանց եւ մյուս հայդուկների, ինչպես նաեւ ողջ դաշտի ու Սասունի հայության հոգին կռովեցրել էր, վրեժի զգացումը կրծում էր բոլորի ոգին: Անդրանիկն ու Գեւորգը քուն ու դաթարները կորցրել էին, արյունն աչքներին ամենուր փնտրում էին Խալիլ, վրեժը առնելու համար: Որոշվեց նաեւ պատժել գեղաշենցի ռես Ավեին:

1900 թ. ապրիլյան մի օր Գեւորգը շենիկցի Մանուկի եւ Ղազարի հետ գնաց դավաճանի տուն: Երբ Գեւորգը վերջնականապես համոզվեց, որ Սերոբին Ավեն է թունավորել, դավաճանի հետ նրա ընտանիքին էլ դաժանորեն պատժեց: Հայդուկները չխնայեցին եւ ոչ մեկին դավաճանի ընտանիքից: Գեւորգին հաջողվեց Ավեից իմանալ դավադրության մյուս մասնակիցների, մի քանի դավաճանների ու լրտեսների անունները, որոնց բոլորին հետագայում ոչնչացրեցին:

Մի անգամ, երբ  Անդրանիկն ու Գեւորգը անցնում էին Գելիի փողոցներով, բակերից մեկում տեսան ալեհեր մի ծերունու:

-Բարեւ, քեռի, -բղավեցին նրանք: Պատասխան չստացան: Բարեւը կրկնեցին, դարձյալ՝ անպատասխան:

-Գեւորգ, սասունցիները մեզնից երես են դարձրել: Կամ կսպանենք Խալիլին, կամ Սասունում մենք տեղ չունենք: Սասունցիներին պահողը նրանց հավատն ու ոգին է, եթե դրանք վերանան, Սասունը չի դիմանա, – տխուր ասաց Անդրանիկը:

Կատարվեց աշխատանքի բաժանում: Անդրանիկն ու Մակարը զբաղվելու էին մարտական ջոկատների վերակառուցմամբ ու համարմամբ, իսկ Գեւորգը՝ զինամթերքի հայթայթմամբ եւ թշնամուն ահաբեկող պարտիզանական հարձակումների կազմակերպմամբ:

Շուտով Անդրանիկին ու Գեւորգին լուր բերեցին, որ Խալիլը մուշ քաղաքում է: Գնացել էր կառավարչից իր ծառայության վարձը ստանա եւ հաջորդ օրը, վաղ առավոտյան, բարձրանալու էր շեկո  ցեղի նստավայրը: Սերոբին սպանելու համար Խալիլին սուլթանը փաշայի կոչում էր շնորհել եւ պարգեւատրել պատվո նշանով: Նա նվեր ստացավ նաեւ Ալվառինջի գյուղից գանձվող տասանորդ հարկը:

Խալիլի ճանապարհը անցնում էր Մառիկի կիրճով: 25 հայդուկներ Անդրանիկի, Գեւորգի, Մակարի ու Գալեի հետ շարժվեցին դեպի կիրճը ու դարան մտան: 1900 թվի նոյեմբեր ամիսն էր: Պատմում է Անդրանիկը. «Ասացի, որչափ կարելի է, պետք է աշխատել Խալիլին ողջ բռնել, որպեսզի հարցաքննենք նրան, թե մինչեւ այժմ հայերից ովքեր են եղել նրա լրտեսները»:

Միջօրեին առաջինը կիրճ մտավ թալանված կայքի ու ապրանքների քարավանը, ապա երեւաց ինքը՝ Խալիլը, շարջապատված 40 հոգուց բաղկացած հեծյալ խմբով: Դարան մտածները թողեցին, որ քարավանն անցնի եւ Անդրանիկի ազդանշանից հետո  կրակ բացեցին այն ժամանակ, երբ հեշյալ խումբը հավասարվեց իրենց: Առաջին համազարկից հեծյալների մեծ մասը գետնին տապալվեց: Սպանվեց նաեւ Խալիլի ձին: Խալիլը վայր ընկավ, բայց ոտքը մնաց ասպանդակի մեջ: Խալիլին ուղեկցողներին կոտորեցին, ոմանք էլ ճողոպրեցին: Հայդուկները վրա հասան, Խալիլին ոտքի կանգնեցրին, խուզարկեցին: Գտան 13 հայ լրտեսի անուն պարունակող փաստաթուղթ եւ ապա Խալիլի գլուխը կտրեցին, գցեցին պարկի մեջ  եւ շարժվեցին դեպի Գելի: Ուղիղ գնացին այն ծերուկի տունը, ով մի քանի օր առաջ նրանց բարեւին չէր պատասխանել: Ծերուկը նույն դիրքով նստած էր:

-Բարեւ՛ քեռի:

Պատասխան չկար: Մոտեցան ծերուկին ու պարկի միջից Խալիլի գլուխը գլորեցին նրա ոտների տակ: Ծերուկը նայեց նրանց, թույլ ժպտաց ու ասաց.

-Լաո, սասունցուն միայն մի գազանից ազատեցիք, – ապա ոտքի կանգնելով կանչեց, -է, Խալիլի գլուխը մի ոչխար արժե: Ոչխա՛ր մորթեք:

 

 

 

 ·  · Share


9 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

sashkomarseltsi
Jul 14, 2012 5:28