ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ ADMIN. Friday, July 13, 2012 13:12 - 1 քննարկում
Արմինե Օհանյանի այս թղթակցությունից հետո, Ադրբեջանը խոստացավ «Բջնի» և «Նոյ» ջրերի փոխարեն Հայաստան առաքել շշալցված ադրբեջանական արտեզյան ջրեր…
Բոյկոտ
ՀԵՂԻՆԱԿ՝ ԱՐՄԻՆԵ ՕՀԱՆՅԱՆ
12/07/2012 | ԼՐԱՀՈՍ, ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Երեկ երեւանյան սրճարաններից մեկում ականատես եղա մի տեսարանի, որն ուզում եմ պատմել մեր ընթերցողին: Կողքի սեղանին նստած զույգը ջուր պատվիրեց՝ մաքուր ջուր, առանց գազի: Մատուցողը սկսեց թվարկել ջրերի անունները: Երբ հերթը հասավ «Նոյին», երիտասարդ տղամարդը վրդովված սկսեց հանդիմանել մատուցողին. «Դուք չգիտե՞ք էս երկրում ինչ է կատարվում: Դուք չգիտե՞ք, որ մենք այդ մարդասպանին ու նրա արտադրած ամեն ինչը բոյկոտում ենք: Գնացեք-ասեք ձեր տերերին, որ այլեւս ձեր սրճարանը ոտք չենք դնի, եթե «Նոյ» եք բերելու: Դուք էլ միացեք մեր բոյկոտին՝ մի վերցրեք այդ ջրերը: Դա հասարակության պահանջն է՝ մենք պետք է սնանկացնենք այդ մարդուն, պետք է պատժենք նրան»:
Այս բոցաշունչ ճառից շփոթահար մատուցողը չգիտեր ինչպես պահեր իրեն: Նկատելի էր, որ ճառի հեղինակը նրանց մշտական հաճախորդն է, եւ նրան կորցնել չեն ուզում: Բայց դե «Բջնին» ու «Նոյն» էլ պահանջարկ ունեն՝ դրանից էլ չեն ուզում հրաժարվել: Բախվել էին տնտեսական շահն ու քաղաքական հայացքները:
Ես կողքից ուրախանում էի, որ մեր հասարակությունն այդքան հասունացել է, որ կարող է բոյկոտ հայտարարել որեւէ ապրանքանիշի եւ, քաղաքական սկզբունքներից ելնելով, հասնել դրա սպառման ծավալների նվազմանը: Հետո տեղեկացա, որ նման ակցիաներ այս օրերին տեղի են ունենում գրեթե բոլոր սրճարան-ռեստորաններում եւ խանութներում: Մյուս կողմից հասկանալի է, որ «ջրերն» այստեղ մեղք չունեն, եւ դրանց բոյկոտով հարց չի լուծվելու:
Բայց մեր հասարակությունն ինչ-որ ճանապարհ է անցնում, որի տարբեր փուլերում տարբեր խնդիրներ ու դրսեւորումներ են ի հայտ գալիս: Մեկն էլ այս բոյկոտի ու հասարակական վրդովմունքն այսպիսի ակցիաներով արտահայտելու ճանապարհն է: Կարեւորը, որ ճանապարհի վերջում լույս ծագի:
1 քննարկում
ԿԱՐԵՆ-ԱՆԴՈԿ